ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ճգնաժամը 300-ի «գրպանն էլ մտավ»

Ճգնաժամը 300-ի «գրպանն էլ մտավ»
28.04.2009 | 00:00

ՃԿՌՈՒՄ ԵՆՔ ԱԶԳՈՎԻ
Երբ կառավարությունը հավաստիացնում է, թե այս տարվա բյուջեն սեկվեստրի չի ենթարկվելու ու միաժամանակ մոտ 131 մլրդ դրամի ծախսային մաս տեղափոխում է 2009-ի չորրորդ կիսամյակ, պարզ է դառնում, որ ինչքան էլ հարկային հավաքագրումները ստվերից հանվեն, և խստացվի հարկային վարչարարությունը, արդյունքներն առանձնապես նկատելի չեն կարող լինել։ Այդ մասին է վկայում նաև պետեկամուտների կոմիտեի հարկային ծառայության հրապարակած 2009-ի առաջին եռամսյակի 300 խոշոր հարկատուների ցուցակը:
ՈՒ թեև ճգնաժամային այս պայմաններում հիմնական հարկային բեռը դեռևս կրում է միջին և փոքր բիզնեսը, սակայն, ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ հարված է հասցրել նաև խոշոր հարկատուներին, որոնք արձանագրել են շահույթի կտրուկ անկում և սկսել են քիչ հարկեր վճարել: Հարկատուների ցուցակի անցյալ տարվա առաջատար «Ղ-Տելեկոմի» գործերն այնքան են վատացել, որ կարելի է ենթադրել, թե հայերը բացարձակապես դադարել են բջջային հեռախոսներից օգտվել, չնայած այն հանգամանքին, որ «Viva-Cell MTS»-ի գովազդում նշվում է, որ իրենց հետ պայմանագիր է կնքել 2 մլն հայ: Եվ այս պարագայում «Ղ-Տելեկոմը» 70 տոկոսով ավելի քիչ հարկ է վճարում` հայտնվելով ցուցակի 5-րդ հորիզոնականում: Պարզվում է` հայերը սկսել են նաև քաղաքային հեռախոսից քիչ օգտվել, քանի որ «ԱրմենՏելի» վճարած հարկերն էլ նվազել են 23 տոկոսով:
Չնայած գազի թանկացմանը և ձմռան սեզոնին, հարկային վճարումները նվազեցրել է նաև «ՀայՌուսգազարդը»: Նույնը կարելի է նշել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասին, որը, ինչպես և «ՀայՌուսգազարդը», անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 50 տոկոսի չափով քիչ հարկ է վճարել: Թերևս, պատճառաբանությունն այն կարող է լինել, որ մեր առանց այն էլ մատների վրա հաշվվող խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները չեն աշխատել: Չնայած ճգնաժամին, կամ հենց դրա պատճառով, հայերը սկսել են ավելի շատ ծխել, քանի որ ինչպես տեղական, այնպես էլ ներմուծող ընկերությունները, անցյալ տարվա համեմատ, շահույթի աճ են արձանագրել: Մասնավորապես, «Գրանդ-Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», ինչպես նաև «Հարդ Լայթս», «Արսօյլ», «Վիդիս Դիսթրիբյուշն» ընկերությունները խոշոր հարկ վճարողների առաջին քսանյակում են տեղեր զբաղեցրել: Չնայած ճգնաժամին և կրճատվող ավիափոխադրումներին, սկսել է շատ հարկ վճարել նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:
Ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերությունների գործերը լավ չեն: Եթե անցյալ տարի «Տոյոտա-Երևան», «Գլոբալ Մոթորս», «Սլավ Գրուպ», «Մուրան», «Եվրովագեն», «Ֆորա» ընկերությունները տեղեր էին զբաղեցնում հարկ վճարողների առաջին երեսնյակում, ապա այս տարի բոլորն էլ նահանջ են արձանագրել: Պատճառը, թերևս, վարչապետի այն հայտարարությունն է, որ մինչև այս տարվա վերջ պետական բյուջեի միջոցներով արտասահմանյան մեքենաների ձեռքբերումը կասեցվում է:
Նահանջ են արձանագրել նաև շինարարական հումք և սանտեխնիկա ներմուծող ընկերությունները: Նրանցից ամենահաջողակը` «Իմեքս-գրուպը», որին պատկանում է «Իդեալ» խանութների ցանցը, հանգրվանել է ընդամենը 87-րդ հորիզոնականում: Նույնը կարելի է նշել նաև անցյալ տարի բավականին մեծ հարկեր վճարող շինարարական ընկերությունների մասին, որոնք բոլորն էլ հայտնվել են առաջին հարյուրյակից դուրս:
Իսկ Հայաստանի վերջին տարիների տնտեսական զարգացման և արտահանման մոտ 25 տոկոսն ապահովող լեռնահումքային ընկերությունների մուծած հարկերը ոչ թե տոկոսներով, այլ անգամներով են նվազել: Զանգեզուրի պղնձամոլիբդենային խոշորագույն կոմբինատն այս տարվա երեք ամիսներին ընդամենը 280 մլն դրամ հարկ է վճարել պետությանը: Պարզ է, պղնձի գները նվազել են, արտահանման ծավալները` նույնպես, սակայն վերջին 5-6 տարիներին հարկ վճարողների առաջին եռյակում գտնվող ընկերությունն իր մուծած հարկերի չափաբաժինը միանգամից 10 անգամ է կրճատել:
Չնայած այն հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, թե ունի 20000-ից ավելի աշխատող և բազմաթիվ ընկերություններ, սակայն 300 խոշոր հարկատուների ցուցակում նրան պատկանող «Մուլտի-Լեոն» ընկերությունը 133-րդ հորիզոնականում է հանգրվանել, իսկ Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատն էլ` 152-րդում:
Խոշոր հարկատուների ցուցակն ուսումնասիրելիս կարելի է նաև արձանագրել, որ իշխանությունները, կարծես, հասել են իրենց նպատակին, քանի որ 300-ի մեջ անցյալ տարի Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերությունները ներկայացված էին 4 անունով, այս տարի` ընդամենը մեկ։
Այնպես որ, ինչքան էլ հարգարժան վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարի, թե ճգնաժամի պայմաններում հիմնական հարկային բեռը կրելու է խոշոր բիզնեսը, միջին ու փոքր բիզնեսն էլ պակաս չի «ճկռելու»։
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3459

Մեկնաբանություններ