Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Աստծո շունչը

Աստծո շունչը
29.10.2013 | 10:37

Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու
շունչը ամենուր.
Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը
ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ
հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը
ամենուր:

Նա է ամենքին կյանք ու շունչ և ամեն բան Տվողը, ասվում է Գործերի գրքում (17.25): Բանաստեղծը գիտի, որ ինչպես չենք կարող ապրել առանց շնչելու, այնպես էլ չենք կարող գոյատևել առանց Աստծո տված կենարար զորության, առանց Աստծո ներկայության: Նա կենդանի Աստծո բաժնետերերից է: Աստված է նրան կյանք ու շունչ տվողը: Աստծո Հոգին է ստեղծել նրան, և Ամենակարողի շունչն է կյանք տվել նրան (Հոբ 33.4): Առաջին մարդը` Ադամը, կենդանի շունչ եղավ, այսինքն` երկրային մարդ, իսկ Վերջին Ադամը` Քրիստոսը` կենդանարար հոգի, այսինքն` հոգևոր մարդ: Ադամը ստեղծվեց հողից, Քրիստոսը ծնվեց Սուրբ Հոգուց: Ադամից մենք ստացել ենք մեր երկրային մարմինը, Քրիստոսից կստանանք մեր երկնային մարմինը: Առաջին մարդը` Ադամը, երկրից է, հողեղեն, իսկ Վերջին Մարդը` Տերը` Երկնքից:
Մարդու արարման մասին Աստվածաշնչյան պատումի հիմքում ընկած գաղափարը նպատակ ունի մարդուն ներկայացնելու որպես երկու աշխարհների կապ: Այդ աշխարհներից մեկը տեսանելի, ֆիզիկական աշխարհն է, իսկ մյուսը՝ անտեսանելի, հոգևոր աշխարհը: Ընդ որում, ըստ այդ պատումի, մարդը «իշխան» է կարգված բնության վրա և Աստծո պատկերն ու նմանությունն ունի և հաստատում է մարդկային հոգու անմահությունը: Եվ այն միտքը, որ մարդը մասնակից է աստվածային կյանքին, իր զուգահեռներն ունի նաև սուրբգրային մյուս դրվագներում. «Աստծո Հոգին է ստեղծել ինձ, և Ամենակարողի շունչն է ինձ կյանք տվել» (Հոբ 33.4), կամ «Քանի դեռ հողը հետ չի դարձել երկրին, ինչպես որ էր, և հոգին հետ չի դարձել Աստծո մոտ, որ տվել էր» (Ժող. 12.7):
«Եվ մարդը կենդանի հոգի եղավ»: Բարձր աստվածային սկզբնականի (Աստծո շնչի) և ցածր նյութականի` հողի փոշու միացության արդյունքը տվեց մարդուն: Տվեց որպես կենդանի հոգի, այսինքն` որպես գիտակցական անհատ` օժտված բանականությամբ և ազատ կամքով: Բայց դրա հետ մեկտեղ, մարդը՝ որպես կենդանի հոգի, անսահմանորեն տարբեր է Աստծուց, քանի որ Աստված կենդանարար Հոգի է:
Մարդը դրսի երևույթին է նայում, իսկ Աստված` սրտին (Ա Թագ. 16.7): Քրիստոնյա դառնալուց առաջ մարդու փորձառությունը բնութագրող «ներքին մարդը» խիղճն է, քանի որ բոլոր մարդիկ էլ խիղճ ունեն և կարող են զանազանել ճիշտը սխալից: «Ներքին մարդ» կամ «ներքին էություն» եզրը կարող է նշանակել նաև մարդու «միտք», այսինքն` մարդու հոգու ազդեցության կամ հսկողության տակ գտնվող միտք: Երբ մեր միտքը մեր հոգու հսկողության տակ է, ապա այն ներկայացնում է մեր «ներքին էությունը»: Նման միտքը ընդունակ կլինի վերափոխելու, նորոգելու մեզ, երբ դրվի Աստծո Սուրբ Հոգու հսկողության տակ: Եթե մեր մտքերը նորոգված-վերափոխված են (Հռոմ. 12.1,2), ապա մենք ամեն իրավիճակում կարող ենք հասկանալ, թե որն է Աստծո կամքը, կարող ենք լսել նաև Աստծո կանչը, Աստծո ձայնը: Ինչպես որ մեր շունչն է կրում մեր ձայնը (առանց շնչի ոչ մի հնչյուն չի կարող դուրս գալ մեր բերանից), այնպես էլ Աստծո շունչն է կրում Աստծո ձայնը: Աստծո ձայնը չի կարող հնչել առանց Աստծո շնչի: Կենդանի Աստծո շունչը շնչող բանաստեղծը լսում է նաև Աստծո ձայնը՝ «կանչն ու հունչը».
Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծո շունչը
ամենուր
Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը
ամենուր…
Թումանյանը լսում էր Աստծո ձայնը, քանի որ մշտապես փնտրում էր Աստծո կամքը: Նրա մեջ Աստծո հետ լինելու, Նրա ձայնը լսելու և Նրան հնազանդվելու մեծ ցանկություն կար: Հարություն առնելուց հետո Հիսուսը եկավ կանգնեց Իր աշակերտների մեջ և ասաց. «Խաղաղություն ձեզ. ինչպես Իմ Հայրն Ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում: Եվ սա ասելով` փչեց նրանց վրա և ասաց. Առե՛ք Սուրբ Հոգին» (Հովհ. 20.21-22): Այդ փչելը Նա կոչեց Սուրբ Հոգի, քանի որ Նրանից դուրս եկող շունչը Սուրբ Հոգի է: Աշակերտների մեջ Սուրբ Հոգի փչելը Իր կյանքի Հոգուց նրանց բաժին տալն է:
Աստվածաշունչն ասում է, որ այդ օրվանից աշակերտները կյանքի Հոգին ստացան իրենց մեջ: ՈՒրեմն, Տիրոջ հարության օրը, որ նաև Կյանքի օրն է, Սուրբ Հոգին աշակերտների մեջ մտավ որպես կյանքի շունչ: Ահա թե որտեղից է գալիս Թումանյանը, երբ աղաղակում է.
Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծո շունչը ամենուր:

Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին իջավ ոչ թե որպես կյանքի Հոգի, որպես կյանքի շունչ, այլ որպես զորություն (Գործք 1.8): ՈՒրեմն, Հարության օրը եթե կյանքի օրն է, ապա Պենտեկոստեի օրը զորության օրն է: Այդ օրը Սուրբ Հոգին իջավ և սպառազինեց աշակերտներին` իշխանությամբ ծառայելու համար:
Սուրբ Հոգին Թումանյանի մեջ էր ոչ միայն որպես կյանքի Հոգի, կյանքի շունչ, այլև որպես զորության Հոգի, որպես Տիեզերքի խոր մեղեդիով ու մրմունջով վեհացող և վերացող Հոգի, որպես համբարձված և գահակալած Թագավորների Թագավորի հեղած զորության Հոգի:

Վեհացնում է ու վերացնում ամենալուր
իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը
ամենուր:

Հարության օրվա Սուրբ Հոգին` որպես կյանք, Թումանյանի մեջ էր, իսկ Պենտեկոստեի օրվա Սուրբ Հոգին` որպես զորություն, նրա վրա էր: Նա ուներ Սուրբ Հոգու օրհնյալ միաձուլումը ներսից ու դրսից: Դրա համար միշտ շնչում էր կենդանի Աստծո շունչը և լսում նրա անլուռ կանչը:
Ասել է թե՝ Աստծո շունչը` Աստծո Սուրբ Հոգին, միշտ Թումանյանի մեջ է եղել` վերստին ծնունդից ի վեր: Ճիշտ է, Սուրբ Հոգին ժամանակ առ ժամանակ գալիս և այցելում է նաև անհավատներին, սակայն Նա ապրելու տեղ չի գտնում նրանց մեջ: Երբ մարդ բացում է իր սրտի դուռը Սուրբ Հոգու առաջ, միայն այդ դեպքում Հոգին կարող է ներս մտնել և ապրել նրա մեջ, իսկ վերջինս էլ` Աստծո մեջ:
«Աստված Հոգի է, և Նրան երկրպագողները պետք է երկրպագեն հոգով և ճշմարտությամբ» (Հովհ. 4.24): Այս նախադասության մեջ «հոգի» բառը մեկ գրված է մեծատառով, մեկ` փոքրատառով: Առաջինը վերաբերում է Սուրբ Հոգուն, երկրորդը` մարդուն: Այս երկու հոգիների մասին մեկ այլ տեղ ասված է. «Հոգուց ծնվածը հոգի է» (Հովհ. 3.6): Հոգուց, այսինքն` Աստծուց (Աստված Հոգի է) ծնվածը հոգի է, այսինքն` մարդկային հոգի: Երբ մարդ հավատում է Տեր Հիսուսին՝ որպես իր անձնական Փրկչի, Աստծո Հոգին Քրիստոսի հետ մտնում է նրա սրտի մեջ որպես կյանք, և կենդանացնում, վերածնում է նրա հոգին, և այդ պահից ի վեր Նա բնակվում է նրա հոգու մեջ:
Աստծո շունչը` Աստծո Սուրբ Հոգին, մասնակցեց աշխարհի արարմանը (Ծննդ. 1.1,2), մարդուն կենդանության շունչ տալու գործողությանը (Ծննդ. 2.7): Սուրբ Հոգու ներշնչվածությամբ է, որ Աստվածաշնչի հեղինակները գրեցին այն ամենը, ինչ Աստված Ինքն էր կամենում հայտնել: Եվ այդ «Գրվածքները Աստծո շունչն են...» (Բ Տիմ. 3.16): Քանի որ Գրվածքը՝ Խոսքը, Աստծո շունչն է, և Աստված Հոգի է, ուրեմն ինչ էլ որ Աստված ասի, պետք է հոգի լինի: «Այն խոսքերը, որ ասացի ձեզ, գալիս են Աստծո հոգուց և կյանք են տալիս» (Հովհ. 6.63): Հայտնություն, միտք կամ ուսմունք երբեք կյանք չեն կարող լինել, բայց քանի որ Խոսքը Հոգի է, ապա կյանք է:
Նորկտակարանային ժամանակներում Աստծո Սուրբ Հոգին ապրում է բոլոր ճշմարիտ քրիստոնյաների մեջ (Հովհ. 8.9): Նա Աստծո և Քրիստոսի Հոգին է: Աստված և Քրիստոսը Երկնքում են, բայց Սուրբ Հոգին այստեղ` Երկրի վրա է Աստծո Որդու համբարձումից ի վեր: Նա Թումանյանի հետ և Թումանյանի մեջ էր նրա երկրային կյանքի պանդխտության օրերին:

Արտակ ՈՍԿԱՆՅԱՆ
Գրող, հրատարակիչ

Դիտվել է՝ 3721

Մեկնաբանություններ