ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«ՍԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԱԺ-ԻՆ ՀԻՄՔ Է ՏԱԼԻՍ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՉՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

«ՍԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԱԺ-ԻՆ ՀԻՄՔ Է ՏԱԼԻՍ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՉՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
22.01.2010 | 00:00

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ստեղծված նոր իրադրությունը և հետագա հնարավոր զարգացումները մեկնաբանում է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի Հայաստանի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ։
-Պարոն Մանոյան, հրապարակվեց հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը։ 12-ի կամ, ինչպես այսօր բնորոշում են` 14-ի ձևաչափի կուսակցությունները, այդ թվում` դաշնակցությունը, այն մեկնաբանեցին իբրև հայ-թուրքական բանակցությունների ընթացքում հայկական դիվանագիտության թերացումները կամ սխալները շտկելու փորձ։ Ո՞ր թերացումների մասին է խոսքը։
-Չեմ բացառում, որ մեզ հետ համագործակցող այլ կուսակցություններ տվել են այդպիսի գնահատական։ Դաշնակցության պարագայում, սակայն, ընդգծվել է, որ ՍԴ-ի որոշումն ընդամենը ցույց տվեց հայ-թուրքական արձանագրությունների վատ նախապատրաստված լինելը։ Ամենից առաջ ընդգծենք, որ ՍԴ-ն իր որոշմամբ փաստեց, որ արձանագրությունները չեն կարող առնչվել, բացի Հայաստանից ու Թուրքիայից, այլ` երրորդ կողմի հետ հարաբերություններին։ Սա, ըստ էության, նշանակում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարող առնչվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, և այս կապակցությամբ արձանագրությունները որևէ պարտավորություն չեն դնում Հայաստանի վրա։
Միաժամանակ ՍԴ-ի որոշումը հստակ պարզաբանում մտցրեց մեզ մտահոգող երկու այլ հարցերի` հայ-թուրքական փաստացի սահմանի ճանաչման և, այսպես կոչված, պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի վերաբերյալ։ Փաստորեն, ամրագրվեց, որ Հայաստանն արձանագրություններով չի ստանձնում հայ-թուրքական ներկայիս փաստացի սահմանի ճանաչման պատասխանատվությունը, իսկ նշված ենթահանձնաժողովում էլ ցեղասպանության հարցը չի կարող դառնալ քննարկման առարկա։ Կարծում ենք` իշխանությունները հետագայում պետք է առաջնորդվեն ՍԴ-ի որոշման մեջ ամրագրված տրամաբանությանը համապատասխան, և այդ որոշման կետերը պետք է մաս կազմեն հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ժամանակ խորհրդարանի համապատասխան որոշման։ Անթույլատրելի է, որ ՍԴ-ի ներկայացրած եզրակացությունը վավերացման ժամանակ անտեսվի, հակառակ դեպքում այն չի ունենա համապատասխան իրավական ուժ։
-Փաստորեն, Դուք առաջարկում եք, որ խորհրդարանը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում ՍԴ-ի որոշմանը համապատասխան վերապահում անի։
-Այո՛, թեև մեր գնահատմամբ, ՍԴ-ի որոշումը լիարժեք հիմք է տալիս Հայաստանի Ազգային ժողովին առհասարակ չվավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները։ Բայց եթե անգամ վավերացման խնդիր դրվի և խորհրդարանը ստիպված դիմի այդ քայլին, ՍԴ-ի որոշման տրամաբանությամբ վերապահում անելն անհրաժեշտ է։
-Ինչո՞վ եք բացատրում ՍԴ-ի որոշումը դատապարտող Թուրքիայի հայտարարության ի հայտ գալը։
-Սկսենք նրանից, որ Անկարայի արձագանքն ուշացած էր։ Որովհետև ՍԴ-ն որոշումը կայացրել է հունվարի 12-ին, իրենք սպասեցին մինչև հունվարի 18-19-ը։ Այսինքն, երբ երևան եկավ ՍԴ-ի որոշման անգլերեն թարգմանությունը։ Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած հայտարարությունը միանգամայն սպասելի էր և իրենց դիրքորոշման տեսանկյունից` տրամաբանական։ Թուրքիան ամենևին էլ տրամադրված չէ արձանագրությունները վավերացնելու` մինչև Ղարաբաղի հարցում իրենց պատկերացրած «առաջընթացը» չամրագրվի։ Միանգամայն պարզ էր, որ առաջիկա 2-3 ամիսներին, իսկ Հայաստանը տարբեր հայտարարություններով հենց դա է նշել իբրև ողջամիտ ժամկետ, Թուրքիան չէր վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները։ Հիմա Հայաստանի ՍԴ-ի որոշումն իրենք ուզում են մեկնաբանել այնպես, որ իբր պաշտոնական Երևանն է, որ հավատարիմ չէ ստորագրված արձանագրությունների ոգուն և տառին։ Դա է վկայում բառացիորեն 1-2 օր առաջ Սաուդյան Արաբիայում Էրդողանի հնչեցրած հայտարարությունը, որ եթե Հայաստանի Սահմանադրական դատարանն իր հրապարակած որոշումը չփոխի, արձանագրությունների վավերացման գործընթացում խնդիրներ կարող են առաջանալ։ Այսինքն` Թուրքիան հերթական անգամ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, նա չի հանգստանալու ու փորձելու է այդ ճնշումն իրագործել նաև այլոց միջոցով։ Հիմա պարզապես այնպիսի իրավիճակ է, որ Հայաստանը Թուրքիայի քայլերից չպետք է շփոթվի ու տեղի տա։
-Այլոց միջոցով ասելով` նկատի ունեք Եվրամիությա՞նը, թե՞ ԱՄՆ-ին։
-Ոչ այնքան Եվրամիությանը, որքան ԱՄՆ-ին։ Գաղտնիք չէ, որ հատկապես Վաշինգտոնն է շահագրգռված, որ հայ-թուրքական արձանագրությունները մինչև ապրիլի 24-ը վավերացվեն։ Կամ էլ վավերացման տապալման դեպքում հիմք ստեղծվի, որ ԱՄՆ-ի նախագահն ամերիկահայությանն ուղղված տարեկան ուղերձում կրկին չօգտագործի «ցեղասպանություն» արտահայտությունը։ Այս իրավիճակում Թուրքիան, անշուշտ, կցանկանա օգտագործել ամերիկյան կողմի այս տրամադրությունը, այն որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու հնարավորություն օգտագործելու համար։
-ԱՄՆ-ի համար այդքան կարևո՞ր է, թե ինչ պատճառով կտապալվի արձանագրությունների վավերացումը։
-Կարծում եմ` այո։ Եթե Հայաստանն է «մեղավոր» դառնում դրա համար, ապա այն առիթ է ցեղասպանության ճանաչումից խուսափելու։ Եթե Թուրքիայի պատճառով արձանագրությունները չվավերացվեն, Օբամայի վարչակազմը խուսանավելու ավելի քիչ հնարավորություն կունենա։ Չնայած ես մնում են այն կարծիքին, որ Թուրքիան ցանկացած դեպքում չէր շտապելու վավերացման հարցում` աշխատելով առավելագույնը քամել այս գործընթացից։
-Այսինքն, օգտագործել բուն գործընթացն առանց այն վերջնական ավարտին հասցնելու։
-Ո՛չ, արձանագրություններն այս բովանդակությամբ իրենց համար նպաստավոր են։ Համենայն դեպս, այդպես էր մինչև Հայաստանի ՍԴ-ի որոշումը։ Բայց, միաժամանակ, Թուրքիան պարտավորություններ է ստանձնել Ադրբեջանի առջև, որ իրենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում միաժամանակ կհասնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Բաքվի համար ընդունելի տարբերակով։ Կամ էլ հայ-թուրքական արձանագրությունները, առհասարակ, չեն վավերացվի։ Այսինքն, Թուրքիան մտադիր էր գործընթացը տանել իրեն հարմար ժամանակացույցով, ոչ թե Հայաստանի իշխանությունների համար ընդունելի ողջամիտ ժամկետներում։
-Կա տպավորություն, որ Թուրքիան, այնուհանդերձ, փորձում է ստեղծել վավերացումից առհասարակ խուսափելու հնարավորություններ։ Մասնավորապես, Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Դենիզ Բոլուքբաշն օրերս հայտարարեց, թե Էրդողանի կառավարությունը պետք է հեռացվի իշխանությունից, և դրա համար ամենաուշը այս տարվա հոկտեմբերին պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այսինքն, Էրդողանի կառավարությունն այլ քաղաքական ուժերի միջոցով հասկացնում է արտաքին աշխարհին, որ իր պայմանները չընդունելու դեպքում արտահերթ ընտրություններն արձանագրությունների վավերացումից խուսափելու ելք են։
-Չեմ բացառում, որ այդ տեսակետն ունի ներքին տրամաբանություն։ Բայց, մյուս կողմից էլ, Էրդողանի կուսակցությունը կարիք չունի այլ քաղաքական ուժերի աջակցության։ Խնդիրն այն է, որ Թուրքիայի վարչապետն ի սկզբանե ամրագրել է հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» երրորդ նախապայմանը, որովհետև առաջին երկուսը տեղ էին գտել արձանագրությունների տեքստում։ Այն է` մինչև Ղարաբաղի հարցում առաջընթաց չլինի, իրենք արձանագրությունների վավերացմամբ ընդհանրապես չեն զբաղվելու։ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ու փոխնախագահը, որոնք Էրդողանի կուսակցությունից են, արդեն հայտարարել են, որ այդ հարցն անգամ քննարկման չեն դնի։ Թեպետ իրենց խորհրդարանի կանոնակարգով հանձնաժողովին ներկայացված հարցի վերաբերյալ 45 օրվա ընթացքում եզրակացություն պետք է տրվի, ու այդ ժամկետը լրացել է անցած տարվա դեկտեմբերի 7-ին։ Այսինքն, իրենք բացահայտ ասել են, որ մինչև Ղարաբաղի հարցում իրենց ցանկացած արդյունքին չհասնեն, քայլ չեն անելու։ Ըստ այդմ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չկա, Էրդողանն էլ նշել է, թե մինչև 2011-ի հուլիսին նախատեսված հերթական խորհրդարանական ընտրությունները ոչ ոք չպետք է ակնկալի, թե կառավարության փոփոխություն տեղի կունենա։
-Սակայն իշխանությունը միշտ չէ, որ հնարավորություն ունի իրագործելու իր ցանկությունները։
-Չեմ առարկում, բայց Էրդողանի կառավարությունը խնդիր ունի առաջին հերթին որոշակի հաջողությունների հասնելու թուրք-քրդական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար երկրորդական նշանակություն ձեռք բերեց արդեն անցած տարվա մարտին, երբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Էրդողանի կուսակցությունը Թուրքիայի քրդաբնակ շրջաններում ստացավ անհամեմատ ավելի քիչ ձայներ, քան վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Չնայած Թուրքիայի Սահմանադրական դատարանն արգելեց «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցության գործունեությունը, ինչը բնավ չէր բխում Թուրքիայի ներկա կառավարության շահերից, այնուհանդերձ, Էրդողանի կառավարությունը շարունակում է ջանքեր գործադրել թուրք-քրդական հարաբերություններում գոնե ինչ-որ առաջընթացի հասնելու համար։ Ըստ այդմ էլ, արտահերթ ընտրությունները բացարձակապես ցանկալի չեն։
-Բայց թուրքական ընդդիմությունը ֆորսմաժորային իրավիճակ կարող է ստեղծել։
-Ո՛չ, որովհետև հատկապես խորհրդարանում ընդդիմությունը չունի այդքան ներուժ, անհրաժեշտ թվով ձայներ։ Այս ողջ գործընթացում ի՞նչն է հետաքրքիր. հատկապես այն, որ Թուրքիայի վարչապետն իր երկրի խորհրդարանում ունի ավելի ծանրակշիռ մեծամասնություն, քան Հայաստանի նախագահը մեր Ազգային ժողովում։ Բայց հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացի սկզբնավորումից ի վեր Էրդողանը մշտապես հայտարարել է` մենք, իբրև գործադիր իշխանություն, չենք կարող ճնշում գործադրել խորհրդարանի վրա։ Նա նույնիսկ իր պառլամենտին քաղաքական մանևրի դաշտ տվեց` հայտարարելով, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը փակ գաղտնի քվեարկությամբ է լինելու, և ինքը չի կարող երաշխավորել դրական արդյունք։ Սա այն դեպքում, երբ իր կուսակցությունն ունի բացարձակ մեծամասնություն։
Հայաստանի նախագահն այս ընթացքում ճիշտ հակառակ դիրքորոշմամբ հանդես եկավ` գործընթացի ողջ պատասխանատվությունը, փաստորեն, վերցնելով իր վրա։ Հասկանալի է, որ նա խնդիր ուներ Արևմուտքի համար վստահելի գործընկեր երևալու։ Բայց դրա արդյունքում Հայաստանի ԱԺ-ի նշանակությունը հասցվեց նվազագույնի։ Այսինքն` դրսում ոչ ոք անգամ չի կասկածում, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի խորհրդարան մտնելու դեպքում կարժանանան վավերացման։ Ես սա սխալ եմ համարում, Ազգային ժողովը պետք է ունենար քաղաքական դիրքորոշումն արտահայտելու ավելի լայն հնարավորություն։ Ավելին, Հայաստանի խորհրդարանն այսօր չի կարող որևէ միջազգային պայմանագրի հետ կապված վերապահում անել, եթե այդ վերապահումը չի առաջարկում հանրապետության նախագահը։ Այսինքն, այստեղ էլ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա։
-Այ, Դուք անընդհատ նշում եք Անկարայի ճնշումը ղարաբաղյան հարցն Ադրբեջանի օգտին լուծելու ուղղությամբ։ Սակայն Էրդողանի այցերը նախ` Վաշինգտոն, իսկ հետո Մոսկվա, որևէ արդյունքի չհանգեցրին։ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հրաժարվեցին Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելուց։ ՈՒրեմն Թուրքիան հարկադրված է լինելու համակերպվել այդ իրողության հետ։
-ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Թուրքիայի մոտեցումը մերժեցին ոչ թե սկզբունքորեն, այլ որովհետև հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը գործնականում անհնար է փոխկապակցել։ Թեկուզ զուտ այն պատճառով, որ միանգամից երկու ճակատում անհնար է հաջողության հասնել հատկապես Ադրբեջանի անզիջում դիրքորոշման պատճառով։ Բաքուն ուզում է ստանալ ամեն ինչ և ոչ մի զիջում չանել։ Նման դեպքում Հայաստանի այսօրվա նախագահը չի դիմի այնպիսի զիջման, որ ակնկալում են Թուրքիան ու Ադրբեջանը։ Միջազգային ճնշումն էլ արդյունք չի տա, ինչը Մոսկվայում և Վաշինգտոնում լավ հասկացել են։ Հայաստանի վրա ճնշում կարող է լինել ցանկացած դեպքում, քանի որ մենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասնակից ենք մնում։ Բայց այդ ճնշումը չի կարող լինել Թուրքիայի ուզած ձևով, որովհետև, միևնույն է, արդյունքի չի հանգեցնի։
-Մինչև ապրիլի 24-ը, թերևս, առիթ կունենանք կրկին անդրադառնալու թեմային։ Բայց, այնուհանդերձ, Ձեր կարծիքով, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացը չի՞ թուլացրել սփյուռքի, մասնավորապես, ամերիկահայության ձգտումը` Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ում առաջ մղելու առումով։
-Կարծում եմ` ոչ։ Թեպետ Հայաստանի իշխանությունները հասել են նրան, որ ԱՄՆ-ի հայկական համայնքային որոշ կազմակերպություններ` Ամերիկայի հայկական համագումարը, ՀԲԸՄ-ն, Հայ առաքելական եկեղեցու Էջմիածնի թեմը պաշտպանեն Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն արձանագրությունների հարցում։ Բայց այդ տեսակետը պաշտպանում է հիշյալ կառույցների ղեկավարությունը, ոչ թե դրանց շուրջ համախմբված ամերիկահայությունը։ Այդ տարակարծությունը կա և դրսևորվում է մամուլով ու հեռուստատեսությամբ։ Ըստ այդմ, ես այն համոզմանն եմ, որ ցեղասպանության ճանաչման հարցում ամերիկահայ համայնքի ջանքերը կարող են ավելի ջանադիր լինել, քան նույնիսկ նախկինում։
Այլ հարց է, թե ինչ արդյունքների կարող ենք հասնել, որովհետև շատ բան կախված է նաև Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից։ Եթե Հայաստանի իշխանություններն ապրիլի 24-ից առաջ հայտարարեն, որ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման վերահաստատումը որևէ կերպ չի խոչընդոտի, այլ հակառակը, կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա մենք կարող ենք հասնել առնվազն Ներկայացուցիչների պալատի կողմից համապատասխան բանաձևի ընդունման, գուցե և համարժեք հայտարարության ԱՄՆ-ի նախագահի մակարդակով։ Հայաստանի դիրքորոշումը տվյալ պարագայում շատ կարևոր է։
Ընդհանուր առմամբ հայ-թուրքական արձանագրությունների այս ողջ նախաստորագրումը, ստորագրումը և մնացյալ քաշքշուկը բավականին բացասական մթնոլորտ են ստեղծել սփյուռքում։ Մենք մտահոգ ենք եղել և այսօր էլ մտահոգ ենք, որ այդ պատճառով պառակտում չառաջանա Հայաստանի և սփյուռքի միջև կամ հենց սփյուռքի ներսում։ Եվ, իհարկե, ամեն ինչ կանենք դրանից խուսափելու համար։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1222

Մեկնաբանություններ