«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի»

«Եղիր գիտունին գերի,  մի՛ եղիր անգետին սիրելի»
11.06.2013 | 11:44

(սկիզբը` այստեղ)

Ինչ վերաբերում է 2012 թ. լույս տեսած «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի ուղեցույցին, ապա առանց ծանրանալու հոդվածում նշված սուբյեկտիվ, անհարկի ու անհիմն մեկնաբանություններից յուրաքանչյուրի վրա, Ա. Այվազյանին ուզում եմ հիշեցնել, որ ուղեցույցի նախնական տարբերակը կազմել է ՊՈԱԿ-ի աշխատակից Մելինե Մովսիսյանը դեռ 2010 թ., ներկայացվել է ՊՈԱԿ-ի տնօրենի այն ժամանակվա գիտական աշխատանքների գծով տեղակալին (այսինքն` նույն իրեն` Արգամ Այվազյանին), խմբագրվել է ու ստորագրվել վերջինիս կողմից: Այնուհետև` 2010 թ. վերջին, տպվել է նախնական 10 օրինակով ու իբրև հաջողված հրատարակություն` 2011 թ. փետրվարին հանձնվել «ArtExpo-2011» ցուցահանդեսի ժամանակ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տաղավար այցելած հանրապետության նախագահին: Ընթերցողին եմ ներկայացնում այդ գրքույկի խմբագրված տեքստի վրա 2011 թ. Ա. Այվազյանի ձեռքով արված ստորագրության և նախնական հրատարակության օրինակի լուսանկարները:
2012 թ. այդ աշխատանքը ես լրամշակել եմ, ավելացրել Գառնի ամրոցի բրոնզեդարյան-երկաթեդարյան պարբերաշրջանների բացակայող նյութերը, ավելի մանրամասն դարձրել ուրարտական ժամանակաշրջանի փաստացի տվյալները Գառնու մասին, մասնակի փոփոխություններ մտցրել տեքստի հաջորդականության ու շարադրանքի մեջ (ըստ այդմ պահպանելով Մ. Մովսիսյանի տեքստի հենքը) և երկու անգամ հանձնել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի խմբագիր Գ. Ղազարյանին ստուգման ու խմբագրման, որից հետո Գառնու ուղեցույցը մտել է տպարան: Այս ամենից հետո Ա. Այվազյանը փորձում է ուրիշներին վերագրել իր ձեռքով խմբագրված նախնական տեքստը և վատաբանել հրատարակությունը: Զավեշտն այն է, որ ուրարտերենի ու սեպագրի մասին ամենատարրական պատկերացումներ իսկ չունեցող հոդվածագիրը հանդգնում է խրատներ տալ այդ ոլորտի մասնագետին և փորձում «հայտնագործություններ» կատարել Գառնու ուրարտերեն արձանագրության տեքստի վերծանման ու մեկնաբանման մեջ: Դրա փոխարեն կարելի էր, գոնե հազարից մեկ գիտահանրամատչելի գրականություն կարդալ (և ոչ թե միայն սեփական գրքերը): Ակամա մտաբերում ես հայկական մի այլ դիպուկ ասացվածք. «Ոտքդ վերմակիդ չափով մեկնի՛ր»:
Անիմաստ է երկար ու մանրամասն անդրադառնալ այն ամենին, ինչ փորձում է սևացնել ու վատաբանել Ա. Այվազյանը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին ուղղված իր հրապարակումներում: Պարզապես նման մոտեցումն ակամա պարտադրում է հպանցիկ անդրադարձ նաև նրա գիտական գործունեությանը: Մի կողմ թողնելով Ա. Այվազյանի նախկինում հրատարակած գործերում առկա բազմաթիվ վրիպակները, բացթողումները, ժամանակագրական սխալները, լեզվական ոչ ճիշտ ձևակերպումները և վիճելի մեկնաբանությունները (ինչը, մեկ անգամ ևս ուզում եմ հատուկ ընդգծել, հետևանք է պատմության, հնագիտության, աղբյուրագիտության, ազգագրության, արևելագիտության և մի շարք այլ գիտաճյուղերին` հեղինակի բավարար մակարդակով ծանոթ չլինելու), կցանկանայի գեթ խոսել արդեն իսկ մասնագիտական ոլորտին վերաբերող նրա հրատարակություններում և խմբագրած աշխատանքներում առկա արտառոց սխալների մասին: Միանշանակ է, եթե մտավորականն իրեն այնքան բանիմաց և ինքնավստահ է զգում հայագիտության բազմաբնույթ գիտական ոլորտներում, որ հավակնում է ակադեմիկոսին, պատմական գիտությունների դոկտորին, պրոֆեսորին, պետական մրցանակի դափնեկրին, բազմափորձ ճարտարապետին խորհուրդներ տալ մասնագիտական հարցերում, ապա գոնե ինքը պարտավոր է անթերի լինել սեփական փաստերը շարադրելիս: Այսպես, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով 2009 թ. հրատարակված «Գլաձորի համալսարան» գրքույկի խմբագիր Ա. Այվազյանի անփութության (հնարավոր է նաև չիմացության) պատճառով հենց առաջին պարբերությունը լույս է տեսել կոպիտ սխալով. «Հայաստանում բարձրագույն կրթությունը սկզբնավորվել է Ք. ա. V դարում` գրերի ստեղծումից հետո….» (էջ 3): Հրատարակությունից հետո, հավանաբար, հասկանալով, որ ինքը շուրջ 900 տարով սխալվել է, Ա. Այվազյանը գրքույկի ամբողջ տիրաժը (1000 օրինակ) հետ է բերել ՊՈԱԿ և հանձնարարել աշխատակիցներին` «Ք. ա.»-ն գրիչով մեկ առ մեկ փոխարինել «Ք. հ.»-ով: Խմբագիրը, հավանաբար, տեղյակ չէ, որ մեր թվականությանը վերաբերող դարերից առաջ նման հապավում չի կիրառվում և, որ ինքը նույն պարբերության մեջ աններելի երկրորդ սխալն է թույլ տալիս (այստեղ հարմար է մտաբերել հայերեն հայտնի ասացվածքը. «Աչքը շինելու փոխարեն հոնքը հանեցին»): Մեկ այլ փաստ` 2012 թ. լույս ընծայված իր «Հայ հնատիպ գրքի մանրանկարման մի եզակի օրինակ» գրքում, մասնագիտությամբ գրադարանավար-մատենագետ Ա. Այվազյանն Ալեքսանդրիայի գրադարանի հիմնադրումը վերագրում է Ասորեստանի արքա Աշուրբանիպալին և վերջինիս տիրակալ հռչակում մ. թ. ա. 669 - 616 թթ. (էջ 6): Իրականում Աշուրբանիպալը, ըստ Բրիտանական հանրագիտարանի տվյալների, իշխել է մ. թ. ա. 668 – 627 թթ. (սա մեջ բերում եմ զուտ այն պատճառով, որ Ա. Այվազյանը, պարբերաբար, և մասնավորապես «Վահանավանքի վանական համալիրը» գրքույկի և «Գլաձորի համալսարան» ֆիլմի հետ կապված, փորձեր է արել «ճշտելու» ուրիշների թվագրումները): Սակայն, մի կողմ թողնելով սխալ թվագրությունը, ինչը վաղ շրջանի պատմության ու մշակույթի վերաբերյալ Ա. Այվազյանի ունեցած անբավարար գիտելիքների հետևանք է, ուզում եմ հեղինակին տեղյակ պահել, որ Ալեքսանդրիայի գրադարանը կառուցվել է ոչ թե Ասորեստանում, այլ Եգիպտոսում, Պտղոմեոս II Ֆիլադելփոսի կառավարման տարիներին, մ. թ. ա. III դարում, Ասորեստանի տիրակալ Աշուրբանիպալի մահվանից շուրջ 400 տարի հետո և ոչ մի կապ չի կարող ունենալ վերջինիս հետ: Գոնե սա դիպլոմավոր գրադարանավար-մատենագետը պարտավոր էր իմանալ:
Անհրաժեշտ եմ համարում մի քանի ուղղումներ կատարել նաև Ա. Այվազյանի մեջբերած որոշ ասույթների վերաբերյալ, քանի որ դրանք ևս մատնանշում են նրա գիտելիքների ընդհանուր ծավալն ու մակարդակը: Այս առումով, կարծում եմ, որ հումանիտար ոլորտի մասնագետի համար անհարիր է հույն մի փիլիսոփայի խոսքը սխալմամբ մյուսին վերագրելու արտառոց փաստը: Բանն այն է, որ «Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի» արտահայտությունը (որ «հարմարավետորեն» հանգրվանել է «Իրատես de facto» թերթի 2013 թ. թիվ 28, 30, 31 համարների էջերին) բոլորովին էլ Արիստոտելին չի պատկանում: Հույն փիլիսոփա Պլատոնն իր աշխատություններից մեկում Սոկրատեսին է վերագրում հետևյալ խոսքերը. «Հետևելով ինձ, ավելի քիչ մտածիր Սոկրատեսի և ավելի շատ ճշմարտության մասին»: Պլատոնի աշակերտ Արիստոտելը մի փոքր ձևափոխել է այդ արտահայտությունը. «Թեև ինձ համար թանկ են և՛ ընկերներս, և՛ ճշմարտությունը, սակայն պարտավորված եմ նախապատվությունը տալ ճշմարտությանը»: Ինչ վերաբերում է «Amicus Plato, sed magis amica veritas»` «Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի» դարձվածքին, ապա առաջին անգամ այն ձևակերպել է Սերվանտեսն իր «Դոն Կիխոտ (Քիշոտ)» գրքի 2-րդ մասի 51-րդ գլխում: Հոդվածը վերնագրելիս, կարծում եմ, սա պարտավոր էր իմանալ ուրիշներից ստույգություն ու բծախնդրություն պահանջող մտավորականը, քանի որ, եթե հոդվածիդ վերնագրում, քո իսկ չիմացության պատճառով, սխալ է սպրդել, ապա նրանում արծարծված խնդիրներն էլ միանշանակ ու հավաստի չեն կարող ընկալվել: Միանգամայն ճիշտ է ռուսական ասացվածքը. «հսօՔՈս ջՉՏվ, ՊՈ վպ ջվՈպՑ, չՊպ Տվ» («Ինչ-որ անորոշ ղողանջ է լսել, կարծում է՝ ժամի զանգերն է տեսել»):
Կարծում եմ` կարիք կա անդրադառնալու զանգվածային լրատվամիջոցներում Ա. Այվազյանի ձեռամբ ծրագրված կերպով ներդրվող մի երևույթի ևս: Բանն այն է, որ թերթերում, հեռուստաէկրանից կամ ռադիոյով ելույթների ժամանակ, ինչպես նաև տարբեր գերատեսչություններ պարբերաբար ուղարկվող գրությունների մեջ Ա. Այվազյանն իրեն հորջորջում է նախիջևանագետ: Պետք է արձանագրել, որ վերջին ժամանակներս մեզանում շատ են բազմացել, այսպես կոչված, «….ագետները»` նախիջևանագետ, էպոսագետ, հուշարձանագետ, հայրենագետ, երկրագետ, նժդեհագետ, խաչքարագետ, գորգագետ և այլն: Նույն սկզբունքով, ուրեմն, Գեղարքունիքի ժառանգությամբ զբաղվող երկարամյա մասնագետին երևի պետք է անվանել «գեղարքունիքագետ», Տուրուբերանով զբաղվողին` «տուրուբերանագետ», Այրարատով զբաղվողին` «այրարատագետ», Առբերանի գավառով զբաղվողին` «առբերանագետ», լավ աթոռ պատրաստողին` «աթոռագետ», լավ դանակ սրողին` «դանակագետ», լավ հոգնա անողին` «հոգնայագետ» և այսպես շարունակ: ՈՒզում եմ հիշեցնել, որ մասնագիտությունների հաստատումն իրականացնում են կոնկրետ հաստատությունների մասնագիտական խորհուրդները կամ հանձնաժողովները: ՈՒստի պետք չէ հնարովի մասնագիտությամբ փորձեր անել բարձրացնելու սեփական վարկանիշը: Ավելին. պարոն Այվազյան, եթե դուք իրոք գիտեք իսկական մասնագիտության իրական արժեքը, ինչո՞ւ եք, ուրեմն, անհարկի խորշում գրադարանավար-մատենագետի որակավորումից (շատ պատվաբեր և կոնկրետ գիտելիքներ պահանջող մասնագիտություն), ինչը ձեզ շնորհվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պետական քննական հանձնաժողովի որոշմամբ 1984 թ., կուլտուրայի ֆակուլտետի հեռակա բաժինն ավարտելու կապակցությամբ, և դա քողարկում եք վիրտուալ «նախիջևանագետ»-ով: Այս առումով տեղին է հիշել հայկական ևս մի ասացվածք. «Հոգուդ մեռնեմ թանապուր, դու էլ դարձար կերակուր»: Արծարծված խնդրի հետ կապված, պարտավորված եմ համարում նաև հոդվածիս վերջում, անվանս ու ազգանվանս տակ թվարկել կոչումներս ու պաշտոններս (դա անում եմ պարտադրված, մեծագույն չկամությամբ, առանց ցուցամոլության որևէ միտումի, զուտ Ա. Այվազյանի «...ագիտական» նկրտումներին հակադարձելու նպատակով)։
Այս ամենից հետո հարց է ծագում. իրավունք ունի՞ արդյոք մտավորականն «ինքնակոչ դատավորի» միանձնյա դեր ստանձնելու ուրիշների (և հատկապես երիտասարդ, սկսնակ գիտաշխատողների) հանդեպ, եթե ինքը բազմաթիվ տարրական սխալների, թյուր մեկնաբանությունների ու աններելի բացթողումների հեղինակ է։
Կարծում եմ` այսքանը բավական է։
Այս ամենով հանդերձ, ուրեմն, որո՞նք են մշակույթի վաստակավոր գործիչ, «Պլատոնի բարեկամ», «ճշմարտության ջատագով» Ա. Այվազյանի նման վարքագծի բուն դրդապատճառները, և ինչի՞ վրա են դրանք խարսխված: Մի՞թե մարդն այնքան շիտակ է ու անհանդուրժող, որ նրան իսկապես մտահոգում են ՊՈԱԿ-ի հրատարակած (իսկ իրականում` ոչ բոլոր, այլ միայն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կոնկրետ աշխատակիցների հրատարակած) գործերը: Իրականում նրա «ճշմարտությունը» շատ ավելի պարզունակ է ու փծուն: Այդ մասին քիչ հետո, իսկ հիմա մի փոքր պատմական զբոսանք:
Դեռևս 1991 թ. ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտից դուրս մնացած Ա. Այվազյանը, 1993 թ. Պատմական միջավայրի պահպանության և պատմամշակութային արգելոց-թանգարանների միացյալ տնօրենության (ՊՈԱԿ-ն այդ անվանումն էր կրում 1993 թ.) ղեկավար Սերժ Առաքելյանի հրամանով ընդունվեց աշխատանքի` որպես աղբյուրագիտության բաժնի վարիչ: Կարճ ժամանակ աշխատելով կազմակերպությունում, նույն 1993 թ. ազատվեց այստեղից և աշխատանքի անցավ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, որպես գիտաշխատող: Թեմայի ավարտման պատճառով, 1999 թ., ինստիտուտից ազատվելուց հետո, որոշ ժամանակ անց Ա. Այվազյանը մեկնեց արտասահման: Վերադառնալով Հայաստան, 2006 թ. հոդվածագիրը դարձյալ դիմեց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ս. Առաքելյանին` համապատասխան աշխատանքի ընդունելու խնդրանքով: Վերջինս էլ, արդեն որերորդ անգամ, ըմբռնումով մոտենալով խնդրին և ընդառաջելով իր նախկին աշխատակցին, Ա. Այվազյանի 2006 թ. դեկտեմբերի 20-ին գրած դիմումի համաձայն, 2007 թ. հունվարի 18-ի թիվ 5 հրամանով նրան կրկին ընդունեց աշխատանքի և նույնիսկ վստահեց կազմակերպության տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը: ՈՒ թեև, հետդարձից հետո, ՊՈԱԿ-ում 2006 - 2011 թթ. աշխատած ողջ ժամանակահատվածում, գրելով, խմբագրելով ու տպագրելով միայն սեփական գրքերը, Ա. Այվազյանը որևէ էական գործ այդպես էլ չձեռնարկեց իրեն աշխատանք ու ապրելու հնարավորություն ընձեռած կազմակերպության համար, նախկին տնօրեն Ս. Առաքելյանը` արժևորելով Նախիջևանի մասին ամեն տեղեկատվության հրապարակման հրատապությունն ու կարևորությունը, այնքան վեհանձն գտնվեց, որ գրությամբ դիմեց ՀՀ մշակույթի նախարարություն` Ա. Այվազյանին մշակույթի վաստակավոր գործչի կոչում շնորհելու առաջարկով: Ինչը վերջինս ստացավ այդ ամենի արդյունքում:
Թվում է, թե այսքանից հետո, քիչ թե շատ homo sapiens հորջորջվող յուրաքանչյուր անձ պիտի որ մինչև կյանքի վերջը երախտապարտ լիներ այն կազմակերպությանն ու գործընկերներին, ում շրջապատում ընդունվել, ինքնահաստատվել, մեծարվել ու աշխատում է: Սակայն բնավ ոչ Ա. Այվազյանը: Նրա համար սեփական պատվամոլությունն ու նյութական շահը առաջնային են:
Եվ, այնուամենայնիվ, ո՞րն է նման վարքագծի բուն դրդապատճառը, կարծում եմ` կհարցնի ընթերցողը:
Բանն այն է, որ Ա. Այվազյանն արդեն որերորդ տարին փորձում է ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ ֆինանսների և մշակույթի նախարարություններին ուղղված իր բազմաթիվ դիմում-նամակներով` տարբեր կազմակերպությունների, իսկ 2008 թ. էլ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին վաճառել (իսկ ժողովրդական դիպուկ խոսքով ասած` «սաղացնել») 1970-80-ական թթ. Նախիջևանի տարածքում իր արած սևանկարները (նեգատիվները), որոնց շուրջ 80 %-ը (այսինքն` հիմնական ու լավագույն մասը) արդեն վաղուց հրատարակված է: Այս առումով պետք է նշեմ, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միշտ էլ բարյացակամ է գտնվել Ա. Այվազյանի նման առաջարկների հանդեպ: Այսպես, կազմակերպության ֆոնդային հանձնաժողովը 2008 թ. մարտի 31-ի նիստով նրանից գնել է նյութեր, վճարելով 219650 դրամ: Այնուհետև 2010 թ., նույն հանձնաժողովը (որի նախագահը հենց ինքն էր` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Ա. Այվազյանը), հաշվի առնելով ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող հռչակավոր ճարտարապետ Անատոլի Յակոբսոնի արխիվի նյութերն ամբողջացնելու հույժ կարևոր խնդիրը, սեպտեմբերի 24-ի նիստով Ա. Այվազյանի եղբորից` Արծրուն Այվազյանից, գնել է անվանի ճարտարապետի արխիվի ևս մի մասը և վճարել 988000 դրամ: 2011 թ., հունիսի 7-ի որոշմամբ, ընդառաջելով արդեն ՊՈԱԿ-ի խմբագրման և աղբյուրագիտության բաժնի վարիչ դարձած Ա. Այվազյանի բազմաթիվ հորդորներին, ֆոնդային հանձնաժողովն արտաբյուջետային միջոցների հաշվին նրանից ձեռք է բերել ևս 2000000 դրամի սևանկարներ և լուսանկարներ: Այսինքն, շուրջ 4 տարում ՊՈԱԿ-ն Այվազյաններին վճարել է 3207650 դրամ: Բերված բոլոր փաստերը ձևակերպված են ընդունման-հանձնման համապատասխան ակտերով: Այդ բոլորը՝ ՊՈԱԿ-ի ղեկավարության զուտ բարի կամքի դրսևորումն են սեփական աշխատակցի հանդեպ: Այս ամենից հետո, 2012 թ. պարզ դարձավ, որ առաջարկվող հերթական նյութերը ժամանակին գնման նպատակով արդեն ներկայացվել են Հայաստանի ազգային արխիվ և Հայաստանի պատմության թանգարան, սակայն այդ կազմակերպությունների մասնագետները հրաժարվել են դրանցից, հիմնավորելով, որ նման սևանկարները կարող են պիտանի դառնալ միայն մանրամասն ընտրությունից ու թվայնացումից հետո: 2012 թ. կայացած ֆոնդային հանձնաժողովի հերթական նիստում Ա. Այվազյանը հայտարարեց, որ ունի այդ սևանկարների թվայնացված տարբերակները ևս, սակայն ցանկանում է վաճառել միայն սևանկարները: Ըստ որում, ամբողջ արխիվի համար Ա. Այվազյանն ակնկալում էր 21000000 դրամ գումար, դրա մեջ ներառելով նաև 1970–80-ական թթ. լուսանկարահանումների նյութածախսը (ժապավեններ, ֆոտոթուղթ, քիմիկատներ), դեպի Նախիջևան գործուղման ծախսերը և բարձրլեռնային հավելավճարը: Ստացվում է, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին իր իսկ աշխատակիցն առաջարկում է 21000000 դրամով գնել սևանկարների մի ստվար խումբ, որի մեծագույն մասից գրեթե ոչ ոք երբևէ չի օգտվելու: Դրանք արդեն պետք չեն նաև Ա. Այվազյանին, քանի որ ցանկացած պահի նա հանգիստ կարող է օգտվել այդ սևանկարների իր մոտ պահվող թվայնացված տարբերակներից: ՈՒստի, իրականում, ի՞նչ է հարկավոր Ա. Այվազյանին. պարզվում է «չնչին բան»` 21000000 դրամ: Այստեղ, կամա թե ակամա, մտաբերում ես սատիրայի ու հումորի խորհրդային ժամանակների անվանի ներկայացուցիչներ Իլյա Իլֆի ու Եվգենի Պետրովի «Ոսկե հորթ» հանճարեղ գրքի հերոս, հայտնի սագագող Միխայիլ Սամուելովիչ Պանիկովսկու խորհրդանշական խոսքերը. «Տո՛ւր ինձ միլիոն, տո՛ւր ինձ միլիոն…»: Ահա այսպես, ո՛չ ավելի, ո՛չ պակաս… ՈՒստի, հենց միայն սրա համար, մշակույթի վաստակավոր գործչին հարիր է հակադարձել հենց այն նույն արտահայտությամբ, որը նա ընտրել էր «Ազգ» օրաթերթի 2013 թ. փետրվարի 9-ի համարում զետեղված հոդվածին որպես վերնագիր. «Խելքի աշեցեք»։
Այսուհանդերձ, մասնագիտական և անաչառ պատասխան տալու նպատակով, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը 2012 թ. մայիսին դիմեց Հայաստանի ազգային արխիվի տնօրենությանը` մասնագիտական փորձաքննություն անցկացնելու և սևանկարների պիտանիությունն ու յուրաքանչյուրի արժեքը որոշելու համար: ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Կինո-ֆոտո-ֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղից 2012 թ. հուլիսի 3-ին ստացվեց մասնագիտական եզրակացություն, ըստ որի, փորձաքննության ներկայացված սևանկարները բաժանվում են բավարար և անբավարար տեխնիկական վիճակ ունեցող խմբերի և դրանցից զատ առկա են նաև որոշ սևանկարների վերատպված օրինակներ: Հենվելով մասնագիտական այս եզրակացության վրա, 2012 թ. հոկտեմբերի 19-ին, կրկին այդ հարցով գումարված նիստի ժամանակ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդային հանձնաժողովն առաջարկեց Ա. Այվազյանին ներկայացված սևանկարներից ընտրություն կատարել և հանձնել միայն եզրակացության պահանջներին բավարարողները: Ա. Այվազյանը կտրականապես հրաժարվեց այդ առաջարկից և պնդեց, որ արխիվը վաճառվում է միայն ամբողջությամբ («Торг здесьне уместен…»` «Առևտուրը (այս հարցում) անտեղի է» կերկրորդեր «12 աթոռի» հայտնի հերոս Կիսա Վորոբյանինովը, եթե ինչ-որ հրաշքով հայտնվեր նիստին): Արխիվն ընտրովի կամ ամբողջությամբ գնելու տարբերակները դրվեցին ֆոնդային հանձնաժողովի վերջնական քվեարկությանը: Նիստին ներկա 10 անդամներից 7-ը քվեարկեցին նյութերն ընտրովի ձեռքբերելու օգտին, իսկ 3-ը քվեարկեցին լրիվ ձեռքբերման օգտին: Ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունվեց առաջին տարբերակը: ՈՒստի հանձնաժողովը որոշեց, քվեարկության արդյունքներին համաձայն լինելու դեպքում, կրկին առաջարկել արխիվի տիրոջը ներկայացնել բոլոր սևանկարների կոնտակտային լուսանկարները և մանրամասն տեղեկատվություն տրամադրել յուրաքանչյուր սևանկարի մասին: Այս արդյունքից խիստ դժգոհ Ա. Այվազյանը հրաժարվեց առաջարկից և սպառնաց, որ իրեն իրավունք է վերապահում, հնարավորության դեպքում, համացանցով արխիվը վաճառքի հանելու արտերկրում ու չի բացառում, որ այն հայտնվի թշնամու ձեռքում (թեև չբացահայտեց, թե ստույգ ում նկատի ունի): Ելույթները, քվեարկության արդյունքները, նաև այս հայտարարությունը գրի առնվեցին նիստի արձանագրության մեջ, որը ստորագրեցին բոլոր ներկաները, այդ թվում նաև` Ա. Այվազյանը: Նիստի ողջ ընթացքը տեսագրվեց ու ձայնագրվեց: Մեկնաբանությունները թողնում եմ ընթերցողին: Պարզապես, ի միջի այլոց, ուզում եմ հավելել, որ` դատելով համացանցային երկարատև լռությունից, երևի թշնամին էլ այնքան տրամադրված չէ շահարկվող արխիվի ձեռքբերման հարցում: ՈՒստի, կարծում եմ, ստեղծված իրավիճակը ճիշտ կլինի վերաձևակերպել ամերիկացի նշանավոր գրող Մարկ Տվենի հայտնի խոսքերով. «Իմ մահվան (մեր պարագայում` արխիվի) մասին լուրերը չափից դուրս ուռճացված են…»:
Համոզված եմ, որ հիմնականում հենց վերը ներկայացված գումարային խնդիրներն են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հակադրվելու և, հատկապես, վերը ներկայացված նիստում իր արխիվին դեմ քվեարկած մարդկանց աշխատանքներն ամեն կերպ սև ներկայացնելու Ա. Այվազյանի ձգտման բուն դրդապատճառները: Թերևս, դրանց կարելի է ավելացնել նաև այն հանգամանքը, որ 2011 թ. ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը թողնելուց և նույն կազմակերպության աղբյուրագիտության և խմբագրման բաժնի վարիչի աշխատանքները ստանձնելուց հետո, ՊՈԱԿ-ում ակնհայտորեն ավելացել են տարբեր մասնաճյուղերի, հնագիտական և ազգագրական հավաքածուների, ժամանակավոր ցուցադրությունների, գիտաժողովների և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ հրապարակումները, տեսաֆիլմերի նկարահանումները (վերջին երկու տարում` 2 մենագրություն, հոդվածների 1 ժողովածու, 4 կատալոգ, 3 գրքույկ-ուղեցույց, շուրջ 30 գիտական և գիտահանրամատչելի հոդվածներ, ծալաթերթեր, բացիկներ, 1 տեսաֆիլմ և այլն), որոնց գրեթե անհաղորդ Ա. Այվազյանը ստանձնել է դրանց քննադատողի ու վատաբանողի իրեն հարմար գործը: Դա էլ, երևի, մասնակցության ձև է։
Լավ գիտակցում եմ, որ այս հրապարակմանը հետևելու են Ա. Այվազյանի նորանոր հոդվածներն ու զեկուցագրերը: Դա նրա գործն է («Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում նրա կողմից արվող, թերևս, հիմնական աշխատանքը): Ինքս մտադրություն ու ցանկություն չունեմ թանկագին ժամանակս անտիայվազյանական գործունեությանը տրամադրելուն, քանի որ, ինչպես նշեցի սկզբում, դա իսկապես խորթ է և՛ սկզբունքներիս, և՛ աշխատաոճիս:
ՈՒստի, որ ինչպես ընթերցողի, այնպես էլ առաջին հերթին իմ մեջ տհաճ նստվածք չմնա հանգամանքների բերումով պարտադրված այս շարադրանքից, ուզում եմ խոսքս ավարտել ապոկրիֆների մեծ սիրահար Ա. Այվազյանին ուղղված «պլատոնական» չափածո պամֆլետով: Թող սա դառնա նրա կողմից գրվելիք նմանատիպ ապագա բոլոր հոդվածների իմ մշտական պատասխանը.

ՊՈԱԿ-ագիր պարոն Արգամ,
Ծեր Պլատոնի «նոր բարեկամ»,
Ասա՛, էլի քանի՞ անգամ
Պիտի գրես խիստ չարակամ:
Չարը լքիր դու ինքնակամ,
Եղիր մի քիչ բարյացակամ,
Արդար գործիր գեթ մեկ անգամ,
Որ օրերում մեր այս դժկամ,
Քեզ չկոչեն չար կայմակամ:
Արդ, ընդունիր որպես պատգամ,
Մեծ Պլատոնի «զիլ բարեկամ»,
Ա՛յ Սեմ ու Քամ, պարոն Արգամ,
Այս աշխարհում քանի դեռ կամ,
Որպես չարը մեխող կոշտ գամ
Կամ դավերը փշրող մի կամ,
Քո կեղծ խոսքի վրա կգամ,
Լավ մտածիր դու այս անգամ,
Որ չմնաս լուռ ու կարկամ,
Թույլ ու անկամ, անբարեկամ,
Ճիշտ հաշվարկիր գեթ այս անգամ։
Դե, դավն ընդ քեզ, գրող Արգամ,
Դու Պլատոնին ի՞նչ բարեկամ։


Աշոտ ՓԻԼԻՊՈՍՅԱՆ
«Պահպանության ծառայություն»
ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական
գիտությունների դոկտոր, ՀՊՄՀ հայոց
պատմության ամբիոնի պրոֆեսոր
«Էթնոս» գիտական հետազոտությունների կենտրոնի նախագահ
Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Հայ-ֆրանսիական,
հայ-ռուսական և հայ-
լեհական հնագիտական արշավախմբերի ղեկավար

Դիտվել է՝ 2981

Մեկնաբանություններ