«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ ՆԵՏԵԼՈՒՑ ԱՌԱՋ

ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ ՆԵՏԵԼՈՒՑ ԱՌԱՋ
22.12.2009 | 00:00

Աստծո անցած յոթ օրում ձմեռը վերահաստատեց իր ոտնահարված իրավունքները և ձյան տակ թողեց Նիցցան, Փարիզն ու Ֆլորենցիան, Վաշինգտոնը, Իսպանիայում էլ ջերմաստիճանը հասավ -20-ի, Գերմանիայում`-30-ի: ՈՒ դա դեռ սկիզբն է փառավոր գործերի:
Հայերի ու հայկական հարցի մասին խոսելիս Թուրքիայի նախագահն էլ, վարչապետն էլ հաճախ են թուրք-հայկական հարաբերությունների գործոն համարում Թուրքիայում աշխատանք գտած հայերին` նշելով 50-70000 թիվը: «Եվրասիա» հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, հիմք ընդունելով Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի պաշտոնական կայքէջի տվյալները, վկայում է, որ 2000-2009 թթ. ՀՀ 294000 քաղաքացի մուտք է գործել Թուրքիա, Թուրքիայից Հայաստան է վերադարձել 288000-ը: Այսինքն` 50-70000-ը մտացածին է, խոսքն իրականում 5238 մարդու է վերաբերում: Այս թվերը Միգրանտների միջազգային օրվա առիթով մամուլի ասուլիսում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգի նախագծում Հայաստանին վերաբերող հարց չի ներառվել: Դեկտեմբերի 17-ին Փարիզում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում 2008 թ. մարտյան իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ զեկույցը չի քննարկվել` համազեկուցողների` Ջոն Պրեսկոտի և Ժորժ Կոլոմբիեի բացակայության պատճառով: Օրակարգի նախագծի հիմնական հարցերից են` ՈՒկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը, Մերձավոր Արևելքի իրավիճակի քննարկումը, Հունաստանի վարչապետ Ժորժ Պապանդրեուի և Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինիի ելույթները: Վեհաժողովը պետք է ընտրի նոր նախագահ: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի բանաձևի նախագիծը` ԵԽԽՎ նախագահի թեկնածուների ընտրման ընթացակարգի պարտադիր չափորոշիչ սահմանելու մասին, անհրաժեշտ թվով ստորագրություններով դրվել է շրջանառության: Ըստ հեղինակի` ԵԽԽՎ նախագահի պաշտոնում չեն կարող առաջադրվել այն անդամների թեկնածությունները, ովքեր ներկայացնում են մոնիտորինգային կամ հետմոնիտորինգային գործընթացում գտնվող երկրները: 15 երկրների դեմ ուղղված այս նախագիծը (մոնիտորինգի տակ են Ալբանիան, Ադրբեջանը, Բոսնիան և Հերցեգովինան, Հայաստանը, Մոլդովան, Մոնակոն, Մոնտենեգրոն, Սերբիան, Վրաստանը, Ռուսաստանը, ՈՒկրաինան, հետմոնիտորինգային երկխոսության գործընթացի մեջ են Բուլղարիան, Մակեդոնիան, Թուրքիան), որը նպատակ ունի կանխելու Թուրքիայի ղեկավար դերը ԵԽԽՎ-ում, հազիվ թե աջակցություն ստանա լիագումար նիստում` չափազանց տարբեր երկրների շահեր են շոշափվում, ի վերջո կա նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցը, այդ թվում` ընտրվելու իրավունքի հավասարության, թեպետ ինչ էլ օրենքները սահմանեն, միշտ գերակայում է քաղաքական շահը:
Քյոլնում կայացած Եվրոպայի հայերի համագումարի տարեկան ընդհանուր ժողովում ընտրվել է նոր Գերագույն խորհուրդ` Կարո Հակոբյանի նախագահությամբ: Համագումարում քննարկվել են ԵՀՀ-ի կանոնադրական և կազմակերպական հարցեր, սփյուռքահայության` հատկապես եվրոպահայության խնդիրներն ու մարտահրավերները:
Ադրբեջանի դեսպանն ԱՄՆ-ում պետական դեպարտամենտին է փոխանցել բողոքի նոտա` Կոնգրեսի օրինագծի դեմ, որով ԱՄՆ-ն 8 միլիոն դոլարի օգնություն է հատկացնում ԼՂՀ-ին: Նոտայում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ծրագրերի իրագործումն առանց Ադրբեջանի մասնակցության` ԱՄՆ-ի աջակցությունն է սեպարատիստական ռեժիմին, և կասկածի տակ է դնում անկողմնակալ միջնորդի դերը բանակցային գործընթացում:
ԱՄՆ-ի օգնությունը Լեռնային Ղարաբաղին պարբերական է` գումարները հատկացվում են մարդասիրական ծրագրերի իրականացմանը` ականազերծում, ենթակառույցների վերականգնում:
ԵՎրախորհրդարանն Ադրբեջանում խոսքի ազատության մասին բանաձև է ընդունել` արձանագրելով, որ լրատվամիջոցների աշխատանքի համար մթնոլորտը վերջին տարիներին վատթարացել է, ԶԼՄ-ների դեմ բազմաթիվ դատական հայցեր են հարուցվել, ձերբակալվել են լրագրողներ, փակվել են անկախ հեռուստառադիոընկերությունները, հարձակումներ են եղել լրագրողների վրա: Եվրախորհրդարանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել ձերբակալված լրագրողներին, վերականգնել 2008-ին դադարեցված BBC, «Ամերիկայի ձայն», «Ազատություն» ռադիոկայանների հեռարձակումը:
Այս շաբաթ կարճ ժամանակով հայրենիք էր վերադարձել արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը. Փարիզում նա մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին և ելույթ ունեցավ` ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է կազմակերպության արժեքներին և ջանում է ակտիվ մասնակցել Ֆրանկոֆոնիայի գործունեությանը: Փարիզում նա հանդիպել է նաև Շվեյցարիայի արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի տնօրեն Միշլին Կալմի-Ռեյի, Մարոկկոյի ԱԳ նախարար Ֆասի Ֆիհրիի, Կամբոջայի ԱԳ նախարար Նամհոնգ Հոռի, Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լևիտի հետ: Հագեցած առօրյա և, որ կարևորն է, եվրոպական մակարդակ, ինչը շատ պակասում է նախարար Նալբանդյանին Հայաստանում, որտեղ հարկադրված է իրեն զգալ, ինչպես ձուկը ցամաքում: Օրինակ` ընդունել թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, հիանալի իմանալով նրանց ժամանման բուն նպատակը, բայց դիվանագիտորեն ասել, որ լավ առիթ է ստեղծվել նրանց միջոցով թուրքական հասարակության համար առաջին ձեռքից տեղեկանալու տարբեր հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումներին: Այն է` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որևէ այլ խնդրի հետ կապելն անհեռատես է, հակառակ է ոչ միայն ձեռք բերված համաձայնությունների տրամաբանությանը, տառին և ոգուն, այլև միջազգային հանրության սկզբունքային դիրքորոշմանը, երկխոսությունը սկսվել է փոխադարձ ըմբռնմամբ, որ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, համաձայնության մթնոլորտում, նախապայմաններ առաջ քաշելը նշանակում է վերադառնալ այն փակ շրջանակին, որտեղ գտնվել ենք գործընթացը սկսելուց առաջ: Այն կողմը, որը կփորձի նախապայմաններ առաջ քաշել, կստանձնի հետևանքների ողջ պատասխանատվությունը:
Իսկ գուցե պարզապես ժամանակն է ֆուտբոլայինից անցնելու բասկետբոլայի՞ն դիվանագիտության: Եվրոպայի գավաթի 2009-2010 թթ. խաղարկության կանանց բասկետբոլի «Հատիս» թիմը Ստամբուլի «Բեշիկթաշին» երկրորդ անգամ հաղթեց: Սա բավարար և ամուր հիմք է նոր դիվանագիտության համար, որտեղ նաև ակտիվ դերակատարում ունեն կանայք, ինչն այնքան խրախուսվում է Եվրոպայում: Բացի այդ, ի տարբերություն հայ ֆուտբոլիստների, «Հատիսն» իրավունք է ստացել մասնակցելու Եվրագավաթի խաղարկության 1/16 եզրափակչին, այսինքն` բավարարում է ժանրի պահանջները` show must go!
Դեկտեմբերի 14-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Իրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի առաջարկով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել դեկտեմբերի 21-28-ը նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցնելու վերաբերյալ, հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին կիսամյակի գնահատականները կամփոփվեն հունվարին: A/H1N1-ն է պատճառը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել թուրքական Hurriyet Daily News-ին: Վարչապետը հույս է հայտնել, որ Թուրքիան չի ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք Անկարայի ու Երևանի միջև համաձայնությունը կձախողեն: Հակառակ դեպքում Հայաստանի խորհրդարանը չի վավերացնի արձանագրությունները: Եթե Թուրքիան նախապայմաններ է դնում, Հայաստանը ևս ազատ է այդպես վարվելու: Ձախողման դեպքում Անկարան պիտի բացատրի պատճառները: Եվ ոչ միայն Թուրքիայի հեղինակության, այլև Թուրքիայի հետ հետագա բանակցությունների նպատակահարմարության: Վարչապետը հիշեցրել է, որ հայ-թուրքական սահմանը փակել է Թուրքիան: Քննադատելով Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը` նա պատերազմից խուսափելու լավագույն ուղին պատերազմին պատրաստ լինելն է համարել: Եթե Ադրբեջանը զգա, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմի, զինադադարը տեղնուտեղը կխախտի: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացները միմյանց կապելը չի նպաստի հակամարտության հաղթահարմանը, քանի որ Թուրքիան չեզոք կողմ չէ. «Դա կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը, որը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Թուրքիայի շահերից»:
Հիրավի քրիստոնեական հանդուրժողականության օրինակ է տվել Սիլվիո Բեռլուսկոնին: Միլանում Մասիմո Տարտալիան կոտրեց նրա քիթն ու ատամները, վարչապետը մի քանի օր Սան Ռաֆայել հոսպիտալում բուժվելուց ու ապաքինումը չավարտած Հռոմ վերադառնալուց հետո ասել է. «Սերը միշտ հաղթում է ատելությանը: Կոչ եմ անում բոլորին պահպանել հանգստություն»: Գուցե Վատիկանի ազդեցությո՞ւնն է պատճառը: Համենայն դեպս` նույնիսկ այս միջադեպից Բեռլուսկոնին հաղթած դուրս եկավ` միանգամից դառնալով համազգային կարեկցանքի կենտրոն: Իհարկե, գտնվեցին նաև Տարտալիայի կողմնակիցներ, նույնիսկ մի թուրինցի փորձեց Սան Ռաֆայելում կրկնել նրա հարձակումը: Այդպիսին է երևի ժողովրդավարությունը: Խնդիրը համամասնության մեջ է` քանիսն են կողմ, քանիսը` դեմ:
Դեկտեմբերի 21-ին` Իոսիֆ Ստալինի և Միխեիլ Սաակաշվիլու ծննդյան օրն էր նշանակված Քութայիսում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի պայթեցումը: Պատերազմին մասնակցած 700000 վրացիների մեկ երրորդը զոհվել էր: Վրացական իշխանությունն ու ընդդիմությունը հերթական ճակատամարտի վայր ընտրել էին անցյալը: Բնականաբար, բոլոր խելամիտ մարդիկ դեմ էին բարբարոսությանը` պատմական հուշարձանները մեղավոր չեն քաղաքական կոնյունկտուրայի հարափոփոխության մեջ: Տեղի տալով բողոքի դրսևորումներին` պայթեցումը ոչ թե կասեցվեց, այլ կատարվեց դեկտեմբերի 19-ին, և այնքան մեծ էր ավերածությունը, որ բեկորների տակ զոհվեցին մի կին և նրա ութամյա դուստրը: Հուշարձանի տեղում որոշված էր կառուցել խորհրդարանի շենք և խորհրդարանը Թբիլիսիից տեղափոխել` այդպես հարմար է իշխանության համար երևի: Իսկ հիմա վրացիները պահանջում են խորհրդարանի փոխարեն հուշարձանի տեղում եկեղեցի կառուցել: Մենթալիտետի հարց է` ոսկորների վրա եկեղեցի կառուցելը. իրենց մայր տաճարն էլ Թբիլիսիում վրացիները կառուցեցին հայկական գերեզմանոցի տեղում: Բումերանգի օրենքը պետք է հիշել բումերանգը նետելուց առաջ, հետո արդեն հետևանքների դեմ պայքարը պատճառը չի վերացնում: Սովորաբար:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1486

Մեկնաբանություններ