ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

«Հալածանքներն այն կլանի հիմքում են, որն այսօր իշխում է Ադրբեջանում»

«Հալածանքներն այն կլանի հիմքում են,  որն այսօր իշխում է Ադրբեջանում»
15.02.2013 | 12:45

Ադրբեջանցի անվանի գրող ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼԻԻ «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմի լույսընծայումը ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» ամսագրում դժգոհության ու բողոքի մեծ ալիք բարձրացրեց Ադրբեջանում:
Այլիսլիին զրկեցին ժողովրդական գրողի կոչումից, նախագահի նշանակած թոշակից, հարազատներին ազատեցին աշխատանքից: Ավելին, իշխանամետ «Ժամանակակից մուսավաթ» կուսակցությունը 10000 մանաթ (շուրջ 5 միլիոն դրամ) է խոստացել նրան, ով կկտրի «Քարե երազներ» վեպի հեղինակի ականջը։ Հիշյալ կուսակցության առաջնորդ Հաֆեզ Գասիևը «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում մասնավորապես նշել է. «Այո՛, անցած շաբաթ մենք քննարկել ենք գրողի հարցը և այդպիսի որոշում ենք ընդունել։ Այն հստակ է և չեղյալ չի հայտարարվի»։ Գասիևը պնդել է, թե Այլիսլին իր վեպով մահացու վիրավորել է ադրբեջանցիներին` նրանց ներկայացնելով որպես գիշատիչների։ «Ինչ պատիժ էլ տրվի, քիչ կլինի Այլիսլիի համար,- եզրակացրել է Գասիևը։- Այնպես որ, պետք է կտրել նրա ականջը։ Եվ կայացված որոշումը պետք է կյանքի կոչեն կուսակցության երիտասարդական թևի անդամները»։
Այլիսլին իր գրքում անդրադարձել է 80-ականների վերջերից Ադրբեջանում ծայր առած հայկական ջարդերին: Ըստ Իլհամ Ալիևի` Այլիսլին վիրավորել է իր համաքաղաքացիներին «ադրբեջանցի գրողին ոչ պատշաճ ձևով» և «աղավաղել է Ադրբեջանի պատմությանն առնչվող իրողությունը»: Մինչդեռ, գրողի պնդմամբ, իր ստեղծագործության մեջ ադրբեջանցիներին վիրավորող ոչինչ չկա:
ՀԳՄ վարչության նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ բնորոշմամբ` «Քարե երազներ» վեպը քաղաքացիական մեծ քաջության դրսևորում է:

-Ես դա համարում եմ ճշմարիտ գրողի, մտավորականի խիզախ քայլ: Ճշմարտությունը նիրհում է, բայց չի մեռնում. սա բանաձև է, որ մի օր պիտի դրսևորվեր նաև Ադրբեջանի առաջադեմ մտավորականության շրջանում: Այլիսլիի վեպը և՛ մարտահրավեր է, և՛ ճիչ, և՛ մտավորականի շատ ազնիվ կեցվածք,- մեզ հետ զրույցում ասաց Լևոն Անանյանը:
-Ադրբեջանցի մտավորականներն այրում են Այլիսլիի գրքերը: Ի՞նչ կասեք սրա մասին:
-Ես թարգմանել եմ Ռեյ Բրեդբերիի «401 աստիճան» վեպը, որտեղ անվանի գրողը կանխատեսում է, որ գալու է ժամանակ, երբ գրքեր են այրվելու՝ մարդկանց հիշողությունը ջնջելու համար:
-Աքրամ Այլիսլին, իհարկե, կանխատեսում էր Ադրբեջանի նման արձագանքը:
-Նա վստահաբար գիտեր, ինչ արձագանք է գտնելու վեպն Ադրբեջանի իշխանության և հասարակության շրջանում:
Այդ արձագանքը, հալածանքները համարժեք են այն մթնոլորտին, որ այսօր տիրում է Ադրբեջանում: Տեսեք, մենք մոտ 100 տարի է` Ցեղասպանության հարցը բարձրացնում ենք: Թուրքիայի ժխտողականության պատը վերջին տարիներին նոր է միայն սկսել տեղաշարժվել: Սումգայիթյան ջարդերից անցել է 20 տարի, ու արդեն սկսել է «ճաք տալ» նաև Ադրբեջանի ժխտողականությունը:
-Տեղի ունեցածը, ըստ Ձեզ, վկայո՞ւմ է այն մասին, որ ադրբեջանական հակահայկական քարոզչամեքենան ունի թաքնված ընդդիմադիրներ:
-Այլիսլիի այս քայլը ես չեմ ուզում դիտարկել ընդհանուր ընդդիմության դաշտում, որովհետև սա ոչ թե ընդդիմություն է, այլ մեծ սեր սեփական ժողովրդի հանդեպ: Նախ և առաջ դեպի քավություն, դեպի ապաշխարանք տանող ուղի է, որն անցնում է հայրենասեր գրողի հոգու միջով, այն տառապանքի, հալածանքի միջով, որին այսօր նա ենթարկվում է: Մենք պիտի հասկանանք, որ իսկական գրականությունը, մեծ գրականությունը ժամանակի գեղարվեստական հայելին է: Բայց սա ապագայի մեջ դիտարկված հայացք է:
Անգամ ամենատևական պատերազմները, պատմությունից մեզ հայտնի` 7-ամյա, 100-ամյա, ի վերջո, ավարտ են ունեցել: Վստահ եմ, որ մի օր էլ արդարացի լուծում կգտնի ղարաբաղյան հիմնախնդիրը: Բայց Այլիսլին անցավ ժամանակից առաջ, և իհարկե, մի նոր մեկնարկ սկսեց, որի հիմքում մարդասիրությունն է, միմյանց ցավը կիսելու քարոզը:
Վերջին հաշվով, եթե նայում ենք մարդկության պատմությանը, ամեն պատերազմից հետո անխուսափելիորեն, փրփուրի նման գալիս են մաղձը, ատելությունն ու անհանդուրժողականությունը միմյանց նկատմամբ: Հիմա կարծես թե Ադրբեջանում սկսել են հասկանալ, որ սերունդները չեն կարող ապրել հավերժական մաղձի ու ատելության մեջ: Եվ սա առաջին ազդանշանն է:
-Եվ կարծում եք` շարունակությո՞ւն է ունենալու` չնայած հալածանքներին:
-Ես կասկած չունեմ: Ինչո՞ւ այսքան բուռն եղավ արձագանքը: Նախիջևանում` պատմական այդ տարածքի վրա, մեր ժողովրդին ո՞վ տարավ ուծացման, ո՞վ նախաձեռնեց բռնությունները, հալածանքը: Ո՞վ է եղել հիմնական բեմադրիչն այդ բոլոր ջարդերի: Հալածանքներն այն կլանի հիմքում են, որն այսօր իշխում է Ադրբեջանում: Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիևի կողմից հրահրված լինելու մասին։
-Ադրբեջանցի գրողն ունի՞ մեր աջակցության կարիքը:
-Լրագրողներից մեկն ինձ ասաց, որ պետք է դիմենք մեր իշխանություններին` գրողին քաղաքական ապաստան տալու համար: Ճիշտ է, Այլիսլիին զրկել են գրողի կոչումից, պետական կենսաթոշակից և այլն, բայց մենք պիտի ավելի զգոն լինենք և այս երևույթը չդարձնենք քաղաքական ակցիա:
Թեև սա քաղաքական հետապնդում է, ուրիշ անուն չես կարող տալ, բայց պետք է մեր ակցիաներով չվնասենք գրողին, ով գուցե թե ամենաշատն իրավունք ունի իր հայրենիքում ապրելու, ստեղծագործելու և ամենաշատն է իրեն իր երկրի հոգսերի պատասխանատուն ու տերը զգում:
-Բայց չարձագանքել չենք կարող:
-Բնական է, մենք պետք է մեր բարոյական աջակցությունը հայտնենք: Իսկ եթե հանկարծ քաղաքական ապաստան տրամադրելու անհրաժեշտություն լինի, կարծում եմ, մեր իշխանությունները պատրաստակամ կլինեն Այլիսլիին սատարելու հարցում` ոչ այնքան որպես մեր ժողովրդի բարեկամի, որքան գրողի, որն ասում է ճշմարտությունը նախ և առաջ իր ժողովրդին:
-Որքան գիտեմ, Դուք պատրաստվում էիք նամակ հղելու Ադրբեջանի գրողների միության նախագահին:
-Անկեղծ ասած, արդեն ունեմ նամակի ուրվագիծը: Ադրբեջանի գրողների միության նախագահը մեծ հեղինակություն ունի իր երկրում: Ես առիթ եմ ունեցել մի քանի անգամ հանդիպելու նրա հետ (վերջին անգամ` Թուրքմենստանում): Բայց, կարծում եմ, պետք է մի քիչ վերապահումով մոտենանք հարցին, մանավանդ տեսնում եմ, որ ադրբեջանցիներն ավելի զուսպ են իրենց վերաբերմունքի մեջ, առաջին օրերի բուռն հակադարձությունը գրողի հանդեպ փորձում են կոծկել ժողովրդավարության մշուշի տակ:
Սա առաջին դեպքը չէ, գիտենք, թե այսօր ինչ է նշանակում ժողովրդավարություն ասվածը Ադրբեջանում: Երեք ամիս առաջ մենք Արցախում կազմակերպեցինք պոեզիայի միջազգային փառատոն: Ի թիվս այլոց, հրավիրել էինք նաև Վրաստանի գրողների միության նախագահին` Մաղվալա Գոնաշվիլուն, ով նաև փայլուն բանաստեղծուհի է: Նրա գիրքը տպագրել ենք հայերեն, և մեծ արձագանք է գտել հայ ընթերցողի շրջանում: Բնականաբար, Մաղվալան փոքրիկ մի պատվիրակությամբ մասնակցեց փառատոնին, և պետք էր տեսնել` ինչ աղմուկ-աղաղակ բարձրացրեց Ադրբեջանը, անգամ Մաղվալային հայտարարում էին «անցանկալի անձ»: Բայց, ի վերջո, ուշքի եկան. հանձին Վրաստանի գրողների միության` կորցնում էին ևս մեկ հենարան տարածաշրջանում: Զավեշտալի էր նրանց հիմնավորումը, ասում էին` ինչո՞ւ է Գոնաշվիլին Արցախ այցելել առանց Բաքվից անցագիր ստանալու: Չեղած բանից աղմուկ են սարքում, սա դեռ դրսից, իսկ ներսից, իհարկե, Այլիսլիի վեպը չնախատեսված պոռթկում էր նրանց համար:
-Ինչպես գրքի ներածականում նկատում է գրականագետ Լև Անինսկին, ժողովուրդները իրարից ոչ մի տեղ չեն կարող փախչել, թաքնվել: Այլիսլիի վեպը բարեկամության կոչ է: Այնուհանդերձ, ի՞նչ կարող է փոխել այն Ադրբեջանում:
-Այն կեցվածքը, որ որդեգրել է Ադրբեջանը, չեմ կարծում, թե գրական որևէ երկ կարող է փոխել: Բայց գրականության խնդիրը նախ չքաղաքականացվելն է: Երբ լույս են տեսնում համատեղ անթոլոգիաներ կամ ստվարածավալ հանդեսներում տպագրվում են ադրբեջանցի, հայ, վրացի գրողների ստեղծագործությունները, մենք ներկայացնում ենք այնպիսի գործեր, որ չսրվեն երկրների միջև եղած տարաձայնությունները: Իսկ նրանք` ընդհակառակը, առիթը բաց չեն թողնում, որ սեպը խորացնեն: Դա էլ տեսակի խնդիր է:
Գրականությունը, մի կողմից, պետք է պահպանի հայրենասիրական ոգին սերունդների մեջ, մյուս կողմից էլ` չհրահրի հավելյալ ազգամիջյան ատելություններ, որովհետև դաժան է գրողի խոսքը, ճշմարիտ գրականության քարոզ:
-Հիմա հակառակ պատկերն է ստացվում. Այլիսլիի վեպն ու նրա շուրջ ծավալված աղմուկը սևեռում են միջազգային հանրության ուշադրությունը սումգայիթյան ջարդերի, ղարաբաղյան հիմնախնդրի վրա:
-Կան ճշմարտություններ, որ անհերքելի են. գիտեն և՛ եվրոպացիները, և՛ ամերիկացիները, և՛ թուրքերը, և՛ նույն ադրբեջանցիները, որովհետև առաջին հերթին նրանց աչքի առաջ է եղել այդ ամենը: Այստեղ, ուղղակի, մի կողմից` քաղաքական շահերի զոհ դարձած փոքր ժողովրդի իրավունքների ճանաչման խնդիրն է, մյուս կողմից էլ` բարբարոս, վայրագ, ցեղասպան ժողովրդի ապաշխարանքն է, որն անպայման պիտի լինի:
Եվ եթե տասնամյակներ հետո երկու ժողովուրդների մտավորականները, գրողները նստեն ընդհանուր սեղանի շուրջը (վստահ եմ, որ այդ պահն էլ է գալու)` ինչ-որ բան միասնական քննարկելու, այդ ժամանակ Աքրամի և նրա գրչակիցների գործերն են, որ պիտի ընդգրկվեն դասագրքերում` իբրև ճշմարտություն ժողովուրդների պատմության մասին:
-Գիրքը թարգմանվելո՞ւ է հայերեն:
-Այս պահին թարգմանվում է: Մի քանի թարգմանական առաջարկներ եղան: Կարող եմ ասել, որ մինչև աշուն լույս կտեսնի «Քարե երազների» հայերեն տարբերակը` արձակագիր, ծնունդով ագուլիսցի Արտակ Վարդանյանի թարգմանությամբ: Որոշ հատվածներ թարգմանաբար կներկայացվեն գրական մամուլում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ.- Բանաստեղծ Լևոն Բլբուլյանը մասնակցելու է փետրվարի 18-ին Մոսկվայում կայանալիք Գրողների միությունների միջազգային ընկերակցության հերթական համագումարին և դատապարտելու է Ադրբեջանի իշխանությունների վայրագ վերաբերմունքը գրողի նկատմամբ: Լևոն Անանյանը չի կարող մասնակցել համագումարին ՀՀ նախագահի ընտրությունների պատճառով: Նա վստահ է, որ համագումարը կդատապարտի Ադրբեջանում տիրող իրավիճակը:

Լուսանկարներ

. .
  • ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼԻ
Դիտվել է՝ 2503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ