«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՇՆԱՆԸ ԿԽԱՂԱՐԿՎԻ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՕՎԵՐԹԱՅՄԸ

ԱՇՆԱՆԸ ԿԽԱՂԱՐԿՎԻ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՕՎԵՐԹԱՅՄԸ
30.07.2010 | 00:00

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքագիտության դոկտոր ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` հայ ընթերցողին թարգմանաբար ներկայացվող այս հոդվածը զեկուցման տեսքով առաջին անգամ հրապարակվել է «Առկա իրավիճակը և տարածաշրջանային անվտանգության հեռանկարները Կովկասում» միջազգային կոնֆերանսում, որը ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ մայիսի 24-ին կայացել է Երևանում` ՀՀ կառավարության ընդունելությունների տան նիստերի դահլիճում։ Անցած երկու ամիսների իրադարձությունները` Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների փաստացի վերսկսումը, ՆԱՏՕ-ի պատասխանատու դերակատարությամբ հակամարտության գոտում խաղաղարար օպերացիայի իրականացման անհրաժեշտության մասին Բրյուսելում` պաշտոնական այցի ընթացքում արված Սերժ Սարգսյանի աղմկահարույց հայտարարությունը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի աննախադեպ մամուլի ասուլիսը` Իրանի կողմից ՆԱՏՕ-ական ուժերի մուտքը հակամարտության գոտի ամեն գնով արգելափակելու վճռականության հավաստիքներով, ՄԱԿ-ի հովանու ներքո Հաագայում գործող արդարադատության միջազգային դատարանի վճիռը Կոսովոյի կողմից պետական անկախության հռչակման իրավաչափության հարցով, նաև հետմայիսյան կարևորագույն մյուս իրադարձությունները թույլ են տալիս անաչառ դատել, թե որքանով էին իրատեսական քաղաքագետի կանխատեսումները։
Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի ու Թուրքիայի միջև մեկուկես տարի տևած անդրկուլիսյան քաղաքական բանակցություններն ավարտվեցին 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ, որոնք, երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացվելու դեպքում, պետք է ապահովեին հայ-թուրքական սահմանի` Եվրոպայի մայր ցամաքում վերջին «երկաթյա վարագույրի» բացումը։ Սակայն մեր երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային խաղը համատեղ դիտելու առթիվ «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացած հայ-թուրքական կարգավորման գործընթացը ներկայումս «սառեցված» է. ս.թ. ապրիլի 22-ին երկրի քաղաքացիներին հասցեագրած իր հեռուստաուղերձում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց «հայ-թուրքական կարգավորման ներկա փուլի ավարտի» մասին...
Դեռևս 2008 թ. սեպտեմբերին սկսված «ֆուտբոլային դիվանագիտության» իրականացումը կարելի էր բնութագրել որպես ինչ-որ մի փուլ, եթե Հայաստանի կառավարող քաղաքական կոալիցիան անցած մեկուկես տարում հասարակայնության դատին ներկայացներ ազգային շահերի փուլ առ փուլ պաշտպանության որևէ նախագիծ։ Այսօր իսկը ժամանակն է ոչ թե խոսելու «ֆուտբոլային դիվանագիտության» առաջին փուլի ավարտի և հաջորդ փուլին անցնելու հնարավորության մասին, այլ համարձակություն ունենալու և, արձանագրելով դրա ակնհայտ ձախողումը, բացահայտելու այդ ձախողման` հայ ազգային շահերի համար չափազանց վտանգավոր քաղաքական հետևանքները։ Մինչ հետևություններ անելն ու գնահատականներ տալը պետք է նշեմ, որ համակարծիք չեմ Թուրքիայի ու Հայաստանի շահերի ճակատագրական անհամատեղելիությանը, և որ հնարավոր չէ շփման կետեր ու փոխադարձ շահեր գտնել երկու երկրների փոխհարաբերություններում։ Այն, ինչ ձեռնտու է ժամանակակից Թուրքիային, ամենևին պարտադիր չէ հայկական շահերի տեսանկյունից ընդունել սվիններով, և ընդհակառակը, այն ինչ ձեռնտու է Հայաստանին, կարող է օգտակար լինել նաև Թուրքիային։ Օրինակ, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը, որին մեր հարևանները ձգտում են արդեն երկար տարիներ, մի շարք պատճառներով կարող է օգտակար լինել նաև Հայաստանի համար։ Նույն բանը կարելի է ասել նաև հայ-թուրքական սահմանի բացման և Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին. նախապայմանների առաջադրումից փոխադարձ հրաժարումը կարող է հիմք դառնալ այդ հարցերի փոխշահավետ լուծման համար։ Սակայն ցավալին հենց այն է, որ «ֆուտբոլային դիվանագիտությունը» սկզբից ևեթ թուրքական կողմը չի դիտարկել որպես այդ և երկկողմ շահերի հարթությունում գտնվող այլ խնդիրների լուծման բանալի։ Ի տարբերություն Հայաստանի, որի ղեկավարությունը գլխովին թաղվել էր հայ-թուրքական հարցի կարգավորման մեջ, առանց հստակ պատկերացնելու, թե արդյունքն ինչ է լինելու, միայն թե «գործընթաց լիներ», Թուրքիան ուներ միանգամայն որոշակի, կշռադատված պլան։ Այդ պլանը ենթադրում էր հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի փոխել վերջին 16 տարում` հայ-ադրբեջանական հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո, Հարավկովկասյան տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական ստատուս քվոն։ Նկատի էր առնվում արմատապես փոխել աշխարհաքաղաքական շահերի` Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված հետպատերազմյան հաշվեկշիռը։ «Ֆուտբոլային դիվանագիտության» քողի ներքո Թուրքիան ձգտում էր առանց որևէ կրակոցի Հարավկովկասյան տարածաշրջանում հասնել այնպիսի խոշոր աշխարհաքաղաքական փոփոխությունների, որոնց 2008 թ. օգոստոսին Աբխազիայի և Օսիայի վրա ռազմական հարձակման միջոցով ուզում էր հասնել Միխայիլ Սաակաշվիլին։
Չարժե պնդել, թե իբր «ֆուտբոլային դիվանագիտություն» նախաձեռնողը Սերժ Սարգսյանն է։ Իրականում «ֆուտբոլային դիվանագիտությունը» հղացվել է Սաակաշվիլու օգոստոսյան արկածախնդրության ձախողումից անմիջապես հետո` որպես Հարավկովկասյան տարածաշրջանում պատմականորեն ձևավորված աշխարհաքաղաքական ստատուս քվոյի փոփոխման և այնտեղից Ռուսաստանին ուժով դուրս մղելու «խաղաղ» այլընտրանք։ Սերժ Սարգսյանին վերապահված էր «փոքր Գորբաչովի» դեր, որը գործընթացի ամենասկզբում պետք է, ի պատասխան Թուրքիայի կողմից «Կովկասի կայունության և անվտանգության պլատֆորմի» հռչակման, իսկ ըստ էության` տարածաշրջանային գերտերության կարգավիճակի ձեռքբերման հայտի, Թուրքիայի նախագահին հրավիրեր Երևան և Հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական ստատուս քվոն թուրք-ադրբեջանական տանդեմի օգտին արմատապես փոխելու նախագծի իրականացման դեպքում Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանար։
Որքան էլ տարօրինակ հնչի, բայց ԼՂՀ-ի հանդեպ Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջները հենց պատճառ դարձան, որ նախատեսված նպատակը չիրականանա։ Սակայն դա ամենևին չի նշանակում, թե թուրք-ադրբեջանական տանդեմը չկարողացավ լուրջ օգուտներ քաղել մեկուկեսամյա «ֆուտբոլային» պատմությունից։ Տեսանելի ապագային թողնելով առավելագույն ծրագրի կատարումը, Անկարան այսօր գոհունակությամբ հաշվում է նվազագույն ծրագրի հաջող իրականացման դիվիդենդները։ Վերջինիս նպատակն էր թուլացնել և մեկուսացնել Հայաստանին տարածաշրջանային և միջազգային քաղաքականության մեջ, էապես նվազեցնել Հայաստանի հնարավորությունները` ներգործելու իր բարեկամ պետությունների վարքագծի վրա իր արտաքին քաղաքականության հիմնարար նպատակների առաջմղման հարցում, այն է` ճանաչել, միջազգայնորեն դատապարտել Հայոց ցեղասպանությունը և այդ հիմքի վրա ժամանակակից Թուրքիային պարտավորեցնել հաղթահարելու 1915-1922 թթ. օսմանյան կառավարիչների նախաձեռնությամբ իրականացված հայերի ցեղասպանության հետևանքները, միջազգայնորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախությունն ու միջազգային իրավասուբյեկտությունը։ Հայաստանի արտաքին քաղաքականության այդ երկու կարևորագույն, անկյունաքարային նպատակները, փաստորեն, արգելափակվեցին այն նույն պատմական պահին, երբ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Օսիայի պետական անկախության ճանաչման շնորհիվ քաղաքական իրավիճակը նպաստավոր էր դրանցից գոնե մեկի արդյունավետ առաջընթացի` ԼՂՀ-ի միջազգային ճանաչման հնարավորությունների համար։
Այդքան լուրջ նախադեպային հիմքի առկայությունից օգտվելով ԼՂՀ-ի անկախության միջազգային ճանաչման հարցը կտրականապես դնելու` Հայաստանի և Արցախի հնարավորությամբ մտահոգվածությունն էլ հենց Անկարային ստիպեց շտապ կարգով տարածաշրջանային խաղաղարարի պատմուճան հագնել և հանդես գալ «Կովկասի կայունության և անվտանգության պլատֆորմով»։ Պաշտոնական Երևանի արձագանքը պատմաբանները կհամեմատեն Օսմանյան կայսրությունում ներքին վերափոխություն անցկացնելու և Արևմտյան Հայաստանի հայ բնակչությանը ազգային մշակութային ինքնավարության իրավունքներ տրամադրելու միամիտ հույսերի հետ, որ մեր ժողովրդի համար արյունալի XX հարյուրամյակի սկզբին արևմտյան «բարեկամների» ազդեցությամբ փայփայում էին հայ անփորձ քաղաքական և մերձքաղաքական գործիչները։ Հազիվ թե Անկարան հույս ունենար, որ Հայաստանն այդքան հեշտորեն նույն պատմական սխալները կգործի, սակայն հենց այդպես էլ եղավ. «ֆուտբոլային դիվանագիտությունը» այն պայմաններում, երբ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո Երևանն ու Ստեփանակերտը հրաշալի հնարավորություն ստացան «արմատապես ծավալելու» հայկական քաղաքականությունը, այն նպատակամղելով ԼՂՀ-ի անկախության միջազգային ճանաչման խնդրի լուծմանը, դարձավ ոչ այլ ինչ, քան «գնդակի փոխանցում հակառակորդին»։ Ավելի քան մեկ տարի, այդ «փոխանցման» նպատակադրվածությանը համապատասխան, ապաշնորհ կոալիցիոն գործիչները հեռուստաեթերով շարունակ ճամարտակում էին, թե հնարավոր է Անկարային դրդել հայ-թուրքական հարաբերություններում առաջնորդվելու Թուրքիայի պետական շահերով և չընկրկելու ադրբեջանական շանտաժի առջև։
Պատմությունը երբեմն կրկնվում է, և կասկած չկա, որ այսօր նրա հենց այդ ընդունակության վրա է հույսը դրել Թուրքիան` հայտ ներկայացնելով հայկական Արցախի ճակատագրի որոշմանը մասնակցության համար։ Պետք է ցավով արձանագրել, որ Սերժ Սարգսյանի ներկա թիմի քաղաքական կարճատեսությունը նրան զրկում է գործընթացների զարգացումը ոչ միայն գոնե մի քանի քայլ առաջ կանխատեսելու հնարավորությունից, այլև հաշվի առնելու պատմական փորձով բազմիցս հաստատված ճշմարտությունները։
Հայաստանը բոլոր հիմքերն ունի լուրջ տագնապ զգալու «ֆուտբոլային դիվանագիտության» քաղաքական հետևանքների կապակցությամբ։ Այդ «դիվանագիտությունը» ոչ միայն չդրդեց Թուրքիային հրաժարվելու հայ-թուրքական երկկողմ հարաբերությունները երրորդ կողմի` Ադրբեջանի, քմայքին ենթարկելուց, այլև անվստահություն և հիասթափություն սերմանեց Հայաստանի ու հայկական սփյուռքի փոխհարաբերություններում, որը շատ ցավագին է արձագանքում մեր ազգային նվաստացմանը։
Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սահմանի բացման հարցի անամոթ ու ցինիկ օգտագործումը որպես «խայծ» պաշտոնական Երևանին դրդելու կապիտուլյանտական դիրքերից մոտենալ ցեղասպանության ճանաչման և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերին, բացասաբար անդրադարձավ նաև բարեկամ պետությունների հետ մեր երկրի հարաբերությունների վրա։ Այն մեր դաշնակիցների շրջանում կասկածներ հարուցեց, ստիպելով եզրակացնել, որ Հայաստանն ընդունակ չէ ինքնուրույն պաշտպանելու իր սեփական ազգային շահերը, դրսևորելու վճռականություն և անկոտրում կամք ԼՂՀ-ի անկախության պաշտպանության հարցում։
Նկատի ունենալով «ֆուտբոլային դիվանագիտության» բացահայտ ձախողումը և ցանկանալով, ըստ երևույթին` Սերժ Սարգսյանի անձնական խնդրանքով, գոնե որևէ կերպ վերակենդանացնել «նոր մտածողությունը» Անկարայի և իր ռազմավարական դաշնակցի փոխհարաբերություններում, Ռուսաստանը Հայաստանի անկախացումից հետո առաջին անգամ հնարավոր համարեց Թուրքիայի հետ իր երկկողմ հարաբերությունների շրջանակներում սկսել ղարաբաղյան կարգավորման խնդրի քննարկումը։ Եթե նկատի առնենք, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ մեկտեղ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, որ, մյուս կողմից, Թուրքիան չի թաքցնում իր հավակնությունները ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ունենալու համանախագահներին հավասար դերակատարություն, ակնհայտ է դառնում, որ Անկարային հաջողվել է ևս մեկ քայլ անել սեփական նկրտումների «օրինականացման» ճանապարհին։ Կասկածից վեր է, որ իր այդ հաջողությամբ Անկարան պարտական է ոչ թե Մոսկվային, այլ, առաջին հերթին, «ֆուտբոլային դիվանագիտությանը», որի հորձանուտի մեջ նա կարողացավ այնքան հմտորեն ներքաշել պաշտոնական Երևանին, ստեղծել Հայաստանի հետ հարաբերություններում «նոր մտածողության» խաբկանք, իրականում առաջնորդվելով Կովկասյան տարածաշրջանում «հայկական գործոնի» դիվանագիտական և ռազմաքաղաքական չեզոքացման պատմականորեն փորձարկված զինանոցով։
Թուրքիան «ֆուտբոլային դիվանագիտության» շղարշի ներքո պակաս ծանրակշիռ հաջողությունների չհասավ Իրանի հետ փոխհարաբերություններում, մի երկրի, որի հետ Հայաստանը կապված է միջպետական ընդհանուր սահմաններով, ավանդական բարեկամական, դաշնակցային հարաբերություններով։ Հայաստանի և ՆԱՏՕ-ական Թուրքիայի փոխհարաբերություններում «նոր մտածողության» ուրվականը, դատելով ըստ ամենայնի, լրջորեն անհանգստացրեց Իրանին և դրդեց Անկարայի հետ որոշակի պայմանավորվածության գալ, որ քաղաքական հետևանքներն արդեն բավականին հստակ գծագրվում են։
Պետք չէ կասկածել, որ ղարաբաղյան խնդրի արագացված կարգավորման հեռանկարների հանդեպ Իրանի վերաբերմունքի փոփոխությունն ու այդ հարցում նրա դիրքորոշման մերձեցումը Թուրքիայի դիրքորոշմանն ուղղակի հետևանք են այն բանի, որ Հայաստանի ներկա կոալիցիոն կառավարությունը, ընթանալով «ֆուտբոլային դիվանագիտության» հունով և ենթարկվելով ամեն գնով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու «տրամաբանությանը», պատրաստ է լրջորեն քննարկելու Լեռնային Ղարաբաղի շրջակա` Իրանի սահմանին հարող անվտանգության գոտին շուտափույթ Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելու հնարավորությունը։ Եթե մինչև հիմա` 1994 թ. հայ-ադրբեջանական հակամարտության կողմերի միջև զինադադարի կնքումից հետո անցած 16 տարիներին, Իրանը «հայկական գործոնը» համարում էր հուսալի պատնեշ իրեն սահմանակից «բուֆերային գոտում» արևմտյան դաշինքի թափանցման ճանապարհին, ապա ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքների» քննարկման շրջանակներում Հայաստանի դիրքերի լուրջ թուլացմամբ ուղեկցվող` «ֆուտբոլային դիվանագիտությունը» Թեհրանին համոզել է, որ այսուհետ Հայաստանն ու Արցախն ընդունակ չեն երաշխավորելու իր շահերը տարածաշրջանում։ Միայն այս ենթատեքստով թուրք-ադրբեջանական տանդեմը կարող էր Թեհրանին հաջողությամբ հավաստիացնել, որ «բուֆերային գոտի» վերադարձից հետո Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ոչ մի դեպքում չի համաձայնի վերադարձված տարածքների նկատմամբ իր ինքնիշխանության որևէ սահմանափակման` դրանցում միջազգային զորախմբի տեղաբաշխմանը։
Հասկանալի է, որ ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Եվրամիության երկրները չեն կարող համաձայնել Իրանի համար ընդունելի և թուրք-ադրբեջանական տանդեմի համար միանգամայն ձեռնտու կարգավորման մոդելին։ Իրանի հետ սահմանը միջազգային (իմա` սեփական) վերահսկողության տակ առնելը արևմտյան դաշինքի վաղեմի նպատակն է։ Դրա շնորհիվ Արևմուտքը Թեհրանի վրա ճնշման և վերջին հաշվով Իրանի միջուկային ծրագրի ու միջազգային ասպարեզում իսլամական արմատական ուժերին աջակցելու գործում Իրանի ակտիվության արգելափակման գործուն լծակ կստանար։ Հենց դրա համար էլ մոտակա ամիսներին կտրուկ կմեծանա հայ-ադրբեջանական հակամարտության «տաք փուլը» վերսկսելու և զինված դիմակայության գոտում, պատերազմող կողմերին խաղաղության հարկադրելու պատրվակով, միջազգային զորախումբ մտցնելու հավանականությունը։
Սերժ Սարգսյանը, որը ժամանակին մեծ ավանդ է ունեցել Հայաստանի ու Արցախի պետական անկախության և անվտանգության պաշտպանության գործում, այսօր կանգնած է իր կյանքում, թերևս, ամենապատասխանատու վճիռներ կայացնելու անհրաժեշտության առջև։ Նա իրավունք չունի հարվածի տակ դնելու երկրի հանդեպ իր ունեցած անվիճելի ծառայությունները, դառնալով նեղ խմբակային, կլանային նկրտումների պատանդ, չնկատելով իր ներկա «թիմի» ակնհայտ սնանկությունը։ Հայաստանի պետական իշխանության համակարգում արմատացած` քաղաքական որոշումների կայացման արատավոր, կործանարար մեթոդներից վճռականորեն հրաժարվելը միայն կարող է երկիրը զերծ պահել վերահաս աղետից։ Չնայած կորսված հնարավորություններով և վտանգավոր սխալ հաշվարկներով բնութագրվող անցած երկու տարիներին կատարված սխալների անկեղծ ու քննադատական վերլուծությունն ու նախագահի կողմից անհրաժեշտ արմատական կադրային լուծումները դեռևս ի վիճակի են մաքրելու արդի հայկական քաղաքականության «ավգյան ախոռները» և, ազգի դեռևս չօգտագործված մտավոր կարողության համախմբման հաշվին, երկրին պատմական հեռանկար վերադարձնել:
Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1148

Մեկնաբանություններ