Գիշեր է:
Մանր անձրևում է:
Անձրևի կաթիլները երևում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ, և թվում է, թե լապտերներն արտասվում են...
Ռեժիսոր, մնջկատակ ՀԱՅԿ ԶՈՐԻԿՅԱՆԻ «Պահպանե՛ք միմյանց, մարդի՛կ» մենաներկայացումը նվիրված է մեծանուն մնջկատակ, պոետ և ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանին: Հայկ Զորիկյանն իր հեղինակային աշխատանքը ներկայացրել է միջազգային թատերական փառատոներում (Լեհաստան, Լատվիա, Ռուսաստան, ՈՒկրաինա, Միացյալ Արաբական Էմիրություններ), արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` ՌԴ-ում «Թատերարվեստում խոշոր ներդրումի համար» դիպլոմի:
Ներկայացման մեջ օգտագործվել են որոշ տողեր Լեոնիդ Ենգիբարյանի նովելներից:
-Հայկ, Ձեր առաջին հեղինակային ներկայացումը նվիրված է Լեոնիդ Ենգիբարյանին, ընտրությունն ինչո՞վ է պայմանավորված:
-Պարզապես սիրում եմ Ենգիբարյանին, և ցանկություն առաջացավ այդ ներկայացումը բեմադրելու: Դա իմ առաջին ներկայացումն էր, երկրորդը` «Մեծն փոքրիկը», նվիրված է Չապլինին, երրորդը «Համլետն» է (Շեքսպիր): Երեքն էլ մենաներկայացում են և մնջախաղ:
-«Պահպանե՛ք միմյանց, մարդի՛կ» ներկայացումը ցուցադրվել է տարբեր երկրներում: Տարբե՞ր է ընկալումը մեր և դրսի հանդիսատեսի:
-Ոչ, ընկալումը նույնն է, այսինքն` միտքը, գաղափարը նույն կերպ են ընկալվում, պարզապես էմոցիաներն են տարբեր` թե՛ իմ, թե՛ հանդիսատեսի:
-Մյուս երկու ներկայացումները որտե՞ղ եք բեմադրել:
-«Մեծն փոքրիկը» միայն մեկ անգամ ներկայացրել եմ Հայաստանում, իսկ «Համլետը»` Լեհաստանում և Մակեդոնիայում:
-Պրեմիերաները հայաստանյա՞ն բեմերում են լինում:
-Երեքն էլ առաջին անգամ խաղացել եմ Երևանում, բայց, ընդհանուր առմամբ, դրսում ավելի շատ եմ ներկայացրել, քան մեզ մոտ:
-Որպես դերասան` ո՞ր թատրոնում եք հանդես եկել:
-Տասը տարի խաղացել եմ մնջախաղի պետական թատրոնում, 2-3 տարի` տիկնիկային թատրոնում` որպես տիկնիկավար դերասան:
-Հայ հանդիսատեսը սիրո՞ւմ է մնջախաղը:
-Կարծում եմ` կապ չունի` հա՞յ է, թե՞ ուզբեկ, եթե լավ մնջախաղ է, պարզապես` լավ ներկայացում, ապա` այո, սիրում է:
-Մենք այսօր սերիալ նայող հասարակություն ունենք: Բարձր արվեստը քչերի՞ համար է:
-Չեմ կարծում, թե լինում է բարձր կամ ցածր արվեստ: Հետո էլ, այն ներկայացումները, որ այստեղ բեմադրվում են, ես ինքս դժվարությամբ եմ նայում ու միշտ զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ, այնուամենայնիվ, գնում թատրոն: Ընդհանրապես, հայ հանդիսատեսը պահանջկոտ չէ, ու եթե երեք մարդ է գնում թատրոն, դա դեռ չի նշանակում, որ բարձր արվեստ է ներկայացվում:
-Լավ, այլ կերպ ձևակերպեմ հարցս: Թատրոնը մասսայականություն վայելո՞ւմ է, թե՞ նեղ շրջանակների համար է: Սերիալի դերասաններին ճանաչում ենք, իսկ թատրոնում հրաշալի դերասաններ ունենք, որոնց անունը ոչ ոքի ոչինչ չի ասում:
-Հեռուստատեսությունը, պարզ է, ավելի շուտ է ճանաչելի դարձնում դերասանին: Սերիալ նայում են շատերը, իսկ թատրոն, լավագույն դեպքում, 100 հոգի` լինի Հայաստանում, թե աշխարհի մեկ այլ երկրում:
-Հայկ, Ձեր ընտրած կերպարները հետաքրքիր են` Համլետ, Չապլին, Ենգիբարյան: Երեք դեպքում էլ «արքաների» հետ գործ ունենք: Ովքե՞ր են համալրելու կերպարների այս շարքը:
-Բացարձակապես նրա համար չեմ բեմադրել, որ արքաներ են։ Անկեղծ ասած, դժվարանում եմ ասել, թե հաջորդն ինչ եմ բեմադրելու: Կարծում եմ, կբեմադրեմ ցանկացած թեմա, որը հետաքրքիր է այդ պահին` անկախ կերպարից:
-Խոսենք սիրված հեղինակ-կատարող Էդուարդ Զորիկյանի մասին: Ձեր հայրը հեղինակային երգի վարպետ է, Դուք ընտրել եք «մունջ» խոսքը։ Ինչպե՞ս ստացվեց:
-Երևի ճակատագիր է, չգիտեմ` ինչպես ստացվեց: Ի միջի այլոց, երբ ես տասներորդ դասարանում էի, պատրաստվում էի ընդունվելու ֆիզմաթ, բայց ընդունվեցի թատերական ինստիտուտ, որոշ ժամանակ ֆիզիկա, մաթեմատիկա պարապելուց հետո կտրուկ փոխեցի միտքս: Շատ տխուր էր:
-Հիմա ուրա՞խ է:
-Դե, բավականին:
-Ի դեպ, ծիծաղի արքաները իրական կյանքում տխուր մարդիկ են: Ձեր դեպքում ինչպե՞ս է, շա՞տ եք տարբեր բեմում ու կյանքում:
-Այո, կարծում եմ, բեմում այնպիսին եմ, ինչպիսին պահանջում է կերպարը, իսկ կյանքում այնպիսին եմ, ինչպիսին որ ե՛մ: Չգիտեմ` տխուր եմ, թե ուրախ, բայց բնավորությամբ հանգիստ եմ, համենայն դեպս` վերջին ժամանակներս:
-«Պահպանե՛ք միմյանց, մարդի՛կ». մենք այսօր եթերից (ու ոչ միայն) կարիք ունենք նման ուղերձների, բայց հակառակն է, ագրեսիան է շատ: Ինչո՞ւ: Չունե՞նք ենգիբարյաններ, թե՞ հասարակությունը սենսացիայի, բամբասանքի մարմաջ ունի:
-Ինձ թվում է` ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Մերոնց ինչ տաս, նայում են: Բայց, առհասարակ, ագրեսիվ ազգ ենք: Փողոցով քայլում ես, բոլորի դեմքից ագրեսիա է թափվում: Դա երևի մեր ազգի առանձնահատկությունն է:
-Մեր ազգը լավ հատկանիշներ չունի՞:
-Չեմ կարծում, թե ագրեսիան վատ գիծ է: Վատ է նրա համար, ով ագրեսիվ չէ, իսկ ագրեսիվի համար նորմալ է:
-Կգնա՞ք արտերկիր, եթե լավ առաջարկ լինի` ապրելու և աշխատելու:
-Այո, ինչու` ոչ: Ինձ առաջարկել են ապրել Արաբական Էմիրություններում` և՛ դասավանդելու, և՛ թատրոն ստեղծելու: Բայց չգնացի: Սովորում էի ասպիրանտուրայում: Բացի Ռուսաստանից, ամեն տեղ էլ կգնամ:
-Չե՞ք վախենում` «հայրենիքը փոքրանա»:
-Հայրենիքը մարդն է, անհատը, հայրենիքը հողատարածք չէ: Հրեաները` մեզ օրինակ: Չեմ կարծում, թե ինչ-որ բան իմ գնալով կփոխվի:
-Հայաստանը դատարկվում է:
-Հայաստանը երբեք էլ չի դատարկվի, մեկը կգնա, մյուսը կգա: Մեր մոլորակից հո չե՞նք փախչում։ Երևի կոսմոպոլիտ եմ:
-Մրցակից ունե՞ք:
-Անկեղծ ասած, ոչ, չունեմ, ոչ մեկի հետ չեմ մրցում, չնայած գիտեմ, որ լավ չեմ անում: Բայց, մյուս կողմից էլ, ամբողջ աշխարհը մրցակից է, չգիտեմ…
-Էդուարդ Զորիկյանի երգերի հիման վրա ներկայացում չե՞ք բեմադրել:
-Ոչ, համատեղ երեկոներ ենք կազմակերպել, հայրս իր երգերն է ներկայացրել, ես հետո խաղացել եմ:
-Իր ո՞ր երգն եք շատ սիրում:
-Շատ երգեր կան, որ սիրում եմ:
-Իսկ պարոն Զորիկյանը Ձեր ներկայացումներից ո՞րն է հավանում: Խի՞ստ է գնահատելիս:
-Թե որ ներկայացումն է հավանում, երևի իրեն հարցնեք: Բայց ասեմ, որ առաջինը միշտ ինքն է նայում, փորձերին ներկա է լինում, նկատողություններ, ուղղումներ, բնականաբար, անում է:
-Իրեն աշխարհի քաղաքացի անվանող Ժերար Դեպարդիեն Բելգիայի Նեշեն քաղաքի հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ հայրենիքից հեռացել է, որովհետև Ֆրանսիան դարձել է «տխուր տեղ»: Ի՞նչ եք կարծում, Հայաստանը նո՞ւյնպես «տխուր տեղ» է դարձել:
-Երևի մոտ է կանգնած տխուր լինելուն:
-Ինչ-որ բանից նեղացա՞ծ եք:
-Ոչ, ինչո՞ւ:
-Արվեստագետները, որպես կանոն, կա՛մ խռովում են, կա՛մ հեռանում, կա՛մ իշխանամետ են դառնում:
-Ես ինձ, անկախ ամեն ինչից, կարողանում եմ լավ զգալ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ