«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Տարին հոբելյանական է, և մենք աշխատել ենք, որ ծրագիրը շքեղ լինի»

«Տարին հոբելյանական է, և մենք աշխատել ենք, որ ծրագիրը շքեղ լինի»
10.06.2013 | 17:32

Կայացավ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հերթական մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին «Ոսկե ծիրան-2013»-ի արտամրցութային ծրագրերը` «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք», «Երևանյան պրեմիերաներ»: Այս տարի հայ կինոսերների համար կկազմակերպվի երեք հատուկ ծրագիր` «Քույր փառատոներ», «Վրացական կինո», «Հայեր. հայացք ներսից և դրսից»:

Ասուլիսի բանախոսներն էին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, գեղարվեստական տնօրեն ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, միջազգային բաժնի ղեկավար ՏԱԹԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
Միքայել Ստամբոլցյանը ներկայացրեց արտամրցութային ծրագրերը, փառատոնի այս տարվա նշանավոր հյուրերին: «Տարին հոբելյանական է, և մենք աշխատել ենք, որ ծրագիրը շքեղ լինի: Կարծում ենք, որ պատվավոր հյուրերի ցանկն իսկապես ներկայացուցչական է»,- ասաց Մ. Ստամբոլցյանը:
Նշենք, որ պատվավոր հյուրերի թվում են Յոս Ստելինգը, Մարգարեթե ֆոն Տրոտան, Փոլ Քուրդին, Իշտվան Սաբոն (վերջինս կլինի «Ոսկե ծիրանի» խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահը):
«Հետահայաց ցուցադրություններ» ծրագիրը կանդրադառնա կինոաշխարհի երեք խոշոր ներկայացուցիչների` Սթիվեն Ֆրիրզին, Իշտվան Սաբոյին, Շառլ Ազնավուրին: Կցուցադրվեն երեք ֆիլմ, որոնցում նկարահանվել է Շառլ Ազնավուրը: Դրանցից մեկը` «Կրակե՛ք դաշնակահարին», կլինի փառատոնի բացման ֆիլմը, որին կնախորդի Ազնավուրի աստղի բացումը:
Փառատոնի օրակարգում ներառված է ևս մի ծրագիր` նվիրված վրացական կինոյին, մասնավորապես` վրացական կինոյի աշխարհահռչակ ռեժիսոր Ռեզո Չխեիձեին: Կնշվի նաև «Միմինո» ֆիլմի 40-ամյակը` ֆիլմի կոմպոզիտոր Գիա Կանչելիի ներկայությամբ:
Այս տարվա «Հոբելյանական ծրագրերը» նվիրված կլինեն Արամ Խաչատրյանին, Ներսես Հովհաննիսյանին, Արտավազդ Փելեշյանին:
«Հայեր. հայացք ներսից և դրսից» ծրագրի շրջանակներում կցուցադրվեն հայկական և հայերին նվիրված արտասահմանյան ֆիլմեր Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դահլիճում:
Սուսաննա Հարությունյանը մանրամասնեց «Ոսկե ծիրանի» համագործակցությունը Պուսանի և Ռոտերդամի փառատոների հետ: Նշեց, որ ունեցած կապերն ամրապնդվում են տարեցտարի: «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը ձևավորվել է այս համագործակցության արդյունքում: Այդ համագործակցության շնորհիվ հայ և տարածաշրջանի (օրինակ` Վրաստանի) մի շարք կինոծրագրեր դարձել են իրականություն: «Պուսանի և Ռոտերդամի միջազգային կինոփառատոները,- ասաց Ս. Հարությունյանը,- «Ոսկե ծիրան» կինոփառատոնը դիտում են իբրև իրենց միացնող օղակ և համարում այն խոշորագույն և կարևորագույն փառատոն այս տարածաշրջանում: Սա մեզ համար մեծ պատիվ է: Իհարկե, մասշտաբներով մենք չենք կարող համեմատվել ո՛չ Պուսանի, ո՛չ էլ Ռոտերդամի կինոփառատոների հետ, բայց մեր կարևորությունը չափազանց մեծ է նրանց համար»:
Տաթևիկ Մանուկյանն ասաց, որ հոբելյանական «Ոսկե ծիրանը» կցուցադրի տարվա լավագույն, սկանդալային ֆիլմերը: «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող ցուցադրություններին ներկա կլինեն ռեժիսորները: Հավելեց, որ իրենք հիմա էլ շարունակում են բանակցել այլ փառատոների մրցանակակիր ֆիլմեր «Ոսկե ծիրան» բերելու ուղղությամբ:
Ինչպես շաբաթներ առաջ փառատոնի նախապատրաստական աշխատանքներին անդրադարձող մեր հարցազրույցում նշել էր «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, այս տարի կինոցուցադրությունների համար պետք է հատկացվեին «Դալմա» համալիրի երեք կինոդահլիճ:
«Իրատես de facto»-ի հարցն առնչվում էր այդ ցուցադրությունների ժամանակացույցին և բովանդակային ուղղվածությանը: Ի պատասխան հնչեց Մ. Ստամբոլցյանի սպառիչ խոսքը. «Միանգամից ասեմ, որ այդ դահլիճները չեն գործելու, և այս թեմային առնչվող մնացած բոլոր հարցերը փակված են: Մեզ զանգահարեցին և ասացին, որ չեն հասցնում: Դա շատ ցավալի էր»:
Իսկապես որ ցավալի է: Ավելորդ չենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին ցուցադրությունների կազմակերպման դժվարությունները ոչ միայն տհաճ անակնկալների առջև են կանգնեցնում կազմակերպիչներին, այլև փառատոնը լուսաբանող լրագրողներին, հայ հանդիսատեսին, իհարկե նաև փառատոնի աշխարհահռչակ հյուրերին: Վերջին հանգամանքն արդեն մեր երկրի ու ժողովրդի պատվախնդրության տիրույթում գտնվող խնդիր է, ու այն պիտի անհանգստացնի նաև փառատոնի բուն շրջանակներից դուրս գտնվող անձանց և կառույցներին: Վաղուց հասունացած է «Ոսկե ծիրանին» առանձին տարածք տրամադրելու խնդիրը, որի լուծման հարցում շահագրգիռ կողմերի համագործակցությունը, կարծում ենք, կարող է տալ ցանկալի արդյունք:
Մամուլի ասուլիսի ավարտին փառատոնի կազմակերպիչները հայտարարեցին, որ հաջորդ ասուլիսը նվիրված կլինի «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրերին:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ