«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԳՏՆԵԼՈ՞Ւ ԵՆ ՆՈՐ «ՏԵՐ»` ԲԻԶՆԵՍԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԹԵ՞ ՀԱՅԻ ԲԱԽՏԸ ՀԱՅԻ ԲԱԽՏ Է ՄՆՈՒՄ

ԳՏՆԵԼՈ՞Ւ ԵՆ ՆՈՐ «ՏԵՐ»` ԲԻԶՆԵՍԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԹԵ՞ ՀԱՅԻ ԲԱԽՏԸ ՀԱՅԻ ԲԱԽՏ Է ՄՆՈՒՄ
05.10.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում վերստին հաստատվեց ճապոնացիների իմաստնությունը, որ իրենց թշնամիների համար Աստծուց խնդրում էին երկար կյանք փոփոխությունների ժամանակներում:
Նրա անունը Gliese 581g է, ավելի ճիշտ` նա մեկն է այդ համակարգի 6 մոլորակներից: Այն հայտնաբերել է Կալիֆոռնիայի Սանտա Կրուզ համալսարանի աստղագետ Սթիվեն Վոգտը: Մոլորակը երկրից հեռու է 20 լուսատարի, նրա տրամագիծը Երկրինը գերազանցում է 20-40 տոկոսով, զանգվածը` 75 տոկոսով: Գրավիտացիան ևս ավելի մեծ է և մթնոլորտի գոյության հնարավորություն է ստեղծում: Ջերմաստիճանը` -12-31 Ցելսիուսի սանդղակով: Gliese 581g-ն իր առանցքի շուրջը չի պտտվում, գիշերն ու ցերեկը չեն հերթագայում, մոլորակի մի մասում մշտապես լուսավորում են աստղերը, մյուս մասում մութ է: Գիտնականները կարծում են, որ լույսի ու ստվերի սահմանագծին կարող են հեղուկ ջուր և կյանքի համար բարենպաստ ջերմաստիճան լինել: Բոլորս դեպի Gliese 581g:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզն ասել է, որ Թուրքիան կաջակցի կասպիական գազը Եվրոպա հասցնող ցանկացած նախագծի: Hurriyet-ը փոխանցել է նրա խոսքերը. «Մենք երբեք հանդես չենք եկել որևէ նախագծի դեմ և պատրաստ ենք աջակցելու իրականացմանը»: «Նաբուկոյի» վերաբերյալ Թաներ Յըլդըզը պարզաբանել է, որ թեպետ կան որոշ դժվարություններ, բայց այն իրագործվելու է: Կասպիական գազը Եվրոպա հասցնող այլ նախագծերը, մասնավորապես «Հարավային հոսքը», ըստ նախարարի, «Նաբուկոյի» այլընտրանք չեն: «Նաբուկոյի» նախաձեռնողներին նախօրեին քննադատել էր վարչապետ Էրդողանը. «Թուրքիան քանիցս հայտարարել է, որ պատրաստ է աջակցելու «Նաբուկոյի» կենսագործմանը, բայց, ցավոք, մենք առայժմ լսում ենք շատ խոսքեր ու տեսնում ենք քիչ գործեր: Ամեն անցնող օր այդ նախագծի դեմ է գործում: Այդ ամենը մեզ խիստ վշտացնում է»: Էրդողանը «Նաբուկոն» համարում է «խիստ օգտակար և անհրաժեշտ». «Մենք ծրագրում ենք հոկտեմբերին համաձայնագիր ստորագրել այդ նախագծի վերաբերյալ: Մենք հավատում ենք, որ ծրագիրը կիրագործվի: Նախագիծը նախ և առաջ կարևոր է Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: Մենք սպասում ենք գործնական քայլերի և համաձայնությունների, որոնց կայացման դեպքում կտեսնենք կատարված աշխատանքի արդյունքը»:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում դեկտեմբերի 13-ին կքննարկվեն «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում», «ՎՈՒԱՄ տարածքում երկարաձգված կոնֆլիկտները և դրանց հետևանքները» հարցերը: Եթե, իհարկե, մինչև դեկտեմբերի 13-ը Ադրբեջանը նախագիծը նորից չհանի քննարկումից:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է ներկայացրել Բաքվում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգին` ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի` Կոնգրեսում ունեցած հանդիպումների պատճառով: Պաշտոնական Բաքուն կարծում է, որ «այդօրինակ այցերը ստվեր են գցում Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա, հատկապես հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը խաղաղ բանակցություններ վարող միջնորդական խմբի անդամ է»: Ադրբեջանի արտգործնախարարության պարզաբանմամբ` ի պատասխան տեղեկացվել է, որ Աշոտ Ղուլյանի այցը մասնավոր է, և նա պաշտոնական հանդիպումներ չի ունեցել: APA գործակալությունը հաղորդում է, որ պատասխան նամակում ԱՄՆ-ը վերահաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու իր դիրքորոշումը:
ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնելուց հետո Ղազախստանի ղեկավարությունը Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունները լուծելու քաղաքականություն է որդեգրել: Ղազախստանի արտգործնախարար, ԵԱՀԿ նախագահ Կանատ Սաուդաբաևը պաշտոնական այցերով եղել է հակամարտության մասնակից երկրներում: ԵԱՀԿ-ում նախագահող ԱՊՀ անդամ առաջին երկրի փորձերն արժանացել են խիստ քննադատության. փորձագետները նրանց ջանքերն ապարդյուն և երկրի հեղինակության բարձրացմանը չնպաստող են համարում: Նրանց կարծիքով` Աստանան ավելի ակտիվ պիտի աշխատի Կենտրոնական Ասիայի խնդիրների վրա: Իսկ Աստանան նախապատրաստվում է ԵԱՀԿ անդամ պետությունների նախագահների համաժողովին, որը կայանալու է դեկտեմբերի 1-2-ին: Ղազախստանի Սենատի պատգամավորները համաժողովի անցկացմանը հատկացրել են 4,5 միլիարդ տենգե` 30 միլիոն դոլար:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի նիստում որոշել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Ազգային ժողովը, իհարկե, ելնելով քաղաքական համաձայնությունների սկզբունքից, նրան կընտրի: Քաղաքական դաշտում Սամվել Բալասանյանի անվան հետ կապվող միակ «նվաճումը» իշխանազրկված ՕԵԿ-ից հեռանալը և մի քանի տարի անց իշխանական ԲՀԿ-ին անդամագրվելն է: Մեկնաբանելով իր քայլը` նա ասել է. «Կան սկզբունքներ, և ես իմ սկզբունքներին միշտ տեր եմ կանգնել, հիմա էլ տեր եմ կանգնելու և աշխատելու եմ նվիրյալ կարգավիճակով: Այդպիսին է իմ բնավորությունը»: Քանի որ Սամվել Բալասանյանը չի մանրամասնել, թե որոնք են իր «սկզբունքները», որոնց միշտ տեր է կանգնում, պետք է ենթադրել, որ գարեջրագործ գործարարի համար գործում է կոկա-կոլայի գովազդը` «Ընդմիշտ իշխանություն» տարբերակով: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բավարար ժամանակ ունի` կամ համոզվելու, որ Սամվել Բալասանյանն ակտիվացրեց խորհրդարանում ԲՀԿ-ի դերը, ինչը նրա գնահատականով Արևիկ Պետրոսյանը չէր անում, կամ` որ սննդի տեխնոլոգ Սամվել Բալասանյանը խորհրդարանական խոհանոցում անելիք չունի: Գյումրին էլ այն քաղաքը չէ, որ Սամվել Բալասանյանի ասելով ընտրություն անի... Բայց դա հազիվ թե այն ժամանակ Գագիկ Ծառուկյանի միակ մտահոգությունը լինի:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հարվարդի համալսարանում ասել է, որ անհրաժեշտ է հաստատել քաղաքական, տնտեսական և մշակութային նոր աշխարհակարգ: Ըստ նրա, Թուրքիան հարևանների հետ փայլուն հարաբերություններ ունի` բացառությամբ Հայաստանի, «բայց վաղ թե ուշ մենք կբարելավենք դրանք»: «Բոլորը պետք է հարգեն այլ երկրների տարածքային ամբողջականությունը, վաղ թե ուշ Բաքվի և Երևանի հարաբերությունները պետք է վերադառնան բնականոն հուն», ասել է նա, հաստատելով, որ 2009-ի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրություններն ուժի մեջ են: Դավութօղլուն ԱՄՆ-ում իրեն պարտավորված է համարել ասել, որ արտասահմանում գործող հայկական լոբբին պիտի հրաժարվի «1915 թ. իրադարձությունները շահարկելու և ցեղասպանություն անվանելու միջոցով տարածաշրջանում խաղաղության հաստատումը խոչընդոտելու գործելակերպից»: Միով բանիվ` նախարարը պատգամ է հղել հայերին. «Մի փակեք դուռը, որը բացվել է խաղաղություն հաստատելու համար, և դրանում մի մեղադրեք մեզ»:
Թուրքիայի արտգործնախարարն ուզում է նոր աշխարհակարգ հաստատել, ՀՅԴ-ն` նոր իշխանություններ ձևավորել: ՀՅԴ-ն Աշտարակում հանրահավաք է արել, որտեղ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է. «Իշխանափոխության հասունացման, նոր իշխանությունների ձևավորման գործընթացը պետք է սկսենք մարզերից, որ ամեն մի քաղաքացի ընկալի, հասկանա դաշնակցության ծրագրերի էությունը»: Նոր իշխանությունների ձևավորումը ՀՅԴ-ն սկսելու է Արագածոտնի մարզպետին պաշտոնազրկելուց: ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ նա խախտում է օրենքը, ուրեմն պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ իշխանությունը նրան հեռացնի գործից: Իսկ մարզպետ Սարգիս Սահակյանի օրենքը խախտելն արտահայտվել է 30 դաշնակցականների աշխատանքից ազատելով: «Իմ գնահատականը երկրի նախագահն ու վարչապետն են տալիս, ոչ թե հրապարակում հավաքված այդ մի քանի մարդիկ», ասել է մարզպետը:
Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին թուրքական դրոշներով մտավ Անիի կիսավեր Մայր տաճար` ուրբաթօրյա աղոթքը ալլահին այնտեղից ուղղելու համար: Իհարկե, նրա աղոթքը խիստ քաղաքական ուղղվածություն ուներ ու հազիվ թե հասավ ալլահին` հենց այդ պատճառով: Բայց Բահչելիի քաղաքական աղոթքը հասավ Հայաստան` արժանանալով զայրույթի ու նզովքի: Ավանդական թուրքական սրբապղծության ու կրոնական անհանդուրժողականության այս քայլը ինչ դրդապատճառ էլ ունենա, ոչ թե ցինիզմի արտահայտություն է, այլ անօգնականության: Փաստորեն, թուրքերը հրապարակավ, դրոշներով, շքախմբով ու լրատվամիջոցներով գրավում են այն, ինչն իրենցն է, ուրեմն և հրապարակավ, լրատվամիջոցներով` իրենց պետական դրոշները ձեռքներին խոստովանում են, որ իրականում իրենցը չէ, ուրիշինն է, այնքան ու այնպես ուրիշինն է, որ անհրաժեշտություն են զգում իրենցը դարձնելու և կարծում են, թե նամազով կհաղթեն: Դևլեթ Բահչելին էլ է դա խոստովանել` հայտարարելով, թե հետևում է սուլթան Ալփ Արսլանի օրինակին, որը 1064 թ. գրավելով Անին, հրամայեց գմբեթից հանել խաչը և եկեղեցում նամազ արեց: 946 տարի թուրքերը գրավում են հայկական հողերը, ոչնչացնում խաչերն ու խաչքարերը, բայց հայկական հողը թուրքական չի դառնում: Նույնիսկ եթե մշակույթի նախարարությունն է ընդդիմադիրին նամազ անելու արտոնում:
ՀԱԿ-ի անունից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ուղերձ է հղել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդին: Նկարագրելով 2008-ից ստեղծված վիճակը` ՀԱԿ-ի առաջնորդն արձանագրում է. «ԵԽ-ն և նրա խորհրդարանական վեհաժողովն ունեն իրենց պատասխանատվության մասնաբաժինն այն իրողության մեջ, որ մինչ այսօր կատարված չեն մեկ տարի և 9 ամիս առաջ ընդունված վերջին` 1677 բանաձևի պահանջները, և որ քաղաքական ճգնաժամը շարունակում է պահպանել իր սրությունը: Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործության նկատմամբ ԵԽ-ն շարունակում է դրսևորել չհիմնավորված հանդուրժողականություն` դրանով նպաստելով ապօրինությունների կրկնմանը: ՀԱԿ-ը վերահաստատում է այն պահանջները, որոնք շարադրված են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի մարտի 16-ին ներկայացված քաղաքական ճգնաժամի հաղթահարման այլընտրանքային ժամանակացույցում, ներառյալ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը և նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Նկատի առնելով ԵԽ ստանձնած պատասխանատվությունը Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հաստատման և պաշտպանության գործում, նաև պահանջում ենք ԵԽ-ից Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ավելի համարժեք միջոցների կիրառում, ընդհուպ մինչև մոնիթորինգի ռեժիմի խստացում»: Թորբորն Յագլանդը, իհարկե, շնորհակալ չի լինի այս ուղերձի համար, որովհետև ավելին գիտի, քան հայտնվում է, այնուհանդերձ ինքը` այդ ուղերձը հղողն էլ գիտի, որ ոչինչ էլ չի փոխելու:
Իսկ Մոսկվայում փոխվեց` «Лужков сел в лужу». սեպտեմբերի 28-ին Մոսկվայի քաղաքապետը հեռացվեց աշխատանքից: Առաջին անգամ ՌԴ նախագահն այդպես ազատվեց մայրաքաղաքի քաղաքապետից: Առաջարկներ կան` ցրել Մոսկվայի քաղաքային դուման` որպես Լուժկովի որոշումներն օրինականացնող մարմին: Պաշտոնապես հայտարարվեց, որ Յուրի Լուժկովը կորցրել է նախագահի վստահությունը: Նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովն այն կարծիքին է, որ Լուժկովի պաշտոնանկությունը Մեդվեդևի առաջին ինքնուրույն քայլն է: Ինչպես նման դեպքերում է լինում` «հանկարծ» պարզվում է` ինչ անտանելի ու անհանդուրժելի, անթույլատրելի պահվածքի ու արարքների հեղինակ է եղել նա, ով դեռ երեկ վայելում էր բոլորի սերն ու հարգանքը: Երեկվա «ընկերները» շատ ու միանգամից խոսում են նրա սխալների մասին, այպանում ու հանդիմանությունների հեղեղում` փորձում արդարացում գտնել իրենց համար, որ հանդուրժել են: Իսկ թե ինչպես ու ինչու են լուժկովներ ստեղծվում, ոչ մեկին չի հետաքրքրում: 74-ամյա Յուրի Լուժկովը Մոսկվայի քաղաքագլուխ էր նշանակվել 1992 թ. Բորիս Ելցինի հրամանագրով, որից հետո երեք անգամ ընտրվել էր, 2007-ին ՌԴ նախագահի ներկայացմամբ Մոսկվայի քաղաքային դուման նրան հաստատել էր պաշտոնում: 1998 թ. Յուրի Լուժկովը գլխավորեց «Հայրենիք» քաղաքական շարժումը, այնուհետև «Ամբողջ Ռուսաստան» շարժման հետ միավորվելով` ստեղծվեց «Հայրենիք»-«Ամբողջ Ռուսաստան» դաշինքը: 2001-ին «Հայրենիք» և «Միասնություն» շարժումների միավորմամբ ստեղծվեց «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը, որի բարձրագույն խորհրդի համանախագահ էր Լուժկովը: Պաշտոնանկությունից հետո նա հեռացավ կուսակցությունից: Լուժկովի կինը` Ելենա Բատուրինան, «Forbes»-ի տվյալներով, աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակում երրորդն է` 2,9 միլիարդ դոլար կարողությամբ: Բրիտանական «The Guardian»-ի քաղաքական մեկնաբան Սայմոն Տիսդոլի կարծիքով` Մոսկվայի քաղաքագլխի պաշտոնանկությունը «անխոցելի թվացող կուսակցական պարագլխի քաղաքական սպանություն էր», որ արձագանքն է սովետական ժամանակների պուտչերի ու զտումների, և չի կարելի նորմալ համարել այն երկիրը, ուր նման իրադարձություններ են կատարվում: «The Independent»-ի գնահատմամբ` պաշտոնանկությունն իշխանության համար զզվելի պայքարի գագաթնակետն էր, որը հազվագյուտ հնարավորություն է տալիս ուսումնասիրելու Ռուսաստանի քաղաքական մարտերի գաղտնիքները: Ամերիկյան «The New York Times»-ը Մեդվեդևի հրամանագիրը նախագահի պաշտոնում ընդունած նրա ամենակարևոր որոշումը համարեց: Թերթի գնահատականով` պետության ղեկավարի նպատակներից մեկն էլ կարող էր լինել այն ասեկոսեների կանխումը, թե ինքը գործիք է Վլադիմիր Պուտինի ձեռքում, և իր ռեալ քաղաքական ուժ լինելու հաստատումը, ում հետ պետք է հաշվի նստել: «The Wall Street Journal»-ը հակված է կարծելու, որ քաղաքագլխի պաշտոնանկությունը հարված էր Մեդվեդևի իմիջին` նրան անաղմուկ հանգստի ուղարկելու փոխարեն նախագահը տևական պայքար սկսեց` հարուցելով հասարակական մեծ արձագանք: Իհարկե, իշխանության համար պայքարում կարևորը ոչ միայն անցանկալի քաղաքապետից ազատվելն է, այլև հարցերի հարցը` ո՞վ և ինչպե՞ս է նրան հաջորդելու: Արդյոք այսքանով պատմությունն ավարտվելո՞ւ է, թե՞ հարուցվելու են քրեական գործեր, և Լուժկովի հերոսացումը շարունակվելու է: Իսկ ի դեմս ՌԴ մայրաքաղաքի քաղաքագլխի` հովանավոր ու գործընկեր գտած հայերի համար էլ հարցերի հարց է` ի՞նչ է լինելու իրենց փողերի հետ, գտնելո՞ւ են նոր «տեր»` բիզնեսը շարունակելու համար, թե՞ հայի բախտը, Հայաստանում, թե Ռուսաստանում, հայի բախտ է մնում:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1220

Մեկնաբանություններ