ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ամեն բան վերջ ունի, այդ թվում՝ ցանկացած միաբևեռ իշխանություն

Ամեն բան վերջ ունի, այդ թվում՝ ցանկացած միաբևեռ իշխանություն
20.07.2023 | 08:17

Փողի իշխանությունը և լիբերալիզմը, ձեռք-ձեռքի տված, կառավարել են աշխարհը վերջին մի քանի հարյուրամյակներում, բայց ամեն բան վերջ ունի, այդ թվում նաև՝ ցանկացած միաբևեռ իշխանություն, ինչպիսին էր և է փողի ու լիբերալիզմի սիմբիոզը։

Ըստ որում, ցանկացած միաբևեռ բնույթի իշխանություն կամ ամենասովորական զգալի առավելություն ուրիշների նկատմամբ ինքն է դառնում իր անկման պատճառը, քանի որ ուրիշներին արդեն հաղթել է և այդ պատճառով այլևս մրցակից չունի ու մրցակցության կարիք էլ չունի։

Իսկ որտեղ կա մրցակցություն, այնտեղ կա առաջընթաց և հակառակը՝ չկա մրցակցություն, կա հետընթաց։

Նման պայմաններում, երբ հաղթել ես նաև քո հիմնական թշնամուն՝ Խորհրդային Միությանը, փողի և լիբերալիզմի սիմբիոզը անցնում է իր հաղթարշավի և հարստության կուտակման հաջորդ քայլերին, այն է՝ ամբողջ աշխարհի էժան աշխատուժը օգտագործելուն։

Բայց ուրիշների էժան աշխատուժը շահագործելու համար պետք է կատարել նաև նվազագույն անհրաժեշտ քայլեր, որոնք են տեխնոլոգիաների ու արտադրական հզորությունների փոխանցումը և լոկալ կրթական համակարգերի համապատասխանեցումը արտադրության պահանջներին։

Եվ այս ամենը տեղի է ունենում միակ բևեռի ռազմական հովանու ներքո և առաջատար կորպորացիաների մրցակցության պայմաններում։

Այս ամենը շահագործման ենթակա երկրներում բերում է որակական փոփոխությունների՝ կյանքի որակի բարձրացման տեսքով և լոկալ ուժերի, հզորության և հարստության աճի տեսքերով։

Վերջիններս բնականորեն բերում են ինքնագիտակցության աճի և ինքնուրույն կյանքի ձգտման։

Դրանից բացի, նույն հարստանալու տենչը բերում է նրան, որ բևեռի ռազմական հզոր արդյունաբերությունը սեփականաշնորհման արդյունքում վերածվում է փողի աղբյուրի, քանի որ թվում է, որ այդ հզորության կարիքը այլևս չկա։

Դրան զուգահեռ, աշխարհում առաջանում են նորանկախ հզորություններ ու գաղափարախոսություններ, և պարզվում է, որ լիբերալիզմից բացի հնարավոր են նաև այլ հոգեբանությունների և մտածելակերպերի վրա հիմնված աշխարհընկալումներ, որոնք լուրջ վտանգ են աշխարհի նախկին տերերի համար։

Եվ այսպես մենք հասել ենք այսօրվա վիճակին, որն ունի բախումային ահռելի պոտենցիալ, և որից կա երկու ճանապարհ՝ կա՛մ անցում դեպի հավասարակշիռ վիճակ՝ հաշտվելով կորուստների հետ ու վայելելով ձեռքբերումները, կա՛մ էլ գնալ գլոբալ աղետների ու ավերածությունների ճանապարհով։

Միակ հույսը այն է, որ կհաղթի կյանքի հարատևման ձգտումը, որը կբերի ուժային, թեկուզ և ժամանակավոր, բալանսի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1969

Մեկնաբանություններ