Ազգային ժողովի խորհուրդը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով մոտակա օրերին Սահմանադրական դատարան կդիմի: «Իրատեսը» տեղեկացավ, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, Ազգային ժողովի խորհուրդը հարցի առնչությամբ երկրորդ նիստը կանցկացնի: Առաջինը, հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ էր նշանակվել, ինչը, սակայն, տեղի չունեցավ:
Հավելենք, որ ըստ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի՝ մանդատից զրկելու հարցի քննության ժամանակ պատգամավորը պետք է ներկա լինի նիստին: Նույն հարցով երկրորդ նիստի ժամանակ սակայն խորհրդի կազմը կարող է հարցն առանց պատգամավորի քննել ու միանգամից ՍԴ ուղարկել: Նշենք, որ ԱԺ խորհուրդը քննարկում է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը՝ հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, որը պատգամավորին արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության՝ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի նախաձեռնած արտահերթ նիստին, ինչի օրակարգում Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը չեղարկելու հարցն է, ապա այն տեղի կունենա նոյեմբերի 26-ին: Մեր տեղեկություններով՝ նիստը կկայանա, իմքայլականները քվորում կապահովեն, անգամ, հնարավոր է, մասնակցեն հարցի քննարկմանը, բայց դեմ կքվեարկեն ու կտապալեն ընդդիմադիրների նախաձեռնությունը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ