ԱԼԲԵՐՏ ՈՍԿԱՆՅԱՆԸ գիտահետազոտական աշխատանք է կատարում Հոնկոնգի համալսարանի ասպիրանտուրայում` նանոկառուցվածքային նյութերի ստացման ուղղությամբ, ուսումնասիրում է դրանց հատկությունները, որպես էներգիայի կուտակիչի, ինչպես նաև հետազոտում նանոօքսիդների ակտիվությունը որոշ մոդելային կատալիտիկ ռեակցիաներում:
Ծնվել է 1990-ին Գյումրիում: 2012-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մագիստրատուրան` անօրգանական քիմիա մասնագիտությամբ: Միևնույն ժամանակ աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) քիմիական ֆիզիկայի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող: Մագիստրոսական աշխատանքի թեման եղել է «Վոլֆրամի նանոփոշու միափուլ ստացումը նատրիումի վոլֆրամատից ԲԻՍ վերականգնման եղանակով»:
Քիմիայի նկատմամբ հետաքրքրություն սկսել է ցուցաբերել դպրոցական տարիներից, երբ առաջին անգամ ուսուցիչը ցուցադրում էր փորձարարական քիմիայի գեղեցկությունը. թե ինչպես է հնարավոր, միախառնելով երկու թափանցիկ լուծույթ, ստանալ գունավորվածը: Հենց այդ ժամանակ ծնվեց հետաքրքրություն, սեր դեպի այդ զարմանահրաշ առարկան: «Փորձելով հասկանալ, թե ինչն է այդ փոխարկումների պատճառը, այդ ամենի շարժիչ ուժը և այդպես շարունակաբար ինքս ինձ ինչու-ներ առաջադրելով և դրանց պատասխանը փնտրելով, սերը դեպի քիմիան ավելի էր խորանում: Այնուհետև սկսեցի մասնակցել բազմաթիվ օլիմպիադաների, ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային: Արդյունքում վերջնականապես որոշեցի, որ քիմիան այն առարկան է, որը կարելի է ուսումնասիրել ամբողջ կյանքում և հիանալ նրա առեղծվածային գեղեցկությամբ»,- ասում է երիտասարդ գիտնականը:
Գիտական աշխարհից դուրս նախասիրությունները բազմաթիվ են (սպորտ, ընթերցանություն, ճանապարհորդություն), սակայն, հատկապես Հոնկոնգում, ամենից շատ գերադասում է երեկոյան զբոսանքը ծովափին:
ՈՒնի բավական շատ նախասիրած ասույթներ, սակայն նշում է Վալտեր Սկոտի ասույթներից մեկը. «Ոսկին սպանել է ավելի շատ հոգիներ, քան երկաթը` մարմիններ»: Իմաստը պարզ է և մեկնաբանության կարիք չունի:
Կյանքում շրջադարձային պահ է համարում Երևանի պետական համալսարան ընդունվելը, իսկ մասնագիտական առումով` բակալավրիատի տարիները, երբ հնարավորություն ստացավ գիտահետազոտական աշխատանք կատարելու ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում:
Մագիստրոսական աշխատանքի մի մասը, համագործակցության շրջանակներում, կատարել է ԱՄՆ-ի Նոտր Դամի համալսարանում:
Խումբն ընդգրկված է բազմաթիվ միջազգային համագործակցություններում, հատկապես սերտ համագործակցություն կա ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Չինաստանի առաջատար համալսարաններում աշխատող խմբերի հետ: Խումբը ներգրավված է խոշոր դրամաշնորհային ծրագրերում` համագործակցելով տասնյակից ավելի գիտահետազոտական կենտրոնների հետ: «ՈՒնենք մասնագետների կարճաժամկետ փոխանակման ծրագրեր, որոնք օգտակար են փորձի փոխանակման տեսանկյունից»,- ասում է նա:
Այն կարծիքին է, որ ներքին համագործակցությունը ՀՀ-ում գտնվում է շատ ցածր մակարդակի վրա, միայն եզակի դեպքերում կարելի է տեսնել համատեղ տպագրված աշխատանք ԵՊՀ-ի քիմիայի, ֆիզիկայի կամ կենսաբանության ֆակուլտետներում աշխատող մասնագետների միջև: Ընդհանուր առմամբ, մասնագետներն ավելի շատ շահագրգռված են ընդհանուր եզրեր գտնելով օտարերկրյա գործընկերների հետ` ելնելով որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից:
Դրամաշնորհներից և մրցանակներից նշում է մի քանիսը (չնայած դեռ այդքան էլ շատ չեն): 2010-ին «Նյութաբանություն և այրում» հիմնադրամի կողմից արժանացել է առաջին կարգի մրցանակի, 2011-ին ստացել է համատեղ դրամաշնորհ Հոնկոնգի համալսարանի և «Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից` հետազոտական աշխատանք կատարելու համար: Նույն թվականին մասնակցել է ՀՀ գիտպետկոմի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրին, իսկ այս տարի` Հոնկոնգի համալսարանի «Մաքուր էներգիա և միջավայր» հիմնադրամի ծրագրին:
Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառը համարում է համապատասխան մարմինների կողմից խնդրին ոչ ադեկվատ մոտեցումը. «Գիտության բնագավառում ներդրում անելուց հետո առնվազն 5-10 տարի է անհրաժեշտ` պտուղները քաղելու համար, իսկ հանրախանութից կամ բենզալցակայանից ստացված եկամուտը երկար սպասել չի տա: Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիր, ֆրանսիացի գիտնական Ֆ. Ժոլիո-Կյուրին դեռ 20-րդ դարի սկզբին էր նկատել, որ գիտությունն անհրաժեշտ է ազգին, պետությանը, և եթե երկիրն այն չի զարգացնում, անխուսափելիորեն վերածվում է գաղութի: Ի վերջո, ՀՀ կառավարությունը պիտի հասկանա խնդրի լրջությունը և հաշվի նստի գիտնականների հետ, այլապես վտանգված կլինի երկրի ապագան»։
Ալբերտ Ոսկանյանն արտասահմանում է արդեն մեկ տարի և ասում է, որ արտասահմանյան համալսարանների տարբերությունն այն է, որ նրանք ունեն հագեցած տեխնիկական և նյութական բազա, գիտաշխատողները ստանում են բարձր աշխատավարձ և այլն:
Վերջին տարիներին դրական միտումներ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ գրեթե չի տեսնում, կարծում է, որ փոփոխություններ կան, բայց դրանցում դրականի մասնաբաժինը գրեթե մոտ է զրոյին: Հենց դա է պատճառը, որ բազմաթիվ երիտասարդներ, ոչ մի հեռանկար չտեսնելով, լքում են հայրենիքը:
Գիտական աշխարհում տեղ գտած կոռուպցիայի մասին այն կարծիքն ունի, որ բնական գիտություններում նման երևույթները շատ ավելի քիչ են տարածված, սակայն հումանիտար ոլորտում, վստահորեն ասում է, որ կոռուպցիայի աստիճանը ցավալիորեն շատ ավելի ակնհայտ է:
Տարատեսակ մրցանակների ու խրախուսական մրցանակաբաշխությունների մասին այն կարծիքն ունի, որ դրանք ողջունելի են, սակայն ասել, թե դրանք փոխում եմ իրավիճակը, շատ հեռու է իրականությունից:
«Մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս որպես հիմք ընդունել տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը» հարցին ի պատասխան ասաց. «Հոդվածների քանակն այնքան կարևոր չէ, որքան աշխատանքի որակը: Կարծում եմ` հղումների թիվը ավելի լավ չափանիշ է»:
Որպեսզի մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ չդնեն տեսաբաններին և փորձարարներին, կարծում է, որ պետք է նյութական միջոցներ ներդրվեն փորձարարական բազան թարմացնելու, ընդլայնելու ուղղությամբ. «Այսօր ՀՀ տարբեր գիտահետազոտական կենտրոններում հիմնականում առկա փորձարարական բազան Խորհրդային Միության փլուզումից հետո մնացած ժառանգությունն է: Նմանատիպ սարքավորումների միջոցով գրեթե անհնար է որակյալ աշխատանք կատարել և տպագրել բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում: Ավելին, այս կամ այն սարքը չունենալու պատճառով անհրաժեշտություն է առաջանում նմուշն ուղարկելու արտերկիր` այդ հետազոտությունը կատարելու համար, ինչը չափազանց ժամանակատար է: Կարծում եմ` նմանատիպ պայմաններում տեսաբաններն առավել շահեկան վիճակում են»:
Կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքները գնահատելիս կարծում է, որ նախապատվությունը պետք է տալ այն աշխատանքներին, որտեղ մասնակիցը առաջին հեղինակ է, քանի որ հիմնականում երկրորդ, երրորդ հեղինակների ներդրումը շատ փոքր է: Օրինակ, Չինաստանում քիմիայի բնագավառում աշխատանքի ընդունվելիս հաշվի են առնվում միայն առաջին հեղինակով հոդվածները:
Իսկ թե արդյոք h-ինդեքսն այս դեպքում օգտակա՞ր է, ասում է, որ գիտնականի հ-ինդեքսը ձևավորվում է տարիների ընթացքում, և համեմատելը միայն այդ չափորոշիչով այնքան էլ տեղին չէ:
Երկարաժամկետ տեսլականով` Հայաստանո՞ւմ է պատկերացնում իր մասնագիտական հետագա աճն ու ապագան, ասում է. «Եթե ապագա ասելով հասկանում ենք 40-50 տարի անց, գուցե` Հայաստանում, այլապես` արտերկրում»:
Մանե ՀԱԿՈԲՅԱՆ