ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Լույսը բացվելու է, ու անկմանը հաջորդելու է վերելքը»

«Լույսը բացվելու է, ու անկմանը հաջորդելու է վերելքը»
10.04.2009 | 00:00

«ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵՔ` Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ՓՈԽԵԼ»
«Իրավունքը de facto»-ի հյուրն է «Արարատբանկ»-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԸ
-Պարոն Օսիպյան, նախ` հստակեցնենք, թե ինչպես են առաջանում ֆինանսատնտեսական ճգնաժամերը:
-Ընդհանուր առմամբ տնտեսությունը ցիկլիկ զարգացման բնույթ ունի. անկում (ռեցեսիա), երբ մակրոտնտեսական ցուցանիշները վատթարանում են, նկատվում է արտահանման-ներմուծման ծավալների, սպառման նվազում, խնայողությունների կրճատում, ապա` վերելք: Մենք ունենք տնտեսության ցիկլիկ զարգացման տարբեր պատկերներ: Այսօրվա պատկերը նորություն չէ. տնտեսությունն իր ցիկլիկ բնույթից ելնելով` ժամանակ առ ժամանակ հայտնվում է անկման ժամանակահատվածում, ճգնաժամում: Կան ճգնաժամերի տարբեր տեսություններ: Տնտեսագետները տնտեսության զարգացման ցիկլիկ եղանակները նկատել են դեռ 17-րդ դարում և փորձել են նկարագրել, լուծումներ գտնել: Այդ իսկ պատճառով տնտեսագետների համար ճգնաժամը նորություն չէ. որտեղ նկատվում է բուռն աճ, յուրատեսակ «գերտաքացում», այնտեղ հաջորդում է ճգնաժամի փուլը: Ճգնաժամերը մինչ այս պահը հիմնականում գլոբալ չեն եղել, սահմանափակվել են միայն այս կամ այն երկրի սահմաններում, ուստի ազդեցությունն ու հետևանքները հնարավոր է եղել ավելի արագ հաղթահարել: Այս ճգնաժամը համաշխարհային բնույթ ունի: Սկիզբը ԱՄՆ-ում էր, հետո կամաց-կամաց տարածվեց այլ երկրներում: Անցած տասնամյակում առկա էր գլոբալիստների և հակագլոբալիստների լուրջ բանավեճ. յուրաքանչյուր կողմը փորձում էր հիմնավորել իր առավելությունները: Հակագլոբալիստներն այսօր համոզված են, որ եթե գլոբալացման այսքան բարձր մակարդակ չլիներ, ճգնաժամն ավելի հեշտ կհաղթահարվեր: Այս առումով ճգնաժամն իր ազդեցությունն ունի բոլոր երկրներում` տարբեր երկրներում տարբեր ձևերով: Ձևերը պայմանավորված են արտաքին ազդակներից, ֆինանսական միջոցներից ու աղբյուրներից երկրների կախվածությամբ, ընդհանրապես «մակրոտնտեսական կախվածությամբ» գլոբալ տնտեսությունից:
Բնականաբար, ճգնաժամը հասել է նաև Հայաստան: Մասնավորապես ֆինանսական շուկայի համար առաջին խնդիրը իրացվելիության խնդիրն է, երկրորդը` ֆինանսական ակտիվների (բաժնետոմսեր, պարտատոմսեր) արժեքի անկումը, երրորդը` վարկային ճգնաժամը: Հայկական ֆինանսական շուկայի մասնակիցներն իրացվելիության պակաս չունեն, որովհետև հայկական բանկերը երբեք շատ մեծ ներգրավում չեն կատարել արտաքին ֆինանսական աղբյուրներից: Կատարված ներգրավումներն էլ իրականացվել են հիմնականում Միջազգային ֆինանսական կորպորացիայից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, Սևծովյան բանկից և այլն, որոնց իրենց բնույթով պայմանականորեն կարելի է կոչել կիսաառևտրային բանկեր: Ֆինանսական ակտիվների (բաժնետոմսեր, պարտատոմսեր) առումով մենք նույնպես զարգացած շուկա չենք ունեցել, չունենք և այդտեղից ևս ճգնաժամային ազդակներ չստացանք:
-Ի՞նչ է նշանակում ֆինանսատնտեսական ճգնաժամ:
-Ճգնաժամը վատթարագույն սպասումների ժամանակահատված է, երբ բոլորը սպասում են, որ վաղն ավելի վատ է լինելու, քան այսօր էր: Այդ սպասումներով ապրողները` տնտեսական սուբյեկտները, սկսում են իրենց գործառույթներն իրականացնել ավելի կոնսերվատիվ. ծախսերը նվազում են, ձեռքբերումները նվազում են, և հետևանքում մենք ունենում ենք սպառման կրճատում: Սպառման կրճատումն իր շղթայով բերում է որոշակի բացասական հետևանքներ` արտադրության կրճատում, ներմուծման կրճատում և այլն: Կրճատումների շղթան շարունակվում է` հանգեցնելով գործազրկության, այլ բացասական հետևանքների:
-Ի՞նչ են անում պետությունները` իբրև հակաճգնաժամային միջոցառումներ:
-Առաջինն արհեստական սպառման ավելացումն է՝ ստիմուլյացիան, տարբեր եղանակներով: 1930-ականներին, օրինակ, ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը նման բազմաթիվ քայլեր ձեռնարկեց, մասնավորապես հասարակական աշխատանքներ` տնտեսությունը ճգնաժամից հանելու համար: Տարբեր մոտեցումներ կան, նաև ծայրահեղական: Դրա կողմնակիցները, օրինակ, ավելի հաճախ հիշում են Թոմաս Մալթուսին: Նա ասում էր, որ արտադրողականության և ժողովրդագրության աճերը համարժեք չեն, ինչը հանգեցնում է սովի, և պատերազմներ են պետք իրավիճակը փրկելու համար: Պատերազմը խթանում է տնտեսությունը: Բայց Մալթուսի տեսության ժամանակներից մինչև այսօր շատ ժամանակ է անցել, և շատ մեծ փոփոխություններ են եղել:
-Ինչպե՞ս կարելի է կանխել սպառման կրճատումը:
-Պետությունը պետք է միջոցներ գտնի` արհեստականորեն խրախուսելու սպառումը, պետք է իրականացնի այնպիսի քաղաքականություն, որը կբերի ժողովրդի վստահության աճի, իրավիճակի կանխատեսելիության:
-Ի՞նչ վտանգ կա բանկերի համար:
-Բանկային ճգնաժամը կարող է արտահայտվել հիմնականում վարկերի վերադարձելիության ռիսկով, որը պայմանավորված է նրանով, որ բանկը միջնորդ է` միջոցներն ուղղում է դեպի իրական հատված, իսկ սպառման կրճատումը և մի շարք այլ գործոններ կարող են հանգեցնել իրական հատվածի վիճակի վատթարացման: Եթե մինչ ճգնաժամը տնտեսավարողները վաճառում էին, օրինակ, 10 միավոր ապրանք, այսօր կարող են վաճառել, ենթադրենք, 5-6, ինչը կարող է հանգեցնել շահույթի ցածր մակարդակի, նույնիսկ վնասի և այլն: Սա իր հերթին կարող է հանգեցնել վարկերի չվերադարձման վտանգի: Եթե պետությունը սկսի խրախուսել սպառումը, աշխուժացնել տնտեսությունը, ես հուսով եմ, որ մենք զերծ կմնանք, կխուսափենք վարկային ճգնաժամից: Մյուս կողմից` բանկերն էլ պետք է չվախենան, պետք է վարկային խթանում իրականացնեն, հատկապես շեշտը դնելով փոքր ու միջին բիզնեսի վրա, որովհետև ճգնաժամային իրավիճակում փոքրերին հնարավոր է նաև ավելի հեշտ մտնել շուկա: Մեծ մրցակիցները ճգնաժամերի ժամանակ ավելի շատ են զբաղված լինում իրենց խնդիրներով, փոքրերին շուկա մտնելու համար ավելի քիչ գումար է պետք լինում և, բացի այդ, հնարավոր է դառնում իրականացնել բիզնեսի ոչ օրգանիկ զարգացում:
-Իսկ ո՞րն է օրգանիկ զարգացումը:
-Երբ ընկերությունները զարգանում են բնական ճանապարհով: Ոչ օրգանիկը` երբ ընկերությունների զարգացումը տեղի է ունենում միաձուլումների, միավորումների ձևով, երբ տեսնում ես, որ ընկերություն կա, որն առաջ չէիր կարող ձեռք բերել, իսկ այսօր ճգնաժամը նպաստում է, որ գներն իջնեն, և կարողանում ես գնել այդ ընկերությունը: Սա ևս հնարավորություններից մեկն է, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը կարողանա առաջ շարժվել, զարգանալ:
-Ճգնաժամի հետևանքներից ամենածանրը գործազրկությունն է, ի՞նչ կարելի է անել այդ դեպքում:
-Բնական է, որ գործազրկությունը ճգնաժամի ամենածանր հարվածներից է: Ի՞նչ կարող են անել աշխատանքը կորցրածները. շատ ծանր է, իհարկե, այսօր այդ մասին խոսել, բայց պետք է փորձեն իրենց գիտելիքներն ու հնարավորություններն օգտագործել այլ ասպարեզներում, նաև բիզնեսի մեջ: Պետությունը պետք է կարողանա համապատասխան ծրագրեր առաջարկել և այդ մարդկանց ներառել այլ ոլորտներում: Պիտի փորձեն սեփական գործ հիմնադրել:
-Դրա համար կապիտալ է պետք:
-Պետությունը պետք է ստեղծի այդ հնարավորությունները: Օրինակ, 50 միլիոն դոլարին համարժեք դրամ է տրամադրվել փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար: Բացի դրանից, հայկական բանկերը 50 միլիոն ևս կստանան Համաշխարհային բանկից, որը կրկին կուղղվի հատուկ այդ սեգմենտի համար: Սա շատ կարևոր է, որովհետև ստացված գումարներն ուղղվելու են շուկա, որը հանգեցնելու է սպառման ավելացման և նոր սուբյեկտների ստեղծման, թույլ է տալու փոքր բիզնեսին շնչել, թույլ է տալու ծավալների ավելացում, աշխատողների թվաքանակի մեծացում և այլն: Երկու ծրագրերի դեպքում էլ շեշտը դրա վրա է դրվում` նախապատվություն տալ այն նախագծերին, որոնք բերում են աճի: Մարդկային ռեսուրսների աճի, արտադրության ծավալների աճի:
-Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանում առաջին անգամ զգացինք, կարծես, մարտի սկզբին` գների աճով, խուճապով, սուպերմարկետների փակումով, մեկ օրվա մեջ գների բազմակի փոփոխությամբ, դեղերի գնի 25-30 տոկոս աճով, հետո էլ բարձրացած գները չիջան...
-Մարտի 3-ին մեզ մոտ տարադրամի փոխարժեքը փոխվեց, և դրա հետ կապված` ճշգրտումներ կատարվեցին գների մեջ. մենք ունեցանք ինֆլյացիոն ճնշում, որն էլ զգացին մեր քաղաքացիները. որոշակի տոկոսով թանկացան ապրանքները, բայց ես չեմ կարծում, որ դա էր ճգնաժամի սկիզբը:
-Ճիշտ չէ՞ր ավելի շուտ դոլարի փոխարժեքն ազատ թողնելը:
-Գնահատելու համար պետք է տիրապետել ամբողջ տեղեկատվությանը: Ընդհանրապես կա երկու սցենար, երբ փոխարժեքը միանգամից են բաց թողնում` այսինքն` «կոշտ վայրէջքը», որը կիրառվեց, օրինակ, Ղազախստանում, և «փափուկ վայրէջք», որն իրականացրին, օրինակ, Ռուսաստանում, և որի ժամանակ ազգային արժույթը սկսում է սահուն արժեզրկվել: Տնտեսագետների երկու բանակներ կան, որոնք ժամերով կարող են վիճել` ո՞րն է ճիշտ:
-Դոլար-դրամ տատանումների մեջ քաղաքացին ինչպե՞ս պետք է կողմնորոշվի, թե ինչ անի:
-Եթե քաղաքացին եկամուտը ստանում է դրամով, կողմնորոշվելու խնդիր առանձնապես չունի: Պետք է կողմնորոշվեն այն քաղաքացիները, ովքեր եկամուտներ են ստանում դոլարով: 2006-ին նրանք կազմում էին բնակչության 40 տոկոսը, այսօր, իհարկե, ավելի քիչ, ուրեմն 60 տոկոսն այդպիսի խնդիր չունի` նրանք եկամուտ ստանում են դրամով, և դոլարի տատանումները նրանց վրա ոչ մի ազդեցություն չունեն, բացի հոգեբանական վատ ազդակներից` դոլարը բարձրացավ, ու իմ վիճակը վատացավ: Եթե խոսում ենք մնացածների և ներկրողների մասին, ովքեր աշխատում են փոխարժեքներով, փոխարժեքը լողացող է, և ինչ-որ բանաձև չկա: Պետք է հետևել շուկայի միտումներին` առաջարկ-պահանջարկին, որից ելնելով ձևավորվում է փոխարժեքը: Կան, բնականաբար, սպեկուլյատիվ ճնշումներ, բայց դա ընդհանուր առմամբ շուկայի կանոնների մեջ է: Այն քաղաքացիները, ովքեր եկամուտներ ստանում են դրամով, նրանց վրա կազդի` փոխարժեքը բարձրացավ, ու տարբերություններ կլինեն սպառման ապրանքների գների մեջ, բայց դրանից պաշտպանվել դժվար է` նրանք այնքան եկամուտ չունեն, որ առնեն անհրաժեշտ քանակի ապրանք և պահեն: Ցավոք, մեր քաղաքացիները չեն կարող կանխատեսել` ե՞րբ են գները բարձրանալու, ե՞րբ են իջնելու:
-Կենտրոնական բանկը կարո՞ղ է:
-Ոչ միայն կենտրոնական բանկը, այլ նաև ֆինանսական շուկայում մասնագիտացված այլ ընկերությունները կարող են կանխատեսել շարժման ուղղությունները:
-Կանխատեսելուց բացի, ինչ-որ քայլեր արվո՞ւմ են:
-Կենտրոնական բանկի խնդիրը դոլարի փոխարժեքը պահպանելը չէ, նրա խնդիրը գների կայունությունն ապահովելն է: Ոչ մի երկրի կենտրոնական բանկ չի զբաղվում այլ երկրի դրամի փոխարժեքը պահպանելով: Դա աբսուրդ է: Խնդիրը գների կայունությունն է, որովհետև գների աճը բերում է, բնականաբար, գնաճի: Կենտրոնական բանկի խնդիրն է գնաճի դեմ պայքարելը: Դա է դասական բանաձևը:
-Բնակչության մեջ նաև մտավախություն կա, որ ճգնաժամի պատճառով բանկերը կարող են սնանկանալ, և իրենց ավանդները ոչ ոք չի վերադարձնի: Մարդիկ դեռ հիշում են խաբված ավանդատուների և փլվող բուրգերի մասին... Որքանո՞վ է այդ ռիսկը հոգեբանական և որքանո՞վ է իրական:
-Ֆինանսական բուրգերի կառուցումից ու փլուզումից մինչ այսօր շատ փոփոխություններ են եղել: Այն ժամանակ մենք չունեինք ուժեղ բանկային օրենսդրություն, չունեինք ավանդատուների պաշտպանության մեխանիզմներ: Ես կրկնում եմ, որ իմ գործընկերներն իրացվելիության խնդիր չունեն, և նման վտանգ ես չեմ տեսնում: Բնական է` երկարաժամկետ գնահատումներ անել ես չեմ կարող, սակայն այս պահին նման խնդիր չեմ տեսնում: Ճգնաժամային ազդակներից մեկը նաև թույլ կարգավորումն է, իսկ Հայաստանում բանկային գործի կարգավորումը բավականին ուժեղ է, և այդ պատճառով է նաև, որ հայկական բանկերն այսօր կայուն են, և մենք խոսում ենք միայն վարկային ճգնաժամի հնարավորության մասին, ոչ թե իրացվելիության, որն ավելի մեծ խնդիր է և ավելի վտանգավոր կարող է լինել: Այն երկրները, որոնք ունեցել են թույլ բանկային կարգավորում, այսօր պրոբլեմատիկ են: Խնդիրը, թերևս, ավելի հոգեբանական է:
-...որոշակի ժամանակ բանկերը վարկեր էլ չէին տալիս:
-«Արարատբանկ»-ում հունվարից մինչև այսօր ավանդների թիվն աճել է: Դա շատ կարևոր հանգամանք է: Իսկ վարկեր ոչ թե չեն տրամադրվում, ուղղակի խստացվել է վարկերի ռիսկայնության գնահատումը, որը նորմալ երևույթ է: Տնտեսության անկման հատվածում բանկը չի կարող վարկավորել այնպես, ինչպես վարկավորել է վերելքի հատվածում: Տարբեր իրավիճակներ են և տարբեր ժամանակահատվածներ: Զարմանալի կլիներ, եթե նույն ձևով բանկերը շարունակեին վարկավորել: Այդ պարագայում ես կասեի` բանկերը պրոբլեմ են ունենալու, չէի վստահի նրանց: Փոխվել է ռիսկի գնահատումը, փոխվել են չափանիշները, շուկան «շարժվել է»...
-Ե՞րբ կարող ենք անկման կորից մի քիչ վեր բարձրանալ, ե՞րբ կարող ենք համարել, որ ճգնաժամից սկսում ենք դուրս գալ:
-Տարբեր գնահատականներ կան. ոմանք 2009-ի վերջին են ակնկալում, ոմանք` 2010-ի: Տարբեր տնտեսագետներ տարբեր գնահատականներ են տալիս՝ կախված տարբեր գործոններից: Մեծ նշանակություն ունի, թե ինչ վարվելակերպ կունենա ԱՄՆ-ի նոր նախագահ Բարաք Օբաման, և ինչ քաղաքականություն իրենք կիրականացնեն: Մեծ ազդեցություն կունենա Չինաստանի պահվածքը: Այսօր Չինաստանի տնտեսությունը մեծապես կարող է ազդել համաշխարհային տնտեսության վրա: Շատ կարևոր է, թե քաղաքականության ի՞նչ փոփոխություններ կլինեն, ի՞նչ բանաձևեր ու մոտեցումներ կկիրառվեն միջազգային կառույցներում` Արժույթի միջազգային հիմնադրամում, Համաշխարհային բանկում և այլն: Այսօր աշխարհը փոխվել է, փոխվել է նաև աշխարհայացքը, և տնտեսական միտքն էլ է փոփոխության ենթակա. մենք բոլորս դա զգում ենք: Այն մոտեցումներով, որ ապրել ենք երեկ, այսօր անհնար է շարունակել: Նույնիսկ խոսում են, որ լիբերալ շուկա չի լինելու և այլն... Կապրենք` կտեսնենք:
-Գրականության մեջ, արվեստում տասնյակ վկայություններ կան, որ ֆինանսատնտեսական ճգնաժամին 5-10 տարվա կտրվածքով նախորդել է հասարակության մեջ բարոյական արժեքների որոշակի անկում, որոշակի արժեհամակարգերի փլուզում, ինչ-որ բան գաղափարական դաշտում կոտրվել է, որին ֆինանսատնտեսական ճգնաժամ է հաջորդել: Պատահաբա՞ր են իրարահաջորդում այդ կորերը: Ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելը հասարակությունը չպիտի՞ սկսի ոչ թե ֆինանսական ու տնտեսական մեխանիզմների փոփոխությունից, այլ բարոյական արժեքների վերականգնումից ու չափանիշի չափանիշ ունեցող արժեհամակարգին վերադառնալուց:
-Մենք խոսում ենք փոփոխությունների մասին, այսինքն` հիմքում դրված է փոփոխությունների տեսությունը: Դա նշանակում է, որ ոչ միայն տնտեսագիտական ու տնտեսական փոփոխություններ պետք է լինեն, այլ փոփոխություններ են պետք բոլոր առումներով, այդ թվում նաև` հոգեբանական, աշխարհայացքային, արժեհամակարգային: Պետք է նաև մեզ փոխենք, որ կարողանանք այդպիսի փոփոխություններ անել:
-Այսինքն` պարբերաբար հասարակությունը կատարսիսի կարիք ունի, որից հետո կյանքը սկսվում է 0 կետի՞ց:
-Այդ առումով էլ կան շատ լուրջ վերլուծություններ: Ես չեմ կարծում, որ այդպես է, պետք չէ վախենալ, սա նորմալ երևույթ է: Ես միշտ օրինակ եմ բերում` Դուք գիշերից վախենո՞ւմ եք:
-Եթե ես լույս տեսնում եմ` ոչ:
-Բոլորս պետք է հասկանանք, որ լույսը բացվելու է, ու անկմանը հաջորդելու է վերելքը: Մենք պետք է մտածենք` ինչպես հաղթած դուրս գալ: Ճգնաժամերը ցույց են տալիս, որ կան պարտվողներ, շատ, բայց կան նաև հաղթողներ... Միշտ: Պետք է մտածեք` ինչ կարող եք Դուք անել, ինչ կարող եք փոխել:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 3915

Մեկնաբանություններ