ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Սա առիթ է ապացուցելու, որ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն իսկապես հաղթել է»

«Սա առիթ է ապացուցելու, որ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն իսկապես հաղթել է»
20.03.2009 | 00:00

Առիթը, ինչպես հասկացաք, Երևանի քաղաքապետի ընտրություններն են, որոնք, Տեր-Պետրոսյանի օրոք այդ պաշտոնն զբաղեցրած ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ համոզմամբ, ավարտվելու են Հայ ազգային կոնգրեսի աներկբա հաղթանակով:
«Բոլորի համար անակնկալ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է մայիսի 31-ի ընտրություններում գլխավորել ՀԱԿ-ի ցուցակը, մյուս կողմից էլ, եթե վերլուծենք մարտի 1-ի հանրահավաքում առաջին նախագահի ելույթը, կտեսնենք, որ դրա տրամաբանության հիմքում այն հստակ ձևակերպումն էր, ըստ որի, մենք մասնակցելու ենք առաջիկա բոլոր ընտրություններին` այն ծրագրերն իրագործելու համար, որոնք սկսել ենք դեռևս 2007-ի սեպտեմբերի 21-ից»,-
ասաց Երևանի նախկին քաղաքապետը, մեկ անգամ ևս փաստելով, թե սա իրենց համար հրաշալի առիթ է ապացուցելու, որ 2008-ի ընտրություններում Տեր-Պետրոսյանն իսկապես հաղթել է:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի համոզմամբ` Հայաստանն այսօր կանգնած է համակարգային փոփոխությունների հրամայականին դեմ-հանդիման, և գործող վարչախումբն էլ օր առաջ պետք է հրաժարական տա, քանի որ ի զորու չէ լուծումներ տալու բոլորիս դռանը չոքած սոցիալական, տնտեսական, քաղաքական հիմնախնդիրներին:
«Մենք պատրաստվում ենք հաղթել մայիսի 31-ին և հաղթելու ենք միանշանակ: Բայց այդ հաղթանակը մեզ համար ինքնանպատակ չէ: Մենք հաղթելու ենք, որպեսզի շարունակենք պահանջել իշխանությունների հրաժարականը` լինի դա արտահերթ խորհրդարանական, թե նախագահական ընտրությունների տեսքով: Իսկ այն բոլոր խնդիրները, որոնք կապված են բուն ընտրությունների ընթացքի հետ, մենք պատրաստ ենք լրջորեն պայքարելու դրանք օրինական հարթություն տեղափոխելու ուղղությամբ, քանի որ լավ գիտենք` իշխանությունները պատրաստ են ամեն ինչի` օրինախախտումների ճանապարհով իրենց թեկնածուին անցկացնելու համար: Միաժամանակ համոզված ենք նաև, որ այս անգամ դա իրենց չի հաջողվելու»,- վստահեցրեց Վահագն Խաչատրյանը և իր այս համոզմունքը հիմնավորելու համար լրագրողներին ներկայացրեց վերլուծությունների արդյունքում ֆիքսված որոշ փաստացի տվյալներ։ Ըստ այդմ, 2007-2008-ի համապետական ընտրությունների ժամանակ, նույնիսկ ԿԸՀ-ի նկարած թվերի պարագայում, իշխանության և ընդդիմության ձայների պարզ համեմատությունն ավելորդ անգամ հաստատում է, որ Երևանը միշտ էլ լուրջ գլխացավանք է եղել վարչախմբի համար։ Հետևաբար, նախկին քաղաքապետի շեշտադրմամբ, մայիսի 31-ի ընտրություններում էլ ընդդիմության հաղթելու շանսերը շատ ավելին են, քան իշխանությանը։
Լրագրողներին, բնականաբար, հետաքրքրում էր, թե ով է զբաղեցնելու ՀԱԿ-ի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը, և արդյո՞ք այն չի «պահվում» հենց Րաֆֆի Հովհաննիսյանի համար, որի հիմնադրած «Ժառանգությունը» 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ միայն Երևանում 59 հազար ձայն է հավաքել, իսկ դա, ինչպես կասեր Բենդերը, «թի՜վ է»։
«Երրորդ տեղի հարցը դեռևս որոշված չէ, համենայն դեպս, մինչև մարտի 22-ն այդ հարցը կլուծվի,- տեղեկացրեց «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչը, հավելելով, թե տվյալ դեպքում ցուցակի այսինչ կամ այնինչ հորիզոնականում «ասոր» կամ «անոր» հանգրվանելը որևէ էական նշանակություն չունի։- Մենք թիմով ենք գնում ընտրությունների, և մեր գերխնդիրն էլ բացառապես քաղաքական է` օր առաջ իշխանությունից հեռացնել պետության առաջխաղացումը բոլոր ուղղություններով կասեցնող այս վարչախմբին։ Սա նաև հասարակության պահանջն է, նրա օրակարգային խնդիրը»։
Իսկ հնարավո՞ր է, որ մարտի 20-ի նիստում «Ժառանգությունը», այնուամենայնիվ, ՀԱԿ-ի հետ միասին ընտրությունների գնալու որոշում կայացնի։ Եվ եթե չկայացնի, դա լո՞ւրջ կորուստ է Տեր-Պետրոսյանի շուրջ միավորված ընդդիմության համար։
«Միասին հանդես գալու հնարավորությունը դեռևս չի սպառվել, երկխոսության դռները փակված չեն, և կարծում եմ, որ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ «Ժառանգությունը» ընդհանուր եզրեր կգտնեն։ Ես, համենայն դեպս, հույս ունեմ, որ մենք միասնական ցուցակով հանդես կգանք և մեր քաղաքական գերխնդիրն էլ համատեղ ջանքերով կդարձնենք իրողություն։ Իհարկե, առանձին հանդես գալու պարագայում Հայ ազգային կոնգրեսի հնարավորությունները ես ավելի բարձր եմ գնահատում, հաշվի առնելով նախ և առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի գործոնը, ինչպես նաև մեկամյա այս ժամանակահատվածում կոնգրեսի գործունեությունն ընդհանրապես, բայց, նորից եմ կրկնում, «Ժառանգության» հետ մեր հնարավորություններն ավելի մեծ կլինեն։ Համոզված եմ` և՛ ՀԱԿ-ը, և՛ «Ժառանգությունը» ամեն ինչ կանեն (անգամ առանձին-առանձին հանդես գալու պարագայում), որ հունիսի 1-ին ունենանք այլ Հայաստան, հասկանալի է, որպես առաջին քայլ` քաղաքապետի ընտրություններում հաղթելով»։
Ի՞նչ կարգախոսով են կոնգրեսում միավորված քաղաքական ուժերը պատրաստվում մտնել ընտրապայքարի մեջ, հետաքրքրվեցին լրագրողները։ Պարզվեց` դեռ հայտնի չէ, սակայն «հաղթանակ» բառը դրանում անկասկած կլինի։ Դե, իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն էլ միանա ՀԱԿ-ին, կարգախոսը, ամենայն հավանականությամբ, կհնչի այսպես.
«Տե՞ր ես հաղթանակիդ»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2088

Մեկնաբանություններ