«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՂՍՏԱՆՈՒՄ «ԶՈՒՏ ԻՍԼԱՄԱԿԱՆ» ՏԵՍՔ ՈՒՆԻ, ԻՆՉԸ ՊԱԿԱՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԷ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՂՍՏԱՆՈՒՄ «ԶՈՒՏ ԻՍԼԱՄԱԿԱՆ» ՏԵՍՔ ՈՒՆԻ, ԻՆՉԸ ՊԱԿԱՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԷ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ
12.10.2010 | 00:00

Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, նախագահ Դ. Մեդվեդևի` Ադրբեջան կատարած այցի ժամանակ քննարկվել են պետական սահմանի և ջրային ռեսուրսների օգտագործման հարցերը` կապված Հարավային Դաղստանում տիրող իրադրության, ինչպես նաև Դաղստանի ժողովուրդների և Ադրբեջանի փոխհարաբերությունների հետ։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև խնդիր է դրվում ձևավորել ռազմավարականի նման ինչ-որ հարաբերություններ։ Այդ նպատակով պետք է լուծել շատ խնդիրներ, ու սահմանային հարցը հազիվ թե առաջնային է, բայց, ըստ էության, հատկապես Հարավային Դաղստանի թեման է, ինչպես էլ այն անվանվի, քննարկվել այդ այցի ժամանակ։
Դաղստանն իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը Հյուսիսային Կովկասում` իսլամական արմատականության առումով, որը, երևի, դեռ հեռու է մարելուց, և Ռուսաստանի հարավում անվտանգությանն սպառնացող գլխավոր վտանգն է։ Ըստ գնահատումների, իսլամական արմատականությունը Դաղստանում քիչ կապ ունի ազգայնական հավակնությունների հետ, ինչպես Չեչնիայում է, և ավելի շատ «զուտ իսլամական» տեսք ունի, ինչը պակաս վտանգավոր չէ Ռուսաստանի ու այդ ամբողջ տարածաշրջանի համար։ Ռուս փորձագետներն ընդունում են, որ Ռուսաստանի ղեկավարները համարժեք առաջարկություններ չունեն Դաղստանում հարաբերությունների կարգավորման և հակամարտության մարման համար։ Նկատի է առնվում, որ դաղստանյան այդ «ինթիֆադը» կապված չէ այդ տարածաշրջանի ժողովուրդների արմատական խնդիրների հետ, այլ գաղափարների ու դերակատարների «դեսանտ» է։ Հնարավոր է, որ դա, իրոք, այդպես է, բայց այդ իրադարձությունները, այսպես թե այնպես, Դաղստանի ժողովուրդներին շեղում են ազգայնական հավակնություններից, ինչը մեծապես համապատասխանում է հարևան Ադրբեջանի շահերին, որը լեզգիական և ավարական ազգային շարժումները համարում է լուրջ սպառնալիք իր անվտանգությանն ու ամբողջականությանը։ «Իսլամականությունն» ու իսլամական կրոնական արժեքների առաջադրումը, անկասկած, դաղստանյան ժողովուրդների ընդհանուր հասարակական-քաղաքական շարժումն առանձնացնում են ազգային-քաղաքական խնդիրներից։ Միաժամանակ, իսլամական արմատականությունը, փաստորեն, տեղ չի գտնում Հարավային Դաղստանի լեզգիական հողերում, ուր ռուսական հատուկ ծառայություններն ու վարչակազմը բառացիորեն խեղդել են լեզգիական շարժումը։ Ռուսական իշխանությունների համակարգված հակալեզգիական գործունեությունը սկսվել է 90-ականների սկզբներին և զարգացում է ստացել Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով (որպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի այլընտրանք) ադրբեջանական նավթի փոխադրման հարցի լուծման անհրաժեշտության կապակցությամբ։ Ինչպես հայտնի է, ռուսական «աշխարհաքաղաքական մտքի» այդ ուղղությունը չգործեց, և Ռուսաստանի քաղաքականությունը էներգահաղորդման ուղիների նախագծման ոլորտում ձախողվեց։ Բայց լեզգի ժողովուրդը ստիպված եղավ թանկ վճարել դրա համար։ Ռուսաստանի և Ադրբեջանի համաձայնեցված գործողությունների շնորհիվ լեզգի ժողովուրդը հերթական անգամ մասնատվեց և Հարավային Լեզգիստանը, զավթվելով Ադրբեջանի կողմից, դարձավ ոչ միայն նրա, այլև Ռուսաստանի շահերի պատանդ։ Այս իրավիճակը թույլ տվեց Ադրբեջանին ոչ միայն միջամտել արդեն Հարավային Դաղստանի իրադրությանը, կաշառել տեղի հեղինակություններին ու մանր պաշտոնյաներին, այլև համապատասխան գործողություններ իրականացնել լեզգիական շարժումը տապալելու համար։ Դեռ տասը տարի առաջ Մոսկվայի քաղաքական ակումբներում կարելի էր լսել, թե ռուսական հատուկ ծառայությունները շարունակ զեկուցում են երկրի ղեկավարությանն այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է միացնել Դաղստանի լեզգիական հողերը և դրանով առավել արմատապես լուծել սպառնալիքների ու անվտանգության խնդիրը։ Իհարկե, այն ժամանակ Ադրբեջանը ղեկավարող Հեյդար Ալիևը հասկանում էր, որ այդ ձեռնարկը պարզապես արկածախնդրություն է, և այդ նպատակը իրատեսական համարելը լուրջ չէ։ Անկասկած, առկա էր մի սադրանք, որը միանգամայն համահունչ էր այն ժամանակ Հյուսիսային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին։ Ադրբեջանը Վրաստանի հետ առանցքային դեր էր խաղում դեպի Չեչնիա և Դաղստան սպառազինության և գրոհայինների փոխադրման գործում` օգտագործելով բեռնատար ավիացիան և գործակալների դաղստանյան անլեգալ ցանցը։ Շատ հստակ ու կանոնավոր էր գործում հյուսիսարևելյան Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի օդանավակայանների և Ապշերոնի «Զաբրատ-2» օդանավակայանի օդային «կամուրջը»։ Բաքուն վերածվել էր «ապաստանի» չեչենական դիմադրության շարժման մասնակիցների համար։ Այստեղ կար որոշակի ենթակառուցվածք, այստեղ էին գտնվում չեչենական վերնախավի որոշ ներկայացուցիչների ընտանիքների անդամները։ Այսպիսով, Ադրբեջանն ունի հարուստ փորձ և գործակալների ճյուղավորված ցանց Հյուսիսային Կովկասում։ Բացառված չէ, որ արմատական իսլամական շարժման ծավալումը Դաղստանում տեղի է ունենում Ադրբեջանի ակտիվ մասնակցությամբ, որն այժմ զգալի միջոցներ ունի այդքան լայն աշխատանքի կատարման համար։ Դաղստանում բարենպաստ հող կա տարբեր ժողովուրդների միջև թշնամանքի ու դիմակայության բորբոքման համար, և տեղեկություններ կան, որ Ադրբեջանի դրածոները ձգտել են ավարների ու լեզգիների միջև հակամարտության մի քանի օջախ բորբոքել, ինչը հաջողություն չունեցավ «օբյեկտիվ պատճառներով», իսկ հետագայում ռուսական հատուկ ծառայությունները չեզոքացրին այդ վտանգը։ Ժամանակի ընթացքում Ադրբեջանի ղեկավարները հասկացան, որ իրենց հատուկ ծառայությունները չեն կարող իրականացնել այն միջոցառումներն ու նախաձեռնությունները, որ ենթադրվում էին, նույնիսկ այդքան մեծ ծախսերի գնով։ (Ի դեպ, համարվում է, որ դաղստանյան ուղղությունը կարևոր է դարձել ադրբեջանական հատուկ ծառայությունների համար` փողերի լվացման առումով)։ Տարիներ ի վեր ռուսական հատուկ ծառայություններն իրենք էին «վարում» ադրբեջանական գործակալական ցանցը և փաստորեն չեզոքացնում էին նրա աշխատանքը։
Ռուսաստանի պատկան կառույցները երկար ժամանակ համարում էին, թե Հարավային Դաղստանի խնդիրներին առավել ընդունելի մոտեցումն ամեն կարգի հակամարտության մարումն է և պահանջատիրության սահմանափակումը, որ դրսևորվում են նախ և առաջ լեզգի ժողովրդի, ապա նաև երկու պետությունների միջև բաժանված այլ ժողովուրդների կողմից։ Միանգամայն հասկանալի էր, որ Ռուսաստանն այնքան է մտահոգված Հյուսիսային Կովկասի խնդիրներով և տարված այդ խնդիրների լուծմամբ, որ չի պատկերացրել, թե ինչ կերպ է հնարավոր սեփական նախաձեռնությամբ առաջադրել որևէ նախագիծ մի այնպիսի ուղղությամբ, ինչպիսին լեզգիականն է։ Պետք է նշել, որ մոսկովյան քաղաքական նախագծողները, որոնք սերտորեն շաղկապված էին պետական կառույցների հետ կամ երբեք իշխանության միջանցքներում չէին եղել, առաջարկում էին, որ անվտանգության դաշնային ծառայությունը նախապատրաստի և որոշ չափով փորձարկի «լեզգիական նախագծի» ծավալման մի շարք մոտեցումները։ Իբր այդ նախագիծը գտնվում է ռեզերվում, և ներկայումս պայմաններ են ստեղծվել դրա իրականացումն սկսելու համար։ Կա նաև այլ կարծիք։ Այդ «լեզգիական նախագիծը», որն այսպես կարելի է անվանել միայն պայմանականորեն, առնչվում է ոչ թե Դաղստանին, այլ Ադրբեջանին։ Դաղստանի շրջանակներում որևէ «լեզգիական նախագծի» կիրառում իմաստ չունի, գոնե, ներկա իրավիճակում, իսկ հարավային` ադրբեջանական ուղղությամբ նախատեսվում է ստեղծել Ադրբեջանի վրա ներգործելու լծակներ։
Ադրբեջանը Ռուսաստանի անկատար հույսն է։ Ռուսաստանը ոչ մի կերպ չկարողացավ հասկանալ, որ «Ադրբեջան» անվանումով նախագիծն այնքան է ծանրաբեռնված և բովանդակությամբ խճողված, որ ինքը վաղուց արդեն տեղ չունի այնտեղ։ Ադրբեջանին Մոսկվայում միշտ բավական «գուրգուրանքով» են վերաբերվել, զգուշավորությամբ, քանի որ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության մեջ, ուր Վրաստանը ծայրաստիճան արմատական է տրամադրված, ենթադրվում էր, որ հենց Ադրբեջանին է պատկանում «վերջին խոսքը» տարածաշրջանային խաղում, եթե նկատի ունենանք, որ տարածաշրջանի պետությունները, իրոք, իրական խաղացողներ են։ Եթե Հայաստանն ավելի քան 15 տարի գտնվում էր ամերիկյան քաղաքականության ռեզերվում, ապա Ադրբեջանը համարվում էր Ռուսաստանի ռեզերվ։ Սակայն, եթե ԱՄՆ-ի ծրագրերը Հարավային Կովկասում բավականաչափ մշակված ու հղկված էին, և ամերիկացիները կարող էին իրենց համակցված գործողություններ թույլ տալ` դադարներով ու ակտիվ շրջաններով, այս կամ այն առաջնային խնդիրներն առաջադրելով, ապա Ռուսաստանը հարկադրված էր միշտ հետ մնալ որոշումներ ընդունելիս, մնալ երկրորդական դերերում, եթե նկատի առնենք ռազմավարական բնույթի նախաձեռնությունները։ Մոսկվայում ընդունված է ասել, թե Ռուսաստանը հայեցակարգ չունի և համակարգված գործունեություն չի իրականացնում Հարավային Կովկասում, ինչն ամենևին չի համապատասխանում իրականությանը։ Ամեն ինչ ավելի վատ է Ռուսաստանի համար, քան կարող է թվալ։ Որոշակի իմաստով Ռուսաստանն անգամ ավելի մանրամասնորեն է մշակել Հարավային Կովկասի հետ կապված պլանները, քան ԱՄՆ-ը, բայց նույնիսկ այդ պարագայում Ռուսաստանը միշտ տանուլ է տվել, ներառյալ 2008 թ. ամռան վրաց-ռուսական դիմակայությունը։ Մոսկվայում այնպիսի տրամադրություն է ձևավորել, երբ Ռուսաստանի դիրքերը միշտ համարվում են կանխավ տանուլ տրված։ Հիմա, երբ ԱՄՆ-ը նախընտրել է դադարը տարածաշրջանային քաղաքականության մեջ, ընդ որում, այդ դադարն անում է ցուցադրաբար, ռուսներն աշխատում են վերականգնել կորցրածը և նոր դիրքեր ձեռք բերել տարածաշրջանում, ինչը, նախ, նշանակում է Ադրբեջանը ներառել իր քաղաքականության հուն։
Ադրբեջանի հանդեպ այդ փորձը, ինչպես միշտ, կրում է ոչ լրիվ կշռադատված ու մշակված բնույթ, և Մոսկվայում անվստահության ու այդ խաղի իսկական պայմանների չընկալման տրամադրություններ են տիրում։ Այս անգամ տարակույսներով լեփ-լեցուն են ոչ միայն ռուսական ԱԳՆ-ի (շատ պահպանողական կազմակերպության), այլև Ռուսաստանի նախագահի աշխատակազմի (որտեղ քաղաքականությունը հաճախ արվում է պահի տրամադրության ու տպավորության ազդեցությամբ) միջանցքներն ու աշխատասենյակները։ Բայց ժամանակն աշխատում է ում օգտին ասես, բայց ոչ իրենց և, ամեն դեպքում, պետք է շտապել։ Ռուսաստանը միանգամայն դեկորատիվ գործողություններ էր կատարում Երևանում, ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ, և ձգտում է հարցեր լուծել Բաքվում։ Ո՞րն էր պետական սահմանի խնդրի և Դաղստանի հետ կապված մյուս խնդիրների կարևորությունը, որ Դ. Մեդվեդևը Ի. Ալիևի հետ քննարկում էր 2010 թվականի սեպտեմբերին Բաքվում։ Իմաստը միայն մեկն է. Ռուսաստանն Ադրբեջանին ազդանշաններ է ուղարկում այն մասին, որ խնդիրները, որոնք որոշակի փուլում քննարկվում են կառուցողական կարգով, հետագայում կարող են դիտարկվել այլ կերպ և պարունակել այլ հատկանիշներ։
Ներկայումս Ադրբեջանը հայտնվել է շատ վատ դրության մեջ, երբ իր դիրքորոշումն իրեն գցում է մեկուսացման մեջ։ Ադրբեջանի որոշակի մեկուսացումը, որն ուզում է ազդեցություն գործել խոշոր տերությունների քաղաքականության վրա, ձեռնտու է ոչ միայն Ռուսաստանին և ԱՄՆ-ին, այլև Թուրքիային, որը չէր ցանկանա, որ իր մերձավոր գործընկերը չափազանց նախաձեռնողական քաղաքականություն վարեր։ Դրա հետ մեկտեղ, բոլոր այն խոսակցությունները, թե ԱՄՆ-ն ու Ռուսաստանն իրար միջև բաժանել են տարածաշրջանը, անտեղյակների մտքի արգասիք են։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը չեն դիմի այնպիսի կոշտ ու անպտուղ որոշման, ինչպիսին ազդեցության ոլորտների բաժանումն է տարածաշրջանում, քանի որ նման որոշումը նրանց զրկում է հեռանկարից և խուսավարման հնարավորությունից։ Եվ հետո, այսպիսի մի հարց է առաջանում. ինչքա՞ն ժամանակով է արվում այդ բաժանումը։ Իրականում առկա է դիրքորոշումների համաձայնեցում միանգամայն կոնկրետ խնդիրների առնչությամբ. Ռուսաստանը ճանաչում է ԱՄՆ-ի «ինքնիշխանությունը» հարավկովկասյան տարանցիկ միջանցքի նկատմամբ, իսկ ԱՄՆ-ը հրաժարվում է տարածաշրջանում իր ռազմական ներկայության մեծացումից։ Միաժամանակ, բացառվում է Ռուսաստանի որևէ ագրեսիա, իսկ վրացական կորսված նահանգները մնում են Ռուսաստանի խնամակալության ներքո։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքական ու աշխարհատնտեսական հավակնություններին, շրջանում իր ազդեցությունն ընդլայնելու նրա փորձերին, ապա այստեղ ոչ մի սահմանափակում չկա։ Այսինքն, տեղի է ունենում գործառույթների փոխադարձ ընդունում, ոչ թե ազդեցության ոլորտների բաժանում։ Այլապես ի՞նչ անուն տաս Ռուսաստանի փորձերին` «կլանելու» Ադրբեջանը որպես ազդեցության ոլորտների բաժանման մասին այդ նույն պայմանավորվածության արդյունք։ Պետք է նաև նշել, որ տարածաշրջանային հարցերում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համաձայնությունն առնչվում է միայն սահմանափակ թվով հարցերի, դա չի վերաբերում տարածաշրջաններում երկու տերությունների քաղաքական ներկայության սկզբունքային խնդիրներին։ Հավանաբար, խոսքը ՈՒկրաինայի մասին է։
Դ. Մեդվեդևի այցը Ադրբեջան, ինչպես որ Ռուսաստանի մյուս նախագահների այցերը Բաքու, ավարտվեց եթե ոչ ձախողմամբ, ապա առանց որևէ էական արդյունքի։ Դա պայմանավորված է ոչ միայն ղարաբաղյան խնդրի վերաբերյալ սկզբունքային լուծումների բացակայությամբ և Ադրբեջանի դժգոհությամբ, այլև արտաքին քաղաքական այն պայմաններով, որոնցում գտնվում է Ադրբեջանը։ Ռուսներն իրենց համար շատ կարևոր հետևություններ են արել և հասկացել են, որ Ադրբեջանի ներկա վիճակը կախված է ոչ այնքան նրա ղեկավարների շահերից ու քմահաճույքներից, որքան այն գործառույթներից, որոնք այդ պետությունն իրականացնում է միջազգային հարաբերություններում, և որոնք նրան պարտադրվել են առաջատար պետությունները։
Ինչ վերաբերում է լեզգիական խնդրին, ապա Մոսկվան հասկացել է, որ ձեռքից բաց է թողել թե՛ ժամանակը, թե՛ նախաձեռնությունը, և Հարավային Դաղստանում զարգացում են ստանում բացահայտորեն հակառուսական տրամադրությունները, ընդ որում, ոչ թե իսլամական գաղափարախոսության հիմքի վրա, այլ ազգայնականության։ Լեզգի ժողովուրդն իր մաշկի վրա զգացել է բազում նվաստացումներ և իր իրավունքների ու շահերի ոտնահարում։ Հարավային Դաղստանի, մասնավորապես Դերբենդի առնչությամբ Ադրբեջանը, փաստորեն, աներևակայելի արդյունքի է հասել։ Ներկայումս ադրբեջանցիները, վերահսկելով այդ տարածաշրջանը, վարչական և տնտեսական առումով հասել են այն բանին, որ ճանաչվեն որպես անվանատու ազգ Դաղստանում, իսկ դա նշանակում է որպես այդպիսին ճանաչվել նաև ամբողջ Ռուսաստանում։ Ադրբեջանցիները, որոնց թիվը Ռուսաստանում հասնում է 2,7-3,0 միլիոնի, կարող են հավակնել այն բանին, թե Ռուսաստանի կազմում ունեն իրենց պատմական հայրենիքի մի մաս։ Սա բավական լուրջ սպառնալիք է Ռուսաստանի շահերին, բայց ազգային ու ռազմավարական շահերի մասին ռուսների սոսկ իդեալական պատկերացմամբ։ Ներկա ռուսական վերնախավը լրացուցիչ գազ և Ադրբեջանի հետ համագործակցությունից եկամուտ ստանալու շահից ելնելով, պատրաստ է «հանձնելու» ոչ միայն լեզգի ժողովրդի պատմական ապագան, այլև բուն Ռուսաստանի արմատական շահերը։ Ռուսական քաղաքականության հույժ տնտեսականացումը, ռուս քաղաքական գործիչների վարքագծի շահադիտական շարժառիթները հանգեցնում են տարածաշրջանային և այլ դիրքերի հանձնման, ռուսական պետության պատկառելիության փշրանքների կորստյան, նրա կազմում մի շարք ժողովուրդների գտնվելու անիմաստության հանգամանքի սրման։ Ռուսաստանի ժողովուրդներն իմաստ չեն տեսնում նրա հանդեպ բարեհաճ մնալու մեջ, այդ ժողովուրդները իրենց ոչ մի կերպ չեն նույնացնում ռուսական քաղաքական ընկերակցության հետ, այդ թվում` այդքան ավանդաբար բարեհաճ լեզգիները։
Այնուամենայնիվ, պետական գործունեության մեխանիզմները, անվտանգության ապահովման խնդիրները, տարածաշրջանային մարտավարական հարցերի լուծումները ենթադրում են լեզգիական գործոնի ակտիվացում, Դաղստանի ժողովուրդների առանձնացման խնդիրների հրատապության։ Դրանով իսկ Ռուսաստանը կարող է ձեռք բերել նոր հնարավորություններ ու դիրքեր, որ երբեք չի ունեցել, և դառնալ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների ավելի ակտիվ մասնակից։ Լեզգիներից ու ավարներից հետո Ռուսաստանը շահագրգռված կլինի նաև թալիշական թեմայի ակտիվացմամբ, և առհասարակ առնվազն երկու էթնիկ խմբերի` դաղստանցիների ու թալիշների շահերի պաշտպանությամբ։ Դրանով Ռուսաստանը կարող է ստանալ նոր հետաքրքիր դիրքեր ինչպես Եվրոպայում, այնպես էլ Արևելքում, որտեղ խիստ շահագրգռված են այդ թեմայի հրատապությամբ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1844

Մեկնաբանություններ