«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀԵՐԹԱԿԱՆ «ՓՇԻ-ՓՇԻՆ»

ՀԵՐԹԱԿԱՆ «ՓՇԻ-ՓՇԻՆ»
29.06.2010 | 00:00

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հարավային Կովկասի երկրներ առաջիկա այցի առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին, Քլինթոնը կաշխատի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին համոզել` ակտիվացնելու ջանքերը ղարաբաղյան հակամարտության հարթման ուղղությամբ, իսկ ինքը կշարունակի աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Այցի ընթացքում կքննարկվեն նաև հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր։ Քլինթոնը Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կայցելի հուլիսի 1-5-ը։
«Որպեսզի լուծումը լինի երկարաժամկետ, այն պետք է բավարարի բոլոր կողմերին։ Լուծումը պետք է գտնվի Հելսինկյան սկզբունքների վրա, որի մեջ մտնում են միջազգային երեք սկզբունքները` ինքնորոշում, պետության տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում»,- երեկ, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գործընթացին, հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը։ Դեսպանը կարծիք է հայտնել, թե երկու կողմերն էլ պիտի պատրաստ լինեն փոխզիջումների։ «Ոչ մեկը չպետք է հանգստանա ու մտածի, թե ներկայիս իրավիճակը կարող է շատ երկար տևել։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցությունները պետք է ակտիվորեն շարունակվեն։ Մենք էլ, մեր հերթին, կփորձենք ամեն ինչ անել Մինսկի խմբի աշխատանքներին աջակցելու համար»,- ասել է Չարլզ Լոնսդեյլը:
Իր հերթին, մեկնաբանելով ղարաբաղյան խնդրի առնչությամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի առաջնորդների համատեղ հայտարարությունը` ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն նկատել է. «Սրանք բոլորը դատարկ խոսքեր են։ Այսօրվա դրությամբ ռուսական դիրքորոշումը չի փոխվել. նրանց ձեռնտու է թշնամության մեջ պահել երկու երկրներին։ Դա ՆԱՏՕ-ի անդամակցությունից հետ պահելու և նրանց վրա ազդեցությունը պահպանելու լավագույն եղանակն է։ ՈՒստի ես չեմ կարծում, թե այժմ ինչ-որ լուրջ բան կարող է տեղի ունենալ»։ Վերլուծաբանը նշել է, որ Ռուսաստանի հաղթաթուղթը Լեռնային Ղարաբաղն է. «Ռուսաստանը խաղում է` ամերիկացիներին ասելով, թե իրենք հայերի վրա ճնշում չեն գործադրում, կանաչ լույս են վառել նրանց առջև։ Նույն բանն ասում են նաև Ադրբեջանին։ Մեզ խնդրում են գնալ Լեռնային Ղարաբաղ և համոզել մեր քաղաքացիներին, որ վերադառնան Ադրբեջանի գիրկը։ Այս ամբողջ խաղը հասկանալի է նրանց, ովքեր պրոֆեսիոնալ մակարդակով հասու են այդ խնդրին»։ Փորձագետի համոզմամբ` պետությունների աշխարհառազմավարական շահերն արտաքին գործոնների ազդեցությամբ փոխվում են։ Օրինակ` ԽՍՀՄ-ի փլուզումը, Կենտրոնական Ասիայի, Մերձբալթիկայի, Կովկասի երկրների ինքնորոշումը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը և այլն։ «Այդ տեղաշարժերի շնորհիվ էլ պիտի ազատագրվի մեր տարածքը»,- եզրահանգել է Գուլուզադեն։
Մնում է հարցնել ադրբեջանցի քաղաքագետին, թե այդ երբվանից են ազատ Արցախի հայ բնակիչները Ադրբեջանի համար դարձել «մեր քաղաքացիներ»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1177

Մեկնաբանություններ