Մայիսի 18-ին, թանգարանային գիշերվա օրը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ևս իր դռները կբացի հանրության առջև: Թանգարանը բաց է լինելու առավոտյան 10:00-ից մինչև կեսգիշեր` 24:00: Կենտրոնի բոլոր ցուցասրահները կգործեն անվճար: Այդ մասին տեղեկացրեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Լիլիթ ՍՈԽԱԿՅԱՆԸ:
Արվեստի կենտրոնը արդեն չորրորդ տարին է ինչ մասնակցում է «Թանգարանային գիշեր» միջոցառմանը և ունենում առնվազն 40 հազարից ավելի այցելու: Լ.Սոխակյանը հայտնեց, որ կրթական ծրագրեր պարունակող նոր միջոցառումներ են պատրաստել, կլինի նաև երկու նոր ցուցահանդեսի բացում:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն Աստղիկ ՄԱՐԱԲՅԱՆԻ փոխանցմամբ, ներկայացվելիք ցուցադրությունները պարոն Ջերարդ Լ.Գաֆէսճեանի անձնական հավաքածուից են: «Նրանցից մեկը կոչվում է «Փոփ-հաղորդակցում»: Առաջին անգամ Հայաստանում կներկայացվեն դեռևս նախորդ դարի 50-60-ական թթ. մեծ ճանաչում վայելող փոփ-արտ շարժումը: Հետաքրքրությունը կայանում է նրանում, որ լինելով առաջին շարժումը Հայաստանում, այն հիմնականում ընդգրկում է արվեստագետներ, որոնք մեծ ներդրումներ են ունեցել այդ ուղղության զարգացման գործում` հատկապես ԱՄՆ-ում և Բրիտանյաում»,-ասաց Ա. Մարաբյանը:
Երկրորդ ցուցադրությունը, ըստ Մարաբյանի, ամերիկացի գեղարվեստական ապակեգործության հանրահռչակ դեմքերից մեկի` «Դեյլ Չիհուլի Իկեբանա» ցուցադրությունն է:
Լիլիթ Սոխուկյանը հավելեց, որ ցուցահանդեսներին զուգահեռ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կազմակերպվում են կրթական ծրագրեր. «Մեր նպատակն է մերձեցնել արվեստը` երեխաներին, և ոչ միայն երեխաներին, քանի որ կրթական ծրագրերը երբեմն նախատեսված են լինում տարիքային տարբեր մարդկանց համար»:
Թանգարանային գիշերը այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Հակոբ Հակոբյանի «Երկաթե երկեր» ցուցահանդեսը, որը կփակվի մայիսի 26-ին:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ