«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մեկը ոսկեծիրանյան հեքիաթներից

Մեկը ոսկեծիրանյան հեքիաթներից
12.07.2013 | 13:44

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներն ու հյուրերը պատիվ ունեցան հյուրընկալվելու Մեծ հայի` աշխարհահռչակ շանսոնիե ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ երևանյան կեցավայրում:
Իր տան դռների առջև հյուրերի հետ անմիջական զրույցի բռնված Շառլ Ազնավուրին «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը հուշեց. «Բոլորին հրավիրիր ներս մտնել քո տուն»: Ազնավուրը հայավարի արտոնեց, որ այդ առաքելությունն իր վրա վերցնի հենց Հարություն Խաչատրյանը: Հրավերն ստացած հյուրերը մուտք գործեցին Ազնավուրի առանձնատուն` ողողված լույսով, ջերմությամբ, հայի շռայլ հյուրասիրությամբ, լարային քառյակի կատարմամբ ազնավուրյան երգերի հնչյուններով:
Նրբաճաշակ ուտեստներով ծանրաբեռն սեղանի շուրջ տանտերը անբռնազբոս զրուցում էր իր հյուրերի հետ` ապշեցնելով բոլորին 89-ամյա տարիքին ոչ բնորոշ կենսունակությամբ, կատակելու անօրինակ հմայքով, մարդկանց ու աշխարհին ուղղված բարի ժպիտով:
Հյուրերը «դատարկաձեռն» չէին այցելել իրենց աշխարհահռչակ հայրենակցին. դուդուկահար Գևորգ Դաբաղյանը և քամանչահար Հակոբ Խալաթյանը հուզեցին Ազնավուրին իրենց կատարումներով: Նրա հարկի ներքո թևածող հայկական ազգային մեղեդիների ոգին իր ելևէջների մեջ առավ ոչ միայն մեզ` հայերիս, ոչ միայն արտասվելու աստիճանի ապրեցրեց Արսինե Խանջյանին, ով, ի դեպ, ստանձնել էր շանսոնիեի թարգմանչուհու պարտականությունը, այլև հասավ աշխարհի տարբեր երկրների ու ազգությունների տաղանդավոր ներկայացուցիչների, բոլոր ժամանակների համար կինոյում իրենց անմահությունն ապահոված երևելիների գիտակցությանն ու զգացմունքներին:
Քշիշտոֆ Զանուսիի, Մարգարեթե ֆոն Թրոթայի, Իշտվան Սաբոյի, մյուսների աչքերն առավել, քան բառերը, խոսուն էին:
Երբ Գևորգ Դաբաղյանն ավարտեց իր նվագը, հարցրեց Ազնավուրին. «Երբևէ փորձե՞լ եք դուդուկ նվագել»:
Ի պատասխան` հնչեց ազնավուրյան կատակը. փորձել է, բայց այտերն այնպես չեն ուռել, ինչպես պետք է դուդուկ նվագելիս:
Օգտվելով Ազնավուրի հետ անմիջական շփման հնարավորությունից` ես մեծ հայրենակցիս նվիրեցի Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 135-ամյակի առթիվ տպագրված «Հայը» էսսեի մեկ օրինակ: Անասելի հպարտ եմ, որ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի իրականացրած այդ հրատարակության 100 օրինակներից մեկը հասավ Ազնավուրին:
«Ես չեմ կարդում հայերեն,- ասաց Ազնավուրը,- բայց շնորհակալ եմ այս նվերի համար»:
Հրաժեշտից առաջ խնդրեցի Արսինե Խանջյանին, որ բանավոր թարգմանի Շառլի համար Դեմիրճյանի անմահ ստեղծագործությունը, մի բան, որ նա նախորդ օրն արել էր ամուսնու` Ատոմ Էգոյանի համար, ում նույնպես պատիվ ունեցա նվիրելու էսսեի մեկ օրինակ:
Շառլ Ազնավուրը իր կեցավայրից հեռացավ հյուրերից շուտ, սակայն դրանից հետո էլ նրա հարկի ներքո չդադարեց առկայծել այն լույսն ու ջերմությունը, որ սփռում է իր շուրջը Շառլ Ազնավուր մարդը, դերասանը, երաժիշտը, Հա՛յը:
Հիշեցնենք, որ «Մոսկվա» կինոթատրոնի առջև` իր անվան հրապարակում, այսուհետ սեփական աստղն ունեցող Շառլ Ազնավուր դերասանի խաղին ոսկեծիրանյան հանդիսատեսը ևս մեկ անգամ ականատես եղավ փառատոնի շրջանակներում: Ցուցադրվեցին նրա մասնակցությամբ երեք ֆիլմ` «Կրակե՛ք դաշնակահարի վրա», «Թոբրուկ գնացող տաքսին», «Արարատ»:
Փառատոնյան կինոէկրանին վերապատմվեց «Կրակե՛ք դաշնակահարի վրա» ֆիլմի հերոս Ազնավուր-Սարոյանից մինչև «Արարատի» հերոս Ազնավուր-Սարոյանն ընկած խութաշատ ոդիսականի անօրինակ հեքիաթը, մեկը այն հեքիաթներից, որ հայաստանյան հանդիսատեսի համար իրականություն է դարձնում «Ոսկե ծիրանը»` արդեն տասը տարի շարունակ:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ