Քննարկման ժամանակ ես պնդել եմ իմ տեսակետը և պատգամավորներ են եղել նույն կարծիքի, բայց խմբակցությունը, վարչությունը քննարկումից հետո նման որոշում է կայացրել, իսկ ո՞վ ասեց, որ մենք հրաժարվում ենք այդ տրամաբանությունից, բայց մենք չենք կարող քաղաքական դաշտում բոլորին համոզել, որ գնանք ընտրությունների. լրագրողների հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանը, որ հրաժարվում են, արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումից:
«Մենք առաջարկն արել ենք, ընդդիմությունը չի արձագանում, ինչ-որ տարբեր, իրարամերժ բաներից է խոսում, և ՀՀ քաղաքացիների հետ բազմաթիվ հանդիպումները նույն բաներն են ցույց տալիս, մարդիկ ասում են՝ մենք ձեզ ընտրել ենք, գնացեք գործ արեք, հետո պարզ կլինի»,- ավելացրեց նա: Հարցին՝ այս իրավիճակում ընդդիմությանը մնում է միայն մեկ ճանապարհ՝ փողոցային պայքար, իսկ Մարուքյանը ասել է, որ որոշումը կարող է բերել հակասահմանադրական իրավիճակի և լինեն անցանկալի գործողություններ, Սիմոնյանը պատասխանեց. «Իշխանությունը պատերազմում պարտվելուց հետո առաջարկ արեց, մի քանի անգամ ամբիոնից ասեցինք՝ եկեք որոշենք, որ թեկնածու չի առաջադրվում, գնում են ընտրությունների, ժամկետներ որոշենք, իրենք իրենց փողոցային պայքարը դադարեցրե՞լ են, պետք չի ինչ-որ բաներ, որն իրականությանը չի համապատասխանում, գցել իշխանության օրակարգ: Իրենք չեն ուզում գնալ ընտրությունների, որովհետև գիտեն, որ լավագույն դեպքում նույն պատկերն է լինելու, իսկ վատագույն դեպքում, չեմ բացառում, որ այդ կուսակցություններից առնվազն մեկը հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանում կարող է չհայտնվել: Հիմա ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիր գործիչներին համոզենք, խնդրենք, որ իրենք ընտրությունների համաձայնվե՞ն»:
Նրա խոսքով՝ կարևոր է քաղաքացիների կարծիքը արտահերթ ընտրությունների վերաբերյալ, բայց նման պահանջ չի տեսնում. «Իշխանությունը առաջարկը արել է, հետո գնացել ժողովրդի հետ շփվել է, մարդիկ ուրիշ բան են ուզում, ասում են՝ թավիշը վերացրեք, օրենքի հետ կապված թավիշ չի լինելու, օրենքը խստագույնս գործելու է: Մարդիկ ասում են՝ թավիշը վերացրեք, երկիրը կարգի բերեք, մենք ձեզ ընտրել ենք»:
Հարցին, թե «Լուսավոր Հայաստան»-ը հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել, որը կքննի պատերազմի ընթացքը և կգտնի մեղավորներին, սակայն ասում է, որ արձագանք չի ստացել, ցրողական պատասխան է ստացել, Սիմոնյանը պատասխանեց, որ մոտակա մի քանի ամիսներին չենք կարող նման գործընթաց սկսել, ռազմագերիների հարցը լուծված չէ և դա կարող է հերթական անգամ շահարկումների առիթ դառնալ և ազդել բանակցային գործընթացի վրա. «Միանշանակ պետք է բոլոր հարցերի պատասխանները տրվեն, իշխանության շահերից է բխում, որ մութ հարց չմնա, թեև վստահ եմ, որ դա ևս ամբողջապես լույս չի սփռի ամեն ինչի վրա, բայց պետք է»:
Հարցին, թե խմբակցությունը լքել ցանկացողներ կա՞ն, թե՞ ոչ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ով ցանկացել է, լքել է, բայց չի բացառում, որ որոշ գործընկերներ ոչ քաղաքական պատճառներով կարող են մի օր դուրս գալ. «Դուրս եկած պատգամավորների հետ մինչ այս լուրջ տարաձայնություններ են եղել և սպասել ենք, որ իրենք կլքեն թիմը»: