ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Խնդրում եմ` Դուք էլ հիշեք, որ երկրորդ դեմքն եմ, թե չէ մեկ-մեկ կարծես մոռանում եք»

«Խնդրում եմ` Դուք էլ հիշեք, որ երկրորդ դեմքն եմ, թե չէ մեկ-մեկ կարծես մոռանում եք»
03.04.2009 | 00:00

«ԳԻՏԵՄ` ՈՒԶՈՒՄ ԵՔ ԻՆՁ ՆԵՐՔԱՇԵԼ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ»
Ապրիլմեկյան լուրջ ու մի քիչ էլ «անլուրջ» բլից ԱԺ նախագահ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ
-Պարոն Աբրահամյան, այս ինչո՞ւ եք եկել ՀՀԿ գրասենյակ:
-Սա մեր կուսակցության կենտրոնական գրասենյակն է, և մենք, որպես ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ (ես նաև կուսակցության քաղաքական գծով պատասխանատուն եմ), երեկոյան, այո, գործից հետո, երբ ժամանակ ենք ունենում, հանդիպում ենք կուսակցության անդամներին, քննարկում կուսակցությանն առնչվող խնդիրներ:
-Չէ՛, ասում են` ՀՀԿ շտաբի ստվերային պետը «именно» Դո՛ւք եք:
-Շտաբի պետը չի կարող լինել «ստվերային». շտաբի պետի պաշտոնը հրապարակային, թափանցիկ գործունեություն է ենթադրում. մեր շտաբի պետը Հարություն Փամբուկյանն է:
-Բա Դո՞ւք ինչ հարցով եք եկել և ի՞նչ եք այսօր քննարկելու ՀՀԿ-ում:
-Այսօր (ապրիլի 1-ին- Կ. Դ.) եկել ենք շնորհավորելու մեր գործընկերներին` Ռազմիկ Զոհրաբյանին և Ռուբիկ Թադևոսյանին։ Նրանց ծննդյան օրն է:
-Չգիտեի, որ Ռազմիկ Զոհրաբյանը խաբելու օրն է ծնվել: Եվ ի՞նչ նվեր եք բերել իրենց, հապա տեսնե՜նք:
-Ես իրենց համար նվեր եմ:
-«Օրիգինալ» է։ Առավել «օրիգինալ» նվեր տեսած չկամ կյանքումս: Ավելի լուրջ թեմաներից. ի՞նչ եք կարծում, պարոն Աբրահամյան, ձերբակալված տղաներին առաջիկայում կազատե՞ն, թե՞ ոչ:
-Պարոն Աբրահամյանին Դուք դատավորի դեր եք վերապահում, ես դատավոր չեմ:
-Բա ասում են` ամենակարո՜ղ եք, «հարց լուծող մա՜րդ եք», «կգնա՜ք-կբերե՜ք»:
-Ո՞վ է ասում:
-Շատերը, ուզող-չուզողները:
-Կոնկրե՛տ:
-Կոնկրետ` նստած տղաները կազատվե՞ն առաջիկայում, թե՞...
-Նստած տղաների հարցով մենք, իսկապես, մտահոգ ենք, ես խորհրդակցություն եմ հրավիրել ինձ մոտ, Դուք թերևս տեղյակ եք. խորհրդարանը, այո, համապատասխան օրենքում փոփոխություններ է կատարել, հստակեցրել է մի շարք վիճելի դրույթներ, և ես ակնկալում, սպասում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազն առաջիկա օրերի ընթացքում հանդես կգա միջնորդությամբ: Մենք մեր հերթին ամեն ինչ անելու ենք, որպեսզի դատավարություններն արագ ընթանան, ովքեր մեղավոր են, դատապարտվեն, իսկ ովքեր` ոչ, արագ ազատվեն:
-Իսկ որ անձեռնմխելի՞ են, իսկ որ պատգամավորները պահանջել էին` ԱԺ նիստ հրավիրել և չեղյալ համարել իրենց վերագրված մեղադրանքնե՞րը:
-Մենք իրավաբանների հետ խորհրդակցեցինք, նրանք մեզ ասացին, որ այդ ամենն իրավաբանական դաշտի խնդիրներ են, և մենք իրավունք չունենք միջամտելու. ԱԺ-ն սահմանադրությամբ ունի լիազորություն` համաձայնություն տալու դատախազին, որպեսզի վերջինս կատարի հետագա համապատասխան գործողություններ` մեղադրանքը հաստատելուն կամ մերժելուն առնչվող, սակայն չունենք լիազորություն` գործընթացը հետ շրջելու։ Ամեն բան այս պահին դատական համակարգի իրավասության ներքո է:
-Պարոն Աբրահամյան, ինչո՞ւ գնալ այդքան երկա՜ր-բարա՜կ ճամփեքով, Դուք երկրի երկրորդ դեմքն եք...
-Դուք ինձ շեղում եք և ուզում եք ներքաշել չգիտեմ «ինչերի» մեջ, ես չեմ ուզում ներքաշվել դրանց մեջ, ցանկություն չունեմ:
-Չէ՛, պարոն Աբրահամյան, Դուք երկրի երկրորդ դե՛մքն եք:
-Ա՛-յո՜: Բայց խնդրում եմ` Դուք էլ հիշեք, որ երկրորդ դեմքն եմ, թե չէ մեկ-մեկ կարծես մոռանում եք:
-Դա մոռանալու բան չի: Ի դեպ. ի՞նչ նկատի ունեք, որ ասում եք` «մոռանում եք»:
-Դե, մեկ-մեկ էլ կարծես «երրորդ» դեմք եք համարում:
-Բա երկրորդ ո՞ւմ ենք տեսնում:
-Ձեր սիրեցյալներին եք ուզում երևի տեսնել:
-Ամեն մարդ իր սիրեցյալին ուզում է տեսնել երկրորդ դեմքում, էլ չեմ ասում` առաջին: Այո՜:
-Այո՛:
-Իսկ Դուք կարո՞ղ եք...
-Չեմ կարող:
-Ի՞նչ գիտեք` ի՞նչ եմ հարցնում:
-Գիտե՛մ. ուզում եք ինձ ներքաշել դատական գործընթացի մեջ, որ ես միջամտեմ այդ տղաների հետ կապված գործընթացներին:
-Չէ՜. պարոն Աբրահամյան, ուզում եմ Ձեզ ուղղորդել դեպ նախագահական... համաներման հարցով:
-Հասկացա՛։ Գիտե՞ք, ես կարծում եմ, որ համաներումը պետք է լինի դատական պրոցեսների ավարտից հետո, և ես իսկապես կողջունեմ, եթե նախագահը նման քայլ կատարի:
-Իսկ Դուք երբևէ նման առաջարկով հանդես չե՞ք եկել:
-Դատական պրոցեսի ավարտից հետո:
-Հանդես կգա՞ք:
-Միգուցե այդ մարդիկ, այդ տղաները դատական պրոցեսի շնորհիվ արդարացվում են, այդ դեպքում էլ ի՞նչ համաներման մասին կարող է խոսք լինել։ Ես կողմնակից կլինեի, եթե դատավարական գործընթացներից առաջ համաներում լիներ, և քանի որ չի եղել, եկեք սպասենք:
-Փորձենք: Եվս մեկ հարց` առաջիկա ընտրական գործընթացներին առնչվող. քիչ առաջ ես զրուցում էի պարոն Փամբուկյանի հետ, և նա ասաց, որ առաջիկա ընտրությունները կլինեն հանգիստ, բարի ընտրություններ: Համամի՞տ եք։
-Գիտե՞ք, քանի որ Փամբուկյանն ինքը բարի, համերաշխ, հանգիստ մարդ է և միշտ բոլորին համերաշխության կոչ է անում, ես շատ ուրախ կլինեմ, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են ընտրական գործընթացին, Փամբուկյանին լսեն գոնե այդ մասով: Մեր շտաբում, այո, հանդուժողականությունը, համերաշխությունը համարվում է թիվ մեկ խնդիրը: Այո՛, մենք գնում ենք ընտրությունների բացառապես այդ սկզբունքով:
Ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1788

Մեկնաբանություններ