ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Աշխարհի կարծրատիպերը

Աշխարհի կարծրատիպերը
26.10.2020 | 09:53

Գուցե մեզ համար էլ զարմանալի՝ պատերազմի այս մի ամսում մենք պարզեցինք, որ աշխարհի համար մեր Արցախը «անջատողականների անկլավ է՝ Ադրբեջանի տարածքում»: Տարբեր երկրների լրատվամիջոցներ պարբերաբար անդրադառնալով պատերազմին՝ գերազանցապես օգտագործում են կարծրատիպեր, որ շրջանառության մեջ է դրել Բաքուն, իսկ ճշմարտությանն ու իրականությանը հասնելու համար Արցախի մասին գրողները կամ շատ հեռու են, կամ՝ լավ վճարված, որ պահեն նավթադոլարներով սահմանված կարծրատիպերը:
Լինում են, իհարկե, և այլ պատմություններ:


The New York Post-ը հրապարակել է Հայաստանի երրորդ հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը:
«Ռմբակոծվող եկեղեցին 100 տարվա պատմության ակնթարթային պատումն է, այն պարզում է մի ակնհայտ ճշմարտություն՝ քրիստոնյաների կյանքը նորից վտանգված է, ցեղասպանությունը կրկին պաշարել է «Սև այգին», Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ է հարձակվել Արցախի վրա», - նշված է հոդվածում:
«Կարծում եմ՝ այս պատերազմն արագ լուծում չի ունենա», - գրում է Գարի Կասպարովը «Ազատ Ռուսաստանի ֆորում» հարթակում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ որի թեման է «Հետխորհրդային տարածքի ականապատված դաշտերը»:


Մասնակիցներից շախմատիստ և հասարակական գործիչ Գարի Կասպարովի համոզմամբ, Խորհրդային Միությունը միտումնավոր է ստեղծել ազգային հակամարտությունների առաջացման պայմանները. «Ստալինն այդ տարածաշրջանից էր և լավ գիտեր, որ փոքրիկ ազգային ինքնավարությունները տեսականորեն վտանգավոր են, դրա համար էլ անվերջ փոխում էր Կովկասի քարտեզը, ստեղծում էր լարվածության օջախներ, համոզված լինելով, որ ազգերի միջև խոշոր ընդհարումները բոլշևիկյան իշխանության պաշտպանության լրացուցիչ երաշխիք են: 1988-90-ի Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայերի ջարդերը ստեղծեցին վիճակ, երբ 1915-ի ցեղասպանության կրկնությունը դարձավ միանգամայն տեսանելի, իսկ պնդումը, թե ազերիները և թուրքերը, իբր տարբեր են ժողովուրդներ են՝ իմաստազուրկ դարձավ»: Կասպարովն ասում է, թե «մինսկյան գործընթացի» գաղափարի առանցքն այն էր, որ Ղարաբաղի կարգավիճակը լինի ընդունելի բոլոր կողմերի համար, մինչդեռ, այսօր Ալիևն Էրդողանի օգնությամբ փորձում է ուժով գրավել այդ երկրամասը, եթե թարգմանենք մարդկային լեզվով, կնշանակի առնվազն հայաթափություն, ուստի, վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարացի է ասել, որ սա գոյատևման կռիվ է: «Ես կարծում եմ, այս պատերազմն արագ լուծում չի ունենա, դժվար թե Ալիևը նույնիսկ Էրդողանի օգնությամբ կարողանա գրավել այդ լեռնային շրջանը, ուրեմն կռիվը կշարունակվի, իսկ այնտեղ կա նաև Իրանը, որը շատ մեծ կասկածանքով է հետևում իր հյուսիսային սահմանի մոտ զարգացումներին», - գտնում է Կասպարովը:


«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցներում փորձագետները կարծիք են հայտնում, թե տավուշյան հուլիսյան դեպքերից հետո Մոսկվայի համար այս պատերազմը չէր կարող անակնկալ լիներ, բայց անսպասելի էր ծավալը:


«Կարծում եմ, Կրեմլում շատ անհանգստացած են, և պետք է մտահոգված լինեն ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության, այլ ամբողջ հետխորհրդային տարածքում՝ Բելառուսից Ղրղըզստան, առաջացած լարվածության կապակցությամբ: Իսկ Ղարաբաղի պահով, համոզված եմ, որ Կրեմլում բավական վախեցած են, չգիտեն, թե ինչ անեն, և հիմա կա վտանգ, որ Թուրքիան է կստանձնի վճռորոշ դերը», - ասել է նախագահ Ջորջ Բուշի օրոք պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Քրամերը:


Կալիֆորնիայում հրեաների համար անգլերեն լույս տեսնող Jewish Journal պարբերականը գրում է, որ Լոս Անջելեսում հայերի բողոքի ցույցերի ընթացքում Իսրայելը համեմատվել է նացիստական Գերմանիայի հետ: Երիտասարդ դաշնակցականները հավաքվել են Արևմտյան Լոս Անջելեսում Իսրայելի հյուպատոսարանի մոտ և պաստառներով ու կարգախոսներով դատապարտել են Իսրայելի կողմից զենքի տրամադրումն Ադրբեջանին: Հոդվածի հեղինակը՝ ծագումով Ադրբեջանից, պնդում է, որ հայերը հակասեմիթականներ են, իսկ Ադրբեջանը պայքարում է սեփական տարածքը վերադարձնելու համար:


Business Insider-ը գրում է, թե Էրդողանն ամբողջ տարվա ընթացքում նվաստացնում է Պուտինին: Թուրքիան սատարում է Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է: «Ավելի Պուտին, քան Պուտինը» հոդվածում Միթչ Պրոտերոն նշում է, որ Էրդողանը հենց Պուտինի գործելաոճն է կրկնօրինակում: «Սիրիայում և Լիբիայում Անկարան չի խուսանավել Մոսկվայի հետ հնարավոր լարվածությունից: Հաջողություններն այդ երկրներում Էրդողանին տվել են ուժերը նաև Անդրկովկասում փորձելու առիթ: Մինչդեռ, ռուսներն ազատ չեն, նրանք Ադրբեջանի հետ էլ են բարեկամ: Դե իսկ Էրդողանը Պուտինի պես այն մարդկանցից է, ովքեր թքած ունեն աշխարհի կարծիքի վրա, դրա համար էլ կարողացել է ձախողել 2020-ի համար Պուտինի կազմած բոլոր ծրագրերը», - նշել է հոդվածագիրը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ


Հ.Գ. Միայն այս համառոտ դայջեստը վկայում է, որ տեղեկատվական պատերազմում մենք ընդհանրապես չենք եղել, մենք չենք ներկայացրել մեզ որպես գործոն ու գործիչ միջազգային ասպարեզում: Ու դա տասնամյակներով մեր պետության տեղեկատվական քաղաքականության բացակայության հետևանքն է: Միջազգային հանրության շրջանում հասարակական կարծիքի ստեղծումը չի եղել մեզ համար գերակա խնդիր: Մենք գրել ենք, մենք կարդացել ենք: Իսկ պետությունը չի մտածել, որ իր քաղաքականությունը պետք է ընկալելի լինի աշխարհում, ավելացնի իրեն հասկացողների ու իր բարեկամների թիվը: Ինչպես միշտ՝ հույսներս դրել ենք սփյուռքի վրա: Բայց այսօրվա սփյուռքի պայքարն էլ ուղղորդված չէ, ինքնաբուխ ու չկառավարվող է: Եվ ակնհայտ է, որ ընդգրկում է միայն Եվրոպան ու Ամերիկան, իսկ Ասիա մայրցամաքը, ամբողջ արաբական աշխարհը լուռ է, և դարձյալ Հայաստանից ոչինչ չի արվում արաբների գործոնը խաղի մեջ մտցնելու համար, որ կարող է շատ ավելի ցավոտ լինել Թուրքիայի ու Ադրբեջանի համար՝ հաշվի առնելով, որ Էրդողանը իր հարաբերությունները փչացրել է բոլոր հարևանների հետ:

Դիտվել է՝ 5222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ