Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
24.01.2020 | 05:03
(Նախորդ մասը)
Փորձենք ընդարձակել մեր քննարկումների թեմաներն ու անցնենք ամենակարևորին՝ կաշառակերության և կոռուպցիայի հիմնախնդիրների պարզաբանմանը, և ինժեներական լեզվով մարդկանց բացատրենք, թե ինչու են հիշյալ երևույթներն այդքան վտանգավոր ու դատապարտելի համարվում, ի՞նչ դերակատարում են դրանք ունեցել ԽՍՀՄ տնտեսության քայքայման և երկրի վերջնական փլուզման հարցերում, ի՞նչ ճակատագիր է սպասում կոռուպցիայի մեջ թաղված Հայաստան երկրին՝ հայերիս հայրենիքին: Ասեմ միանգամից. մեր պարագայում դրանք առավել վտանգավոր են դարձել, որովհետև սառեցրել են երկրի դինամիկ զարգացման պրոցեսը, գիտությունը, արդյունաբերությունն ու ընդհանուր տնտեսությունը հիմնավորապես մտցրել են փակուղի: Հայ իրականության մեջ կոռուպցիայի ու կաշառակերության դեպքերը չափից դուրս շատ են, որքան որ դրանք օրինաչափ ու սպասելի, նույնքան էլ վտանգավոր ու խիստ դատապարտելի են, եթե որպես ելքային դրույթ կամ վերջնական նպատակ համարենք ստացված անկախության պահպանման ու բնակչության անվտանգության ապահովման կարևորությունը, արյան գնով ազատագրված Արցախի ճակատագիրն ու սեփական երկրում ազատ, բարգավաճ կյանքով ապրելու դարերով փայփայած մեր երազանքը:
Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ՝ վստահեցնելով, որ կաշառակերության հարցում «այլևս երբեք»... բայց այդ «այլևս երբեքն» իրեն այսօր զգալ է տալիս՝ դառնալով ավելի քողարկված, ավելի գռեհիկ ու զզվելի:
Ի՞նչ է կոռուպցիան, ինչու՞ է աշխարհում այդքան շատ խոսվում ու դատապարտելի համարվում այդ երևույթը, որ օրակարգային է մնում աշխարհի բոլոր երկրներում։ Պայքարում են, պայքարում կոռուպցիայի դեմ, բայց այդպես էլ վերջնական հաջողությունների չեն հասնում: Վերցնենք Հարավային Կորեայի նման ծաղկուն ու բարգավաճ երկիրը: Նախկին վարչապետ Պակ Կին Խեն դատապարտվել է 24 տարվա ազատազրկման՝ կաշառակերության և շորթումների համար: Երկրի կին նախագահը մեղադրվում է 37 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեջ։ Նախագահին անմիջապես իմպիչմենթ է հայտարարվում, պարզվում է նաև կաշառք տվողի ինքնությունը. դա «Սամսունգ» կորպորացիայի նախագահն էր: Կասկածից վեր էր, որ մեղադրանքը հաստատվելուց հետո, երկուսի նկատմամբ էլ կկիրառվի պատժի առավելագույն չափը՝ առանց հաշվի առնելու կաշառք տվողի ու կաշառք ստացողի պետական բարձր պաշտոններն ու ֆինանսական կարողությունները, քաղաքական ու տնտեսական դիրքերը:
Հիշեցնեմ, որ «Սամսունգ» կորպորացիան հանդիսանում է Հարավային Կորեայի դեմքը, տալիս է երկրի ՀՆԱ-ի 20 տոկոսը, դա պետություն է պետության մեջ: Եթե բանը հասել է նրան, որ «Սամսունգի» նման ընկերությունն էլ է ստիպված իր հարցերը լուծել կաշառք տալու միջոցով, ապա պետք է ենթադրել, որ այստեղ գործերը վատ են ընթանում, միջազգային շուկայում հասցրել է կորցնել մրցակցային առավելությունները, ինչը վերականգնելու համար ստիպված է արտադրական-ֆինանսական հարցերը լուծել կառավարության օժանդակությամբ՝ կոռուպցիոն ճանապարհով: Հարավային Կորեան համարվում է աշխարհի ամենաազնիվ քաղաքացիներ ունեցող երկրներից մեկը, որի նախագահները մեկը մյուսից հետո հայտնվում են կոռուպցիոն սկանդալների մեջ, սա պարադոքս է, բայց այստեղ ամեն ինչ օրինաչափ է. մի կողմից ազնիվ, կաշառքներից հեռու քաղաքացիներ և, խնդրեմ, կաշառակեր նախագահներ, ինչու՞, ինչպե՞ս բացատրել այս տարօրինակությունը: Ստացվեց այնպես, որ այդ երկրի վերջին չորսը նախագահները պաշտոնապես մեղադրվեցին կաշառակերության մեջ: 2009 թվականի մայիսի 23-ին Հարավային Կորեայի նախագահ Նու Մու Հյոն ինքնասպան եղավ, երբ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվեց «Taekwang Ind.Co.Ltd» տեքստիլային ֆիրմայից 6 միլիոն դոլարի կաշառք ստանալու համար: Նա հետևյալ գրությունն էր թողել. «Ծանր ժամանակներ եմ ապրում, ես չափից ավելի մարդկանց կյանքն եմ բարդացրել»: Կիմ Դե Չժունին (1998-2003 թ.) արատավորվեցին նրա երկու որդիները, որոնք բանտ նետվեցին կաշառակերության համար, Լի Մեն Բակը (2008-2013 թ.) մեղադրվեց իր ավագ եղբոր պատճառով (Լի Մեն Բակի պատմությունը զարմանալի նմանություն ունի ոչ մի լումա կաշառք չվերցրած ՀՀ վարչապետի հետ), ով գործարարներից կես միլիոն դոլարի կաշառք էր ստացել՝ նրանց շահերը կառավարությունում լոբբինգի ենթարկելու համար (լոբբինգը անգլերեն «lobby-կուլուարներ» բառից առաջացած գործունեության հատուկ տեսակ է, որի բնորոշ հատկանիշներից են իշխանավորների ոչ պաշտոնական, կուլուարային զրույցները): Լոբբիզմի նպատակը անհատների կամ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից իշխանությունների վրա ազդեցություն գործելն է՝ շահավետ որոշումներ կայացնելու նպատակով, սա կոռուպցիայի հենասյուներից մեկն է: Կան լոբբիզմի օրինական և ոչ օրինական դրսևորումներ:
Մեր երկրում լուրջ հաջողություններ են արձանագրվել լոբբինգի ոչ օրինական դրսևորումների տիրույթում, յուրայինների համար շահավետ որոշումներ կայացնելու համար աշխատում են Հայաստանի կառավարության անդամները և պատգամավորները: Դրա դասական օրինակն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից արևային տեխնիկայի զարգացման համար հավաքագրված գումարները տնտեսական, սոցիալական ու քաղաքական տեսակետից բացարձակ հետաքրքրություն չներկայացնող ֆոտովոլտային ուղղությամբ տրամադրելու լոբբինգը, որը ներկայումս իրականացվում է ՏԻՄ նախարար Սուրեն Պապիկյանի (կառավարության նիստում նա Նիկոլ Փաշինյանին բացատրում էր ֆոտովոլտային էլեմենտների կիրառության հույժ կարևորությունը մեր երկրի համար) և ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կողմից (նա մերժեց ԱԺ տնտեսական հանձնաժողովում հելիոֆիկացիայի ծրագիրը քննարկման դնելու իմ առաջարկը՝ պատճառաբանելով, որ խնդիրն իրեն ծանոթ է, դա իրենց հետաքրքիր չէ): Տվյալ դեպքում լոբբինգը իրականացվում է ֆոտովոլտային ուղղությամբ աշխատող և արդեն ինձ հայտնի դարձած ընկերության օգտին: Պաշտոնական անձինք այստեղ իրականացնում են հակաքարոզչություն կամ հակալոբբինգ՝ Հերունի-Համազասպյան առավել կարևոր ուղղությանները ասպարեզից դուրս մղելու համար:
Ի միջի այլոց, մեր ծրագրերի մեջ ընդգրկված է նաև ֆոտովոլտային տեխնիկայի կիրառությունը՝ կրկնակի էֆեկտիվությամբ: Այստեղ առկա է հակաօրինական լոբբինգը՝ յուրայինների համար և բացահայտ «тормозинг»-խոչընդոտ-արգելանքը՝ հայկական ծագմամբ տեխնիկայի ու հայկական տեխնոլոգիաների նկատմամբ: Մեր ընթերցողների թույտվությամբ այս «тормозинг» տերմինն էլ ես կմտցնեմ ժամանակակից հայկական տնտեսագիտական մտքի մեջ՝ ընդգծելով մեր երկրի իշանությունների անհասկանալի ու անհեռանկար վարքագիծը՝ Հայաստանում ստեղծված գիտության, տեխնիկայի ու տեխնոլոգիաների նկատմամբ առկա թշնամական վերաբերմունքն ու բացահայտ անտեսումը:
Մեր դիտարկումները այսպիսին են. Հերունի-Համազասպյան արևային ծրագրերը կարևորում է մեր երեք և սփյուռքի ինըմիլիոնանոց հայության մեծամասնությունը, մարդիկ հավատում են հայկական արևային ծրագրերի տնտեսական, քաղաքական ու սոցիալական էֆեկտիվությանը, բայց հայկական տարբերակներին դեմ է իշխանության ղեկին նստած չինովնիկությունը, այս հայկական պարադոքսի բացատրությունը կտամ հետագայում, այն ունի ցայտուն ձևով արտահայտված կոռուպցիոն բնույթ:
Դիտարկենք սպանդանոցների հարցով բողոքող ֆերմերների խնդիրը։ Ֆերմերներից մեկը մի գեղեցիկ միտք արտահայտեց. «Երկիրը ղեկավարում են ոչ թե «դուխով», այլ խելքով»: Շատ խելք պետք չէ՝ հասկանալու սպանդանոցներում անասունների մորթը կազմակերպելու պետական որոշման դրդապատճառները. այստեղ կա ոլորտը մոնոպոլացնելու, գյուղացիների քրտինքով ստեղծված բարիքները սեփականացնելու ցանկություն՝ մարդկանց առողջության մասին հոգ տանելու «մտահոգությամբ» լցված: Սա չթույլատրված լոբբինգի կլասիկ օրինակ է:
Վերադառնանք Հարավային Կորեայի կաշառակեր նախագահների պատմությանը: Դրանք տեղի են ունենում մի այնպիսի բարգավաճ երկրում, որտեղ իսպառ վերացված է գողությունը: Որտեղի՞ց է գալիս Հարավային Կորեայի քաղաքական էլիտայի այդքան տեսանելի հետաքրքրությունը կաշառակերության նկատմամբ: Մասնագետների կարծիքով՝ այն արմատներով կապված է ազգային ավանդույթների հիմքում դրված կոնֆուցիականության հետ: Փիլիսոփայական այդ ուսմունքը մարդկանց սոցիալական հարաբերություններում կարևորում է հիերարխիական (ստորակարգության) սկզբունքը, նաև փոխադարձությունը: Վերջինս ենթադրում է, որ ծառայությանը պետք պատասխանվի ծառայությամբ: Քաղաքական ասպարեզում դա հանգեցնում է նրան, որ պետական պաշտոնյաները որոշակի նյութական սպասելիքներ են ունենում՝ իրենց կայացրած համապատասխան որոշումների դիմաց: Այսպիսի ավանդույթ է ձևավորվել. «Կաշառք տուր ու հավատա, որ պաշտոնատար անձն իրեն պարտավորված կզգա և պարտքն անպայման կվերադարձնի»:
Այնուամենայնիվ, Հարավային Կորեայում կաշառակերության դեմ պայքարը հաջողության է հասնում, ու երկիրը զարգանում է, որովհետև երկրի դատախազները բծախնդրորեն հետապնդում են «կեղտոտ» պաշտոնյաներին։ Բնակչությունը զանգվածաբար բողոքում է կոռուպցիայից, իսկ մամուլը աչալրջորեն հետևում է իշխանությունների «անմաքուր» ներկայացուցիչների գործողություններին:
Մեր երկրում նման պայքար չկա: Ավելին, կոռուպցիային տոն են տալիս դատաիրավական համակարգի չինովնիկները։ Արդյունքը միանշանակ է՝ երկիրը շարունակելու է թաղվել կաշառակերության ու կոռուպցիայի մեջ: Բայց մի կողմ թողնենք կորեացիներին ու վերադառնանք հայկական կոռուպցիայի ազգային ավանդույթներին ու առանձնահատկություններին:
Կոռուպցիային վերաբերող առաջին գրավոր տեղեկությունները մեզ են հասել Մովսես Խորենացու միջոցով: Հնագույն ժամանակներից ի վեր, Գորբաչովի «перестройка»-ից շատ ու շատ դարեր առաջ, երբ աշխարհի վրա գոյություն չունեին ոչ ԽՍՀՄ-ը և ոչ էլ Ռուսաստանը, Հայաստանում կաշառակերությունն արդեն ստացել էր գոյության իր իրավունքը: 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու ողբը կարծես թե մեզ համար, մեր օրերի համար է գրված. «Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ... Վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, հիմնավորվեց տգիտությունը.... Ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան... Կրոնավորները՝ կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր... Աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են... Ժողովականները՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս... Զինվորականները՝ պարծենկոտ... Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, ժլատ, ագահ, հափշտակող... Դատավորները՝ տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող... Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացավ, որովհետև մեզ տիրեցին խստասիրտ ու չար թագավորները, որոնք անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները (համեմատիր այսօրվա սպանդանոց-ֆերմեր ժողովրդական հախուռն բողոքի ալիքի հետ-Վ. Հ.), առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավանները»:
Խորենացու խոսքերը կարելի է շաունակել, կարելի է հիշել նաև պարսից արքաներից մեկի խոսքը. «Աշխարհում չկա այնպիսի ամրոց, որը հնարավոր չլինի գրավել մի իշաբեռ ոսկով»: Հիշենք «Թմկաբերդի առումը», ապագա հարստության ակնկալիքը բավական էր, որ Թմկա տիրուհին դավաճանի իր սիրելի Թաթուլին ու հայրենիքին՝ հանուն ավելի ճոխ կյանքի:
Մեր երկրի ներկայիս կոռուպցիոներները դավաճան տիկնոջից շատ հեռու չեն գնացել, նրանք էլ են պատրաստ հանուն փողի ծախելու սեփական երկիրն ու հարազատ ծնողներին: 1500 տարի շարունակ հայ ժողովուրդը տուժել է ագահ, կաշառակեր, տմարդի, խաբող, իրավունքը չպաշտպանող, ստահակ, ծույլ, կեղծավոր, ցուցամոլ, սնափառ իշխանավորների պատճառով: Մովսես Խորենացուց հետո մենք կորցրել ենք մեր դրախտ հայրենիքի 90 տոկոսը, բնակչության թվով ու ազդեցության ցուցանիշով առաջին տասնյակից գլորվել ու հանգրվանել ենք վերջին տասնյակի պետությունների շարքում: Մեր անհաջողությունների ու կործանման հիմնական պատճառների մեջ իր ուրույն տեղն ունեն կաշառակերությունն ու դրա կազմակերպված ձևը՝ կոռուպցիան: Ամեն ինչ գալիս է կաշառքի ու կոռուպցիոն գործարքների հանդեպ հայ մարդու առանձնակի հակումներից, որոնց դեմ կարելի է պայքարել միայն արդյունավետ միջոցներ կիրառելով, դուրս գալ դարերի ընթացքում ձևավորված հայկական փակուղուց. խելացի, մտածող, ազատատենչ ու հայրենիք սիրող հայ ժողովուրդ ու մի բուռ դավաճան այրեր, որոնք եղանակ են ստեղծում մեր երկրում:
Ես, որքան ինձ հիշում եմ, մշտական անհաշտ վերաբերմունք եմ ունեցել կաշառակերության նկատմամբ՝ հասկանալով, որ դա համազգային չարիք է, մտավոր մարդկանց այն խանգարել ու մշտապես խանգարելու է՝ կյանքում ու աշխատանքում նշանակալի արդյունքների հասնելու ճանապարհին: Կաշառակեր-դավաճանների նկատմամբ իմ անհաշտ վերաբերմունքը ձևավորվել էր դեռևս դպրոցական տարիներին՝ հատկապես Նաիրի Զարյանի «Պարոն Պետրոսն ու իր նախարարները» վեպը կարդալուց հետո: Ինձ հոգեհարազատ էր վեպի հերոս Արամի կերպարը, որ անհուսալի պայքար էր մղում կաշառակերության դեմ՝ հասկանալով, որ անկաշառ երկրում է միայն կարելի փրկություն գտնել կոտորածների ու ցեղասպանության, սովի ու համաճարակների զոհ դարձած հայ ժողովրդի համար: Հիշենք որոշ դրվագներ Հայաստանի որբերի կյանքից: «....Իններորդ որբանոցում երջանիկ էր համարվում այն տղան, որին հաջողվում էր իր բաժին հացը միանգամից կուլ չտալ, այլ ուտել դանդաղ, կամաց-կամաց և սեղանից վեր կենալ բոլորից հետո, իբրև թե իր բաժինը մյուսներից ավելի շատ է եղել.
-Երանի քիչ մ՛ալ ըլլար ուտեի»։ Սա է Հայաստանի առաջին հանրապետության որբերի (և ոչ միայն) երազանքը, իսկական հայկական երջանկությունը: Այդ որբերի ուսերին էր դրված անկախ Հայաստանի տնտեսությունը կազմակերպելու, ներքին կյանքը կարգավորելու, արտաքին սպառնալիքներին դիմակայելու առաքելությունը, բայց, ցավոք, Առաջին Հանրապետության կյանքը շատ կարճ տևեց, ընդամենը երկու տարի, որի կործանման ներքին պատճառների մեջ իրենց գերակա դերն ունեցան նույն ազգային երևույթները՝ կաշառակերությունն ու կոռուպցիան:
Վեպի հերոս Արամին նշնակել էին խաղողի պետական մենաշնորհի վերահսկիչ, պետք էր հերթապահել Գետառի ստորին կամրջի վրա ու թույլ չտալ, որ առանց պետական արտոնաթղթի խաղողը քաղաքից հանեն կամ դրսից բերեն քաղաք: «...Քաղաքային դումայի ներկայացուցիչ Վելիխանը հրամայեց, որ չի կարելի թույլ տալ, որ խաղողն անցկացնեն ձրի:
-Ի՞նչ է նշանակում «ձրի»,- հարցնում է Արամը:
-Դե որ այդ էլ չգիտես, էլ ի՞նչ ես խցկվել արանքը: .... Ոչ, Արամին կաշառքով չես վերցնի: Կարող ես նրան արցունքով խաբել, մահակով խփել, բայց կաշառել՝ ոչ: ....
-Միլիցիոնե՜ր,- գոռաց Արամը,- զոռով խաղող են անցկացնում:
-Թահհա՜,- ծիծաղից երկուտակվեց խաղող տանող իշատերը,- միլիցիոներդ հրեն պատի շվաքում նստած՝ խաղող է ուտում: Դու էլ կեր, այ փսլնքոտ, տեսնում եմ, որ սովից պոչն ես ընկել:...
Արամին փոխարինող Բաբկենը հարցրեց.- Հը՜, ոնց է բանդ: -Առանց արտոնաթղթի խաղողն անցկացրին, միլիցիոները չեկավ ինձ օգնության: Իշատերը ինձ փող էր առաջարկում, ես հետ շպրտեցի նրա դեմքին:
-Դու հայր Աբրահամի գրկի՞ց ես վեր ընկել, հարիֆ: Բա որ փող չառար, քաղաքային դումայի Վելիխանի բաժինը ո՞նց պիտի տաս»։
(Անցյալ տարի զրույցի էի բռնվել Գագիկ Բեգլարյանի օրոք քաղաքի հողի վերահսկողության վարչության պետ, ոմն Դավթի հետ, այսպիսի պատմություն էր անում. «Բոլոր հսկիչների վրա պլան էի դրել, որ ամեն ամիս պետք է 10 «գործ» բերեն, կաշառքի չափը հաստատել էի, ամսվա վերջում քաղաքով մեկ շրջում էի, եթե չբացահայտված «գործ» էի գտնում՝ կաշառքի գումարը հսկիչից էի վերցնում»):
Նշված վեպում նկարագրված են 1918-20 թվականներին տեղի ունեցած դեպքերը, երբ հայ ժողովուրդը ձեռք էր բերել իր անկախությունը, պետք է նոր կյանք կազմակերպեր, բազմաթիվ դժվարին խնդիրներ լուծեր, սով, համաճարակներ, թշնամիներով շրջապատված, երբ երկրում անհասկանալի դրություն ու անկայուն վիճակ էր առաջացել: Պապս՝ ՀՀ վաստակավոր ուսուցիչ, Սառնաղբյուրի դպրոցի նախկին տնօրեն Երեմ Ասլանյանն այսպիսի պատմություն էր անում:
-Ամենուր սով ու համաճարակ էր, դաշտերը լցված էին մարդկանց դիակներով, թաղող էլ չկար, գայլերը մարդկանց դիակներով էին սնվում ու այն աստիճանի էին սովորել, որ մտնում էին նախիրը, անասուններին ձեռք չէին տալիս, չոբանին էին տանում, գյուղացիները դրանց մարդագել էին ասում:
ՈՒրեմն այդպիսի ժամանակներում են գործել պետական պաշտոնյա Վելիխանը և նրա նմանները։ Ազգը օրհասական վիճակի մեջ էր գտնվում, լինել-չլինելու խնդիր է դրված, բայց վելիխաններին դրանք չէին վերաբերում, նրանք իրենց գործը պետք է անեին, կաշառք հավաքեին և ուրախանային:
Մեր քաղաքական գործիչներից շատերը համոզված են, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը կործանվեց 11-րդ կարմիր բանակի կողմից: Ես այդ կարծիքին չեմ. կործանման համար մեղավոր էին բոլոր այն վելիխանները, ովքեր ազգի ճակատագրի մասին չէին մտածում. իրենց գրպանները լիքը լինեին, փորը կուշտ լիներ, ազգի հերն էլ անիծած:
Մեր մեծերի պատմությունների ու Վելիխանի վարքագծի համադրության միջոցով ես հասկացա կաշառակերության կործանարար հետևանքները՝ մեր ժողովրդի գոյատևման համար, ձևավորվեց իմ աշխարհայացքը. ոչ կաշառակերությանը, ոչ անազնիվ քայլերին, պետք է աշխատասեր լինել, լավ սովորել դառնալ ինժեներ-գիտնական, որպեսզի կարողանամ թուրքերի դեմ լավագույն զենքերը ստեղծել: Ի միջի այլոց, այդ լավագույն զենքը ես արդեն ստեղծել եմ՝ թղթի վրա ու փորձնական նմուշի մակարդակով, այն պետք է դրվի մեր բնակավայրերի օդային ու ցամաքային սահմանների պաշտպանության հիմքում՝ վերլուծելով ու հասկանալով 1918 թվին Հայաստանում ստեղծված տագնապային իրավիճակը, ամեն ինչ մազից էր կախված: Այդ ծանր պայմաններում հայ ժողովուրդը միավորվեց՝ գտավ փրկության հերոսական ճանապարհը, Սարդարապատում տոնեց իր փառավոր հաղթանակը՝ նաև իմ պապերի ու Սառնաղբյուրի մյուս հերոս տղաների շնորհիվ:
Մայիսի 26-ին մեր սառնաղբյուրցիները մեկ մարդու պես կանգնեցին ու Կարմիր վանքի ձորում փակեցին թուրքական զորքերի ճանապարհը, կանգնեցրին նրանց առաջխաղացումը, ովքեր շտապում էին դեպի Սարդարապատ՝ միանալու թուրքական հիմնական ուժերին: Մեր գյուղացիները կատարեցին իրենց պատմական միսիան, չխաբվեցին, կուլ չգնացին թուրքերի առաջարկած կաշառքին ու խոստումներին: Ցավոք, հարևան Մաստարա գյուղը գործարքի մեջ էր մտել թուրքերի հետ, զենքերը հավաքել ու դիմադրություն ցույց չէին տվել, թուրքերը բոլորին հավաքել, լցրել էին մարագներն ու վառել՝ իրենց հավաքած դարմանի հետ: Տատս այսպես էր նկարագրում սառնաղբյուրյան դիմադրության նախապատմությունը.
-Կռվից առաջ երկու թուրք ձիավոր մտան գյուղ, առաջարկեցին չդիմադրել, որ գյուղին վնաս չտան։ Գյուղացիները կրակեցին թուրքերի վրա։ Մեկին սպանեցին, մյուսը վիրավոր փախավ։ Սրապ պապը (Երեմ պապիս հորեղբայրը-Վ. Հ.) գյուղի հարս ու աղջիկներիս հանձնարարեց, որ ելնենք տանիքները, եղանները, բահերն ու գերանդիները ճոճենք, որ թուրքերը հեռվից ժողովուրդ տեսնեն ու վախենան։ Մեզ հետ էին նաև վերևի Ադյաման գյուղի հարսները, նրանց տղամարդիկ մերոնց հետ միասին էին կռվում թուրքերի դեմ: Հետաքրքիր է, որ կռվողների մեջ էր նաև ապագա ֆիզիկոս, ակադեմիկոս, ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Գուրգեն Սահակյանը: Ճիշտ է ասված՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ