Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Եկեք մի՛ անգամ ընտրենք` հանուն Երևանի»

«Եկեք մի՛ անգամ ընտրենք` հանուն Երևանի»
15.05.2009 | 00:00

ԲԱԿԻՑ ԲԱԿ
Քարոզարշավի բավականին ինքնատիպ, անմիջական «բակային» տարբերակն ընտրելով` ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող գործող քաղաքապետ ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ, ամենայն հավանականությամբ, աչքի առաջ է ունեցել այն հայտնի միտքը, որ եթե թատրոնը սկսվում է հանդերձարանից, ապա քաղաքն էլ սկսվում է բակից։ Ընդ որում, բնավ կարևոր չէ` այդ բակը Կենտրոն համայնքի Աբովյան 20 շենքի՞ բակն է, թե՞ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Բ1 թաղամասի 103 շենքինը, որտեղ էլ երեկ «բանգլադեշցիների» հետ հանդիպման էր եկել քաղաքապետը։
Մի քանի բարձրահարկ շենքերի արանքում գտնվող խաղահրապարակը հանրապետականների քարոզարշավը «թամաշա» անելու եկած ոչ բոլոր բնակիչներին էր «տեղավորել», մյուսները պատուհաններից ու պատշգամբներից էին հետևում հանդիպմանը։
«Մայիսի 31-ը, չգիտեմ` բախտի բերմամբ, թե պատահմամբ, նաև իմ ծննդյան օրն է»,- ասաց Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ անդամության թեկնածու, իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանը, այս «մի բուռ» բանգլադեշցիներին հավաստիացնելով, որ եթե վստահեն այն թիմին, որում ինքն ընդգրկված է, կարող են համոզված լինել` ոչ մի հնչած խոստում օդի մեջ կախված չի մնալու։
«Բոլոր ժամանակների լավագույն Պագանինի», Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը ևս ՀՀԿ համամասնական ցուցակում է և հանդիպման մասնակիցներին, բնականաբար, իր «բաժին» խոսքն ուներ ասելու։
«Ես իմ ամբողջ գիտակցական կյանքը նվիրել եմ արվեստին,- ասաց,- երբեք պաշտոն չեմ ունեցել և դրա ձգտումն էլ չեմ ունեցել։ Այսօր կարող է հարց ծագել` էդ ինչպե՞ս եղավ, որ հանկարծ Մսրյանը մտավ քաղաքականություն։ Ես չեմ մտել քաղաքականություն, սա իմ` երևանցուս պարտքն է։ Ես մտավորական եմ և պետք է սատարեմ այն կուսակցությանը, որին հավատում եմ։ Այսօր այդ կուսակցությունը Հանրապետականն է` ի դեմս այստեղ գտնվող մեր լիդերների` Գագիկ Բեգլարյանի և Տարոն Մարգարյանի, որոնց շատ եմ հավատում և սիրում։ Համոզված եմ` նրանք են այն մարդիկ, ովքեր կարող են բարձրացնել մեր Երևանը։ Կարող են մտածել մեր` երևանցիներիս մասին»։
Բ1 թաղամասի 103 շենքի բակի բնակիչներն իրենց հերթին երեկ հաճելիորեն զարմացրին Գագիկ Բեգլարյանին` հոգևոր «գետնին» վրա։ Գործող քաղաքապետին բանգլադեշցիները նախ` երեք գիրք նվիրեցին, իսկ նրանցից մեկն էլ ծրարով առաջարկություն փոխանցեց` խնդրելով իրենց թաղամասում... նոր գրախանութներ բացել։ Փառք Աստծո, ուրեմն, «ո՛չ միայն հացիւ» են մարդիկ գնում ընտրությունների, ուրեմն, խղճի մտոք ընտրություն անելու բարեբախտությունը վերջնականապես դեռ չենք կորցրել։ Այս մասին առանձնակի շեշտեց նաև Բեգլարյանը` փոքրիկ «Բանգլադեշի» այս հատվածում բնակվող համաքաղաքացիներին ուղղված իր խոսքում։
«Երևան քաղաքի բարի, գեղեցիկ ավանդույթները պետք է կարողանանք վերադարձնել մեր համաքաղաքացիներին։ Այդ ավանդույթներից մեկն էլ այն է, որ երբեք երևանցին հույսը չի դրել հեռու բարեկամի վրա, այլ միշտ հպարտացել է իր մոտիկ հարևանով։ Պետք է կարողանանք այնպիսի բարվոք վիճակի հասցնել Երևանը, որ յուրաքանչյուր երևանցի իրապես հպարտ լինի իր բակով, իր շենքով, իր հարևանով։ Իսկ այն խնդիրները, որոնք այսօր աղետալի վիճակի մեջ են դրել բոլորիս, հավատացեք, որ կլինեն առաջնային լուծում ստացող խնդիրների շարքում։ Զորօրինակ, բնակֆոնդի խնդիրը։ Պիտի վերականգնենք այն, որպեսզի մեր երեխաներին փոխանցենք ժամանակակից մարդու պահանջները բավարարող նորմալ բնակարաններ` իրենց դարը վաղուց ապրած կիսախարխուլ կացարանների փոխարեն։ Իսկ այդ ամենը պետք է սկսել բակից։ Որովհետև 30 տարի շարունակ մենք մեր բակերում ոչինչ չենք արել, բացի դրանք կործանելուց` տարբեր շինություններով ու ավտոտնակներով»։
Համաքաղաքացիների հետ իր ջերմ, պարզ զրույցը Գագիկ Բեգլարյանն ավարտեց նույնքան անպաճույճ, անբռնազբոս շեշտով։
«Ժողովո՛ւրդ ջան,- ասաց,- մայիսի 31-ը մեր ոչ մեկի ընտրությունն էլ չի։ Մայիսի 31-ը Ենոք Ազարյանի ծննդյան օրն է (ես նոր իմացա), ու մեր բոլորիս ծննդյան օրն է։ Մայիսի 31-ը Երևան քաղաքի համար ամենակարևոր օրն է։ Ես, որպես երևանցի, խնդրում եմ բոլորիդ. եկեք այդ օրը գնանք ընտրության ո՛չ թե հանուն այս կամ այն կուսակցության, հանուն քաղաքական գաղափարների, ո՛չ թե հանուն մի քանի պաշտոնի, որ որոշ կուսակցություններ ձգտում են ունենալ քաղաքապետարանում կամ իշխանության այլ կառույցներում։ Եկեք մի՛ անգամ ընտրենք` հանուն Երևանի։ Վստահեք ու պարտավորեցրեք մեզ աշխատել գալիք չորս տարում»։
Հավաքվածներից մեկը տեղնուտեղը վստահեց ու էլի՛ գիրք նվիրեց գալիք չորս տարում «աշխատել-աշխատել-աշխատել» պարտավորությունն ստանձնող Գագիկ Բեգլարյանին։
Խոստովանենք` վատ նշան չէ։ Նյութեղենացած-վաշխառուացած մեր օրերում գիրքը կրկին խորհուրդ է ձեռք բերում։ ՈՒրեմն, կա՛ հույս` հաղթահարելու առուծախի չարչիական հոգեբանությունը։ Իսկ դա արդեն նորմալ ընտրություններ անցկացնելու շատ կարևոր, եթե չասենք` թիվ մեկ երաշխիքն է։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2544

Մեկնաբանություններ