ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ղրիմի թյուրքախոս բնակչությանն օգտագործել ռուսական դիրքերի խարխլման համար

Ղրիմի թյուրքախոս բնակչությանն օգտագործել ռուսական դիրքերի խարխլման համար
26.03.2013 | 00:26

Թուրքիայի և Ռուսաստանի դիմակայության ամբողջ պատմության ընթացքում թուրք քաղաքական գործիչներն ու հատուկ ծառայությունները ձգտել են Ղրիմի թյուրքախոս բնակչությանն օգտագործել ռուսական դիրքերի խարխլման համար: ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ էլ էր այդ աշխատանքը կատարվում, թեև այնքան էլ լայն հնարավորություններ չկային դրա համար:
Այդ նպատակով կիրառվում էին քարոզչության տարբեր եղանակներ, որոնք իրականացվում էին ոչ այնքան Թուրքիայի, որքան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու նրանց գործընկերների ջանքերով` ռադիոհաղորդումների և տպագիր նյութերի տարածման միջոցով: Թուրքիայում երկար ժամանակ գործում էին հատուկ կազմակերպություններ` հասարակական ֆոնդերի, հայրենակցական միությունների, ոչ կառավարական այլ կազմակերպությունների տեսքով: Էթնիկ ղրիմցիները կարևոր դեր էին խաղում այդ կազմակերպությունների գործունեության մեջ (հաճախ իբրև Թուրքիայի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչներ)` ներառյալ ոչ միայն ղրիմթաթարական, այլև ուրիշ էթնիկ թյուրքական կազմակերպությունները:
Ղրիմցի թաթարների խնդիրը հրապուրել է ԽՍՀՄ-ում եղած որոշ ազգային քաղաքական շարժումների ակտիվիստներին, այդ թվում` ղարաբաղյան շարժման գործիչներին: 1986-ի սկզբին առաջին շփումները ղարաբաղյան և ղրիմթաթարական շարժումների ներկայացուցիչների միջև տեղի ունեցան Երևանում, Տաշքենդում և Պյատիգորսկում: Առանձնապես կարևոր էր ղրիմցի թաթարների առաջնորդների հետ Տաշքենդում կայացած հանդիպումը: Այդ հանդիպման արդյունքում պարզվեց, որ ղրիմցի թաթարների շարժումը սերտ ու կանոնավոր կապեր ունի Թուրքիայի հետ: Ղրիմցի թաթարների առաջնորդներն առաջարկեցին փորձել «քաղաքական սակարկություն» անել. ապահովել ղարաբաղյան շարժման հանդեպ Թուրքիայի ոչ այնքան ուժեղ հակազդեցություն, փոխարենն ակնկալելով ղրիմցի թաթարների պահանջների պաշտպանություն հայ հասարակության, այդ թվում` սփյուռքի կազմակերպությունների կողմից: Շարունակելով շփումները, պարզվեց, որ ԽՍՀՄ-ում և արտասահմանում Թուրքիայի ներկայացուցիչների հետ առնչությունների իրական հնարավորություններ կան: 1987 թ. հուլիսին և 1988 թ. ապրիլին այդ հանդիպումները կայացան, ինչը, անկասկած, հավաստում է, որ ղրիմցի թաթարների ակտիվիստները Թուրքիայի հետ լուրջ կապեր ունեն: Իսկ 1987-ի հուլիսին Գուդաուտայում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի ներկայացուցիչը հաստատեց, որ պատրաստ է բանակցություններ վարելու հայկական հասարակական խմբերի հետ համագործակցության հարցի շուրջ: 1988-ի հունիսի սկզբին հենց ղրիմթաթարական շարժման ակտիվիստի միջնորդությամբ Թուրքիայի կողմից առաջարկություն ստացվեց` ղարաբաղյան շարժման ընթացքում անմիջականորեն հակաթուրք կարգախոսներ չտարածել, ինչը և հարգվեց: Պետք է նշել, որ ղրիմթաթարական շարժմանը հաջողվել էր իր մարդկանց ներդնել ՈՒզբեկստանի և ՈՒկրաինայի պետանվտանգության մարմիններում: Օրինակ, ՈՒզբեկստանի ՊԱԿ-ի նախագահ գեներալ Մելքումովը հայկական շրջանակներում պատմել էր, որ 80-ականներին ոչ մի կասկած չէր մնացել, որ ղրիմթաթարական շարժումն ու Ֆերգանայում մսխեթցի թուրքերի խնդրի հետ կապված հուզումները Թուրքիայի ձեռքի գործն են:
Չեչնիայի խնդրի կապակցությամբ քաղաքական գրականության մեջ երբեք չի նշվել ղրիմցի թաթարների դերն այն ծառայություններում, որ չեչեն ապստամբներն ստանում էին Թուրքիայից, նախ և առաջ զինամթերքի, հատուկ սպառազինության մատակարարման և օպերատիվ տեղեկությունների տրամադրման հարցերում: Սովորաբար նշվում են այդ զինամատակարարումների ամենատարբեր երթուղիներ, բայց ոչ երբեք Ղրիմով անցնող երթուղիները, թեև դրանք առավել կարևորներն էին: Ղրիմցի թաթարների ներկայացուցիչների և Չեչնիայի առաջնորդ Դուդաևի միջև 1995-ի հունվարին Վեդենոյում կայացված որոշման համաձայն, ղրիմցի թաթարները կենդանի ուժով չէին մասնակցում չեչենական հակամարտությանը, քանի որ «ղրիմցի թաթարների արյունը շատ թանկ է» և պետք չէ վտանգել նրանց գենոֆոնդը:
Բայց ղրիմցի թաթարների ղեկավարներն էլ Ղուրանի վրա երդվեցին, որ իրենք ակտիվորեն կմասնակցեն զինամթերքի ու հատուկ սպառազինության, ինչպես նաև տարբեր երկրներից ու տարածաշրջաններից գրոհայինների փոխադրումների կազմակերպմանը: Հարկ է նշել, որ Թուրքիան և Չեչնիայի ղեկավարությունը խնդրի կարևորության գիտակցմամբ բավական շռայլորեն վճարել են զինամթերքի առաքման գործում ղրիմցիների ծառայությունների դիմաց:
1997 և 1999 թթ. մասնակցելով «Ստամբուլյան կլոր սեղան» թուրքական քաղաքագիտական կազմակերպության աշխատանքներին, տողերիս հեղինակը նիստերի ընթացքում ելույթներ ունեցած թուրք նշանավոր քաղաքագետների մտքերից այն եզրակացությանը հանգեց, որ Թուրքիան կարծում է, որ Չեչնիայի իրադարձություններին ղրիմցի թաթարների մասնակցությունը նպատակահարմար չէ, քանի որ նրանք հիմա ստիպված են մեծ միջոցներ ծախսել և ջանքեր գործադրել Ղրիմի հողերում ամրանալու նպատակով: Այդ համայնքն ուղղակի ի վիճակի չէ աջակցելու չեչեններին: Բայց, ինչպես կարելի էր համոզվել, ղրիմցի թաթարները Չեչնիայի հարցում թուրքական հատուկ ծառայությունների առաջադրած խնդիրները կատարել էին առավելագույնս: Պետք է նաև նշել, որ Չեչնիայում մարտական գործողություններն սկսվելուց հետո արդեն, ինչպես նաև պատերազմի հետագա փուլերում չեչենների ներկայացուցիչների կարելի էր տեսնել Ղրիմում` ղրիմչաղների մոտ: 1998 թ., երբ որոշ չեչեն առաջնորդներ, ի հաճույս Ադրբեջանի, սկսել էին հակահայ բնույթի շատ ագրեսիվ հայտարարություններ անել, նրանց ներկայացուցիչների ու հայկական քաղաքական կազմակերպությունների միջև կազմակերպվեց հանդիպում` իրավիճակը և դրդապատճառները պարզելու նկատառումով, որը նախաձեռնել էին ուկրաինական աջ ազգայնական կազմակերպությունները` մասնակցությամբ ղրիմցի թաթարների առաջնորդների: Տվյալ դեպքում, Թուրքիայի քաղաքականությունը, որը ղրիմցի թաթարներին համարում էր ապագա ծրագրերի կարևոր և «անձեռնմխելի ռեզերվ», անկասկած, խելամիտ էր ու լավ կշռադատված: Միաժամանակ, Վրաստանի ազգային անվտանգության նախարարության Ախալցխայի աշխատակիցների տվյալներով, 1995-1998 թթ. Չեչնիայում գտնված թուրքական բանակի հրահանգիչ սպաների խումբն էթնիկ չեչենների և ղրիմցի թաթարների զորախմբի մաս էր կազմում: Ազգային անվտանգության` Օդեսայի մարզի աշխատակիցների տեղեկություններով, ղրիմցի թաթարները կազմակերպել էին նաև Մոլդովայից և Ռումինիայից զենքի ձեռքբերումն ու առաքումը Չեչնիա: ՈՒկրաինայի ազգային անվտանգության նույն աշխատակիցների տվյալներով, նույնպիսի խնդիրներ են իրականացրել ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի ներկայացուցիչները: Տպավորություն է ստեղծվում, որ, չնայած ըստ պայմանավորվածության Չեչնիային ցուցաբերած օգնությանը, ղրիմչաղները չեն ձգտել ներգրավված լինել իրենց շահերին խորթ հակամարտությունների մեջ: Դրա հետ մեկտեղ, տեղեկությունների համաձայն, Ղրիմում ձևավորվել են չեչենական հարցով շահագրգիռ երկու «կուսակցություն» և երկու դիրքորոշում, երբ, ի տարբերություն ճանաչված առաջնորդների, ղրիմցի թաթարների մի մասը կարծում էր, որ չեչենական իրադարձություններին մասնակցությունը կբարձրացնի իրենց հեղինակությունը և կմեծացնի իրենց դերը իսլամական աշխարհում: Այս հայացքներին էին հետևում արմատական իսլամական խմբերի կողմնակիցներն ու ջատագովները, որոնք Ղրիմում նախաձեռնել էին տարատեսակ սաուդյան և քուվեյթյան հիմնադրամներ: Առաջատար դեր էր խաղում և հիմա էլ խաղում է «Մահմեդական եղբայրների» ճյուղավորում հանդիսացող «Հըզբ-Ալ-Թահրիրը»:
Ղրիմում սալաֆական տիպի իսլամական կազմակերպությունների ուժեղացման հարցում Թուրքիան չափավոր դիրք է գրավում, ձգտելով անմիջականորեն պայքարել նրանց ազդեցության դեմ, բայց, զուգահեռաբար, Անկարան ուզում է լուծել կրոնական գաղափարախոսության հարցը, ջանալով Ղրիմի պարագլուխներին ներքաշել հայտնի ու հեղինակավոր սուննիական «Կադիրիա» և «Նաքշբանդիա» տարիկատների (միաբանությունների) մեջ, որոնց անդամակցում է Թուրքիայի, ըստ էության, ամբողջ քաղաքական վերնախավը` նախագահները, վարչապետները և գեներալները: Ներկայումս, փաստորեն, ղրիմթաթարական խմբերի ու կազմակերպությունների բոլոր ղեկավարները «Նաքշբանդիա» տարիկատի անդամներ են: Սա Անկարայի կողմից այդ տեղական վերնախավի վերահսկողության շատ հուսալի եղանակ է: 2001 թ. «Նաքշբանդիա» տարիկատի ղեկավարների` թուրքական Կոնիա քաղաքում տեղի ունեցած ընդլայնված ժողովին մասնակցում էր նաև Ղրիմի ներկայացուցիչը: Այդ ժողովը նվիրված էր Ղրիմի և այլ երկրների թատրոններին բարեգործական օգնություն կազմակերպելու հարցերին: 2005 թ. այդ տարիկատի համանման ժողով տեղի ունեցավ Ստամբուլի Ֆանարի կոչվող շրջանում, որտեղ որոշում ընդունվեց Ղրիմին օգնություն ցուցաբերելու համար բարեգործական նոր կառույց ստեղծելու մասին:
1992 թ. Թուրքիայի արտգործնախարարությանն առընթեր ստեղծվեց «Թյուրքախոս պետությունների հետ միջազգային համագործակցության գործակալություն», որի նպատակն էր համակարգել թյուրքական տարբեր հասարակական և քաղաքական կազմակերպությունների գործունեությունը, ակտիվացնել Թուրքիայի շփումներն ԱՊՀ-ի և Արևելյան Եվրոպայի թյուրքախոս երկրների հետ` տնտեսության, մշակույթի և կրթության ոլորտում: Հետագայում Թուրքիայի արտգործնախարարությունը կարծես հրաժարվեց արտաքին, այդ թվում` տարածաշրջանային քաղաքականության խնդիրներին վերաբերող առանձին ղեկավար փաստաթղթերի մշակումից։ 2005-ի աշնանը Թուրքիայի անվտանգության խորհուրդն ընդունեց ազգային անվտանգության նոր հայեցակարգ` «Ազգային անվտանգության քաղաքական փաստաթուղթ»: Այդ փաստաթղթի առանցքային արժեքը տարածաշրջանային քաղաքականության հստակ ու առարկայական արտացոլումն է, տարածաշրջանային առումով արտքաղաքական գործունեության գերակայությունները և ուղղությունները: Ղրիմթաթարական թեման այստեղ նշված չէ որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնային խնդիր: Փաստաթղթում թուրքական քաղաքականության մեջ առաջին անգամ Ղրիմը դիտվում է որպես ազգային կամ ազգային-քաղաքական թեմա` աշխարհաքաղաքական բարդ խնդրի շրջանակներում: Փաստաթղթում ընդունվում է, որ Թուրքիայի խնդիրն է համակողմանիորեն աջակցել ղրիմթաթարական (թուրքական) ժողովրդին` ազգային պետականության ստեղծման պահանջի իրականացման գործում: Այս կապակցությամբ, Թուրքիան պետք է բոլոր ջանքերը գործադրի միջազգային ասպարեզում ղրիմթաթարական հարցի բարձրացման համար` որպես բռնությունների ու խտրականության ենթարկված ժողովրդի իրավաչափ պահանջների պաշտպանության խնդրի:
Թուրքիան կիրառում է գործունեության իրավական ձևեր` հայրենադարձության շարունակման, Ղրիմում ղրիմթաթարական ժողովրդի օջախների ու համայնքների ամրապնդման համար, նպատակ ունենալով Ղրիմը դարձնել ամբողջ ղրիմթաթարական ժողովրդի հայրենիք: Ենթադրվում է առաջին տասնամյակում Ղրիմում ստեղծել ղրիմչաղների ինքնավարություն, ընդ որում, այն պետք է ընդգրկի ոչ միայն այդ ազգության բնակության կղզյակները, այլև ամբողջ Ղրիմի տարածքը, ուր իշխանության մարմինները ձևավորվեին սահմանադրության շրջանակներում, հաստատված լինեին ղրիմցի թաթարների իրավունքները իբրև այդ տարածաշրջանի միակ տեղաբնիկների: Անհրաժեշտ է հասնել այն բանին, որ ընդունվեն որոշակի միջազգային որոշումներ, որոնք երաշխիքներ սահմանեին ղրիմթաթարական պետականության համար` ի դեմս առաջատար տերությունների ու միջազգային կազմակերպությունների, որոնց կազմում կլիներ նաև Թուրքիան: Ընդ որում, այդ պետական կազմավորման սահմանադրությունը պետք է առանձնահատուկ կապեր ու հարաբերություններ նախատեսեր Թուրքիայի հետ, ինչպես նաև ղրիմցի թաթարների անարգել վերադարձ պատմական հայրենիք: Լրատվամիջոցների հաղորդման համաձայն, Թուրքիան ձեռնամուխ է եղել Ղրիմում լայն ներդրումների ընդարձակ ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ կարող է հսկողություն սահմանվել Ղրիմի ամբողջ տնտեսության նկատմամբ: ՈՒ թեև թուրքական ֆիրմաներն իրենց այնքան էլ հուսալի գործընկեր չեն դրսևորել զբոսաշրջության զարգացման 20 մլրդ դոլարանոց ծրագրի իրականացման գործում, սակայն անգամ այս պարագայում ոչինչ չի կարող խանգարել թուրք ձեռնարկատերերին, եթե դրանում շահագրգռված է Անկարան:
Բացի զբոսաշրջության զարգացումից, ծրագիրը նախատեսում է նաև գյուղմթերքների վերամշակման, ինչպես նաև սպասարկման և առևտրի ոչ մեծ համալիրների ստեղծում: ՈՒ եթե նկատի ունենանք, որ Ղրիմի և ՈՒկրաինայի վարչակազմերը տեղը տեղին կոռումպացված են, ապա տարածաշրջանում Թուրքիայի չափազանց մեծ ազդեցության հաստատումը միանգամայն իրագործելի է: Առայժմ ոչ մի այլ պետություն խոշոր ներդրումներ չի առաջարկել այդ տարածաշրջանին, որոշ վերլուծաբաններ էլ կասկածի տակ են դնում այստեղ զբոսաշրջության շահավետությունը, քանի դեռ Թուրքիայի զբոսաշրջության ռեսուրսները սպառված չեն: Բայց, երևի, Թուրքիայի հաշվարկներով, բացի քաղաքականից, առարկայական է նաև տնտեսական նպատակահարմարությունը: Մանավանդ որ, տնտեսական տևական ճգնաժամից հետո, Թուրքիան դեռևս բավականաչափ ներդրումային հնարավորություններ և կապիտալի կիրառման շուկաների ու նպաստավոր գոտիների կարիք ունի: Կասկած չկա, որ կառավարող «Արդարություն...» կուսակցությունը մյուս կուսակցություններից ավելի է պատրաստ քաղաքականացնելու տնտեսական նախագծերը, ինչպես էներգամատակարարման նախագծերի իրականացման գործում է տեղի ունենում։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ