«Իրատես de facto»-ի հյուրն է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի խորհրդի նախագահ ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆԸ:
-Պարոն Շարոյան, խնդրում եմ մեր ընթերցողի համար պարզաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում Ձեր կազմակերպությունը, Դուք` որպես ՀԿ-ի խորհրդի նախագահ, ինչն եք հատկապես կարևորում նրա գործունեության մեջ:
-Մեր կազմակերպությունը գործում է արդեն երկու տարի` 2011-ի մարտի 26-ից: Մեր կազմակերպության գործունեությունը հիմնականում ուղղված է ազգապահպանության խնդիրներին, ազգային խտրականության բացառման հարցերին, մեր ազգի, ինչպես և ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների ինտեգրմանը հայաստանյան հասարակությանը: Մենք նաև խնդիր ունենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իրավական ակտերի մեջ կատարվեն որոշակի փոփոխություններ, ընդունվի «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքը: Ճիշտ է` իրավական առումով ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հայաստանում խտրականություն չկա, բայց միաժամանակ չկան իրավական ակտեր, որոնք կերաշխավորեն ազգային փոքրամասնությունների մուտքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, կառավարության բարձրագույն մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, մեր երկրի նախագահի աշխատակազմ: Մենք մեր ներկայացվածությունն ենք ուզում ունենալ այս կառույցներում: 2011-ի մայիսի 5-ին ես յոթրոպեանոց ելույթ ունեցա Ազգային ժողովում, որի ընթացքում ներկայացրի մեր խնդիրները, նպատակները, առաջարկությունները` ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում հավասար պայմաններ ստեղծելու մասին: Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է, մեր բոլորի տունն է, և բոլորս այստեղ պիտի ունենանք հավասար իրավունքներ:
-Ինքներդ եք ասում, որ իրավական նորմերով մեր երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը բացառվում է: Իսկ ինչպե՞ս է իրականության մեջ` «de facto»:
-Ես` որպես անհատ մարդ` Շարոյան Ամո, երբեք սովորություն չեմ ունեցել ցածրաձայն, թաքուն խոսելու: Ասել եմ այն, ինչ կա` առանց դա մատի փաթաթան դարձնելու: Ես ուզում եմ ամեն ինչ անել, որ իրականում եղած խնդիրները վերացվեն: Ասել, թե մեր երկրում այս պահին խնդիրներ չկան, ճիշտ չի լինի: Եթե չլինեին, արտագաղթ չէր լինի, գործազրկություն չէր լինի, աղքատություն չէր լինի: Իսկ եթե այդ ամենը կա, ուրեմն կան խնդիրներ: Մեր կազմակերպության կանոնադրական կետերից մեկում, օրինակ, մենք առաջարկել ենք փոփոխություն կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում»: Մենք ուզում ենք, որ հեռուստատեսությունը ժամեր հատկացնի ազգային փոքրամասնություններին, որպեսզի ազգային փոքրամասնությունները հնարավորություն ունենան առաջ քաշելու իրենց ունեցած խնդիրները, հասարակությանը տեղյակ պահելու մեր իրականության մասին, հասնելու փոխըմբռնման, միմյանց ճանաչելու, գնահատելու: Նշեմ, որ մեր կազմակերպության հրավերով և մոսկվաբնակ բարերար Միրզա Սլոյանի ¥Միզե Չոլոյի¤ ֆինանսական աջակցությամբ 2012-ի սեպտեմբերի 26-ին Հայաստան եկավ Համայն եզդիների հոգևոր առաջնորդ ¥Միր¤, Նորին Սուրբ Մեծություն Թահսին Բեգը: Վերջին անգամ 103 տարի առաջ` 1909-ին էր մեր հոգևոր առաջնորդը ¥որը Թահսին Բեգի պապի եղբայրն էր¤ եղել Հայաստանում: Մեր հոգևոր առաջնորդին շատ լավ ընդունեցին Հայաստանում: Նա հանդիպեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, պաշտոնատար այլ անձանց հետ: Եվ այս առթիվ ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՀՀ նախագահին: Ես այդ ժամանակ Մատենադարանում պահպանվող մի գրության պատճենը վերցրի, որը մեր նախկին հոգևոր առաջնորդ Իսմայիլ Բեգն էր գրել Հայոց կաթողիկոսին 1916 թվականին: Այդտեղ նշվում է, որ Մեծ եղեռնի շրջանում եզդիները ևս ապրել են Օսմանյան կայսրությունում: Եզդիների հոգևոր առաջնորդը հրովարտակ է արձակել, որպեսզի եզդիներն օգնեն հայերին: Եվ 6000 հայի են եզդիները փրկում Օսմանյան կայսրությունում: Հայերի ներքնաշորերը տարբերվում էին եզդիների ներքնաշորերից: Դրանով թուրքերը տարբերել են հայերին ոչ հայերից: Եվ որպեսզի այդ վտանգը կանխեն, մեր հոգևոր առաջնորդը հայերից պահանջում է փոխել իրենց ներքնաշորերը: Մի քանի ամիս հետո թուրքական կառավարությունն ուլտիմատում է ներկայացնում մեր հոգևոր առաջնորդին, պահանջում հանձնել իր մոտ եղած հայերին: Նա չի հանձնում և հայտարարում է, որ ինքն ավելի շուտ դուրս կգա թուրքերի դեմ մարտի, քան կհանձնի հայերին: Նա գրում է, որ ինքը գերմանու կառավարությանը չի հանձնի հայերին, ինքը գերմանացիներին չի վստահում: Այս բանը գրված է հայոց կաթողիկոսին ուղղված նամակում: Եվ այդ 6000 հային ինքն անձամբ հանձնում է անգլիական կառավարությանն ու փրկում նրանց: Այս ծառայության դիմաց նա խնդրել է հայոց կաթողիկոսին, որ նա Արևելյան Հայաստան անցած իր ժողովրդի ներկայացուցիչներին տեր կանգնի և ուսման տա: Մինչ այդ հենց Միրի կողմից արգելված է եղել մեր ազգի համար ուսումը: Պատճառն այն էր, որ Օսմանյան կայսրության դպրոցներում դասը սկսվում էր նամազով, իսկ Միրը չէր ցանկանում, որ իր ազգը երդում տար մուսուլմանական կրոնին:
-Ո՞րն է ձեր հոգևոր առաջնորդի նստավայրը, և ի՞նչ կրոն եք դուք դավանում:
-Նստավայրը Հյուսիսային Իրաքի Քրդստանի տարածքում է` Լալիշա Նուրանիում: Մեր կրոնը` եզիդիզմը, 5000 տարուց ավելի պատմություն ունի: Այն տարբերվում է մյուս բոլոր կրոններից: Մենք քրիստոնյաների հետ կողք կողքի ապրել ենք հազարավոր տարիներ, և այդ ընթացքում ինչ-որ բաներ փոխանցվել են մեր կրոնին: Մենք միշտ փախել ենք մահմեդական յաթաղանից և մերձեցել հայ ժողովրդին: Եվ ոչ մի տեղ, ոչ մի հայ կամ օտար ազգագրագետ հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մասին որևէ բացասական բան չի գրել:
-Ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ ունեն եզդիները և քրդերը:
-Մեր և քրդերի լեզվախումբը կոչվում է կուրմանջի: Մեր էթնոսը նույնն է: Սկսած 6-7-րդ դարերից մինչև այսօր այն եզդին, որ ընդունում է մուսուլմանություն, մեզ համար այլևս եզդի չէ: Նա արդեն քուրդ է: Քրդերը մուսուլմաններ են, իսկ մենք մնացել ենք հավատարիմ մեր ազգային հավատքին: Քանի որ մենք դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, մեր ազգապահպանության գործում մեծ է եղել կրոնի դերը: Այդպես է և այսօր աշխարհի 3-3,5 միլիոն եզդիների համար:
-Քանի՞ եզդի է այսօր ապրում Հայաստանում:
-1915 թվից հետո Հայաստան է եկել 28 հազար եզդի: Այսօր նրանց թիվը հասնում է 50-60 հազարի` չհաշված վերջին շրջանում արտագաղթածներին: Բացի քանակական աճից, եզդիները նաև մեծ զարգացում են ապրել հայ ժողովրդի օգնությամբ: Եվ շեշտեմ, որ երբեք հայերի մեջ չի եղել եզդիներին իրենց հողից քշելու, ճնշելու տրամադրություն: Բայց և պիտի ասեմ, որ սովետական տարիներին մենք մշտապես մեր ներկայացուցիչներն ենք ունեցել այն ժամանակվա բարձրագույն մարմնում` Գերագույն խորհրդում, խորհրդի նախագահի տեղակալն անպայման եզդի է եղել: Վերջինը Միրո Մստոյանն էր` «Ռյա Թազա» թերթի գլխավոր խմբագիրը: ՈՒնեցել ենք նաև մի քանի դեպուտատ, շրջկոմի քարտուղարներ: Իսկ այսօրվա դրությամբ, արդեն 22-23 տարի, մենք Ազգային ժողովում ոչ մի ներկայացուցիչ չունենք:
-Ձեր խոսքից ելնելով` ցանկանում եմ վկայակոչել պատմական մի իրողություն. Անդրկովկասի տարածաշրջանի խորհրդայնացման արշալույսին` 1923 թ. օգոստոսի 6-ին, Խորհրդային Ադրբեջանի կառավարության որոշմամբ ստեղծվում է Կարմիր Քրդստանի Ինքնավար Մարզը, որի բնակչության 72 տոկոսը կազմում էին քրդերը: 1926-ի մարդահամարի տվյալներով` այդ տարածքում բնակվում էր 44193 քուրդ, սակայն կարճ ժամանակ անց այդ թիվն անտրամաբանորեն սկսում է նվազել: 1936-ին այն դառնում է 6000, 1959-ին` 1500, 1979-ին այդ տարածքում չի հաշվառվում և ոչ մի քուրդ: Արդյո՞ք սա լավագույն և տխուր ապացույցը չէ հայերի և ադրբեջանցիների տարբերության:
-Այո՛, երբ ստեղծվեց Կարմիր Քրդստանը` Լաչին կենտրոնով, այդ տարածքում կար մոտ հարյուր հազար քուրդ: Հետագայում ադրբեջանցիները նրանց ասիմիլյացրել են: Ես այդ շրջանի պատմությունը խորապես չեմ ուսումնասիրել, բայց այսքանը վստահ կարող եմ ասել: Եվ այսքանն էլ բավական է, որպեսզի ասենք, որ Հայաստանում մեզ ոչ ոք չի ստիպել ասիմիլյացվել, խնդիրներ ունենալ ազգային փոքրամասնություն լինելու պատճառով: Իսկ այն խնդիրները, որոնք կան այս պահին, և մենք դրանք բարձրաձայնում ենք, լուծելի են:
-Ձեր կազմակերպությունն իր երկու տարվա պատմության ընթացքում բարձրաձայնում է մեր երկրի վերին ատյաններում եզդիներին տեղ հատկացնելու խնդրի մասին: Իսկ մինչ այդ նման խնդրով դիմե՞լ եք, Ձեզ մերժե՞լ են:
-Թե ինչ է եղել երկու տարի առաջ, չեմ կարող հստակ ասել, բայց հիմա «Ազգային փոքրամասնությունների մասին օրենքը» ընդունելու դեպքում մենք ուզում ենք սահմանել, թե ինչ է իրենից ներկայացնում ազգային փոքրամասնությունը, ինչպիսին պիտի լինի պետական մարմինների վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Ես այս հարցով դիմել եմ նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: Ես նրան խնդրեցի, որ մեր երկրի ղեկավարությանը հասցնի մեր ցանկությունը. մենք այն կարծիքին ենք, որ եզդիները պիտի ներկայացուցիչներ ունենան թե՛ Ազգային ժողովում, թե՛ կառավարության բարձրագույն մարմիններում, թե՛ այն մարզերի մարզպետարաններում, որտեղ ապրողների 5-6 տոկոսը եզդի է: Ես հավատացած եմ, որ մեր նախագահ Սերժ Սարգսյանն անպայման դրական լուծում կտա խնդրին: Նա ուղղակի տեղյակ չէ, որ կա նման խնդիր: Իսկ խնդիրը կա: Եվ եթե պարոն Սերժ Սարգսյանին տեղյակ պահեն, նա հարցը կկարգավորի: 2012 թվականին ազգային փոքրամասնությունները հաշվետվություն ներկայացրին: «Հ1» հեռուստաընկերությունով այդ մասին խոսեցին ընդամենը 30 վայրկյան: Ոչ մի կարևոր մանրամասնություն չներկայացվեց: Այդ հաշվետվությանը մասնակցում էր նաև Վարդան Ասցատրյանը` ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետը: Եվ պիտի ասեմ, որ եթե Ասցատրյանի նմանները շատ լինեն, մենք մեզ ավելի լավ կզգանք: Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ դեր ունի այսօր հեռուստատեսությունը, ինչ կարևոր նշանակություն ունեն ԶԼՄ-ները: Հայաստանի Հանրապետությունն այսօր և՛ հայերինն է, և՛ եզդիներինը, և՛ ազգային մյուս փոքրամասնություններինը, ուրեմն մենք պիտի հավասար պայմաններ ունենանք նաև լրատվամիջոցներից, ինտերնետից օգտվելու հարցերում: Այս հարցերը կարգավորելու համար ենք ուզում, որ փոփոխություն մտցվի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում»: Մեր կազմակերպության գերնպատակներից մեկը նաև այն է, որ Հայաստանում գործող չորս եզդիական կազմակերպությունները միավորենք մեկ ասոցիացիայի, մեկ կոմիտեի մեջ: Սա կօգնի համընդհանուր նպատակները, խնդիրները լուծելու կենտրոնացված ձևով և հասնելու մեր ընդհանուր նպատակի` ազգապահպանության գործի հաջողությանը: Հայաստանում եղած ժամանակ մեր հոգևոր առաջնորդին ես առաջարկեցի, որ ստեղծենք աշխարհի բոլոր եզդիների համար համընդհանուր մի կենտրոն, որպեսզի էլ ավելի համախմբենք մեր գործունեությունը: Այս առաջարկությունը արժանացավ նրա հավանությանը, և եթե հաջողվի, մենք մտադիր ենք այս տարվա հոկտեմբեր ամսին Երևանում անցկացնել կոնֆերանս` նվիրված եզդիների պատմությանը, ազգային հարցերին և ստեղծել ինչ-որ մի ընդհանուր կենտրոն Հայաստանում:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ