ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Պապու կլուբում»

«Պապու կլուբում»
22.05.2009 | 00:00

ՇՇՊՌԵՑ
Երբ հերթը հասնում է գրպանին ու անձնական շահին, հայոց օրենսդիր մարմնում միանգամից խուճապային տրամադրություն է ստեղծվում, ու երբեմնի չխոսկան, «լռիկ-մնջիկ» պատգամավորների բորբոքվածությունը հասնում է բարձրակետին։ Այս քառօրյան գրեթե ամբողջովին «տնտեսականոտ» էր։ Է՛լ հաստատագրված վճար, է՛լ գազալցակայան-մազալցակայան, է՛լ... Բայց որ «բացվում» են գործարար պատգամավորները, էլ չեն տեսնում ո՛չ օրենսդրական փաթեթ-մաթեթ, ո՛չ կառավարության ներկայացուցիչ-մերկայացուցիչ, ո՛չ էլ հարկային-մարկային։ Իրենց տեղերում «զմռսված» պատգամավորները «սիրտը ելնելու պահին» կա՛մ դժգոհ արտահայտություններ են շպրտում, կա՛մ ներսուդուրս անում ու «ցավն ու դարդը» պատմում իրենց ակտիվությունից հանկարծակիի եկած լրագրողներին։ Գործարար պատգամավորներից Ալեքսան Պետրոսյանին (ՄԱՊ-ի Ալիկ), որ ԱԺ միջանցքում անհանգիստ հետ ու առաջ էր անում, դեմ դիմաց դուրս եկավ հեռախոսով խոսող մեկ այլ «սրտակից»` Տիգրան Արզաքանցյանն ու բջջայինի մեջ գոռաց. «ԱԺ տրասին հանդիպեցի Ալիկին»։ Իսկ դահլիճում պատգամավորներից Վարդան Այվազյանը, զարմանալով օրենքին պատգամավորների այսօրինակ արձագանքի վրա, հեգնեց. «Վա՜յ աման, էս ի՞նչ է կատարվում»։ Մինչդեռ «կատարվածը» Վարդան Բոստանջյանը բնութագրեց այսպես. «Էս պապուս կլուբը չի, որ ինչ ուզեք, բերեք բաժանեք»։ Շուրջ 30 պատգամավորների ներկայացրած «Հաստատագրված վճարի մասին» օրենքի հիմնական զեկուցողը ԲՀԿ-ական Ռուբեն Թովմասյանն էր, որն իր իսկ նախաձեռնության «հաջողությունից» անակնկալի եկած, հայտարարեց. «Սա այն դեպքն է, երբ և՛ գառներն են ողջ, և՛ գայլերը` կուշտ»։ Միայն թե նրա խոսքից պարզ չդարձավ` գառները կամ գայլերն իրե՞նք էին, թե՞ կառավարությունը։ Տնտեսական քառօրյան առանձնացավ նաև նրանով, որ ելույթ ունենալ չսիրող խորհրդարանի խոսնակն իր դիրքորոշում-զայրույթը հայտնեց կառավարության ու հատկապես հարկային մարմինների հանդեպ, թե` էնպես չէ, որ ինչ ասեք, համաձայնվելու ենք` ձեռի հետ էլ բոլոր օլիգարխ պատգամավորների «խաթրը» առնելով։ «ՈՒզում եմ հորդորել ստուգող մարմինների ղեկավարներին ու կառույցի աշխատողներին, որ քաղաքակիրթ ու կոռեկտ վերաբերմունք ունենան յուրաքանչյուր գործարարի, գործատուի նկատմամբ։ Նախ պետք է հաշվի առնել, որ գործարարներն են այս երկրի բյուջեի եկամուտներն ապահովում»,- այս «ջղային-ջղային» ելույթը կիսատ թողնելով` Աբրահամյանը դիմեց առաջին շարքում նստած ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանին, ով այդ պահին ինչ-որ բան էր ասում. «ՈՒզո՞ւմ եք, տիկին Ենոքյան, Դուք շարունակեք, ես հետո կասեմ»։ «Պարզապես ես համաձայնվում եմ Ձեզ հետ»,- հետևեց Ենոքյանի պատասխանը։ «Համաձայն եք, կարող եք լռությամբ համաձայնվել»,- «տակը» չմնաց ԱԺ խոսնակը և ԲՀԿ-ականի հետ հարցերը կարգավորելուց հետո շարունակեց. «Քաղաքական գործիչ դառնալը մի քիչ էլ բախտի հետ կապ ունի, քանի որ մարդը կարող է պատգամավոր լինել ու հինգ տարի դառնալ քաղաքական գործիչ։ Իսկ պատահական մարդը չի կարա դառնա գործարար, քանի որ մի ամիս հետո կարող է սնանկ ճանաչվել»։ Վերադառնալով խորհրդարանի դատին ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը` Աբրահամյանը նկատեց. «Մենք բազմաթիվ անգամ ասում ենք` կառավարության տեսակետ, կառավարության տեսակետ, բայց կառավարությունը կարող է ունենալ իր տեսակետը, սակայն ԱԺ-ն կարող է և այն չընդունել։ Խնդրում եմ` այս տարբերությունն արձանագրեք»։
Այս խառնաշփոթը և օրենսդիրների չափազանց ակտիվ գործունեությունը մի պահ ընդհատվեց, երբ դահլիճ մտավ Արմեն Աշոտյանի վայր դրած մանդատով պատգամավոր դարձած հանրապետական Կարինե Աճեմյանը։ ՀՀԿ-ն ողջ շարքով «ծռվեց» հետ` զննելու նոր գործընկերոջը։ Մի քանիսը մոտեցան, շնորհավորեցին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1092

Մեկնաբանություններ