«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մարդը, որ եղել է երկիր Նաիրիում

Մարդը, որ եղել է երկիր Նաիրիում
20.06.2013 | 11:13

Վարդգես ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 80-ամյակը

Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի կամարների տակ նշվեց Վարդգես Պետրոսյանի 80-ամյակը: Իբրև իրադարձության բնութագիր այս նախադասությունը չափազանց հանդիսավոր է, որովհետև 80-ամյակի համար մեկուկես ժամվա այս պատմությունը ուղղակի տխուր էր: Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը մի քանի րոպեում տեղավորվելով` փորձեց պատմել Վարդգես Պետրոսյանի ապրած ու չապրած տարիների մասին` ընդգրկելով գրող-հրապարակախոս-լրագրող չափումները ու ոչինչ համարյա չմոռացավ: Հետո արդեն բեմում Վարդգես Պետրոսյանն էր` սկզբից մինչև վերջ: Դերասանների հրաշալի վեցնյակը կարդում էր նրա տարբեր տարիների գրական, գեղարվեստական հրապարակումներից հատվածներ` տրամաբանական հստակ ուղղություն ունենալով ժամանակագրությունը: Երբեմն միայն այս ընթերցանությունը միջարկվում էր այլոց կարծիքներով հոբելյարի մասին: Իսկ վերջում ընդարձակ ռեմարկով բեմ մտավ «Միայնակ ընկուզենին»` նկարված Վարդգես Պետրոսյանի սցենարով: Վերջ: 80-ամյակը, որ լրացել էր 2012-ի օգոստոսի 9-ին, նշվեց 2013-ի հունիսի 18-ին: Նշվեց` շնորհիվ հարազատների: Վերջ: Այսինքն` Հայաստանի Հանրապետությունում չկա մշակութային կյանք, չկա մշակութային միջավայր, չկան ընկերներ, գործընկերներ, համախոհներ, հակախոհներ, երախտագետ ընթերցողներ, գրական-գեղարվեստական ժառանգությունն ընդունածներ: Իսկ եթե կան, ասելիք չունեն:
Անաչառ լինենք: Շատերը, որ կարող էին գնահատանքի խոսք ասել, այլևս չկան: Բայց նաև հոբելյանը հենց այն հնարավորությունն է, երբ արժևորվում է հոբելյարը տվյալ ժամանակի մեջ իր ներգործությամբ: Իսկ որ Վարդգես Պետրոսյանը այսօր էլ ներկա է մեր ապրած կյանքում, աներկբա է: Նույնքան աներկբա է, որ նրա ոչ գրականությունը, ոչ լրագրությունը ըստ արժանվույն գնահատված չեն: Գրողների միության նախագահության տարիներին` հայ հանճարեղ գրող Վարդգես Պետրոսյանը, հասարակական տրամադրությունների տիրակալ «Գարունի» խմբագիր Վարդգես Պետրոսյանը, «Երկիր Նաիրիի» հիմնադիր խմբագիր Վարդգես Պետրոսյանը աննկատ հեռացել են ընթերցողից: Բայց դա ոչ թե գրողի պարտությունն է, այլ` ընթերցողի կորուստը: Որովհետև և այսօր, և վաղը Վարդգես Պետրոսյանն ասելիք ունի ընթերցողին` երբեմն գուցե ուղղագիծ, բայց անկեղծ, բայց ցավով ու ճշմարտության որոնումով գրված ասելիք, որ իր համար միշտ եղել է կրակի շապիկ, նույնիսկ եթե այլոց թվացել է հավասարում բազմաթիվ հայտնիներով: Ու բոլոր նրանք, ովքեր կարող էին ներկա լինել, բայց բացակա էին Վարդգես Պետրոսյանի 80-ամյա հոբելյանից, բացակա էին իրենք իրենց երկրի պատմությունից ու կենսագրությունից: Այսպես:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.-1994 թ. ապրիլի 1-15-ը պատիվ ունեցա աշխատել Վարդգես Պետրոսյանի հետ «Երկիր Նաիրի»-ում, որի վերջին խմբագիրը լինելու պատիվը ևս ունեցա: «Նախ և առաջ-ը ձեր սերունդը միասին է գրում, թե՞ առանձին-առանձին» հարցրեց Վարդգես Պետրոսյանը ինձ` իբրև համարի հերթապահի` առաջնորդողը տպարանում գրելիս: Ես միամտաբար սկսեցի երկար-բարակ բացատրել, իսկ նա ծիծաղեց ու ասաց. «Լավ, քո պատվին միասին կգրեմ, իսկ Թագուհին հետո կուղղի»: Թագուհի Սուսլիյանը թերթի սրբագրիչն էր, ում աչքից ոչինչ երբեք չէր վրիպում, ու նա ոչինչ չէր փոխել: Իսկ ես մինչև հիմա մտածում եմ` մեր սերունդը նախ և առաջ-ը ճի՞շտ է գրում, ու ընդհանրապես հասկանու՞մ է այդ բառի նշանակությունը, իմաստն ու բովանդակությունը, թե՞ ժամանակի զգացողությունը արդեն ատավիզմ է:

Դիտվել է՝ 1656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ