ԱՆԴՐԱԴԱՐՁ
Հարգելի տիկին Մելիքսեթյան
Ձեզ ենք ներկայացնում «Իրատես de facto» թերթի 2012 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 74(405) համարում հրապարակված «Մնամ նամակիդ սպասող, պարոն Աշոտյան» հոդվածի պատասխանը։
Հարգանքով` Արմեն ԱՇՈՏՅԱՆ
Պատասխանը չի ուշանա
Ի պատասխան «Իրատես de facto» թերթի 2012 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 74 (405)-ում հրապարակված «Մնամ նամակիդ սպասող, պարոն Աշոտյան» հոդվածի` անհրաժեշտ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում գիտությունը ֆինանսավորվում Է «Ընթացիկ տարվա պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով և տասը և ավելի Էջերից բաղկացած ծրագրերի մասով։ Այս առումով հեղինակի առաջ քաշած դիտարկումը՝ «...բյուջեով նախատեսվող գումարները ոչ միշտ են նպատակային օգտագործվում, առկա են նաև կոռուպցիոն ռիսկեր...», համարում ենք, մեղմ ասած, անհեթեթ։
Վերջին տարիներին հանրապետությունում գիտության ֆինանսավորման նպատակային և օպտիմալ ծախսումը տվել է բավականին դրական արդյունքներ։
Նախ և առաջ, 3-ամյա պարբերականությամբ անցկացվող թեմատիկ ֆինանսավորման միակ մրցույթի փոխարեն այսօր կազմակերպվում և անցկացվում են գիտական ծրագրերի ֆինանսավորման բազմաթիվ մրցույթներ։ Ներկա պահին հանրապետությունում իրականացվում է գիտական ծրագրերի ֆինանսավորման շուրջ 10 մրցույթ, այդ թվում` ներպետական թեմատիկ (պայմանագրային) ֆինանսավորման, ասպիրանտների աջակցության, երիտասարդ գիտնականների աջակցության, կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված, միջազգային հայ-ռուսական, հայ-բելառուսական, հայ-ֆրանսիական, հայ-գերմանական մրցույթները։ Նախատեսվում են նաև մրցույթներ՝ Չինաստանի, Իտալիայի, Լեհաստանի և Ռումինիայի հետ։
Վերջին 3 տարիներին միայն ներպետական մրցութային ծրագրերով հաղթող են ճանաչվել և ֆինանսավորվել թվով 162 գիտական ծրագրեր։ Այդ ծրագրերի արդյունքում իրականացվել են շուրջ 200 գիտական գործուղումներ, ձեռք են բերվել 100-ից ավելի գիտական սարքեր և սարքավորումներ։
Առաջին անգամ պանրապետությունում հնարավորություն է ստեղծվել իրականացնելու գիտական ծրագրեր` ներգրավելով նաև մասնավոր հատվածը։ Մրցույթի արդյունքում պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվել են կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված թվով 17 ծրագրեր։
Աննախադեպ զարգացել է միջազգային համագործակցությունը. կնքվել են շուրջ 30 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր և հուշագրեր, որոնց շրջանակներում պետական բյուջեի միջոցներից միջազգային մրցույթների արդյունքում համաֆինանսավորվել են շուրջ 50 գիտական ծրագրեր (2 մրցույթի արդյունքները դեռևս ամփոփված չեն)։
Այսօր Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է խոշորագույն միջազգային գիտական կառույցների, ինչպիսիք են H.E.S.S-ը, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը (Դուբնա, ՌԴ), Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը (МНТЦ), Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը (CNRS, Ֆրանսիա), Սևծովյան համագործակցությունը (BSI), ԱՊՀ մասնակից պետությունների գիտական հետազոտությունների միջպետական հիմնադրամը։ Հայաստանն անդամ է միջազգային գիտատեղեկատվական ցանցերի, ինչի շնորհիվ հասանելի են Springer-ի և Thomson Reuters-ի շտեմարանները։ Բյուջետային միջոցներ են հատկացվում հանրապետության համար շատ կարևոր նշանակություն ունեցող ՔԵՆԴԼ ծրագրի իրականացման համար։
Պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվում են գիտական հիմնարկների պահպանման և զարգացման ծրագրերը՝ բազային ենթակառուցվածքների պահպանման և նպատակային-ծրագրային ֆինանսավորման շրջանակներում։ Վերջին տարիներին ստեղծվել են գիտական կենտրոններ, լաբորատորիաներ, պետական բյուջեի աջակցությամբ իրականացվել են շուրջ 300 գիտական գործուղումներ՝ Վրաստանից մինչև Նոր Զելանդիա աշխարհագրությամբ։ Յուրաքանչյուր տարի ֆինանսավորում Է հատկացվում միջին հաշվով 30 գիտական միջոցառումների՝ գիտաժողովների, սեմինարների, երիտասարդական դպրոցների կազմակերպման ու անցկացման համար։
Այնուամենայնիվ, հարկ Է նշել, որ չնայած գիտությանը տրամադրվող միջոցները ծախսվում են հնարավորինս արդյունավետ և օպտիմալ, համակարգում առկա են խոչընդոտներ, որոնք ազդում են ֆինանսական միջոցների առավել օպտիմալ ծախսմանը։ Այսօր անհրաժեշտություն կա գիտական կազմակերպությունների կարգավիճակների վերանայման, մի շարք կազմակերպություններ կրկնում են իրար, ինչն Էլ առաջացնում Է միջոցների ավելորդ, կրկնակի ծախսումներ։ Վերակազմակերպումների միջոցով հնարավոր Է որոշակիորեն կրճատել ենթակառուցվածքների պահպանման ծրագրերով ծախսերը՝ ուղղելով դրանք ոլորտի զարգացման առավել արդյունավետ ուղղություններին։
Բացի այդ, գիտության ֆինանսավորման ուղղությունները պետք Է համահունչ լինեն գիտության գերակա ուղղություններին։ Ոլորտում առկա Է նաև կադրային բարեփոխումների խնդիր, անհրաժեշտ Է հստակեցնել գիտության երիտասարդացման հարցը, գիտական կադրերի գնահատման չափանիշները։
Այսպիսով չնայած դեռևս առկա որոշակի խնդիրներին, որոնք անուղղակիորեն ազդում են գիտության ֆինանսավորման արդյունավետության վրա, այնուամենայնիվ՝ հատկացված միջոցներն ուղղված են` լուծելու առավել կարևորագույն խնդիրները, միևնույն ժամանակ չանտեսելով ոլորտի բնականոն ընթացքն ապահովող ուղղությունները։