ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերությունները տեքստերի և ենթատեքստերի կարիք չունեն»

«Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերությունները տեքստերի և ենթատեքստերի կարիք չունեն»
08.05.2009 | 00:00

ԲԼԻՑ-ԶՐՈՒՅՑ
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ
-Պարոն Աշոտյան, ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը» և վերջին քայլերը` հայ-թուրքական «գետնին» վրա:
-Արդյունավետ և հաջողված: Եվ ընդհանրապես, հաջողված եմ համարում Սերժ Սարգսյանի թե՛ ներքին, թե՛ արտաքին, հատկապես վերջինիս բաղադրամաս` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր քայլերը: Կարծում եմ` այդ քայլերի շնորհիվ Հայաստանի միջազգային իմիջը բավականին ամրապնդվեց, և Հայաստանը ցույց տվեց, որ, ոչ ի հաշիվ իր միջազգային պետական շահերի, պատրաստ է քաղաքակիրթ հարաբերություններ կառուցել իր հարևանների, անգամ, այսպես կոչված, դարավոր հակառակորդի հետ:
-Իսկ Ռոբերտ Քոչարյանի` այդ ուղղությամբ վարած քաղաքականությո՞ւնն ինչպես եք գնահատում:
-Յուրաքանչյուր նախագահ իր ժամանակահատվածին համահունչ արտաքին քաղաքականություն է իրականացրել: 1998-2008 թթ. մենք ապրում էինք տարածաշրջանային-աշխարհաքաղաքական այլ իրողությունների պայմաններում: Այդ ժամանակահատվածում երկրի ղեկավարի պատասխանն առկա մարտահրավերներին նույնպես համարժեք էր: 2008-ի վրաց-ռուսական պատերազմից հետո տարածաշրջանը հայտնվել է ամենօրյա տրանսֆորմացիոն գործընթացների փուլում, ուր պետք են նոր մոտեցումներ, նոր ամրագրումներ` երկրի մարտունակությունը-մրցունակությունը պահպանելու համար:
-Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությո՞ւնը հայ-թուրքական «գետնին» վրա ինչպես եք գնահատում:
-Խնդիրը կրկին պետք է դիտարկել ժամանակի հետ համահունչ լինելու տեսանկյունից. նրա քայլերը նույնպես համահունչ էին իր ժամանակի մարտահրավերներին:
-Այսպիսով, Սերժ Սարգսյանի քայլերը «համահնչվում» են Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանի քայլերի հետ:
-Սերժ Սարգսյանի այսօրվա քայլերը համահունչ են գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների և արտաքին ճակատում մեր ունեցած մարտահրավերների հետ:
-Իսկ հիմա ես ցիտում եմ «նամակը» «ռուսաց թագավորին». «Մեղադրել Ռոբերտ Քոչարյանին «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքների կամ ցեղասպանության թեման առևտրի առարկա դարձնելու համար, նույնքան զավեշտալի է, որքան 1998-2008 թթ. երկրի տնտեսական հաջողությունների համար շնորհակալություն հայտնել Տեր-Պետրոսյանին»: Թերևս, տեղյակ եք` ցիտումը Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի` վերջերս արած հայտարարությունից է: Այսպիսով, կիսո՞ւմ եք «նամակում» առկա գնահատականը` «ֆուտբոլային դիվանագիտության» մասով: Հիշենք, որ «մանկան շուրթերից ճշմարտությունն է բարբառում». իմա` Վիկտոր Սողոմոնյանի շուրթերով Քոչարյանն է ասում այն, ինչ «պետք» է:
-Երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանն ամբողջությամբ տեղավորվում է Տեր-Պետրոսյանի մայիսմեկյան ելույթի հակակշռման տրամաբանության մեջ, և բացարձակապես աղերս չունի մեր վարած արտաքին քաղաքականության, է՛լ առավել «ֆուտբոլային դիվանագիտության» հետ:
-Նորից եմ ցիտում. «մեղադրե՜լ Ռոբերտ Քոչարյանին...». այսինքն` ասված է շատ պարզ` այսօրվա իշխանությունների, այն է` ձեր վարած «ֆուտբոլային» գովական դիվանագիտությունը «մեղադրելի» է:
-Դուք այնտեղ «նկատում» եք` «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողում, կամ պարտություն արտահայտությո՞ւնը:
-Ենթատեքստում` անշո՛ւշտ: Իսկ ի՞նչ եք կարծում` թամամ խոսքն էլ ո՞նց է լինում:
-Կարծում եմ` Ձեր մեկնաբանությունը կյանքի իրավունք ունի, սակայն այս պահին այն տեղին չէ, որովհետև Ռ. Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Տեր-Պետրոսյանի ելույթին: Ըստ Տեր-Պետրոսյանի` «ֆուտբոլային դիվանագիտությունը» բացասական է, այդ բացասականության համար Տեր-Պետրոսյանը մեղադրել էր Ռոբերտ Քոչարյանին. վերջինիս գրասենյակի պատասխանն էլ շատ թափանցիկ ասում է հետևյալը` մենք չենք վարվող արտաքին քաղաքականության պատասխանատուն, Ձեր մեղադրանքները` մեզ, սխալ են:
-Դե, ես էլ էդ եմ ասում, էլի, այո, «նամակն» ասում է` «մեղավորը» դուք եք` օրվա «դիվանագետներդ»` «ֆուտբոլային». փաստորեն, «նամակում» գործածվել է` «կուժ ասեմ, կուլա լսիր» սկզբունքը:
-Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հարաբերությունները կարիք ունեն մամուլի հարթակների և լրացուցիչ պարզաբանումների, նաև` ենթատեքստերի:
-Ճիշտ էլ կարծում եք, մանավանդ որ, իմ հաջորդ հարցը վերաբերելու էր «նամակի» տնտեսական «բլոկին», ուր խոսվում է` «1998-2008 թթ. երկրի տնտեսական հաջողությունների» մասին։ Ներեցեք, բայց դա ի՞նչ կապ ուներ, այսպես ասած` «մոլլի բեղերի հետ», թե՞ կապ ուներ ցուցանելու` ա) «ո՞ւր է հասցրել» Ս. Սարգսյանը հայաստանյան տնտեսությունը, բ) որ Քոչարյանը վարչապետ լիներ, 1998-2008 թթ. հաջողությունները կշարունակվեին, «կհաղթեին-կանցնեին» տնտեսական գլոբալ ճգնաժամը ևս: Բայց քանի որ «լրացուցիչ պարզաբանումների ու մամուլի հարթակի կարիքը չկա», տնտեսությունից սահուն անցում կատարենք դեպ հիշողություն. հիշո՞ւմ եք` երկրորդ նախագահ պարոն Քոչարյանն ամռանն ասաց` ինքը Գյուլին Հայաստան չէր հրավիրի. դրանում նույնպե՞ս «մեղադրանք» չկար:
-Այդ միտքը ես կրկին և ամբողջությամբ տեղավորում եմ պարոն Քոչարյանի` 1998-2008 թթ վարած արտաքին քաղաքական տրամաբանության մեջ: 2008 թ. ապրիլի 9-ից հետո երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է, նրա վարած արտաքին քաղաքականության հետ կարող են համաձայնել, կարող են չհամաձայնել, այդ թվում և` երկրի երկրորդ նախագահը. դա երկրի երկրորդ նախագահի` պարոն Ռոբերտ Քոչարյանի անձնական կարծիքն է, ինչի իրավունքը նա ունի:
-Բա էլ ո՞ւր էիք այսքան խուսանավում, թե նամակում Քոչարյանն ընդամենը նկատի ուներ Լևոն Տեր-Պետրոսյանին` խոսելով «ֆուտբոլային դիվանագիտության» մասին:
-«Վերևում» Դուք ինձանից մեկնաբանություն էիք խնդրում կոնկրետ տեքստի, Ձեր խոսքերով` «նամակի» մասին: Եվ ես երկրորդում եմ` Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերությունները տեքստերի, ենթատեքստերի կարիքը չունեն:
-Ինչի՞ կարիք ունեն:
-Բացարձակապես` ոչ մի բանի, էլ առավել` երրորդ կողմի բացատրությունների ու մեկնաբանությունների:
-Այսի՞նքն:
-Այսինքն` երկրի երկրորդ և երրորդ նախագահներն իրենց վարած քաղաքականության, անձնական տեսակետների մեկնաբանման հարց չունեն:
-Դուք հավատո՞ւմ եք Ձեր ասածներին:
-Ամբողջությամբ:
-Ապրե՛ք:
Ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1714

Մեկնաբանություններ