«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԴԵՊԻ ԼՅԱՌՆ ՄԱՍԻՍ»

«ԴԵՊԻ ԼՅԱՌՆ ՄԱՍԻՍ»
23.07.2010 | 00:00

(հեռակա զրույց Ժիրայր Սէֆիլյանի հետ)
Այս խորագրով մեր թերթը պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
Ինչո՞ւ հատկապես Ժիրայրի, որի հետ երբևէ չեմ հանդիպել, չեմ զրուցել, բաժակ բաժակի չեմ խփել։ Այն էլ ասեմ, որ զրույցն անանձնական է և չի վերաբերում երկուսիցս և ոչ մեկին, չի շոշափում և ոչ մեկի շահը, բայց շոշափում է երկուսիս և միլիոն ու կես անգամ երկուսիս շահը։
Ժիրա՛յր, կարդացե՞լ ես Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ-ի վերջին համագումարում և կարդալուց հետո ի՞նչ ես մտորել։ Եվ մտորելուց հետո ցավ չե՞ս ապրել, որ ինչ-որ տեղ հավատալով, թե որոշ անձանց նկատմամբ ատելությամբ լցված, գնացել ես նրա հետևից։ Ժիրայր, այս կամ այն թերթում բազմիցս կարդալով քո անկեղծ հոդվածները, հավատացել և հավատում եմ, որ այն հռոմեացի գեներալի (անիրավացիորեն իշխանություններից տուժած) պես դու կասես քո որդուն` գնա և կռվիր Հռոմի թշնամիների դեմ, և ոչ թե նույն վիճակում գտնվող այն գեներալի, որի ամբիցիաները թելադրում են որդուն, թե երբևէ չհաշտվես հորդ անարգած Հռոմի հետ, գնա և կռվիր նրա դեմ։
Ժիրայր, երբ կարդում էի ՀՀ հիմնադիր նախագահի (սա մի լրագրողի լեքսիկոնից է) ելույթը, ակամայից հիշեցի Չարենցի «Դեպի լյառն Մասիս» պոեմի հետևյալ տողերը.
ՈՒզում էր սառցապատ ճանապարհից գցել,
Որովհետև այդ բութ գյուղացին
Համոզել էր, թե ինքը գիտե ճանապարհը,
Բայց հասցրել էր իրենց անդունդի։
Հիանալի տողեր են, չէ՞, Ժիրայր։ Եվ այսօր էլ մեր երկրի քաղաքականություն իրականացնողների մեջ նման բութ գյուղացու պակաս չի զգացվում։ Ասենք, այդ քաղաքականության հիմնադիր բթությունը գալիս է դեռևս անցյալ դարի վերջերից և առայսօր շարունակվում է նրա շռնդալից ընթացքը։ Եվ հիշենք նորից այդ պոեմի հետևյալ տողերը.
Չէ արդյոք խեղճություն ու սխալի արդյունք`
Սերունդների երթին ի վնաս...
Այո, ղարաբաղյան փառահեղ հաղթանակը, մեր ապաշնորհ քաղաքականության արդյունքում այսօր դարձել է սերունդների երթին վնաս։ Եվ այդ երթի վնասի սկիզբը նորից գալիս է առաջին նախագահից։
Այս ամենը որպես նախաբան, հարգելի Ժիրայր։ Իսկ այժմ փորձեմ հիմնավորել նրա ելույթի ողջ հակազգային, պարտվողական լինելը։ Հասկանալի պատճառներով հնարավոր չէ լայնածավալ մեջբերումներ կատարել նրա ելույթից, ուստի կշարադրեմ մտքերս` անդրադառնալով նրա ելույթում առանձնացված հինգ կետերին առանձին-առանձին։
ԱՌԱՋԻՆ։ Հիմնադիր նախագահ, ո՞րն է Հայաստանի և Ղարաբաղի բնակչության թվաքանակի զգալի նվազման պատճառը։ Ասացեք, խնդրեմ, դա Քոչարյանի և այսօրվա նախագահի ապաշնորհ կառավարման արդյո՞ւնք է, թե՞ այդ նվազումը գիտակցված ձևով սկսվել է ձեր կառավարման առաջին իսկ օրից։ Ադրբեջանից փախած 400 հազարի մասին կխոսենք իր տեղում։ Դուք չսկսեցի՞ք ձեր իշխանության առաջին իսկ օրից ժողովրդին գաղթական դարձնել։ Պատերազմով բացատրել այդ գաղթականությունն առնվազն անազնվություն է, որովհետև փաստերը հակառակն են ասում։ Հիշո՞ւմ եք ձեր կարկառուն թիմակցին` Արա Սահակյանին, նրա հայտնի խոսքերը, թե մեզ 100-հազարանոց Հայաստանն էլ հերիք է։ Գուցե առաջին նախագահն արդարանա, թե ինքը Արա Սահակյանը չէ։ Ճիշտ է, բայց տեղին է նկատել, որ նա շատ բաներ անում էր ուրիշի միջոցով, ասում էր ուրիշի բերանով։ Այսինքն, նրանց պետք էր երկիր, որը կունենար հիմն, դրոշ և սիմվոլիկ բանակ (հիշենք նաև Լևոնի խոսքերը, թե մեզ բանակ պետք չէ), և ինքը հանգիստ կվայելի իր թագավորությունը։ Ասեմ, որ ցարերի և թուրքերի երազանքը նա գործնականորեն իրականացնում էր։ Այո, պարոն Սէֆիլյան, ես դատապարտում եմ նաև հետլևոնական նախագահների ժամանակ ստեղծված դեմոգրաֆիկ պատկերը։ Այդ դեմոգրաֆիկ պատկերը փոխելու համար նոր ուժ է պետք, որի ձեռքերը մաքուր կլինեն և խիղճն էլ` ազնիվ։ Անցած քսան տարին ապացուցում է, որ ոչ մեկի ոչ ձեռքերն են մաքուր և ոչ էլ խիղճը` ազնիվ։ Այո՛, օրվա հրամայականն է` կանգնեցնել արտագաղթը։ Այն կանգնեցնելու համար շատ բան պետք չէ։ Ազնիվ, իր գործը սիրող, աշխատավարձով բավարարվող պրոֆեսիոնալներ։ Ով խախտի հեղափոխական այդ օրենքը, պետք է կանգնի պատի տակ։ Եթե մարդը մի քանի հարյուր հազար դրամ տարեկան աշխատավարձ ունի, իսկ տունը միլիոն դոլարանոց է, էլ ինչ արտագաղթը կանգնեցնելու մասին է խոսքը։ Այսօր Լևոնը խոսում է արտագաղթի մասին, մոռանալով, որ դրա հիմքերն ինքն է դրել, երբ ընդամենը հարյուր դոլարով հսկա գործարան էին ծախում։
ԵՐԿՐՈՐԴ։ Ղարաբաղի հարցը, ըստ իս և նաև ըստ քեզ, պարոն Սէֆիլյան, վաղուց լուծված է։ Պարզվում է, որ, ըստ Լևոնի, Ղարաբաղի հարցի փոխզիջման տարբերակը պատերազմն է։ Հը, ի՞նչ ես մտածում, Շուշիի հատուկ գումարտակի քաջ տղա, չտա՞նք Ղարաբաղը և պրծնենք գլխացավանքից, հատկապես վերջնականապես պրծնենք Լևոնի չարագուշակություններից։ Որքան էլ խոստանամ մեջբերում չկատարել նրա քանքարաշատ մտքերից, բայց այս պարագայում ստիպված եմ. «Մի պահ պատկերացնենք` Հայաստանը լիներ Ադրբեջանի վիճակում, կորցրած յոթ շրջաններով։ Մենք ինչի՞ մասին պետք է մտածեինք։ Գիշեր-ցերեկ միայն պատերազմի միջոցով այդ շրջանները հետ բերելու մասին։ Իսկ ինչո՞ւ ադրբեջանցին չաշխատի այդպես մտածել»։
Սէֆիլյան, դե եկ ու մեղադրիր Ալիևին իր հոխորտանքների համար։ Եղբա՛յրս, պատերազմի հրձիգը մեր մեջ է։ Եվ ինչն է զարմանալի, ինչո՞ւ Լևոնը երբևէ չի մտածում Արծվաշենի, Մարտակերտի հյուսիսային շրջանների, Շահումյանի, Գետաշենի, Կամո-Մարտունաշենի և շատ այլ հայոց հողերի մասին։ Համաձայն եմ, պարոն Սէֆիլյան, ստատուս քվոյի պահպանումն անիմաստ է, եթե մենք դրանից չենք օգտվել` սկսած Լևոնից առայսօր։ Արևմուտքը, չգիտեմ գիտակցաբար, թե անգիտակցաբար, մեզ հնարավորություն է տվել հրադադարի այդ տարիները հօգուտ մեզ լուծելու, բայց մեր կառավարողները, սեփական երկիրը թալանելուց բացի, հասան այդ յոթ շրջաններին։ Վախենամ, պարոն Սէֆիլյան, որ մի օր էլ (եթե Լևոնի կամքով այդ շրջանները հանձնվեն) թուրքը պահանջի ավերված, թալանված շրջանների համար մի քանի միլիարդ դոլարի փոխհատուցում (տարածքը պահանջող երկիրը ինչո՞ւ չպիտի դրան էլ գնա), այլապես կդիմի պատերազմի։ Հետաքրքիր է, այս դեպքո՞ւմ Լևոնն ինչ կասի։ Գուցե հանուն խաղաղության այդ պահանջն էլ պիտի կատարենք, սակայն մի հարց. Լևոնի կատարած թալանի համար ես, իմ երեխաներն ու թոռները ինչո՞ւ պիտի վճարենք։ Նրանք, ովքեր հանգչում են Եռաբլուրում, ինչո՞ւ պիտի Լևոնի համար իրենց կյանքով վճարեին։ Եթե այսօրվա պայմաններում Ղարաբաղի բնակչությունը նոսրանում է, ապա, անկախությունից բացի, որևէ կարգավիճակով մեկ օր հետո այնտեղ քանի՞ մարդ կմնա։
Լևոնն իմ ու քո հաշվին ցանկանում է ինտերնացիոնալիստ երևալ։ Թույլ տուր հարցնել. եթե նպատակը տալն էր, ինչո՞ւ ազատագրեցիք այդ տարածքները, ինչո՞ւ Եռաբլուրում խտացրիք լավ տղերքի շարքերը, կամ էլ` ինչո՞ւ սկսեցիք ղարաբաղյան շարժումը։ Ինչո՞ւ թշնամացրիք երկու ժողովուրդներին, հարյուր հազարավորների փախստական դարձրիք։ Հիշեցնեմ այդ ինտերնացիոնալիստին. «Մենք մաքրեցինք մեր հողը ազերիներից»։ Ո՞վ է ասել այդ խոսքերը։ Լևոնը։ Եվ այդ խոսքերի կապակցությամբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդում ի՞նչ ասաց Սոբչակը։ Եվ մեկ էլ, մեր երկրի չզարգացման բուն պատճառը ոչ թե շրջափակումն է, այլ քո և քո թիմակիցների առայսօր շարունակվող թալանը։
ԵՐՐՈՐԴ։ Կապել հայ-թուրքական հարաբերությունները Ղարաբաղի հարցի հետ առնվազն քաղաքական կարճամտություն է։ Հարց տամ Լևոնին. որքա՞ն փորձեցիր բանակցել թուրքերի հետ, որքա՞ն էիր սիրաշահում (փորձեցիր Հռչակագրում ցեղասպանությունը չմտցնել, ինչպես էիր նշում Եղեռնի օրը, պետականորեն հետամուտ չէիր ցեղասպանության ճանաչմանը և այլն) և վերջում հոգնած ասացիր` մենք Թուրքիային այլևս որևէ ասելիք չունենք։ Հիմա դու փորձում ես Թուրքիայի հետ վատ հարաբերությունները բարդել քո հետնորդների վրա և ավելի դեմոկրատ երևալ։ Ցանկացած զիջումներից հետո էլ Թուրքիան երբեք Հայաստանի հետ լավ չի լինելու։ Աշխարհում բոլոր հակամարտությունները կլուծվեն, բացի հայ-թուրքականից։ Վերցնենք սպիտակ թուղթ և սկսենք հայ-թուրքական հարաբերություններն այդ էջից (մոռանալով անցյալը)։ Ոչինչ չի ստացվելու։ Թուրք կառավարողը (չեմ ասում` ժողովուրդը) միշտ թուրք է մնալու։ Ժամանակին ասված խոսքին, թե թուրքը կքաղաքակրթվի և ամեն ինչ այլ կլինի, մեր անվանիներից մեկը` Րաֆֆին, հավելել է. «Կդառնա քաղաքակիրթ ավազակ»։ Գերմանիայում ծնված, գերմանական կրթություն ստացած, եվրոպական արժեքներով կրթված թուրք կինոռեժիսորը խոսում է բարեկամությունից, բայց երբ առաջարկում են այցելել Եղեռնի հուշարձան, հրաժարվում է։ Լսիր, Սէֆիլյան, Լևոնն ուզում է ավելի դեմոկրատ երևալ, մտածելով, թե Արևմուտքն իրեն կաջակցի դեպի իշխանություն իր պայքարում։ Այսինքն, Սէֆիլյան, իմ ու քո պայքարը իշխանությունը չէ, իսկ նրա և նրա նմանների (տե՛ս ՀՀՇ-ի վերջին ժողովում Կարապետ Ռուբինյանին նաև, որի խղճին են ծանրացած 1990 թվականի մայիսի 27-ի դեպքերը, երբ չընտրվեց վարչության կազմում, իսկույն դուրս եկավ Լևոնի դեմ։ Իսկ և իսկ ոհմակային բնավորության դասական դրսևորում) համար հայրենիքն իշխանությունն է, իշխանական աթոռը։
ՉՈՐՐՈՐԴ։ Պատմաբան Լևոնը մեկնում է, թե Ղարաբաղն Արևմուտքի համար առաջնային չէ։ Իսկ ի՞նչ է, մինչև կոկորդը կեղտի ու արյան մեջ թաղված Արևմուտքը (հատկապես ԱՄՆ-ը) պետք է իր զավակներին ուղարկի հանուն Ադրբեջանի Ղարաբաղի լեռներում մեռնելո՞ւ։
ՀԻՆԳԵՐՈՐԴ։ Այ այս հարցը մեկնելու ժամանակ է, որ պայծառանում է Լևոնի սերն առ Ռուսաստան։ Արևմտասեր Լևոնը մեկեն դառնում է ռուսասեր։ Քիչ է մնում ոչ միայն հավատարմության երդում տա, այլև ապացուցի, որ ինքը ռուսական երկրում է ստացել իր հիանալի կրթությունը, որի համար պարտական է և որ այդ երկրի բարեկամն է։ Պարզվում է, որ Այսրկովկասը Ռուսաստանի համար եղել և մնում է կենսական շահերի ոլորտ, և նա պիտի միշտ պաշտպանի այդ շահերը։ Քանի որ պատմաբանը մոռացել է, թե տարիներ առաջ ինչ էր ասում այդ հարցի մասին, թույլ տուր, պարոն Սէֆիլյան, հիշեցնել նրան։
Ձեռքը խփում էր ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ամբիոնին (Լևոնը նոր էր ընտրվել այդ պաշտոնում) և բառերը հատ-հատ ընդգծված կրկնում.
«Ես ձեզ (պատգամավորներին) ասում եմ, որ ռուսները, վաղ թե ուշ, պիտի հեռանան Անդրկովկասից»։ Բարեբախտաբար, ռուսները չհեռացան, և որոշ ժամանակ անց ռուսամետ ուժերը նրան հեռացրին իշխանությունից։ Մի դրվագ էլ հիշեմ նրա «ռուսասիրությունից», պարոն Սէֆիլյան։ Գորիս էի գնում գործուղման, կարծեմ 1991-ն էր, երբ ռուսական ուժերի օգնությամբ (Լևոնի բացահայտ անհեռատես, չմտածված քաղաքականության պատճառով) Մարտունու, Հադրութի շատ գյուղերի (հիշենք նաև «Կոլցո» օպերացիան) բնակիչներ նախիրը դեմներն առած գաղթում էին դեպ Հայաստան։ Եվ այսօր այս մարդը, որն ընտրապայքարի ելավ Արևմուտքի փողերով, բայց չստացավ նրա վերջնական աջակցությունը, և բանը վերջացավ մի կույտ հակաիշխանական բամբասանքով, այսօր ակնկալում է ռուսի աջակցությունը, մոռանալով, որ ռուս կառավարողները միշտ էլ եղել են աշխարհի ամենախորամանկն ու անզիջումը։ Հիշենք 2008-ի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմը։ Արևմուտքն ի՞նչ արեց։
Սէֆիլյան, ես լավ եմ ուսումնասիրել Տեր-Պետրոսյանի ելույթը։ Նրա պիկի ժամանակ անգամ ոգևորված «Լևոն, Լևոն» չեմ գոռացել։ Նրա հանդեպ իմ առողջ բանականությունն արթնացել է Կիմ Բալայանի հետ (այդ ժամանակ Կիմը նրա թիմից էր) դեռևս 1990-ի մայիսի 20-ի Գերագույն խորհրդի ընտրություններից հետո կայացած անկեղծ զրույցից։ Ես դրական չգնահատեցի Լևոնին որպես լիդերի։ Կիմն ասաց` ճիշտ ես նկատել, վերին աստիճանի մեծամիտ է, ոչ մեկի կարծիքը չի ուզում լսել, իրեն աշխարհի պորտն է կարծում։ Հետագա տարիները ցույց տվեցին, թե ով է Լևոնը։ Սէֆիլյան, ասում են, թե ՀՀՇ-ի համագումարում վարչության ընտրությունների ժամանակ ահավոր կեղծիքներ են թույլ տրվել։ Այդ մասին թերթերն էլ են գրում։ Մեկնաբանեմ, թե հիշեմ ավանդական խոսքը` կարմիր կովը կաշին չի փոխի։
Վերջում, չեմ հավատում, Սէֆիլյան, թե հարյուր տարի հետո Հայաստանը կլինի բարգավաճ տարածք։ Բայց հայ չի լինի։ Էհ, որքան բայղուշներ են երազել այդ օրը, բայց չի ստացվել։ Հավատացած եմ, Սէֆիլյան, որ քեզ, ինձ նմանները միշտ եղել են, կան, անթիվ են ու կլինեն։ Գուցե է՛լ ավելի նոսրանա երկիրը, ինչպես նոսրացնում են այս քսան տարիների ընթացքում, բայց հավատում եմ, որ վաղվա օրը մերն է լինելու։ Ո՞վ է լինելու քաղաքական այն ապուշը, որը Ղարաբաղի հարցի լուծումից առաջ (նաև հետո) պիտի վերադարձնի նաև Լաչինն ու Քելբաջարը։ Հիշեմ նորից Չարենցին։ Դեպի անհայտություն գնալուց առաջ Աբովյանը կարծես հարցնում է իրեն, արդյոք իզուր չի՞ ապրել անցած ճանապարհը։
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 5675

Մեկնաբանություններ