ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Չի բացառվում, որ ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը փոփոխություններ սկսի «սիրիական ճակատից»

Չի բացառվում, որ ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը փոփոխություններ սկսի «սիրիական ճակատից»
20.03.2009 | 00:00

ՀԱՎԱՏՈՒՄ Է ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՆ
Համաշխարհային քաղաքական քարտեզի վրա գոյություն ունեն յուրօրինակ աշխարհաքաղաքական խզման կետեր, որոնց գոյությունն արդեն իսկ փոխում է տարածաշրջաններում, երբեմն նույնիսկ անհամեմատ ավելի լայն առումով, ռազմաքաղաքական հարաբերությունները։ Մերձավոր Արևելքում իրենից այդպիսի խզման կետ է ներկայացնում Սիրիան, և պատահական չէ, որ միջազգային առաջատար քաղաքական կենտրոնները վերջին շրջանում համարում են, որ այս երկիրն է հանդիսանում մերձավորարևելյան հիմնախնդիրների կարգավորման բանալին։

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, ինչպես անցյալում նրա հայրը, իր հավակնոտ և բավականին անկախ քաղաքականությամբ հաճախ խառնաշփոթ է ստեղծում տարածաշրջանային խնդիրներում և արաբական աշխարհի ներսում։ Ոչ առանց հաջողության նա կարողացել է առնվազն ստեղծել այն տպավորությունը, որ առանց Սիրիայի դիրքորոշման հետ հաշվի նստելու, հնարավոր չէ Մերձավոր Արևելքում լուծել որևէ խնդիր։ «Մեր երկիրը լուրջ խաղացող է տարածաշրջանում։ Առանց մեզ հնարավոր չէ առաջընթաց արձանագրել Մերձավոր Արևելքի հակամարտությունները կարգավորելու առումով»,- բազմիցս նշել է Սիրիայի նախագահը։ Ամերիկյան նախորդ` Բուշի վարչակազմի բոլոր փորձերը Սիրիային մեկուսացնելու ուղղությամբ սկզբունքորեն տապալվեցին, ինչը, ի դեպ, ընդունում են նաև Սպիտակ տան առանձին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ըստ այդմ, ԱՄՆ-ում նախագահի փոփոխությունից հետո Բաշար ալ Ասադը հայտնվել է բավական շահեկան իրավիճակում, երբ նրա համագործակցությունն են որոնում եվրոպական և արաբական պետությունները, նա միջնորդավորված բանակցություններ է վարում Իսրայելի հետ` Թուրքիայի միջոցով, կարող է ձեռքբերումներ ունենալ (նաև ռազմական) Ռուսաստանի հետ հարաբերություններից։
Այս խորապատկերի վրա պատահական չէ, որ արդեն իսկ սկսել են ուրվագծվել ամերիկա-սիրիական հարաբերությունների միտումները։ ԱՄՆ-ի անհաշտ հակառակորդ Սիրիայի նախագահը հայտարարեց, թե հավատում է Բարաք Օբամային և պատրաստ է միջնորդ հանդիսանալ ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորման գործում։ Նկատի ունենանք, որ սա հուսադրող դրսևորում է, մանավանդ որ նոր ամերիկյան վարչակազմն արդեն իսկ հայտարարել է Մերձավոր Արևելքում նոր կարգ ու կանոն հաստատելու իր քաղաքականության մասին։ Միջազգային ԶԼՄ-ները գնալով ավելի հաճախ են անդրադառնում Սիրիային, ընդգծելով, որ նրա ավտորիտար հակումներ ունեցող առաջնորդը պատրաստ է համագործակցել Օբամայի հետ` բացելով նախկինում բռունցքված ոչ միայն մի, այլ միանգամից երկու ձեռքը։ Փորձագետների մեծամասնությունը դրական է գնահատում ամերիկա-սիրիական համագործակցության ներուժը, եթե Դամասկոսը միջնորդ դառնա Վաշինգտոն-Թեհրան հարաբերություններում, իսկ Վաշինգտոնն իր հերթին Դամասկոս-Թել Ավիվ փոխհարաբերություններում ստանձնի հաշտարար դատավորի դերը։
ԱՄՆ-Սիրիա փոխհարաբերություններն առավելագույն սառեցման հասան 2005-ին, երբ Բուշի վարչակազմը Դամասկոսից հետ կանչեց ամերիկյան դեսպանին` հրապարակավ կասկած հայտնելով, թե Սիրիան մասնակից է Լիբանանի հանգուցյալ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությանը։ Դամասկոսն առայսօր հերքում է առնչությունն այդ ահաբեկչությանը, սակայն փոխադարձ լարվածության հիմնական պատճառն այն է, որ ԱՄՆ-ն անընդունելի է համարում «Համաս» և «Հզբոլլահ» շարժումներին Սիրիայի ցուցաբերած աջակցությունը, միաժամանակ մեղադրում է Դամասկոսին, թե վերջինս անհրաժեշտ միջոցառումներ չի ձեռնարկում Սիրիայից դեպի Իրաքի տարածք տարաբնույթ ուղղվածություն ունեցող արաբական զինյալ խմբավորումների ներթափանցումը կանխարգելելու ուղղությամբ։ Իհարկե, մինչև վերջ չի հալվել ԱՄՆ-ի ու Սիրիայի միջև գոյություն ունեցող սառըպատերազմյան ժամանակների սառույցը, քանզի Սիրիան ԽՍՀՄ-ի գլխավոր դաշնակիցն էր տարածաշրջանում և այսօր էլ բավական սերտ հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ։
Եվ այնուհանդերձ, այս ամենը կարծես անցյալ է դառնում։ Սիրիայի նախագահը բացահայտորեն նշում է, թե ամերիկա-սիրիական շահերը 80 տոկոսով համընկնում են։ Արևմտյան մամուլի հետ խիստ հազվադեպ շփվող ալ Ասադը բրիտանական թերթին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Բուշի վարչակազմի հեռացումով ԱՄՆ-ի հետ նոր հարաբերություններ ստեղծելու հեռանկարներ են բացվել, որոնց ուղղությամբ առաջին քայլը կարող է լինել, եթե Բարաք Օբաման վերականգնի ԱՄՆ-ի դեսպանի ներկայությունը Դամասկոսում։ «Կարելի է ասել, որ ԱՄՆ-ի նոր նախագահը Մերձավոր Արևելքում բարդ խնդիրներ է ժառանգել։ Իր նախագահության առաջին ամիսներին նա պետք է մշակի մերձավորարևելյան խաղաղ կարգավորման նոր ռազմավարություն, որի շնորհիվ վերջապես կավարտվի իսրայելա-պաղեստինյան ձգձգված հակամարտությունը, և ճանապարհ կբացվի աշխարհաքաղաքական ճգնաժամի վերջնական կարգավորման համար»,- նշել է Սիրիայի նախագահը։ Անշուշտ, ամերիկյան վարչակազմի համար էլ մերձավորարևելյան խնդիրը նույն առաջնահերթությունների շարքում է` հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման, Իրանի ատոմային ծրագրի, ֆինանսատնտեսական ճգնաժամի կողքին։ Փորձագետների կարծիքով` Բարաք Օբաման բոլոր հարցերին մոտենում է տրամաբանական նպատակահարմարության տեսանկյունից և առանց զգացմունքների աշխատելու է գործնական արդյունքի համար։
Այդ համատեքստում չի բացառվում, որ ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը փոփոխություններ սկսի «սիրիական ճակատից», փորձելով գոնե կանխատեսելի հարևանություն ստեղծել Իսրայելի համար։ Մանավանդ որ Սիրիայի և Իսրայելի միջև վիճելի հարցերն անհամեմատ քիչ են, քան իսրայելցիների և պաղեստինցիների հակամարտության պարագայում։ Պակաս կարևոր չէ մինչև 2011-ի վերջը Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման խնդիրը, ուր հնարավոր չէ արդյունքի հասնել առանց Սիրիայի աջակցության։ Ընդ որում, ենթադրվում է, որ Իրաքն իսլամական պետության վերածելու նախաձեռնություններն աստիճանաբար կմեռնեն, և ավելի արդիական կդիտարկվի այդ երկրում աշխարհիկ պետություն ձևավորելու խնդիրը։ Դրան առայժմ խոչընդոտում է Իրանը, սակայն այս դաշտում իրանա-ամերիկյան պայմանավորվածություններն անհնարին չեն հատկապես Սիրիայի միջնորդության պարագայում։ Դամասկոսն ու Թեհրանը դաշնակիցներ են 1980-ից, այդպես է եղել նույնիսկ այն ժամանակ, երբ Սիրիան գտնվել է գրեթե բացարձակ մեկուսացման մեջ, իսկ Իրանը բազմաթիվ խնդիրներ է ունեցել արաբական աշխարհի հետ։
Հավանաբար այս իրողությունները և դրանցից բխող խնդիրները հաշվի առնելով` ԱՄՆ-ի նախագահը դեռ մինչև երդման արարողությունը դեսպանորդներ ուղարկեց Սիրիա` երկխոսություն սկսելու առաջարկով։ Այդ բանակցությունների արդյունքների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում, սակայն Բաշար ալ Ասադի` համագործակցության պատրաստակամությունն արդեն իսկ խոսուն փաստ է։ Սիրիայի նախագահը նշել է, որ երեք հույս ունի` կապված ԱՄՆ-ի հետ։ Առաջին` Վաշինգտոնը նոր պատերազմ չի սկսի Մերձավոր Արևելքում։ Երկրորդ` ԱՄՆ-ի նոր վարչակազմը ակտիվ և անկողմնակալ միջնորդ կհանդիսանա Սիրիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման գործում։ Եվ վերջապես երրորդ` Վաշինգտոնն ու Դամասկոսը համատեղ կաշխատեն Իրաքում իրավիճակը կայուն պահելու ուղղությամբ, երբ այնտեղից դուրս կբերվի ամերիկյան բանակը։ «Ժամանակը հետ շրջելն անհնարին է, տեղի է ունեցել պատերազմ։ Հիմա պետք է խոսել ապագայի մասին։ Մենք պետք է մշակենք զորքերի դուրսբերման ժամանակացույց, նախաձեռնենք համապատասխան գործընթաց` ծրագրված քաղաքական կոնցեպցիայից ելնելով»,- նշել է Սիրիայի նախագահը։ Նա միաժամանակ արձանագրել է, որ Իսրայելի հետ ուղղակի բանակցությունները կսկսվեն անմիջապես այն բանից հետո, երբ Թել Ավիվը կխոստանա լքել Գոլանի բարձունքները։ Ալ Ասադը համարում է, որ ԱՄՆ-ը կարող է հանդես գալ Մերձավոր Արևելքում իբրև անկողմնակալ միջնորդ ու հովանավոր։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա Սիրիայի նախագահն իր արդյունավետ միջնորդության համար կարևոր նախապայման է համարում Վաշինգտոնի կողմից կոնկրետ նախաձեռնության դրսևորումը, որն արտահայտված կլինի հատուկ ծրագրի և հստակ մեխանիզմների ձևով, որպեսզի հնարավոր լինի դրանք ներկայացնել պաշտոնական Թեհրանին։
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի մերձավորարևելյան նոր քաղաքականությունը կընթանա աստիճանական տրանսֆորմացիայի և իսլամական ավտորիտարիզմի հետ որոշակի փոխհամաձայնությունների ձևավորման ճանապարհով։ Վաշինգտոնի հաջողությունը կարելի է համարել այն, որ Սիրիան, իր ավանդական զգուշավորությամբ հանդերձ, արդեն իսկ պատրաստ է լինելու ԱՄՆ-ի նոր նախագահի գործընկերն ու դիվանագիտության աջակիցը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1908

Մեկնաբանություններ