2012-ի հոկտեմբերի 28-ին ուժի մեջ է մտնում հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին օրենքը:
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրավաբան Կարեն Աղաջանյանը, հոկտեմբերի 28-ից վեց ամսվա ընթացքում բոլոր վաճառակետերում արդեն իսկ գնված ապրանքը պետք է իրացվի, որից հետո շուկան կձերբազատվի պիրատական ապրանքներից: Իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության՝ կալանքի և ազատազրկման:
Սկավառակների դրոշմավորումը նպատակ ունի պաշտպանելու մշակույթի, գրականության, գիտության, արվեստի բնագավառի ստեղծագործողներին, համակարգչային ծրագրեր և տվյալների բազաներ պատրաստողների հեղինակային իրավունքները, կատարողների, հնչյունագրեր ու ֆիլմեր արտադրողների հարակից իրավունքները:
«Եթե օրենքում թերացումներ լինեն, շատ արագ կշտկվեն,- ասաց «Armenia music center»-ի տնօրեն Սամվել Ամիրաղյանը:- Յուրաքանչյուր երգիչ ուզում է ունենալ որակյալ սկավառակ և ստանալ որոշակի շահույթ: Մինչդեռ վաճառվում են պիրատների ձայնագրած սկավառակները, ականատես ենք լինում բացահայտ գողության»:
Բանախոսները վստահեցրին նաև, որ օրենքի ընդունումից հետո ակնհայտ թանկացումներ չեն լինի, գնորդը կունենա այլընտրանք։ Սկավառակի թանկ կամ էժան լինելը կախված է հիմնականում դիզայնից (հավելյալ բուկլետներ, նկարներ և այլն):
Երգիչ Համլետ Գևորգյանը նշեց, որ երգիչները մեծ ծախսեր են անում որակյալ ձայնագրության համար, բայց սկավառակն իր ծախսը չի հանում: «ԱՄՆ-ում տպագրված, միջազգային չափանիշներին համապատասխանող օրինական սկավառակը մնում է պահեստում, փոխարենը վաճառվում են պիրատների ապրանքները»,- ասաց նա:
Սամվել Ամիրաղյանը հավելեց, որ սպառողը վճարում է ոչ թե սկավառակի արտադրության, այլ պարունակության համար, ինչը ոչ մեկի մտքով չի անցնում. «Ի վերջո, կան սկավառակներ, որ թողարկվում են 4 կամ 8 տարում, ինչպես կարելի է 10 րոպեում «քոփի-փեստ» անել և ցածր գնով վաճառել ուրիշի աշխատանքը»։
Իրավաբան Կարեն Աղաջանյանի խոսքով` նոր օրենքը պաշտպանում է ստեղծագործողների հեղինակային իրավունքները, բարձրացնում է ՀՀ-ի հեղինակությունն ամբողջ աշխարհում և իսպառ վերացնում ստվերը։ «Կան երգիչներ, որ համագործակցում են պիրատների հետ, գուցե այսուհետ գտնեն նոր տարբերակներ իրենց համագործակցությունը շարունակելու։ Հնարավո՞ր է շուկայի 100 %-անոց մաքրում»,- անդրադառնալով «Իրատես de facto»-ի այս հարցին Սամվել Ամիրաղյանը պատասխանեց, որ ո՛չ վաճառակետերում, ո՛չ համացանցով չեն կարող վաճառել կեղծ արտադրանքը։ Շուկան 100 %-ից ավելի կմաքրվի, եթե օրենքը կիրառվի։ «Լուրջ իրավաբաններ են աշխատում այդ դաշտում, և խնդիրները շատ արագ կշտկվեն։ Մենք պատրաստ ենք անգամ վնասներ կրելու, միայն թե պիրատները վերանան»,- ասաց նա։
«Ես գիտեմ, որ Շվեդիայում մարդն իր տանը համակարգչով որևէ երգ չի ձայնագրում և մեկ ուրիշին չի տալիս, գիտակցելով, որ չունի դրա բարոյական իրավունքը, գողանում է մեկ ուրիշից։ Իսկ մեր խանութներում կան սկավառակներ, որոնցում տեղ են գտել իմ այն երգերը, որ անգամ ես չունեմ։ Եթե սկավառակից որոշ գումար գանձվում է, ես հասկանում եմ, որ դա գնում է իմ բանակին, իմ ծնողին, իմ երկրին»,- ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո)։
Փոքր-ինչ շեղվելով խնդրից` հետաքրքրվեցի, թե ինչ վնաս է կրում սկավառակի արտադրությունը մեր օրերում, երբ ցանկացած երգ, ֆիլմ կարող ես ուզածդ պահին տեսնել, լսել համացանցի միջոցով։
Սամվել Ամիրաղյանը տեղեկացրեց, որ ամբողջ աշխարհում սկավառակների արտադրությունը 80-82 %-ով նվազել է, բայց տվյալ դեպքում խոսքը միայն սկավառակների մասին չէ, այլ ցանկացած կրիչներով օտարման։
Ասուլիսի ժամանակ բարձրացվեց նաև կենդանի հնչողությամբ երգելու խնդիրը։ «Մեր աստղերի 80 տոկոսը կապ չունի երգի հետ,- ասաց Արսեն Գրիգորյանը։- Կա օրենք, որ պետք է երգել կենդանի հնչողությամբ։ Ես և Համլետը սիրում ենք երգել։ Այդ օրենքը լինի, թե չլինի, մենք կենդանի հնչողությամբ ենք երգելու։ Բայց 80 %-ն ընտրել է այդ ճանապարհը` ճանաչում ձեռք բերելու և դրսում դրամ աշխատելու համար»։ Երգիչը վստահ է, որ օրինական դաշտում բոլոր այդ խնդիրները աստիճանաբար կկարգավորվեն։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ