«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Երբ ազատամարտիկն է իրեն ավելորդ զգում

Երբ ազատամարտիկն է իրեն ավելորդ զգում
30.05.2013 | 15:31

Երեք օր է, ինչ ԶԼՄ-ները հեղեղված են տեղեկությամբ, որ արձակագիր, Արցախյան ազատամարտի մասնակից Լևոն Խեչոյանը հրաժարվել է պետության կողմից Առաջին հանրապետության տոնի առթիվ իրեն շնորհված մեդալից՝ պատճառաբանելով երկրում ահագնացող արտագաղթը:

Շաբաթներ առաջ ազատամարտիկներն էին նստացույց հայտարարել Ազատության հրապարակում, իսկ այնուհետև՝ կառավարության շենքի մոտ դուրս եկել բողոքի ակցիայի՝ պահանջելով փոքրիշատե արժանապատիվ թոշակի նշանակում պետության կողմից:
Այսօր էլ ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանն է Գյումրիում հրապարակել իր բաց նամակը՝ ուղղված պաշտպանության նախարարին: Ազատամարտիկը, ներկայացնելով իր անցած մարտական ուղին, նշել է, որ իր արյան գնով ձեռք բերած մեդալները հանձնում է պաշտպանության նախարարություն:
«Ես ինձ անապահով ու ավելորդ եմ զգում իմ հայրենիքում»,- հայտարարել է ազատամարտիկը:
Մկրտիչ Բաղդասարյանը մասնակցել է Կրկժանի, Արմենավանի, Տողի, Ջրակուսի, Մարիբեյլի, Ղոչալարի, Խոջալուի, Շուշիի, Լաչինի միջանցքի, Քարինտակի, Կիչանի, Սրխավենդի, Մարտակերտի և Հադրութի մարտական գործողություններին:
Նորմալ պետության մեջ այսպիսի կենսագրություն ունեցող քաղաքացին միայն հարգանքի ու պատվի կարժանանար, կստանար այնպիսի բարձր թոշակ և ապահովված կլիներ կեցության այնպիսի պայմաններով, ինչին արժանի է իր երկրի համար արյուն թափած ազատամարտիկը: Իսկ այսօր նա ահազանգում է իր առողջության վերականգնման անհրաժեշտության և իր ու իր ընտանիքի՝ հանիրավի անտեսված լինելու մասին:
Իսկ այսօրինակ ահազանգերն արդեն դժվար է ներկայացնել որպես «թշնամու ջրաղացին ջուր լցնելու փորձ»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2116

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ