Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Օլիվիե Ֆոր. Ազգային ժողովը կընդունի Ղարաբաղի հարցով բանաձևը

Օլիվիե Ֆոր. Ազգային ժողովը կընդունի Ղարաբաղի հարցով բանաձևը
02.12.2020 | 12:12

Նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի գլխավոր ընդդիմադիր կառույցներից մեկի՝ Սոցիալիստական կուսակցության (PS) առաջին քարտուղար Օլիվիե Ֆորը պատմել է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձևի առաջիկա քվեարկության մասին: Նա մանրամասնել է Սոցիալիստական կուսակցության պատվիրակության առաջիկա այցի մասին տարածաշրջան: Պատվիրակությունը կղեկավարի Օլիվիե Ֆորը:

Հայտարարությունն արվել է մամլո ասուլիսում, որ հեռարձակվել է սոցցանցերի կուսակցական ակաունտներում: Օլիվիե Ֆորը մտադիր է Լեռնային Ղարաբաղ մեկնել հաջորդ շաբաթ (անցյալ շաբաթ կուսակցության ղեկավարությունը որոշել էր պատվիրակություն ուղարկել դեկտեմբերի 6-9): «Մենք կհանդիպենք և Արցախի նախագահի հետ, և հայկական իշխանությունների հետ Երևանում: Հետո կլինենք փախստականների ճամբարում, որովհետև հումանիտար իրավիճակը այնտեղ այսօր չափազանց ծանր է»՜ հայտարարել է սոցկուսակցության ղեկավարը: «Ինչու՞ այսօր մենք վճռել ենք խոսել այդ թեմայով, որ մեզ համար այնքան էլ սովորական չէ, նույնիսկ եթե հայ ժողովրդի հետ («որ դարձել է նահատակ ժողովուրդ անցյալ դարասկզբին») կապում է երկար պատմություն Ժան Ժորեսի ժամանակներից»՝ հարցնում է PS նախագահը և ինքն էլ պատասխանում. «Մենք չենք կարող մնալ անզգա Ղարաբաղում վերջին ամիսներին կատարվածին», «կատարվել են ռազմական հանցագործություններ, և այսօր անհրաժեշտ է պաշտպանել բնակչությանը, որ գտնվում է վտանգի մեջ»: Բացի «առաջնահերթ հարցերից», կա քաղաքական կարգավորման առավել գլոբալ հարց՝ հիշեցնում է Ֆորը՝ ընդգծելով, որ իրենց կուսակցությունները «չեն հավատում երկարաժամկետ կարգավորմանը հրադադարի համաձայնության միջոցով, որ կնքվել (նոյեմբերի 9) ռուսների հովանու ներքո»: «Մենք վստահ ենք, հակառակը, իրավիճակը միայն վատանալու է»՜ հայտարարել է Ֆորը: Քանի որ բանակցությունների հարցում «Մինսկի խումբը շրջանցվել է, մենք պետք է ամենավճռական դիրքորոշում ունենանք այդ դեբատներում և կոչ անենք Արցախի անկախության ճանաչման, որ հնարավորություն կտա վերականգնել երկխոսության պայմանները գործընթացի բոլոր մասնակիցների համար»,- բացատրում է Ֆորը:


PS-ի ղեկավարը նաև հիշեցնում է, որ իր կուսակցությունը առաջինն է մի քանի օր առաջ բանաձև ընդունել ԼՂՀ անկախության ճանաչման անհրաժեշտության մասին, որին հետել է «սենատորների բանաձևը», և կա նոր բանաձև, որ շրջանառության մեջ է դրել Հանրապետական կուսակցությունը և քննարկվում է Ազգային ժողովում այս շաբաթ: «Դեկտեմբերի 3-ի քվեարկությանը մենք կաջակցենք»՝ հայտարարեց Սոցիալիստական կուսակցության ղեկավարը, ընդգծելով, որ Փարիզի մասնակցությամբ խաղաղության երկխոսության վերականգնման համար «պայմանների ստեղծման» ծրագրի չորրորդ փուլը կդառնա սոցիալիստների պատվիրակության այցը Ղարաբաղ և Հայաստան: Օլիվիե Ֆորը հայտարարել է, որ կառավարությունը «չի ստանձնել պատասխանատվության անհրաժեշտ մասը» ղարաբաղյան ճգնաժամի լուծման հարցում: Բանաձևի նախագիծը, որի ընդունումն ակնկալվում է Ազգային ժողովում, հիմնականում կրկնում է Սենատի բանաձևի փաստարկները: Հիմնավորման մեջ բացատրվում է, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը «Թուրքիայի քաղաքական ու ռազմական աջակցությամբ և սիրիացի ջիհադիստ վարձկանների հետ սկսել է աննախադեպ դաժան պատերազմ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ»: Բանաձևում ընդգծվում է, որ սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսել է Ադրբեջանը: Տեքստում հիշատակվում են հայ բնակչության սպանության դեպքերը «Սումգայիթում 1988-ի սեպտեմբերի 25-27-ը, Կիրովաբադում՝ 1988-ի նոյեմբերի 23-ին, Բաքվում 1988-ի հունվարի 12-19-ը, Մարաղայում 1992-ի ապրիլի 10-ին», ընդգծվում է, որ հաշվի առնելով պատմությունը, ԵԽ-ում ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի (ЕКРН) և ՄԱԿ-ի ռասսայական շահագործման հանձնաժողովի եզրակացությունները, «հայ բնակչությունը չի կարող ազատ ապրել Ադրբեջանում»: Հայերի անվտանգությունը «Ադրբեջանի տարածքում երաշխավորված չէ»: Հաշվի առնելով այս փաստարկները Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը, ինչպես նշված է բանաձևում. «1.Ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կառավարության հրաժարումը նախապատվությունը տալ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորմանը բանակցությունների ճանապարհով: …4. Հաստատում է բացարձակ անհրաժեշտությունը, որ Լեռնային Ղարաբաղն ապահովի իր լիակատար ինքնիշխանությունն առանց ադրբեջանական վարչակազմի որևէ մասնակցության (…) վերջնական սահմանների շրջանակներում, որ կորոշարկվեն բազմակողմ բանակցություններում Արցախի իշխանության մասնակցությամբ: 5. Կոչ է անում կառավարությանը անհապաղ սկսել Արցախի Հանրապետության ճանաչումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նրա իշխանությունների հետ՝ նպատակ ունենալով կոնֆլիկտի վերջնական կարգավորումը»:
Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին ձայների բացարձակ մեծամասնությամբ կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձևին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտահայտել է «խոր երախտագիտություն Ֆրանսիային ու Ֆրանսիայի ժողովրդին»: Թուրքիայում ու Ադրբեջանում ֆրանսիացի սենատորների դեմարշը կտրուկ քննադատվել է: Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունները քննադատել են Ֆրանսիայի Սենատի որոշումը: Թուրքիայի ԱԳՆ-ն նոյեմբերի 26-ին բանաձևի ընդունումն անվանել է «միջազգային իրավունքի տարրական նորմերի և արդարության սկզբունքների անտեսման դրսևորում՝ հօգուտ ներքաղաքական շահերի»:

«Ֆրանսիայի Սենատի՝ ադրբեջանական զորքերը Ադրբեջանի տարածքից դուրս բերելու կոչը կոմիկական է, հեռու իրականությունից ու կանխակալ»՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ վստահեցնելով, որ «Թուրքիայի հասցեին փաստաթղթում արված պնդումները զուրկ են իմաստից»: Նույն օրը Ադրբեջանի խորհրդարանի ընդունած բանաձևը կոչ է անում կառավարությանը «խնդրել ԵԱՀԿ-ին՝ հեռացնելու Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների թվից»: Միլի մեջլիսի պատգամավորները նաև կոչ են արել կառավարությանը «վերանայել քաղաքական ու տնտեսական» հարաբերությունները Փարիզի հետ: Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կանչվել է ԱԳՆ: «Հանդիպման ժամանակ նրան է հանձնվել բողոքի նոտա՝ Ֆրանսիայի Սենատում «ԼՂՀ ճանաչելու անհրաժեշտության» բանաձևի ընդունման պատճառով»՝ հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Դեսպանը մինչև ԱԳՆ գնալն իր թվիթերում հիշեցրել է, որ սենատորների ընդունած բանաձևը չի ստացել Ֆրանսիայի կառավարության աջակցությունը: Սենատում բանաձևի ընդունումից առաջ ելույթ ունեցած ԱԳՆ պետքարտուղարը Ժան Բատիստ Լեմուանը ընդգծել է, որ Փարիզը չի կարող միակողմանի լուծել Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը, որովհետև դա «ոչ մեկին օգուտ չի տա», նույնիսկ ԼՂՀ-ին: Նույնաբովանդակ հայտարարություն հրապարակվեց Ֆրանսիայի ԱԳՆ կայքում: «Ֆրանսիան նախկինի պես հավատարիմ է կոնֆլիկտի կայուն կարգավորմանը հասնելուն՝ հաշվի առնելով անվտանգության պահանջները և տարածաշրջանի ժողովուրդների արժանապատվության նկատմամբ հարգանքը: Ֆրանսիան հետայսու էլ հնարավորն անելու է Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու համար»՝ նշված է հայտարարության մեջ, որ նաև ընդգծում է առաջնահերթ խնդիրները, որոնք պետք է լուծել Լեռնային Ղարաբաղում՝ մարդասիրական օգնություն, «կոնֆլիկտի հետևանքով տեղահանված անձանց վերադարձ», «արտասահմանցի վարձկանների հեռացում», «տարածաշրջանօ պատմական ու մշակութային ժառանգության պաշտպանություն»: Ֆրանսիայի ԱԳՆ-ն, նախագահ Մակրոնի հանձնարարականով արդեն սկսել է «Լեռնային Ղարաբաղում ռազմական կոնֆլիկտից տուժած հայերի կառուցվածքային ծրագրի մշակումը»:
RFI


Հ.Գ. «Այս պահին Լեռնային Ղարաբաղում բնակվող անձինք Ադրբեջանի քաղաքացիներ են»՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Սա պատմական հաղթանակ է: Մենք պատերազմի դաշտում թշնամուց ազատել ենք մի քանի տարածք և ստիպել թշնամուն վերադարձնել երեք շրջան և, այդպիսով, լուծել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Հիմա չկա ղարաբաղյան հակամարտություն: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այս հակամարտությունը շարունակվում է, սխալվում է: Այսօր Լեռնային Ղարաբաղում բնակվողներն Ադրբեջանի քաղաքացի են: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ նրանք կտեսնեն, որ իրենց կյանքը միավորված ադրբեջանական պետության շրջանակներում լավ է լինելու», - ասել է Ալիևը ժողովրդին հեռուստատեսային ուղերձում: Ալիևը դեռ երկար նման հայտարարություններ կանի, բայց դա ոչ մի նշանակություն չունի ու չի կարող ունենալ: Ճշմարտությունը մեկն է՝ մենք պարտվել ենք, ու մեր պարտությունը մեզ վերադարձրել է այն դիրքերը, որում Ադրբեջանն էր 1994-ին մեր հաղթանակից հետո: Մենք սխալ օգտագործեցինք ժամանակը, Ադրբեջանը՝ ճիշտ: Հիմա մենք անցնելու ենք այն ճանապարհը, որ անցավ Ադրբեջանը և երբ կարողանանք, երբ բավարար ուժեղանանք, նոր պատերազմով վերադարձնելու ենք Արցախը հայերին: Իսկ այդ ընթացքում՝ շարունակելու ենք բանակցել ԵԱՀԿ Մինսկի խմբում կարգավիճակի հարցով՝ ընդունում է Ալիևը, թե ոչ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտն ավարտված չէ ու հարցը լուծված չէ:
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ