«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Զարմանալի ժողովուրդ ենք

Զարմանալի ժողովուրդ ենք
07.05.2013 | 12:23

ԱՅՎԱԶՈՎՍԿԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿՈՍՏԱՆԴԻՆԻ


(17.07.1817, Թեոդոսիա-19. 04.1900, Թեոդոսիա: Աճյունն ամփոփվել է Սբ. Սարգիս եկեղեցու բակում)
Աշխարհահռչակ նկարիչը նախնական կրթությունն ստացել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում:
Թեոդոսիայի բնակչությանը ջրով ապահովելու համար 1887թ. մայիսի 30-ին պատրաստակամություն է հայտնել իրեն պատկանող Սուբաշի աղբյուրներից քաղաքին տրամադրել օրական 50 հազար դույլ ջուր, ինչի համար 1888 թ. կառուցել է 30 կմ ջրմուղ:
Հին Ղրիմում կառուցել է հայկական եկեղեցի, անվճար պատկերազարդել մի շարք այլ եկեղեցիներ, ազգակիցներին օգնելու նպատակով կազմակերպել ցուցահանդեսներ:
Հովհ. Այվազովսկու կտակի մասին համացանցում կարելի է կարդալ ահռելի քանակությամբ նյութեր, որոնց իմաստը գրեթե նույնն է` կտավները կտակել է հարազատ Թեոդոսիային: Սակայն ինչպե՞ս կարող էր մեծ հայն անտեսել իր ազգը: 1899 թ. Սուդակի հովտում գտնվող կալվածքի մեծ մասը նա կտակել է Սբ. Սարգիս եկեղեցուն: Համաձայն կտակարարի ցանկության` այդ տարածքը եկեղեցին վաճառել է 47 497 ռուբլով, որի շահութատոկոսները ծախսվել են հիշյալ եկեղեցու և նրան կից ծխական դպրոցի կարիքների համար:

ԱՇԸԳՅԱՆ ՀԱԿՈԲ ԳՐԻԳՈՐԻ
(1817, Կեսարիայի գավառի գ. Թալաս-27.07. 1887, Կ. Պոլիս: Աճյունն ամփոփվել է Երուսաղեմի Սբ. Փրկիչ եկեղեցու տարածքում)
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1835-ին մեկնել է Ալեքսանդրիա և հոր ու եղբոր հետ զբաղվել ատաղձագործությամբ: Ապա ձեռնարկել է փայտանյութի մեծաքանակ ու փոքրաքանակ առևտուր և հարստացել:
1865 թ. որպես ուխտավոր այցելել է Երուսաղեմ, մտերմացել իր հայրենակից Եսայի պատրիարք Դանիելյանի հետ ու սեփական ծախքով հրատարակել Եղիշեի «Վասն Վարդանայ և հայոց պատերազմի» գիրքը: 1866-ին Երուսաղեմի Սբ. Հակոբա վանքի տպարանին նվիրել է երկու տպագրական մամուլ: 1871-ին նորոգել է վանքի ձուլարանը, գրքերի պահեստը և տպարանը` ծախսելով 274 օսմանյան ոսկի:
1877-ին Ալեքսանդրիայի Բաբ-Շարք թաղամասում գտնվող հայոց նոր գերեզմանատան բարեկարգման համար նվիրաբերել է 1000 ֆրանկ:
1882-ին նրա ծախքով Սբ. Հակոբա վանքում տպագրվել է «Գիրք խօսակցութեան ի տաճկերենէ ի հայս» բառարանի 3-րդ հրատարակությունը, իսկ 1888-ին` Տ. Սավալանյանի «Առաքինութեան ճամբան կամ մենտոր մանկանց և երիտասարդաց» թարգմանության 3-րդ հրատարակությունը:
1877 թ. ծննդավայրում կառուցել է շենքը իգական վարժարանի, որը 1913-1914 ուսումնական տարվանից կոչվել է Աշըգյան վարժարան:
Մահից առաջ գրել է կտակ, որով իր 7 կալվածքները, որոնց եկամուտը տարեկան կազմում էր 2500-3000 եգիպտոսյան ֆունտ, տրամադրել է Երուսաղեմի Սբ. Հակոբա վանքին: Տարեկան եկամտի 60 %-ը պետք է հատկացվեր Երուսաղեմի Ժառանգավորաց, Թալասի իգական, Ալեքսանդրիայի Սբ. Պողոս-Պետրոս վարժարաններին, Կ. Պոլսո Սբ. Փրկչյան ազգային հիվանդանոցին, Կեսարիայի չունևոր հոգևորականներին, ինչպես նաև ժառանգներին ու մերձավորներին: Իսկ 40 %-ը` շուրջ 500 թուրքական լիրա, պետք է մնար անձեռնմխելի, և 5000 լիրա կուտակվելու պարագայում` 3000 լիրայով Արևմտյան Հայաստանում պիտի արհեստագործական վարժարան բացվեր, իսկ 2000 լիրայով եկեղեցականների համար կացարաններ կառուցվեին:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ