«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀԻՄՆԸ ՄՈՌԱՑԵԼ ԷՐ

ՀԻՄՆԸ ՄՈՌԱՑԵԼ ԷՐ
11.06.2010 | 00:00

Ազգային ժողովն ավարտեց գարնանային նստաշրջանը, ինչպես միշտ` կանոնակարգի խախտմամբ։ Իսկ մինչ այդ, քառօրյայի վերջին օրը, օտարալեզու դպրոցների բացման մասին աղմկահարույց օրենքն էր քննարկվում, որն ուղեկցվում էր ցուցարարների բողոքով և «ամո՛թ, ամո՛թ, մի՛ զիջեք» վանկարկումներով։ Չորս օրվա ընթացքում պատգամավորները, կարծես, վարժվել էին նման խոսքերին, չնայած թույլ նյարդեր ունեցողները նույնիսկ հայհոյում էին ակցիայի մասնակիցներին։ Օստապ Բենդերը կասեր. «Նյարդայինները լքեն դահլիճը»։
Հայաստանին պե՞տք են օտար լեզվով դպրոցներ, թե՞ դրանցով վտանգվում է մայրենի լեզուն։ Քննարկում էին պատգամավորները։ «Օրինագծի հայտնվելու մոտիվացիաները չորս կոմպոնենտ ունեն` արտաքին պարտադրանք, ֆինանսական գործարք, ինքնագործունեություն, մոլորություն։ Դուք «Լեզվի մասին» օրենք չեք քննարկում, այլ քաղաքական հարց։ Իմ բանաձևերը` «ՈՒժեղ հայկական դպրոցներ` օտար լեզուների խորացմամբ» կամ «Ո՛չ օտար լեզվով ուսուցմանը, այո՛, օտար լեզուների ուսուցմանը»։ Օրենքի վերնագիր կարող են լինել` «Օրենք 30 արծաթի մասին» կամ «Օրենք հայ մարդուն զոմբիացնելու մասին»,- ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, հավելելով, թե նախ և առաջ այս նախաձեռնությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը: Եթե 15 դպրոցների մասին է խոսքը և իրականում վատ բան չկա դրանում, ըստ պատգամավորի, ուրեմն, «ինչո՞ւ եք սահմանափակումներ դնում, դե, դարձրեք հարյուր տոկոս»։ Ավելին, Դալլաքյանը նույնիսկ այսպիսի համեմատություն արեց. «Թմրամոլը մեկ տոկոս ընդունի, թե իննսունինը, նրա անունը թմրամոլ է։ Կինն ամուսնուն մեկ անգամ, թե տասն անգամ դավաճանի, անունը մարմնավաճառ է»։ Այսուհանդերձ, Դալլաքյանը հռետորական հարց հնչեցրեց. «Հին Հռոմում ասում էին` մարդկանց զբաղեցնելու համար տվեք հաց և տեսարաններ։ Այս տեսարանները, ավելորդ լարվածությունն ո՞ւմ են պետք, ո՞ւմ են ձեռնտու»։
Մեկ այլ անկախ պատգամավոր` Տիգրան Թորոսյանն էլ, անդրադառնալով այլ երկրների օրինակին, առաջարկեց նախ տեսնել, թե այդ երկրներում օտարալեզու դպրոցներն ինչ-որ արդյունք տվե՞լ են։ «Մի երկրում, ուր գիտաշխատողների աշխատավարձն ավելի ցածր է, քան ԱԺ-ի ու կառավարության վարորդների աշխատավարձը, անհեթեթություն է խոսել կրթության որակի մասին»,- հեգնեց Տիգրան Թորոսյանը։ Ամենաինքնատիպն արտահայտվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը. «Հայերեն լեզուն լոխ մունք ենք «սախրանիտ ըրալ»։
Հարցի քննարկումը կիսատ մնաց, քանի որ քառօրյան ավարտվեց, այն կշարունակվի արտահերթ նիստում։
Իսկ հիմա` խախտումների շարքից։ Ըստ կանոնակարգի` քառօրյայի ավարտին պետք է հնչի Հայաստանի հիմնը, այնինչ Հովիկ Աբրահամյանն այնքան էր շտապում, որ միանգամից նիստը համարեց փակված ու իջավ ամբիոնից։ Երբ «Ժառանգության» պատգամավորները տեղից դիմեցին նախագահողին` բա հի՞մնը, Աբրահամյանն արագախոսությամբ ինչ-որ բան ասաց, հետո էլ, թե` արտահերթ ունենք։
Ի միջի այլոց, երեկ` ժամը 18.30-ին արտահերթ նիստ էր նախատեսված: Այն ևս կանոնակարգի խախտմամբ էր հրավիրվել, քանի որ ոչ թե նիստ է հրավիրվում, այլ նստաշրջան։
Ասենք, «խնդալու կամ լալու պատճառ` չիք». Սահմանադրության և ԱԺ կանոնակարգի խախտումներն այս Ազգային ժողովի համար սովորական բաներ են։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ