ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՈՒնենք չտեսորեն շլացած, գեղցիաբար շփացած, անհուսորեն փչացած իշխանիկներ

ՈՒնենք չտեսորեն շլացած, գեղցիաբար շփացած, անհուսորեն փչացած իշխանիկներ
12.08.2024 | 08:53

Իշխանությունը չտեսին շլացնում է, գեղցուն՝ շփացնում, փողամոլին՝ փչացնում: Հայերիս պարագայում այս դեգրադացիան տեղի է ունենում երկրաչափական պրոգրեսիայով, և ունենում ենք չտեսորեն շլացած, գեղցիաբար շփացած, անհուսորեն փչացած իշխանիկներ: Ըստ այդմ, հայերս իրավունք չունենք իշխանություններ ունենալու: Հայերս պիտի ունենանք ծառայություններ՝ օրենսդիր ծառայություն, գործադիր ծառայություն, դատական ծառայություն՝ առաջին, երկրորդ, երրորդ դասի ծառայողներով: Նախագահ, վարչապետ, նախարար, մազպետ, համայնքապետ, գյուղապետ և այլ պետեր խորհրդանշող անվանումները իսպառ դուրս պիտի նետվեն ոչ միայն հայերենի բառացանկից, այլև՝ հայ մարդու մտածողությունից: Պաշտոնը չպիտի ընկալվի որպես արտոնյալ կարգավիճակ, հարստանալու, հղփանալու, անխոցելի դառնալու գործիք: Պետական պաշտոն պիտի ստանան նրանք, ովքեր գալիս են ոչ թե իշխելու, այլ հենց ծառայելու պետությանը (չեմ ասում՝ ժողվրդին, որովհետև, եթե չկա նորմալ պետություն, չկա նաև նորմալ ժողովուրդ՝ բառի դասական իմաստով): Իսկ ինչպե՞ս տարբերենք պետությանը ծառայելու պատրաստ չինովնիկին պետության գրպանը մտնելու պատրաստ չինովնիկից: Շատ պարզ՝ ծառայության դիմաց ստանալիք վարձատրությամբ: Միջին վիճակագրական ծառայողի աշխատավարձը հավասար պիտի լինի բարձր աշխատավարձ ստացող միջին վիճակագրական հայի աշխատավարձին և՝ ոչ մի լումա ավելի: Գրողի ծոցը պիտի ուղարկել այն արատավոր թեզը, որ եթե պաշտոնյան չափազանց բարձր աշխատավարձ չստանա, գումարած՝ նույնքան էլ պարգևավճար, աչքը կտնկի անաշխատ եկամտին: Սա ամենավտանգավոր ականն է՝ դրված ցանկացած պետության, հատկապես՝ խարխուլ պետության հիմքում: Հենց դրա համար եմ ասում, որ մեզանում իսպառ պիտի վերացվի իշխանության նախկին՝ վարկաբեկված ըմբռնումը՝ փոխարինվելով ծառայություն հասկացությամբ: Կասեք՝ իրատեսական չէ՞ առաջարկածս մոդելը: Իսկ ես կասեմ՝ շատ էլ իրատեսական է, եթե հաշվի առնենք այն ողբերգական ու թշվառ կացությունը, որում հայտնվել է այսօր Հայաստանի Հանրապետությունը: Մի՞թե այս կացության միակ և գերակա պատճառն այն չէ, որ իշխանության եկած ամեն բախտախնդիր կարճ ժամանակ անց իրեն թագավոր է երևակայում՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Վերացրեք պետական պաշտոնյաների համար սահմանված արտոնությունները և տեսեք, թե ովքեր են պատրաստ համեստ աշխատավարձով ու առանց արտոնությունների ծառայելու պետությանը: Իհարկե՝ միայն նվիրյալները: Իսկ այդպիսիք, բարեբախտաբար, դեռ կան և՝ ոչ քիչ: Թե չէ, ով մի հարմար պաշտոն է ձեռք գցում, փողից էն կողմ աչքին ուրիշ բան չի գալիս: Փողն էլ, դե գիտեք, թանկարժեք ավտո է, քիփլիկ առանձնատուն, գողտրիկ ամառանոց, անպաշտոն «սև օրվա» համար էլ՝ մի կայուն բիզնես: Պետության հե՛րն էլ անիծած:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 19594

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ