ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արտահերթի հերթական զիգզագը

Արտահերթի հերթական զիգզագը
09.02.2021 | 12:13

Փետրվարի 7-ին «Իմ քայլը» հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպումը հանդիպում էլ կմնար, եթե խմբակցությունը չհայտարարեր, որ «Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:

«Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»։Նիկոլ Փաշինյանը արտահերթի մտադրության մասին հայտնել էր 2020-ի դեկտեմբերի վերջին՝ առանց ժամկետ նշելու, հաստատելով, որ երկրի հետագա քաղաքական առաջնորդության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը։


Ինչո՞վ է հիմնավորում իր «հրաժարիմքը» ՔՊ-ն: «Արտահերթի էջն այս փուլում փակում ենք, քանի որ ընդդիմադիրներն իշխանության առաջարկին չեն համաձայնել»՝ ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Ինչպե՞ս են որոշել, որ հանրությունն էլ չի պահանջում։ «Հիմա եթե ընդդիմությունը չի տեսնում հանրային պահանջ, որպեսզի հիմա գա և այսպես քննարկում ունենա արտահերթ ընտրություն անցկացնելու շուրջ, դա նշանակում է, որ առնվազն նրանք այդ ազդակը չեն ստանում», - ասել է Մակունցը:


«Եթե ժողովուրդն արտահերթ ընտրություններ ցանկանար, դուրս կգար փողոց, մեզ հետ հանդիպումների ժամանակ բազմաթիվ մարդիկ խնդրում են՝ չանցկացնել արտահերթ ընտրություններ»՝ «Ազատությանը» հարցազրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ Հարցին՝ ընտրությունները կազմակերպվում են ընդդիմությա՞ն, թե՞ ժողովրդի համար, , նա պատասխանեց. «Ժողովրդի, բայց քաղաքական գործընթացները՝ այս դեպքում ընտրությունները, պետք է ունենան տրամաբանություն, հակառակ դեպքում մենք անընդհատ կգտնվենք քաղաքական տուրբուլենտության ցիկլերի մեջ»: Իրանի հետ հարաբերությունները փչացրած Հայկ Կոնջորյանը գտնում է, որ ամեն դեպքում իրենք պետք է ունենան որոշակի իմպուլսներ, ու այդ ազդակներից հետո կայացնեն որոշումներ. «Եթե մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը ցանկանար և մեզնից պահանջեր գնալ արտահերթ ընտրությունների, առանց 17 ուժերի էլ կինքնակազմակերպվեին և այդ պահանջը մեզ կներկայացնեին»:


ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը երեկ լրագրողներին ասել է. «Մենք չենք կարող քաղաքական դաշտում բոլորին համոզել, որ գնանք ընտրությունների: Մենք առաջարկն արել ենք, ընդդիմությունը չի արձագանում, ինչ-որ տարբեր, իրարամերժ բաներից է խոսում, և ՀՀ քաղաքացիների հետ բազմաթիվ հանդիպումները նույն բաներն են ցույց տալիս, մարդիկ ասում են՝ մենք ձեզ ընտրել ենք, գնացեք գործ արեք, հետո պարզ կլինի»:
Իրո՞ք: Արտահերթի օրակարգով Նիկոլ Փաշինյանը հանդիպեց խորհրդարանական ընդդիմությանը, ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն մերժեցին նրա օրակարգը` եթե արտահերթ ընտրություններ, առանց Փաշինյանի վարչապետության: Հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած «Հայրենիքի փրկության շարժումն» էլ է մերժում Փաշինյանի ղեկավարությամբ ընտրությունը, բայց վերջին օրերին եղան հայտարարություններ, որ արտահերթին կմասնակցեն, եթե նույնիսկ Փաշինյանը կազմակերպի։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարեց արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։


«Արտահերթ ընտրությունների մտադրությունից հրաժարվելով՝ իշխանությունը հանրությանը մղում է հակասահմանադրական գործընթացների» գտնում է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Հավաքված, կուտակված էներգիան ինչ-որ մի տեղ դուրս է գցելու, և դրա թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է»՝ երեկ ասել է Էդմոն Մարուքյանը: Նա հիշեցրել է Վահան Բադասյանի՝ Փաշինյանից ֆիզիկապես ազատվելու հայտարարությունը, որի համար կալանավորված է. «Ես ծայրահեղ քայլերի Նոստրադամոսը չեմ, որ ասեմ` ով ինչ է անելու, բայց հիմա ունենք Վահան Բադասյանի գործը, չէ՞ որ մարդը կալանավորված է: Այդ ծայրահեղ հայտարարությանն ինչի՞ է գնացել»: «Հիմա իշխանությունը հասկացել է, պապս էր ասում, ընտրություններն անկտրել ձմերուկ են, չգիտես` ինչ կլինի, նաղդ իշխանությունը թողե՞նք, գնա՞նք ընտրության, ու որոշել են չանել ընտրություն», - բացատրել է Մարուքյանը: Նրա կարծիքով՝ Փաշինյանը մտափոխվել է, որովհետև համոզվել է` վերընտրվելու շանս չունի. «Վրաստանի օրինակը կարող եմ բերել, երբ որ Սաակաշվին հրաժարական տվեց և կրկին վերընտրվեց նոր մանդատով: Այս իշխանությունը տեսավ, որ դրա հնարավորությունը չունի»:
«Արտահերթ ընտրությունների օրակարգն ի սկզբանե կեղծ էր»՝ երեկ ասել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Հանրության զգալի գիտակից, մտածող, հայրենասեր, երկրի ապագայով, երկրի ներկայով մտահոգ հատվածը, իսկ նրանք մեծամասնությունն են, օր առաջ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նիկոլ Փաշինյանը չի կարող համաշխարհային պատմության լինել այն եզակի գործիչը, ով հող հանձնելուց, հայրենիք հանձնելուց հետո շարունակի պաշտոնավարել: Դա դեմ է բոլոր քաղաքագիտական, պատմական, բարոյական կանոններին»:


ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքում գրել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններից հրաժարվելու 3 հիմնական պատճառ ունի. «Առաջին՝ վարչապետի աթոռին կառչած անձը հասկացել է, որ ընտրությունների միջոցով վերարտադրվելու շանս չունի՝ դա պարզապես անհնար է։ Երկրորդ՝ նույն անձը հասկացել է, որ այդ ճանապարհով գնալու դեպքում լուրջ խնդիրներ է ունենալու սեփական թիմի հետ, քանի որ խորհրդարանում բախտի բերմամբ հայտնված «ուսապարկերի» մեծ մասը զգացել է մանդատն անվերադարձ կորցնելու վտանգը։ Երրորդ՝ մտածում են՝ Շարժումը մարել է, և մի քիչ էլ հասարակությանը կեղծ օրակարգերով շեղելու դեպքում իրենց արածը կմարսվի, կանցնի, կգնա։ Ուստի որոշել են զոռբայությամբ պահել իրենց իշխանությունը՝ փորձելով այն տարբեր մեթոդներով ամրապնդել: Բայց հենց այստեղ էլ չարաչար սխալվում են, քանի որ պոպուլիստ- դավաճանները կարող են սեփական ժողովրդին խաբել մեկ անգամ, երկրորդը՝ չի ստացվելու»:
Ի՞նչ է ստացվում:


Փաստացի՝ բոլորն էլ կողմ են արտահերթ ընտրությունների, բայց միմյանց նախապայմաններ են դնում: ՔՊ-ն ուզում է հուշագիր ստորագրել ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի հետ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո իրենց թեկնածուին չեն առաջադրի: Երկուսն էլ հրաժարվում են: «Հայրենիքի փրկության շարժումն» էլ է համաձայն, բայց երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ու Վազգեն Մանուկյանը կընտրվի վարչապետ: Եվ միայն Ռոբերտ Քոչարյանն է պատրաստ հենց հիմա գնալ արտահերթ ընտրության՝ մեծ քաղաքականություն վերադարձը ազդարարելով ու «կրելու» մտադրությամբ: Առաջին հայացքից հենց Ռոբերտ Քոչարյանի հայտարարության պատասխանն է ՔՊ-ի հերթական զիգզագը: Իրականում չի բացառվում, որ թե իշխանությունը, թե հեռակառավարվող ընդդիմությունը՝ ԱԺ-ում ու ԱԺ-ից դուրս խաղում են նույն խաղը, որ կոչվում է՝ «Ինչպես Նիկոլ Փաշինյանին պահել ՀՀ վարչապետ»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման հրաշալի խայծ է, որ հասարակության հավաքական միտքը զբաղվի փայլփլուն խաղալիքով ու չպահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը այստեղ ու հիմա: Դե ֆակտո արտահերթ ընտրությունները պետք են պետությանը և ժողովրդին, բայց քաղաքական ուժերը վախենում են ընտրությունների արդյունքներից: Վախենալու ամենաշատ հիմքերն ունի ՔՊ-ն, 2021-ի արտահերթի և 2023-ի հերթականի միջև կա մեծ տարբերություն՝ 2021-ին ՔՊ-ն դեռ շանսեր ունի հայտնվելու ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանում՝ հաշվի առնելով ընտրության հնարավոր մասնակիցներին ժողովրդի վերաբերմունքը, 2023-ին՝ պարտությունը մոռացված չի լինելու, բայց կորոնավարակի պանդեմիայի ու պարտված պատերազմի ստեղծած տնտեսական ճգնաժամի հետևանքով ավելանալու են սոցիալ-տնտեսական դժվարությունները, որոնք անշեղորեն պակասեցնելու են ՔՊ-ի հնարավոր ընտրախավը, և նրանք նույն ու ավելի մեծ հաջողությամբ դառնալու են «նախորդ հանցավոր ռեժիմ»:

Ընդդիմությունը սխալվում է, որ 2021-ի արտահերթ ընտրությունը երկիրը գցելու է տուրբուլենտության մեջ: Իրական տուրբուլենտությունը սկսվելու է հերթական ընտրություններից հետո: Իսկ հիմա արտահերթից հրաժարվելու ՔՊ-ի որոշումը, որ ընդդիմության շանտաժի է նմանվում, կարող է ավարտվել և իսկապես ժողովրդի փողոց դուրս գալով, եթե, իհարկե, արտախորհրդարանական ընդդիմությունը չշարունակի սխալ-սխալի հետևից գործել՝ սկսած միալար Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից մինչև նրա ֆիզիկական գոյության սպառնալիքները: Որևէ պաշտոնյայի հրաժարականի պահանջը ծրագիր չէ, որևէ ընդդիմություն չի կարող կրկնել 2018-ի Նիկոլ Փաշինյանի ֆոկուսը՝ իրավիճակ է փոխվել: Այս իրավիճակում արդեն խաղասեղանին Հայաստանի ճակատագիրն է, հեռակառավարման վահանակները պետք է անջատել ու մտածել պետության մասին, ոչ թե պետպատվերով որոշումներ կայացնել ու բեկանել:

Դիտվել է՝ 10489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ