ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Խնդիրներ ենք ունենում միայն այն ժամանակ, երբ նոր, թանկարժեք դեղորայքի անհրաժեշտություն է լինում»

«Խնդիրներ ենք ունենում միայն այն ժամանակ, երբ նոր, թանկարժեք դեղորայքի անհրաժեշտություն է լինում»
29.09.2009 | 00:00

Ամեն տարի միջինը 80-90 երեխայի մոտ հայտնաբերվում է չարորակ նորագոյացություն:
Ներկայումս հանրապետությունում հսկողության տակ քաղցկեղով հիվանդ 250 երեխա կա, որոնց մեծ մասը համարվում է բուժված: Մանկական ուռուցքաբանության բաժանմունքում ընթացիկ բուժում են ստանում մոտ տասը երեխա:
-Քաղցկեղը համարվում է տարեցների հիվանդություն և հանդիպում է ավելի շատ մեծահասակների մոտ, բայց վերջին տարիներին նկատելի է հիվանդության երիտասարդացում,-ասում է Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր ԳՐԻԳՈՐ ԲԱԴԱԼՅԱՆԸ: -Հիվանդության երիտասարդացումը չի վերաբերում մանկական ուռուցքաբանությանը: Երեխաների մոտ աճ չենք նկատել, մոտ տասը տարի առաջ նման բան եղավ, բայց վերջին տարիներին ընդհանուր թիվը մնում է նույնը: Մանուկների մոտ հանդիպող քաղցկեղը, կարելի է ասել, լրիվ առանձին խնդիր է, տարբերվում է կառուցվածքով և շատ այլ հարցերով: Նախ, մեծերի մոտ հանդիպող ուռուցքները (թոքերի քաղցկեղը, ստամոքսաղիքային, կանանց մոտ` կրծքագեղձի…) երեխաների մոտ լինում են հազվադեպ, մանկական հասակին բնորոշ քաղցկեղներն են լեյկոզը (արյան քաղցկեղը), լիմֆոմաները (ավշային համակարգի քաղցկեղները), նաև` ոսկրային, երիկամների ուռուցքները: Մանկական հասակում հիվանդությունը զարգանում է արագ, անհամեմատ արագ են նկատվում նաև հիվանդության առաջին նշանները: Բուժումը (քիմիաթերապիա և ճառագայթային) նույնպես արագ և արդյունավետ է ընթանում. ուռուցքները շատ արագ փոքրանում են, և կարողանում ենք վիրահատական միջամտություն կատարել ավելի լավ պայմաններում: Վիրահատությունից հետո անցկացնում ենք լրացուցիչ, պրոֆիլակտիկ քիմիաթերապիայի կուրս, որը թույլ է տալիս վերացնել այն ուռուցքային բջիջները, որոնք աչքով տեսանելի չեն և չեն հայտնաբերվում նույնիսկ հետազոտություններով:
-Վերջնական, լիակատար բուժում հնարավո՞ր է:
-Կա այսպիսի հասկացություն` ռիսկի շրջան, ռադիկալ բուժումից հետո մեծահասակների մոտ այդ շրջանը հինգ տարի է, երեխաների մոտ` երկուսից երեք, եթե այդ ընթացքում ուռուցքը չի կրկնվում, կամ մետաստազները չեն տարածվում, համարում ենք լիովին բուժված: Հիմնականում 99% դեպքերում ապրում են առանց չարորակ հիվանդության, հազվադեպ է լինում, որ մի քանի տարի անց հիվանդությունը կրկնվի:
-Հոգեբաններ կա՞ն բաժանմունքում, կարծում եմ` թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին անհրաժեշտ է նաև հոգեբանական օգնություն:
-ՈՒնենում ենք կամավոր հիմունքներով աշխատող հոգեբաններ, հիմնականում նրանք ուսանողներ են: Բայց հասկանում եք, որ նման կերպ երկար չեն կարող աշխատել:
-Իսկ ինքներդ հոգեբանի կարիք չե՞ք ունենում, դժվար է երեխաների հետ աշխատելը, մանավանդ, երբ գործ ունեք այսպիսի ծանր դեպքերի հետ:
-Ամերիկացի սոցիոլոգները հետազոտություն էին կատարել և հայտնաբերել, որ մանկական ուռուցքաբանության բաժնում աշխատող բժիշկներն ու բուժքույրերն ավելի շատ են ունենում սթրեսային վիճակներ, սրտանոթային և նման հիվանդություններ: Որոշ երկրներում երկարամյա ստաժ ունեցող մանկական ուռուցքաբանները փոխում են իրենց ոլորտը: Մեզ մոտ այս խնդրին գումարվում է նաև այն, որ աշխատողները սոցիալապես ապահովված չեն:
- Ձեր բաժանմունքում բուժօգնությունը, դեղորայքն անվճա՞ր են:
-ՈՒԱԿ-ում չարորակ ուռուցքով հիվանդները բուժվում են պետպատվերի շրջանակներում, դեղորայքը նույնպես անվճար է տրամադրվում, և խնդիրներ ենք ունենում միայն այն ժամանակ, երբ նոր, թանկարժեք դեղորայքի անհրաժեշտություն է լինում:
-Հարկ լինո՞ւմ է արդյունավետ բուժման համար արտասահման մեկնելու, և ո՞վ է հոգում այդ ծախսերը:
-Արտասահման մեկնելու կարիք ժամանակ առ ժամանակ լինում է, եթե մեր ստանդարտ մեթոդները չեն օգնում: Արտասահմանյան զարգացած բժշկական կենտրոններում անցկացվում է բարձր դեղաչափով բուժում, որը պարտադիր պահանջում է ոսկրածուծի փոխպատվաստում: Խոսքը մեծ գումարների մասին է, որ չի անցկացվում պետպատվերի շրջանակներում: ՈՒնենք հիվանդներ, որ կարողանում են բուժման մի փուլն անցկացնել Մոսկվայում (ուր բուժումը որոշ չափով մատչելի է), այնուհետև վերադառնում են` մեզ մոտ բուժումը շարունակելու:
-Իսկ հովանավորներ չկա՞ն:
-Հովանավորներ միշտ ունեցել ենք և՛ Հայաստանից, և՛ արտասահմանից, հիմա ավելի կենտրոնացել է օգնությունը, դրանով զբաղվում է ՈՒռուցքաբանության զարգացման ազգային հիմնադրամը: Գումար է տրամադրվում բաժանմունքի վերանորոգման համար կամ որևէ երեխայի բուժման նպատակով:
Ներկայումս «Նանե» պարային համույթի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանի նախաձեռնությամբ անցկացվում է «Դու մենակ չես» ակցիան: Նրանց միացել են նաև այլ կազմակերպություններ: «Նանե»-ի և «Փոքրիկ Նանեներ»-ի մասնակցությամբ կազմակերպվում են համերգներ: Տոմսերի վաճառքից և բարեգործական ներդրումներից գոյացած հասույթը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրները թեթևացնելու գործին:
-Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին` որպես մասնագետ:
-Դա կոչվում է կանխարգելում, եթե մեծահասակների դեպքում հստակ գիտենք ինչ ասել` չծխել, ճիշտ սնվել, ժամանակին բուժզննումներ անցնել, երեխաների մոտ այդքան հստակ չէ: Պարզ է, որ ապագա մայրը կամ հղի կինը պետք է առողջ ապրելակերպ ունենան ցանկացած հիվանդությունից խուսափելու համար: Բայց երեխաների քաղցկեղի առաջացման պատճառն առայժմ հայտնաբերված չէ:
-Սոցիալական դրությունը, օրինակ, դեր չունի՞ այստեղ:
-Ժամանակ առ ժամանակ նկատում ենք` որոշակի շրջանից շատ են գալիս հիվանդներ, օրինակ, երկրաշարժի գոտուց ունեինք այդպիսի հոսք, բայց դա հստակ չէ: Արտասահմանյան մեծ կենտրոններում անընդհատ հետազոտություններ են կատարվում, գենետիկ որոշ պատճառներ արդեն հայտնաբերվել են (պտուղը զարգանալու ժամանակ որոշ գենետիկ քրոմոսոմային փոփոխություններ են լինում): Հայտնի չէ փոփոխությունների պատճառը, և ոչ մի ծնող չի կարող խուսափել դրանից, որովհետև կախված չէ իրենից:
-Ե՞րբ է հիմնվել մանկական ուռուցքաբանության բաժանմունքը, և կա՞ն արդյոք նկատելի փոփոխություններ, ձեռքբերումներ:
-Հիմնվել է 15 տարի առաջ, համարվում է համեմատաբար երիտասարդ բաժանմունք: Բժշկական համալսարանում չունենք մանկաբուժական ֆակուլտետ: Ես 15 տարի դասավանդել եմ մանկական ուռուցքաբանություն, այժմ չի դասավանդվում, որովհետև բժշկական համալսարանի ղեկավարությունը համոզված է, որ պրոֆեսոր Բադալյանը կարող է չաշխատել այդ ամբիոնում, իսկ վերապատրաստում անցած ուրիշ մասնագետ չունենք: Քչերն են ձգտում մասնագիտանալ այս ասպարեզում, հասկանալի պատճառներով` չեն կարող սոցիալապես ապահով լինել: Մենք ունեինք երիտասարդ մանկական փայլուն ուռուցքաբաններ, ովքեր վերապատրաստվել և աշխատում էին մեզ մոտ, նրանցից մեկը հիմա Կանադայում է, մյուսը` Ամերիկայում:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1446

Մեկնաբանություններ