ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փոքր ազգերն ի զորո՞ւ են զարգացման ինքնուրույն ուղի ընտրելու

Փոքր ազգերն ի զորո՞ւ են զարգացման ինքնուրույն ուղի ընտրելու
03.03.2009 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
«Իրավունքը de facto» թերթի 2008-ի դեկտեմբերի 18-ի համարում տպագրված «Հանուն հայրենիքի» ՀԿ-ի նախագահ Ներսես Ներսիսյանի «Հայ ազգային սոցիալիզմ» հոդվածը, իրավամբ, կարելի է համարել նոր «Ողբ հայրենասերի»: Ն. Ներսիսյանը մամուլում հաճախ է հանդես գալիս համարձակ առաջարկություններով ու գաղափարներով: Այդ հոդվածն էլ թիրախին ուղղված հերթական ճիշտ կրակոցն էր մտավորականության լռության մեջ և, իրոք, բանավեճի համարձակ մարտահրավեր է: Կարդալով հոդվածի արձագանքները, անհրաժեշտ համարեցի ծանոթացնել նաև իմ կարծիքին:
Հայտնի է, որ «ազգային սոցիալիզմը» մեծ ներուժ ունեցող ազգերի շրջանում կարող է ֆաշիզմ առաջացնել և ապահովել տվյալ ազգի միասնությունն այդ ներուժն այլ ազգերի դեմ ուղղելու հաշվին: Իսկ բռնապետական սոցիալիզմի պայմաններում ռենտան ու շահույթը, կենտրոնանալով հզորացած պետության ձեռքում, նրան դարձնում են ագրեսիվ: Այդ տեսանկյունից ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արևմուտքը հանգիստ շունչ քաշեց, բայց այժմ վախենում է Չինաստանից:
Ներսես Ներսիսյանի առաջարկած «հայ ազգային սոցիալիզմը» մեր պարագայում ոչ միայն ֆաշիզմի հետ կապ չունի, այլև հետագայում էլ չի կարող ունենալ, քանի որ ուղղված է մեծ տերությունների նեոգաղութային համակարգի դեմ և ունի ազգային ազատագրական պայքարի երանգ: Հեղինակը, միավորելով «ազգ», «հայ» և «սոցիալիզմ» հասկացությունները մեկ գաղափարի ներքո, հենվելով Նժդեհի ազգային գաղափարախոսության, պատմականորեն կայացած սոցիալիզմի փորձի վրա, հայությանն ու Հայաստանին ներկա վտանգավոր իրավիճակից դուրս գալու ելք է առաջարկում: Իրոք, պարտադրանքով հրաժարվել ենք «բռնապետական սոցիալիզմից», բայց չգիտենք, թե մեր տերերը մեզ ուր են ուղեկցում: «Ազատ շուկա» մականունով տնտեսակարգը ո՛չ անհատականություն է, ո՛չ էլ պլանային տնտեսություն: Արևմուտքի մի շարք մտածողներ հետխորհրդային շատ պետությունների վարչակարգերը բնութագրում են որպես «սուլթանություններ»: Նույն Արևմուտքի ջանքերով ստեղծված և նրա կողմից վերահսկվող այդ գաղութային պետություններում «միապետը» կամ «սուլթանը» ինքն է որոշում, թե իրեն ով պիտի փոխարինի, ով է լինելու իր ժառանգորդը: Այդ երևույթը քողարկված ձևով արժանանում է «քաղաքակիրթ Եվրոպայի» հավանությանը:
Հայաստանում տիրող և նեոգաղութային համակարգին ծառայող, տնտեսապես թույլ զարգացած և հետամնաց երկրին բնորոշ կոմպրադորական բուրժուազիան իր արտասահմանյան տերերի հետ համերաշխորեն թալանում է սեփական ժողովրդին: Պատահական չէ, որ հոդվածագիրը, մտահոգված Հայաստանի ապագայով, առաջ է քաշում նեոգաղութային լուծը թոթափելու, կոմպրադորական բուրժուազիայից հրաժարվելու, հասարակական-տնտեսական նոր համակարգ ընտրելու խնդիրները: Նա բացահայտում է Հայաստանում կապիտալի նախասկզբնական կուտակման անօրինական պատճառները: Հոդվածագիրը նաև ցույց է տալիս այդ հողի վրա ձևավորված «էլիտար» հասարակական խավի ապազգային էությունը: Նա արտադրության հիմնական միջոցների սոցիալիստական սեփականության հետ է պայմանավորում Հայաստանի ազգային անվտանգությունն ու հայրենասիրության զգացողության պահպանումը, այսինքն` բարձրացրած խնդիրների լուծման ուղին համարում է «հայ ազգային սոցիալիզմի» հաստատումը, պնդելով, որ այդ ուղին բխում է նաև հայ ազգի հոգեկերտվածքից:
Բռնապետական սոցիալիզմի ժամանակ էլ ազգայնականները «պնդում էին», որ հայ ազգը կապիտալիստական հոգեկերտվածք ունի, և օրինակ էին բերում ցարական Ռուսաստանի ժամանակ Կովկասում ու Հյուսիսային Կովկասում հայ բուրժուազիայի առաջատար դերը: Հետևաբար, այդ խնդիրը, նախ, կարիք ունի ավելի լուրջ գիտական հետազոտության ու քննարկումների: Երկրորդ, փոքր ազգերն ի զորո՞ւ են արդյոք ինքնուրույն հասարակական-տնտեսական իրավակարգ ընտրելու: Ն. Ներսիսյանը նույնպես կասկածում է դրան, երբ վերջում անում է հետևյալ տխուր, բայց իրատեսական բնորոշումը. «…պարտադրված քսանամյա կապիտալիստական, իսկ ավելի ճիշտ՝ գաղութացման ուղին»: Ճիշտ է, նշում է, որ ժողովուրդների ներքին գործն է զարգացման ուղի ընտրելը, բայց ավելացնում է. «Եթե, իհարկե, նրանց այդպիսի հնարավորություն ընձեռվի…»: Ահա այս «եթե»-ն է, որ սովորաբար կանխարգելում է փոքր ազգերի ինքնուրույն զարգացումը: Իսկ եթե հիմա, համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված, այդ «եթե՞»-ն է, որ կարող է մեզ համար օգտակար լինել:
Ո՞րն է ելքը:
Յուրաքանչյուր հայ, ազգային գոյապահպանության իր անհատական բնազդով, պետք է որ ունենա ազգային հիմնահարցերի լուծման իր սեփական դեղատոմսը: Պետք է ծանոթանալ դրանց, ընտրել իրատեսականներն ու լավագույնները:
Ըստ իս, խնդիրների լուծման բանալին փոքր ազգերի համար պիտի լինի հզոր տերությունների հակասությունների ճկուն և իրավական հենքի օգտագործումը: Այդ հակասությունների շրջանակներում պետք է կարողանալ ըստ ամենայնի զարգացնել գիտությունն ու տեխնոլոգիաները: Այդպիսի փորձ ունենք 4-5-րդ դարերում. պարսկա-հունական հակասության արդյունքում էր, որ Պարսկաստանի թողտվությամբ հայերը սեփական այբուբենն ունեցան:
Նորայր ՍԱՐԳՍՅԱՆ
Պատմ. գիտ. թեկնածու

Դիտվել է՝ 2291

Մեկնաբանություններ