ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ

Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ
25.04.2024 | 15:11

Դեռևս անցած տարվա հոկտեմբերին Բաքուն ՀՀ ՏԿԵ փոխնախարարներից մեկի շուրթերով հայտարարեց Հայաստան բնական գազ արտահանելու հեռանկարի մասին:

Արդեն այսօր Ալիևը անձամբ է խոսում դրա մասին, ինչը փաստացի նշանակում է, որ Բաքվի մոտ հայաստանյան ուղղությամբ ամեն ինչ շատ լավ է ընթանում: Հայաստանի գաղութականացման ծրագրի երկրորդ փուլն ավարտին է մոտենում՝ արդեն նաև տնտեսական էքսպանսիայի տեսքով: Հաջորդ փուլերը ևս ուրվագծվում են: Դրանք առնվազն երկուս են՝ Սյունիք և Սևան:

Այժմ Ադրբեջանից գազի ներկրման տեխնիկական ու տնտեսական հարցերի շուրջ: Դեռևս սահմանափակվեմ մի քանի դիտարկմամբ:

1. Առանցքային խնդիրը լոգիստիկան է: Ո՞ր երթւղով է Բաքուն պատրաստվում Հայաստան գազ արտահանել: Տարբերակներն այս պահին երկուսն են.

ա) Վրաստանի տարածքով՝ գործող Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազամուղին միանալով,

բ) խորհրդային տարիներին գործող Ղազախ-Երևան գազամուղի վերականգման միջոցով:

Առաջին տարբերակը հավանական է թվում՝ հաշվի առնելով 2022-ին այդ ճանապարհով գազի ներկրման փորձը, երբ վերանորոգման նպատակներով դադարեցվել էր Հյուսիսային գազամուղի շահագործումը: Երկրորդը ենթադրում է լուրջ ենթակառուցվածքային լուծումներ, որոնք դժվար թե այս պահին Հայաստանը կկարողանա ապահովել:

2. Անկախ լոգիստիկայից, Հայաստանի ամբողջ գազատրանսպորտային համակարգը պատկանում է ռուսական «Գազպրոմին»: Ուստի, Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու: Այս խնդիրը լուծելու համար Երևանը պետք է նախ խզի 2013-ի «գազային համաձայնագրերը»՝ հայտնվելով միջազգային արբիտրաժային գործընթացի ծանր բեռի տակ, որը դժվար թե կարողանա թոթափել: Միաժամանակ, Երևանը պետք է պատրաստ լինի գնել ամբող համակարգը, ինչի համար չունի անհրաժեշտ միջոցներ: Սակայն, ընդհանուր առմամբ, սրանք տեխնիկական հարցեր են, և պետք չէ բացառել, որ Մոսկվան ու Բաքուն կարող են գալ ընդհանուր հայտարարի:

3. Գազ մատակարարելով Հայաստան՝ Բաքուն դառնում է մեր էներգետիկ ու, հետևաբար, տնտեսական անվտանգության առանցքային ակտորներից մեկը: Ավելին, դա թույլ է տալու Ապշերոնի սուլթանին առաջիկայում հստակեցնել Մեծամորի ԱԷԿ-ի փակման պահանջը: Հատկանշական է, որ գազի մատակարարման մասին հայտարարության մեջ խոսք գնաց նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև էլեկտրաէներգետիկ ցանցի ձևավորման մասին: Այս սցենարի իրականացման պարագայում Ադրբեջանը էժան գազ ու էլեկտրաէներգիա կարտահանի Հայաստան՝ լեգիտիմացնելեվ ԱԷԿ-ի կոնսերվացման պահանջը: 2018-ից ի վեր Հայասատանում իրականացվող հակամիջուկային քաղաքականությունը ուղղված է հենց դրան:

4. Դիվերսիֆիկացիան ու ադրբեջանականացումը համարժեք չեն: Ռուսական ազդեցության տակից Հայաստանը դուրս բերելու փորձերի ներքո մեզ դարձնելու են դե-ֆակտո թուրք-ադրբեջանական գաղութ՝ առանց պատմության ու ինքնության, առանց արդյունաբերության ու արտաքին անվտանգային ու տնտեսական շահերի: Գազի մատակարարումն ընդամենը առաջին քայլերից է լինելու:

5. Մի փոքր, բայց կարևոր շտկում: Ալիևը զուգահեռ է անցկացնում Վրաստանի հետ՝ ասելով, որ Ադրբեջանը ապահովում է Վրաստանի գազի պահանջարկի 100%-ը:

Տնտեսական միֆերին հավատացողների համար նշեմ, որ 2024 թ. հունվար-փետրվար ամիսներին Վրաստանը նույնքան գազ է ներկրել Ռուսաստանից, որքան՝ Ադրբեջանից:

Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 2965

Մեկնաբանություններ