ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչպիսի՞ որակներ են պետք քաղաքականությամբ զբաղվելու համար

Ինչպիսի՞ որակներ են պետք քաղաքականությամբ զբաղվելու համար
17.08.2023 | 06:57

Ես կասեմ իմ կարծիքը, որի հետ, իհարկե, շատերը չեն համաձայնի: Ամեն դեպքում, վատ չէր լինի որոշակի հստակություն մտցնել այս հարցում:

Հակառակ իրականության, որ ունենք՝ քաղաքականությունը շատ բարդ գործ է, հավանաբար ամենաբարդը բոլոր մարդկային զբաղմունքներից: Քաղաքական գործիչը, գոնե դասական չափանիշներով, պետք է տիրապետի մի շարք դիսցիպլինների: Նա պետք է բավականին լավ իմանա պատմությունը՝ իր ժողովրդի և մյուս երկրների պատմությունը, պետք է տեղյակ լինի առանցքային պատմական իրադարձություններին, տարեթվերին, դեմքերին ու դեպքերին, պատերազմներին, դաշինքներին, խաղաղության պայմանագրերին: Պետք է փայլուն աշխարհագրություն իմանա: Պետք է ծանոթ լինի միջազգային իրավունքին, դրա հիմնական դրույթներին և զարգացման պատմությանը: Պետք է բավականին լուրջ գիտելիքներ ունենա տնտեսության վերաբերյալ, դրա տարբեր հնարավոր մոդելների վերաբերյալ: Պետք է գլուխ հանի հոգեբանությունից, վիճակագրությունից, գիտության ու տեխնիկայի ժամանակակից ուղղություններից, ռազմական արվեստից, էկոլոգիայից և այլն: Պետք է ծանոթ լինի տարբեր ազգերի մշակույթին, քանի որ, էսպես թե էնպես, ստիպված է կողմնորոշվել միջազգային հարաբերություններում: Բաց աստի՝ նա պետք է որոշակի փիլիսոփայական բագաժ ունենա, հասկանա, թե ինչ ասել է դիալեկտիկա, պատմական ընթացք, զարգացում, հակասությունների բախում և սինթեզ, տեղյակ լինի Պլատոնից, Արիստոտելից, Հեգելից, Ֆիխտեից, Մարքսից, Լենինից ու մի շարք այլ մտածողներից, որոնց երկերը նշանակալի ազդեցություն են թողել մարդկության պատմության վրա:

Նա պետք է նաև որոշակի զուտ անձնական որակների տիրապետի: Լինի միշտ սթափ, կազմակերպված, աշխատասեր, ունենա հռետորական տաղանդ, կարողանա բանավիճել, ինչը, թերևս, ամենադժվարն է, որովհետև պահանջում է ակնթարթային ռեակցիա տալ ընդդիմախոսի ամենաանսպասելի առարկություններին: Պետք է անձնական խարիզմայով օժտված լինի ու չխեղճանա հրապարակային ելույթների ժամանակ: Պետք է, պետք է, պետք է… Բայց նման գիտելիքներն ու հմտությունները մի օրում ձեռք չեն բերվում: Երբ, որպես թեկնածու, դեմ են տալիս ինչ-որ քսանյոթ տարեկան երիտասարդի, կարդում ես կենսագրությունը ու տեսնում, որ համալսարանն ավարտելուն պես ամուսնացել ու երեխաներ է ունեցել, ես դա համարում եմ ծաղր, որովհետև հազիվ թե նա ժամանակ է ունեցել աշխատելու իր վրա և զարգացնելու վերոթվարկյալի գոնե չնչին մասը: Իսկական թեկնածուն առնվազն երեսունհինգ տարեկան պիտի լինի, դա ամենացածր շեմն է՝ բացառիկ օժտված մարդկանց համար: Միով բանիվ, քաղաքական գործչի հայտ ներկայացնողը պետք է լինի իր մասնագիտական ոլորտում և կյանքում կայացած մեկը, ով նաև վիթխարի ջանքեր է դրել ինքնակրթության մեջ: Զարմանալի չի, որ Բենեդիկտ Սպինոզան իր քաղաքական տրակտատներում պահանջ էր առաջադրում, որ այդպիսի թեկնածուն լինի առնվազն հիսուն տարեկան, բոլորի կողմից խոստովանված, փորձված, պարկեշտ, հեղինակություն ունեցող և այլն: Անձամբ ես, առանց քաշվելու, կասեմ, որ պահանջվող գիտելիքների ու հմտությունների տասը տոկոսը հազիվ էլ ունենամ:

Սակայն էս բոլորը միայն անհրաժեշտ պայմանն է ու բնավ ոչ բավարարը: Ես, իհարկե, հարգում եմ էն մարդկանց, որ ազնիվ մտադրություններով մտնում են քաղաքականություն, մտածելով՝ եթե ես չանեմ, բա էլ ո՞վ կանի: Ու, ռուսների ասած՝ лиха беда начало!-մինչև ջուրը չգցվես, լողալ չես սովորի, ինչ-որ տեղից պետք է սկսել: Սրանում շատ առողջ տրամաբանություն կա, զինվորը մարտի դաշտում է զինվոր դառնում: Բայց ինչ-որ բան անելուց առաջ պիտի նպատակդ գոնե ճշտես: Ասենք, ընդդիմադիր գործիչներն անցան պառլամենտ: Ե՞տքը: Եթե նրանք փոքրամասնություն են, միևնույնն է՝ ոչ մի օրենք ի վիճակի չեն լինելու անցկացնել: Հակառակը՝ իրենց ներկայությամբ լեգիտիմացնելու են իշխող ուժին: Նույնիսկ եթե ենթադրենք, որ ինչ-որ հրաշքով մեծամասնություն կդառնան՝ չէ՞ որ իրենց գործը միայն օրենքներ գրելն է: Իսկ ո՞վ ասաց, թե օրենք գրելով է երկիրը խելքի բերվում: Իսկ ո՞վ ասաց, թե օրենքներն առհասարակ գործում են:

Բայց դա էլ մի կողմ՝ ամենալուրջ հարցերը հետո են սկսվում: Այսօր ողջ աշխարհը խորը քաղաքական ու արժեքային ճգնաժամի մեջ է, և այդ ճգնաժամի պատճառը հենց ազգային պետության մոդելի քայքայումն է: Միամիտ պատկերացումներն այն մասին, որ մենք կարող ենք էդ բոլորից «յան տալ» ու մենք մեզանով զարգանալ, դրանք ընդամենը մեր պատանեկան երազախաբությունն են: Սերժ Սարգսյանին հայհոյելը դեռևս քաղաքական ծրագիր չէ: Ազգային պետության ու սուվերենության հետ կապված քաղաքական մոդելներն իրականում ծանրաշարժ բրածոներ են այն աշխարհում, որում շատ բան որոշում են մեծ տրանսնացիոնալ կորպորացիաները: Այդ կորպորացիաները հաշվի չեն նստում լոկալ օրենքների հետ, ավելին՝ իրենք են օրենքներ թելադրում և ամբողջ քաղաքականություններ: Իսկ մեր գիտունիկները նույնիսկ չեն կարողանում ճիշտ վերլուծել, թե ինչու ենք հայտնվել այս ճահճում: Նժդեհ կարդալու և տափակ ցիտատներ անելու փոխարեն լավ կլիներ այսօրվա ամերիկյան հեղինակներին ուսումնասիրել, որոնք շատ բան են ասում, իհարկե՝ ոչ առանց կողմնակալության:

Այսօրվա աշխարհը մի մեծ ցանց է, որում բոլոր պրոցեսները ազդում են իրար վրա: Դրա մաթեմատիկական մոդելը կլիներ մատրիցային դիֆերենցիալ հավասարումների մի գերբարդ համակարգ, որը ոչ ոք ի զորու չէ մշակել: Եվ նույնիսկ, եթե ինչ-որ կերպ դա հաջողվեր, միշտ մնում է մարդկային պատահականության գործոնը, human factor-ը: Նրանք, որ Մայդան էին հրահրում, հազիվ թե նախատեսել էին, որ Ղրիմը պիտի միանա Ռուսաստանին: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ բարձրաստիճան պաշտոնյան կարող է պրոֆեսիոնալ խորհրդականների շտատ պահել ու նրանց օգնությամբ որոշում կայացնել, նա չարաչար սխալվում է: Իրար գլխի բերեք Հայաստանի լավագույն տասը տնտեսագետներին, և նրանք կսկսեն իրարամերժ խորհուրդներ տալ ու մի ժամում կկռվեն: Որովհետև նրանք գործ ունեն դասական, ավանդական կատեգորիաների հետ, իսկ մեր այսօրվա իրականությունն անհամեմատ ավելի բարդ է: Հասարակ հարց՝ ֆուտբոլը սպո՞րտ է, բիզնե՞ս, թե՞ քաղաքականություն: Հաստատ մտքերով ընկաք… Երևի նույնիսկ հիշեցիք «ֆուտբոլային դիվանագիտությունը»: Եթե նույնիսկ ֆինանսական էլիտաները, որոնց իրավացիորեն աշխարհի տերեր են անվանում, եթե նույնիսկ նրանք չեն կարողանում, պրոֆեսիոնալ վերլուծաբանների իրենց հզոր թիմով, ամեն ինչ կանխատեսել, ապա մեր մասին ի՞նչ ասենք:

Ստացվում է, որ քաղաքականություն մտնողը պիտի իր կողմնացույցն ունենա համաշխարհային այս քաոսի մեջ: Պետք է օժտված լինի աներևակայելի հզոր ինտուիցիայով, անասելի մեծ էրուդիցիայով ու աշխատունակությամբ: Քաղաքականությունն այսօր, առավել քան երբևէ, արվեստ է: Դա ո՛չ ինտրիգանի տեղն է, ո՛չ չոր պրագմատիկի, ո՛չ հայրենասիրությունից տոչորվող ցնորաբանի, այլ մի մարդու, որ կարողանում է սինթեզել գիտելիքը, չարչարանքն ու ստեղծագործական պայծառացումները: Քաղաքականությունը տարերք է. դրա ալիքի վրա գտնվելու, իրական քաղաքական կրքերի բովում գտնվելու համար չափազանց շատ բան է պետք: Մենք հիմնականում զբաղված ենք լոկալ մասշտաբի փսևդո-քաղաքական մայմունությամբ:

Գրիգոր Սարգսյան

Դիտվել է՝ 1893

Մեկնաբանություններ