ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Արցախի ներսից Արցախը կործանելու առաջին լուրջ քայլերն արդեն սկսվեցին

Արցախի ներսից Արցախը կործանելու առաջին լուրջ քայլերն արդեն սկսվեցին
16.08.2023 | 23:20

Արցախի, հայերիս ներքին թշնամիների եթե ոչ անմիջական մասնակցությամբ, ապա դրդմամբ, ուղղորդմամբ, կազմակերպմամբ մի խումբ արցախցիներ Արցախում ռուսական խաղաղապահների ռազմաբազայի դիմաց գիշերվանից փակել են (https://www.youtube.com/watch?v=xI6fFsxFHAE&t=143s ) ռուսական խաղաղապահների ճանապարհը՝ այսպիսով նախադրյալներ ստեղծելով, որ ռուսական խաղաղապահները հեռանան Արցախից, Ադրբեջանը մտնի Արցախ, վերջ տա Արցախի Հանրապետության գոյությանը «լավագույն» դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ ցեղասպանի արցախցիներին:

Հասկանու՞մ են նրանք, թե ինչ են անում:

Ակտիվիստներից տաքգլուխները, բանականության փոխարեն զգացմունքներով առաջնորդվողները, իհարկե, չեն հասկանում, իսկ կազմակերպիչները, որոնց հետևում, միանգամայն ենթադրելի է, Սորոսի, Արևմուտքի ականջներն են ցցված, չեն կարող չհասկանալ, հետևաբար, նրանց վրա է ծանրանում Արցախից ռուսական խաղաղապահ զորակազմի հեռանալու, դրանից հետո այնտեղ ադրբեջանցիների ներխուժման, Արցախի Հանրապետության կորստի, նաև, բացառված չէ, Արցախի բնակչության ցեղասպանության պատասխանատվությունը:

Իսկ նրանցից էլ առաջ վերոնշյալ պատասխանատվության թիվ 1 կրողը, ինչպես նշել եմ օգոստոսի 8-ի իմ «Ռուսական խաղաղապահների նկատմամբ ցանկացած սադրանք չկանխելու, թույլ տալու թիվ 1 պատասխանատուն ու պատժվողը լինելու է Արայիկ Հարությունյանը» վերլուծականում (https://livenews.am/press/2023/242411/08/18/00/), լինելու է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԱԾ ղեկավարը, ոստիկանապետը, գլխավոր դատախազը, որոնք ժամանակին զգուշացված լինելով, չեն կանխել վերոնշյալ սադրիչ գործողությունը՝ ռուսական խաղաղապահների ճանապարհի փակումը: Հնարավոր ծանր ու ծանրագույն հետևանքների ողջ պատասխանատվությունը, առաջին հերթին, հենց նրանք են կրելու:

ՈՒր էլ փախչեն, աշխարհի որ անկյունում էլ թաքնվեն, Թալեաթի և Էնվերի ճակատագրից խուսափելու՞ են…

Նախ, ռուսական խաղաղապահների ճանապարհը փակածների պահանջը՝ բացեք Լաչինի միջանցքը, սովամահ ենք լինում և այլն, և այլն, առաջին հայացքից, կարող է ճիշտ թվալ ու լինել ողջունելի շատերի կողմից, սակայն մի փոքր սթափ դատելու դեպքում հասկանալի կլինի, որ այն վտանգավոր է ու սադրիչ: Ո՞ր ապուշի մտքով կարող է անցնել, որ ռուսական խաղաղապահների ճանապարհը փակելով, նրանց հնարավոր է ստիպել բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը…Այդպիսով ընդամենը կարելի է սադրել, որ նրանք հեռանան Արցախից, ինչից հետո, կասկածից դուրս է, այնտեղ կմտնեն ադրբեջանցիները:

Երկրորդ. Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլն Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում, Ռուսաստանին զրկել է ուժային եղանակով Բերձորի (Լաչինի) միջանցքը բացելու հնարավորությունից:

Երրորդ. ներկա պայմաններում, երբ Նիկոլն Արցախն արդեն ճանաչել է Ադրբեջանի կազմում, ՌԴ-ի կողմից Բերձորի (Լաչինի) միջանցքն ուժային եղանակով բացելն անխուսափելիորեն հանգեցնելու է ՌԴ-ի դեմ Ադրբեջան- Թուրքիա տանդեմի պատերազմին, որի արդյունքում Ռուսաստանը, եթե միջուկային զենք չօգտագործի, պարտվելու է, սովորական սպառազինությամբ ի զորու չէ երկու ճակատով, ՈՒկրաինայից (Արևմուտքից) բացի, ՈՒկրաինայից շատ ավելի հզոր բանակ ունեցող Թուրքիայի դեմ պատերազմելու, իսկ միջուկային զենքի օգտագործումը կարող է հանգեցնել աշխարհակործան Երրորդ համաշխարհային պատերազմի:

Բերձորի (Լաչինի) միջանցքը բացելու միակ իրատեսական տարբերակը ներկայացված է այս հոդվածաշարում (https://livenews.am/press/2023/241699/03/23/20/ ) ու կախված է Նիկոլից, սակայն Նիկոլը, նրա իշխանությունը գործնականում նշված տարբերակի կիրառումից, ըստ էության, հրաժարվել են:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը 2023 թ. օգոստոսի 11- ին ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նախագահին ուղղված նամակում թեև նշել է, որ Ադրբեջանի գործողություններն «ուղղակիորեն խախտում են ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, որոնց համաձայն Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր միջոցները Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար»», սակայն չի օգտվել ՄԱԿ-ի կանոնադրության հոդված 94-ի կետ 2-ի ընձեռած հնարավորությունից ու ՄԱԿ-ի ԱԽ-ից նշված հոդվածների հղումով չի խնդրել ապահովել Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների կատարումը, առավել ևս՝ չի խնդրել ապահովել նշված որոշումների կատարումը ՄԱԿ-ի կանոնադրության

41-րդ և 42-րդ հոդվածների կիրառմամբ:

Փոխարենը՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Հայաստանի կառավարության անունից հայցել է «ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու առաջնային մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային ոճրագործությունները, ներառյալ` պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը», որը (միջամտությունը) կարող է լինել նաև առանց ԱՄԴ-ի հիշյալ որոշումների կատարումն ապահովելու: Այսինքն՝ առանց Ադրբեջանին պարտադրելու, որ ապաշրջափակի Բերձորի (Լաչինի) միջանցքը, փոխարենը, օրինակ, Ադրբեջանին պարտավորեցնելով, որ Լեռնային Ղարաբաղին հնարավորություն ընձեռի Աղդամի ճանապարհով Ադրբեջանից ազատ և անարգել ստանալ դեղորայք, սննդամթերք և հումանիտար այլ օգնություն, ինչն ընձեռելուց, ի դեպ, Ադրբեջանը չի հրաժարվել, բայց նշված ճանապարհով հումանիտար բեռների ստացումը մերժել է Արցախը:

Այսպիսով ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի ձեռքով օգոստոսի 11-ին ՄԱԿ-ի ԱԽ ներկայացվել է մի այնպիսի դիմում, որով Ադրբեջանին և աշխարհի զորեղ դերակատարներից մեր թշնամիներին Բերձորի (Լաչինի) միջանցքի ապաշրջափակման հարցը թաղելու հնարավորությունն է տրվել:

Առկա լրջագույն վտանգներին այսօր անդրադարձել, դրանք բացատրել է (https://news.am/arm/news/775658.html ) Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Սույն թեմայի հետ է կապված նաև տողերիս հեղինակի «Եթե Բերձորի (Լաչինի) միջանցքը չբացվի, ողջ պատասխանատվությունը կծանրանա Նիկոլի ու նրա գլխավորած կառավարության վրա. Նաև՝ ՄԱԿ- ում Հայաստանի ներկայացուցչի և պատվիրակության…» վերտառությամբ վերլուծականը (https://livenews.am/press/2023/243036/13/21/25/ ):

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7609

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ