«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Մենք ցանկանում ենք, որպեսզի հայ երիտասարդները տեսնեն լավ ֆիլմեր»

«Մենք ցանկանում ենք, որպեսզի հայ  երիտասարդները տեսնեն լավ ֆիլմեր»
16.07.2013 | 11:31

«Ոսկե ծիրան» երևանյան 10-րդ միջազգային կինոփառատոնն ավարտվեց: Ամփոփիչ մամուլի ասուլիսով հանդես եկան փառատոնի հիմնադիր տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ժյուրիի անդամներ ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ, ՕՍՄԱՆ ՔԱՎԱԼԱՆ, ԴԵՅՎԻԴ Դ’ԱՐՍԻՆ, ԺԱՆ ՌԱԴՎԱՆԻՆ:

Հարություն Խաչատրյանն ասուլիսն սկսեց իրեն բնորոշ կատակախոսությամբ. «Մի բան կա, որը հաղթահարում է ամեն ինչ: Դա բարությունն է: Մենք ներկա էինք մեծ բարության փառատոնին, որտեղ բոլորն իրար սիրում են, անգամ փառատոնի տնօրենը և ժուռնալիստները»: Իբրև սիրո հրաշագործ ազդեցության ամենացայտուն օրինակ` Խաչատրյանը վկայակոչեց Իշտվան Սաբոյի «կերպարանափոխությունը» փառատոնի ընթացքում: Փառատոնի առաջին օրերին նա շատ դժգոհ է եղել Հայաստանից, հայերից, փառատոնից: Երրորդ օրվանից ոչ միայն դժգոհությունը մեղմվել է, այլև վերածվել է սիրո: «Մեզ համար դա մեծ ձեռքբերում է,- ասաց փառատոնի տնօրենը,- որովհետև Իշտվան Սաբոյի նման մարդու դեպքում դա բացառիկ երևույթ է»:
Նա ներկայացրեց Թուրքիայից ժամանած հյուրին` փառատոնի միջազգային վավերագրական ժյուրիի անդամ Օսման Քավալային, ով Ստամբուլում ունի պատկերասրահ, որտեղ ներկայացված է յուրօրինակ հայկական ցուցահանդես՝ բաղկացած 1910-20-ական թվականների բացիկներից, դրոշմանիշներից, որոնք հայերն արտադրել են Թուրքիայում: «Այսպիսի վերաբերմունք կարող են ունենալ միայն մեծ բարեկամները, որոնց համար սահմաններ գոյություն չունեն»,- նկատեց Հ. Խաչատրյանը:
Նա անդրադարձավ Շառլ Ազնավուրի, Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի մասնակցությանը փառատոնին, որոնք իրենց ներկայությամբ հաստատել են սերը առ «Ոսկե ծիրան» և հիմք տվել մտածելու, որ փառատոնը սոսկ արվեստին նվիրված միջոցառում չէ: «Մենք ունենք ինֆորմացիոն նպատակ, մենք ցանկանում ենք, որպեսզի հայ երիտասարդները տեսնեն լավ ֆիլմեր, և հայկական ֆիլմերը ներկայացվեն այլ միջազգային փառատոներում, մի բան, որ արդեն կայացած փաստ է»,- ասաց Հ. Խաչատրյանը` տեղեկացնելով, որ տարբեր միջազգային փառատոների մասնակցության առաջարկ են ստացել Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության», Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ», Լուսին Դինքի «Սարոյանլենդ» և իր «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմերը:
Նա ասաց, որ Հայաստանը չունի կինոշուկա, և իմաստ էլ չունի այդ մասին մտածել այն դեպքում, երբ մենք ունենք ընդամենը «մեկուկես» կինոթատրոն և երեք միլիոն հանդիսատես: Փառատոնի նպատակն ի սկզբանե եղել է հայ կինոարտադրության խթանումը, այն կինոարտադրության, որը դաժանաբար կործանել են հայ որոշ պաշտոնյաներ: Նա կարծում է, որ իրենց նպատակի իրագործման ճանապարհին որոշակի քայլեր արդեն իսկ կատարված են. եթե առաջին տարում փառատոնին ներկայացված է եղել մեկ-երկու հայկական ֆիլմ, ապա այսօր դրանք շուրջ չորս տասնյակ են: ՈՒ եթե այդ ֆիլմերը հրավիրվում են միջազգային փառատոների, ուրեմն վատ որակ չունեն: Բայց Հարություն Խաչատրյանը երազում է, որ ստեղծվի հայկական նոր կինոալիք: Դրան նա սպասում է մեկ-երկու տասնամյակ անց և կարծում, որ քանակը միշտ էլ որակ է ստեղծում:
Իհարկե, «Ոսկե ծիրանի» տնօրենը խոսեց նաև փառատոնի բացթողումներից. ինքը չի հասցրել ֆիլմեր դիտել, չի ժամանել Աբաս Քիառոսթամին, փառատոնին չի հատկացվել խոստացված շենքը:
«Հայկական համայնապատկեր» ծրագրի անդամ Ժան Ռադվանին ասաց, որ շատ սիրեց «Ոսկե ծիրան» փառատոնը: Հայկական ֆիլմերին ծանոթ է վաղուց. քսան տարի առաջ «Պոմպիդու» կենտրոնում կազմակերպել է հայկական ֆիլմերի փառատոն: Նա ասաց, որ եթե փառատոնն ունենար կնոջ և տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակ, ապա ինքը կառաջարկեր մրցանակ տալ Վիգեն Չալդրանյանի ֆիլմի դերակատարուհուն` Մարիամ Դավթյանին:
Ի դեպ, որոշվել է, որ հաջորդ տարվանից կսահմանվեն նաև այդ երկու մրցանակները «Ոսկե ծիրանի» շրջանակներում:
Ռադվանին նկատեց, որ հայկական, ինչպես և վրացական ֆիլերում կա սցենարի խնդիր, պետք է աշխատել այդ ուղղությամբ:
Նույն ժյուրիի անդամ Դեյվիդ դ’Արսին նշեց, որ մրցույթին մասնակցող ֆիլմերի ժանրերը, թեմաները շատ տարբեր էին: Նա հինգ տարի առաջ է Հայաստանում եղել, գրել այն օրերի հայկական կինոարտադրության մասին: Նրա կարծիքով, նախորդ երկու տարում մեծ աճ է արձանագրվել մեր կինոարտադրության ոլորտում: «Այն, ինչ տեսանք հինգ տարի առաջ և այսօր, շատ տարբեր վիճակներ են: «Փարաջանովը», «Սարոյանլենդը» բոլորովին նոր որակ են ներկայացնում` հենց շուկայի իմաստով»,- նկատեց օտարերկրացի մասնագետը:
Օսման Քավալան տպավորված էր ինչպես ներկայացված ֆիլմերի որակից, այնպես էլ փառատոնի աշխատանքների կազմակերպվածությունից: Նա «Ոսկե ծիրանը» դիտում է որպես միջազգային մեծ նշանակություն ունեցող իրադարձություն, հարթակ, որը կարող է Հայաստան բերել մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից, ապահովել Թուրքիայի և Հայաստանի կինոռեժիսորների հանդիպումները: Իբրև Թուրքիայի ներկայացուցիչ` նա ուրախ էր հատկապես Լուսին Դինքի ստացած մրցանակի համար:
Միջազգային խաղարկային մրցույթի անդամ Սերժ Ավետիքյանը խոսեց իրենց դիտած տասներեք ֆիլմերի թեմատիկ կապվածության մասին: Դրանց հիմքում ընտանեկան հարաբերությունների, իրենք իրենց փնտրող մարդկանց թեմաներն են, հիմնականում` ծանր, ողբերգական կառուցվածքի մեջ: Ըստ նրա` «Ոսկե ծիրանն» աշխատում է մրցութային ծրագրում ներգրավել այնպիսի ֆիլմեր, որոնք կա՛մ աշխարհագրորեն, կա՛մ բարոյապես կապված են Հայաստանի հետ` բացառությամբ մեկ-երկու ֆիլմի: Իշտվան Սաբոյին նա որակեց որպես ժյուրիի խելացի, զգայուն նախագահի:
Ինչպես շատ հաճախ, «Ոսկե ծիրանի» ամփոփիչ ասուլիսի ընթացքում ևս թարգմանչի գործառույթն իրականացնում էր փառատոնի մամուլի բաժնի պատասխանատու Անահիտ Օրդյանը, ում բարեկիրթ, բարեխիղճ, գրագետ պահվածքի շնորհիվ մեծապես հեշտանում էր փառատոնը լուսաբանող լրագրողներիս աշխատանքը յոթ լարված օրերին:
Փառատոնի ամփոփիչ ասուլիսին հաջորդեց Սերժ Ավետիքյանի ասուլիսը` նվիրված փառատոնի փակման «Փարաջանով» ֆիլմին. բանախոսը մանրամասներ ներկայացրեց ֆիլմի ստեղծման նախպատմության, նկարահանման բուն գործընթացի, մասնավորապես, ֆիլմում իր կատարած աշխատանքի մասին:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ