Ի՞նչ ենք փնտրում համացանցում: Համարյա` ամեն ինչ: Իսկ որքանո՞վ է այդ «ամեն ինչը» ճշգրիտ, ու ինչպե՞ս են դրանք հայտնվում համացանցում: Ի՞նչ է Վիքիպեդիան: Ի՞նչ կարելի է գտնել կամ չգտնել այս տարածքում, մասնավորապես, եթե խոսքը վերաբերում է հայերեն Վիքիպեդիային:
«Իրատես de facto»-ի աշխատակից ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ նույնպես մաս ունի այս տարածքում, 2009-ից նյութեր է տեղադրում, խմբագրում և սրբագրում: Նրա խոսքով` Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որը կարող է խմբագրել ցանկացած ոք, պարզապես անհրաժեշտ է որևէ անուն ընտրել ու գրանցվել:
«Խնդիրն այն է, որ հայերեն Վիքիպեդիան շատ աղքատ է, երբ համեմատում ենք այլ լեզուների հետ` հատկապես ռուսերենի, անգլերենի, իսպաներենի,- ասում է Ա. Թադևոսյանը:- Վերջին ամիսներին հոդվածների քանակով, կարող եմ ասել, որ մի քիչ առաջընթաց կա. այսօրվա դրությամբ հանրագիտարանում կա մոտ 45 հազար հոդված: Սակայն դրանց ճնշող մեծամասնությունն ընդամենը կարճ տեղեկություն է պարունակում. նշվում է միայն հոդվածի վերնագիրը և նյութի առարկայի մասին տեղեկություն մեկ-երկու նախադասությամբ: Դա հանրագիտարանային հոդված համարվել չի կարող: Իսկ ահա նույն հոդվածի ռուսերեն, անգլերեն և որոշ այլ լեզուներով տարբերակներում կարող ես գտնել լայնածավալ տեղեկույթ` շատ ավելի ամբողջական ու հետաքրքրաշարժ, քան պարունակում են տպագիր հանրագիտարանները»: Իհարկե, այս թերացումն ունի իր պատճառները. հայկական Վիքիպեդիայում քիչ են աշխատողները: Համեմատության համար ասեմ, որ ռուսերեն Վիքիպեդիան ունի 93 ադմինիստրատոր և 12667 ակտիվ մասնակից (նրանք, ովքեր որևէ ներդրում են կատարել վերջին 30 օրվա ընթացքում), իսպաներենը` համապատասխանաբար 131 և 16242, անգլերենը` 1444 և 136648, մինչդեռ հայերեն Վիքիպեդիայում կա ընդամենը 8 ադմինիստրատոր և 225 ակտիվ մասնակից:
Շտապենք նշել, որ այս աշխատանքը չի վարձատրվում:
Սակայն հայերեն Վիքիպեդիայում քիչ չեն նաև որակյալ հոդվածները, որոնցից մասնակիցները պարբերաբար ընտրում են շաբաթվա հոդվածներ: Դրանք մեկ շաբաթ տեղ են զբաղեցնում Վիքիպեդիայի գլխավոր էջում:
Ի՞նչ են անում Վիքիպեդիայի նվիրյալները: Կարող են հոդված ստեղծել, կարող են եղած հոդվածը սրբագրել, խմբագրել, ավելացումներ անել, նկար տեղադրել և այլն: Արտաշես Թադևոսյանը մոտ երկու տասնյակ հոդվածներ է ստեղծել, կատարել է հազարից ավելի խմբագրում, ներբեռնել 85 լուսանկար: Նոր հոդված ստեղծելիս կամ եղածները խմբագրելիս նա աշխատում է հնարավորինս ամբողջական ներկայացնել այս կամ այն նյութը` յուրաքանչյուրի վրա ծախսելով բավականաչափ ժամանակ: Դա է պատճառը, որ նրա ներդրումներն այնքան էլ մեծաքանակ չեն:
«Օրինակ, հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մասին հոդվածը ես չեմ ստեղծել,- ասում է նա,- այն արդեն կար տեղադրված, բայց շատ աղքատիկ էր: Երկու տարում հավաքեցի հնարավոր բոլոր տեղեկությունները և օրեցօր ավելացնում եմ: Այժմ այդ հոդվածն իր ծավալով և տեղեկությունների քանակով, թող անհամեստ չհնչի, նույնիսկ գերազանցում է Վիքիպեդիայի այլ լեզուներով «Լևոն Արոնյան» հոդվածներին: Վերջերս ավարտեցի շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի մասին հոդվածը, որը, կարծում եմ, բավականին հաջող է ստացվել. աղյուսակների տեսքով ներկայացված են մեր ընտրանու բոլոր ելույթները օլիմպիադաներում, աշխարհի ու Եվրոպայի թիմային առաջնություններում` սկսած 1992 թվականից»:
Վիքիպեդիան ևս զերծ չէ սխալներից, և դրանք շատ արագ տարածվում են:
Արտաշես Թադևոսյանի խոսքով` տառասխալներ են լինում, տեղեկատվական թերություններ, որոնք հնարավորինս ուղղվում են, բայց կա ժամանակի սղության խնդիր, և մի քանի հոգով հնարավոր չէ կատարել այդ ահռելի աշխատանքը:
Էլեկտրոնային հանրագիտարանը ևս զերծ չէ հակահայկական, կեղծ տեղեկություններից, սովորական վանդալիզմից, երբ միտումնավոր փչացնում են այս կամ այն հոդվածը: Այդ գործում երբեմն ակտիվություն են դրսևորում հարևան հանրապետության ներկայացուցիչները: Այս ամենը վերահսկում և անմիջապես ուղղում են ինչպես շարքային մասնակիցները, այնպես էլ ադմինիստրատորները:
Արտաշես Թադևոսյանը նշեց նաև, որ Վիքիպեդիա կա աշխարհի 285 լեզվով, այդ թվում` մեռած և արհեստական, բայց այդ հանրագիտարանները, իհարկե, ոչ բոլորն են բարձր մակարդակի:
Բանաստեղծ ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ Վիքիպեդիայի համայնքի հետ համագործակցում է 2009-ից: 2011-ին հիմնել է Լիտոպեդիա բանասիրության էլեկտրոնային հանրագիտարանը, որն ամփոփում է բանասիրությանն առնչվող տեղեկություններ, ինչպես նաև` բնագրեր: Այս պահին հանրագիտարանը համալրված է մոտ 2900 հոդվածներով:
«Վիքիպեդիայի համայնքի հետ աշխատելիս խնդիրներ էին առաջանում այն առումով, որ տեղադրված նյութերը պիտի աղբյուրներ ունենային, իսկ համացանցում կար աղբյուրների բացակայություն,- ասում է Աշոտ Գաբրիելյանը:- Լիտոպեդիան ստեղծվեց, որպեսզի աղբյուր հանդիսանա Վիքիպեդիայի համար: Բացի այդ, սա զուտ բանասիրական հանրագիտարան է, ընդհանրական հանրագիտարանում չենք կարող մասնագիտական հոդված զետեղել: Օրինակ, եթե Սիմոն Ջուղայեցին միջնադարյան իր աշխատություններում օգտագործել է լեզվաբանական տերմիններ, որոնք այսօր չեն գործածվում, այդ հոդվածը չի կարող լինել Վիքիպեդիայում: Իսկ Լիտոպեդիայում անգամ կարող ենք նշել բնագրերը, ժամանակակից գրողների հետ բանավոր կամ այլ համաձայնությամբ նյութերը զետեղել, հեղինակային իրավունքների խնդիրներ չեն առաջանում: Իսկ այ Վիքիպեդիայում 75 տարվա սահմանը պետք է անպայման պահպանվի, այլապես նյութը կջնջվի»:
Աշոտ Գաբրիելյանը նույնպես անդրադարձավ այն փաստին, որ հայերեն Վիքիպեդիան աղքատ է նյութերի քանակով, որովհետև միևնույն ժամանակահատվածում աշխատում են ընդամենը 7-8 կամավոր, նրանց թիվը զգալիորեն չի ավելանում, քանի որ այս աշխատանքը չի վարձատրվում և շահագրգռվածություն չկա:
«Եթե վարձատրվի պետության կամ որևէ կառույցի կողմից, նույն օրը կփակվի, որովհետև սա հասարակական, սոցիալական ցանց է, անգամ ադմինիստրատորներին ընտրում է Վիքիպեդիայի համայնքը»,- ասում է նա:
Լիտոպեդիայում նույնպես պահպանվում է անվճարության սկզբունքը: Աշոտ Գաբրիելյանն այս տարածքում աշխատում է միայնակ: Վերջին շրջանում նյութեր են տրամադրել Արծվի Բախչինյանը, Ալեքսանդր Թոփչյանը, Արքմենիկ Նիկողոսյանը:
Այն, որ Լիտոպեդիան տեխնիկական տեսակետից կատարյալ չէ, նյութերի դասավորությունը խառն է, զրուցակիցս չի ժխտում: Ասում է, որ կարող է միայն տեքստեր տեղադրել, տեխնիկական խնդիրներից գլուխ չի հանում:
Ինչևէ, Լիտոպեդիայում օրական շուրջ 800-1200 այցելություն է գրանցվում, 85 տոկոսը` Հայաստանից, 15 տոկոսը` արտասահմանից:
Այս տարի լրացավ հայերեն Վիքիպեդիայի 10-ամյակը, թեպետ Վիքիպեդիա բազմալեզու նախագիծը ստեղծվել է 15 տարի առաջ: Լիտոպեդիան երկու տարեկան է:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ