«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՑԱՎՈՔ, ՄԱՐԴԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է, ԻՍԿ ԻՆՉՊԵՍ ԱՍԵԼ Է ԲՈՒԼԳԱԿՈՎՅԱՆ ՎՈԼԱՆԴԸ` ՆԱ ՆԱԵՎ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է»

«ՑԱՎՈՔ, ՄԱՐԴԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է, ԻՍԿ ԻՆՉՊԵՍ ԱՍԵԼ Է ԲՈՒԼԳԱԿՈՎՅԱՆ ՎՈԼԱՆԴԸ` ՆԱ ՆԱԵՎ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է»
08.10.2010 | 00:00

Ռուսաստանի նախագահը, թվում է, վերջին ժամանակներս ոչ միայն շատ ինքնավստահ է դարձել, այլև Կրեմլի շրջանակներում սահմանված քաղաքական «առանց կանոնների մրցամարտում» հաղթանակ տանելու առանձնակի տրամադրվածություն ունի։ Հենց դրանով կարելի է բացատրել այն, որ մի շարք «ծանրքաշային» նահանգապետների «հախից գալով» և աշխատանքից հեռացնելով Յուրի Լուժկովին, Ռուսաստանի ղեկավարը ոչ պակաս խանդավառությամբ նորից «վճռական մարտի» է նետվել։ Այս անգամ Կրեմլի դժգոհության օբյեկտ է դարձել «գլխավոր դահուկորդ, գլխավոր հոկեյիստ, գլխավոր գյուղացի... գլխավոր Բատկան» (մակդիրները, ընդ որում ոչ ամենավիրավորականները, վերցված են ռուսական մամուլից)` ինքնիշխան Բելառուսի նախագահը։ Հայտարարելով, թե «Լուկաշենկոն պատմություն է դառնալու», Մեդվեդևը, ըստ էության, Բելառուսի ղեկավարին «օրենքից դուրս» հայտարարեց։ Նա Բելառուսի նախագահին մեղադրեց «անազնվության», խոսքին տեր լինելու անընդունակության, ժողովուրդների ընդհանուր պատմության հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Ընդ որում, այս ամենն ուներ շատ ավելի կոնկրետ և ծրագրային բնույթ, քան երկու երկրների ղեկավարների նախկին լեզվակռիվն ու փոխադարձ հանդիմանանքը։ «Բելառուսի ղեկավարության հետ հարաբերությունները փակուղի են մտել և այլևս առաջվանը չեն լինի»,- հենց այսպես է մեկնաբանել Մեդվեդևի ելույթը նրա մամուլի քարտուղարը։ «Այն, որ Բելառուսի նախագահը ջանում է հակառուսական թեմատիկայում «թևակոխել» նոր ժամկետ, անկասկած, անձնական առումով փոխել է վերաբերմունքը նրա նկատմամբ»։
Ի՞նչն է նման կտրուկ, համենայն դեպս, այսօրվա դրությամբ, բախման պատճառը։ Չէ՞ որ Բելառուսի նախագահի բոլոր նախկին դիտողությունները «հուզական հայտարարությունների» մասին, այն մասին, որ դրանք հաճախ «դուրս են եկել դիվանագիտական էթիկայի շրջանակներից» և «կրել են շատ առանձնահատուկ բնույթ», շատ ավելի ներողամիտ են եղել։
Նկատենք, որ շարունակական տնտեսական ու էներգետիկ պատերազմներից և հատկապես ռուսական հեռուստաալիքներով հայտնի «Կնքաբատկան» սերիալի հեռարձակումներից հետո Բելառուսի պարագլուխը նույնպես նախագահ Մեդվեդևի և վարչապետ Պուտինի հետ իր հարաբերությունները բնութագրեց որպես «վատ, եթե չասենք, շատ վատ»։ Իրոք, ավելի վատ, ռուսների ըմբռնմամբ, քան այն, որ Բելառուսի պետական հեռուստատեսությունը համարձակվել է Ահմեդ Զաքաևին անվանել ոչ թե ահաբեկիչ, այլ «խռովարար չեչեն» և «չճանաչված հանրապետության ղեկավար», չի կարող լինել։ Որ պաշտոնական օրգան «Ռեսպուբլիկա» թերթը հրապարակում է Բորիս Նեմցովի «Պուտին։ Արդյունքներ։ 10 տարի» զեկույցի մի մասը։ Որ Հեռավոր Արևելքում Պուտինի «մեծ ավտոարշավից» հետո Բելառուսում հետևություն է արվում. «Ռուսական երկու հայտնի չարիքներին ավելացավ երրորդը` ընդհանրացնողը, որ կոչի «հիմարները ճանապարհին» (այս արտահայտությունը ոչ միայն ի չիք դարձրեց ամբողջ վարկանիշը, այլև հիմա դարձել է ամենատարածվածներից մեկը)։ Որ ինքը` Լուկաշենկոն, Մեդվեդևին մեղադրում է «ցուցամոլության» մեջ և Կրեմլն անվանում է «անուղեղ»։ Այսինքն, նման փոխադարձ «սիրալիրությունների փոխանակությունը» սովորական բան է դարձել և անգամ, որոշ առումով, «հնամաշ»։
Սակայն «Լուկաշենկոյի վերջին դավաճանությունները» դարձան, թվում է, այն մի քանի կոնկրետ քայլերը, որոնք հատկանշական էին, և որոնք կարելի է ոտնձգություն համարել Մոսկվայի գլխավոր քաղաքական հայեցակարգի նկատմամբ։ «Մեզ պետք են բարյացակամ հարևաններ, որոնք միշտ կհետևեն մեր խորհուրդներին»։ Այն դեպքում, երբ Արևմուտքն ինքն էլ վերջին ժամանակներս շատ ներողամիտ է վերաբերվում «Կրեմլի կայսերական խաղերին» (թե ինչու և արդյոք երկա՞ր ժամանակով, առանձին հարց է), Լուկաշենկոն, հավանաբար, սկսել է հավակնել ոչ միայն անկախ պետության պաշտոնական կարգավիճակին, այլև «կոնկրետ իրեղեն ինքնիշխանությանը», ներառյալ միջազգային հարաբերություններում լուրջ դերակատարությունը։ Այսպես, այն բանից հետո, երբ նա կարողացավ կանխապահովել Պեկինի տնտեսական ու քաղաքական աջակցությունը, համարձակվեց կարգավորել հարաբերությունները «կրեմլյան հալածյալ» Սաակաշվիլու հետ, նա, ինչպես պնդում են ռուս քաղաքական գործիչները, հիմա «իր նպատակներով է օգտագործում Արևմուտքի` հակառուսական պլաններ նյութող որոշ ուժերի»։ Եվ ինչը «միարժեքորեն պատժելի է», նրանց կարծիքով, «այդ ուժերի բաղկացուցիչ մասը ճողոպրած ձեռնարկատեր Բորիս Բերեզովսկին է, որն օգնություն է ցուցաբերում Լուկաշենկոյին, ձգտելով հասնել նոր ժամկետով նրա վերընտրությանը»։ Նման ինքնուրույնության ցուցադրական և անթույլատրելի դրսևորումը դարձան նաև Բելառուսի նախագահի վերջին դիտողությունները Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը չճանաչելու որոշման մասին։ Այսինքն, թվում է, նախ, ներկա դժգոհության պատճառը Բելառուսի, որպես աշխարհաքաղաքական սուբյեկտի, կազմավորման գործընթացն է, այդ գործընթացի էությունը հասկանալու և ընդունելու ռուսական քաղաքական վերնախավի լիակատար անընդունակությունը։ Եվ Կրեմլի համար կարևոր չէ, որ լիակատար անկախության ձգտումը հետևի նավթի ու գազի գների հետ կապված հակամարտություններին և անվտանգության ոլորտում տարբեր համաձայնագրերի մեջ ներքաշված լինելուց Բելառուսի հրաժարմանը։ Այդուամենայնիվ, Մոսկվան ունի սովորական պատասխաններ` նախ, «էներգետիկ ասեղը», երկրորդ` թեև Բելառուսում գտնվող երկու ռազմական օբյեկտների համար Ռուսաստանը ոչինչ չի վճարում, այնուամենայնիվ, ռուսների կարծիքով, «Մինսկը, որպես ՀԱՊԿ-ի անդամ, Ռուսաստանից զեղչ գներով մարտական տեխնիկա է ստանում, այդ թվում` Ս-300 համալիրներ» (ծանոթ թեզ է, այնպես չէ՞)։ Սակայն այս դեպքում Դմիտրի Մեդվեդևն ավելի հեռուն է գնացել և նախագահ Լուկաշենկոյին մեղադրել է նաև այն բանում, որ նա աշխատում է Ռուսաստանը վերածել «իր երկրի գլխավոր թշնամիներից մեկին», որ ընտրարշավը կառուցում է «լրիվ հակառուսական սյուժեների» հիմքի վրա։
Ընդ որում, ակնհայտ է, որ ներկա իրավիճակը գունազարդված է նաև անձնական շարժառիթներով։ Ռուս փորձագետները նկատում են, որ «ակնհայտորեն զգացվում էր զուտ մարդկային վիրավորանքը» և տպավորություն էր ստեղծվում, թե «վերադարձել են 90-ական թվականները, երբ ռուսական արտաքին քաղաքականության մեջ (հատկապես ԱՊՀ-ի տարածքում) անձնական հարաբերությունները գերիշխող դեր էին խաղում, երբ անձնական համակրանքներն ու հակակրանքներն իրատեսական հիմքերից վեր էին դասվում»։ Եվ եթե հիմա, իրոք, Մոսկվայի ու Մինսկի հարաբերություններում «անդառնալիության կետը» արդեն անցել են, ապա միայն այն պատճառով, որ Լուկաշենկոն վաղուց դարձել է «հոգնեցուցիչ գործընկեր», որը միշտ հրաժարվում է հրահանգներին հետևելուց։ (Պարբերաբար լուրեր են տարածում այն մասին, թե Վլադիմիր Պուտինը ամենևին չի սիրում ժամանակ անցկացնել Բելառուսի նախագահի հետ)։ Դատելով ըստ ամենայնի, ներկա կոշտ պատասխանի գլխավոր պատճառը վերջերս ռուսական լրատվամիջոցների հետ Բելառուսի նախագահի մամուլի ասուլիսն է եղել (այն տևել է 4,5 ժամ)։ Ռուսաստանի լրագրողների հետ նման հանդիպումներն առաջին անգամ չէ, որ անցկացվում են. ներկա «մամլո շրջագայությունն» արդեն ութերորդն էր։ Բայց դա մամուլի ամենաստվարաթիվ դեսանտն էր. Մինսկ էր եկել հարյուրից ավելի լրագրող, որոնք ներկայացնում էին Ռուսաստանի գրեթե 60 շրջաններ։ Պետք է ուշադրություն դարձնել այն բանին, որ մամուլի ասուլիսն անցկացվել է Ռուսաստանի տարածաշրջանային լրատվամիջոցների համար, և Լուկաշենկոյի տեղեկատվական հարձակումն ուղղված է եղել Ռուսաստանի հենց տարածաշրջաններին, որտեղ Բելառուսն ու «Բատկան» շատ ավելի մեծ ժողովրդականություն են վայելում, քան Մոսկվայում։ Ելույթ ունենալով լրագրողների առջև, Լուկաշենկոն ոչ միայն խիստ քննադատել է ռուսական իշխանություններին, այլև իրեն թույլ է տվել դատողություններ անել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնանկության մասին, որպես իր ընկերոջ և զինակցի (խիստ հատկանշական է, բայց որոշ կրեմլամետ լրագրողներ արդեն սկսել են խոսել «Լուկաշենկոյի, Լուժկովի, Շայմիևի ու Ռահիմովի քաղաքական դավադրության մասին»)։ Ավելի շուտ, դա էլ հենց եղել է վերջին կաթիլը, որ լցրել է նախագահ Մեդվեդևի համբերության բաժակը։
Սրանից հետո կկարողանա՞ն, արդյոք, Ռուսաստանի իշխանությունները Լուկաշենկոյի հետ խոսել նման կոշտ լեզվով։ Կօգնի՞, արդյոք, «առաջին լուրջ խոսակցությունը», որը կայանալու է գալիք տարվա հունվարին, երբ պիտի ստորագրվի պայմանագիր նավթի ու գազի գների վերաբերյալ։ Իրո՞ք «Բատկայի» համար դժվար ժամանակներ են գալիս։ Եվ ամենագլխավորը, որքա՞ն լավ է մտածված Բելառուսի հետ փոխհարաբերությունների նման բանաձևը` բուն Ռուսաստանի համար հետևանքների տեսակետից։
Նկատենք, որ Մեդվեդևը մեկ անգամ արդեն իրեն թույլ տվել է նույնքան կոշտ արտահայտություններ անել հարևան պետության ղեկավարի` ՈՒկրաինայի նախագահ Յուշչենկոյի հասցեին։ Դա էլ էր ընտրությունների նախօրեին, այն ժամանակ ևս առավելագույնս օգտագործվեց «էներգետիկ խաղաքարտը»։ ՈՒկրաինայում այդ համարն անցավ։ Իսկ ինչ վերաբերում է Բելառուսին, ապա այստեղ պատկերն այլ է։
Բայց, նախ, խորամանկ Լուկաշենկոն առաջ է գցել նախագահական ընտրությունները, և հիմա դրանք տեղի են ունենալու դեկտեմբերին` նոր էներգետիկ մարտերից շատ ավելի առաջ։ Երկրորդ, պետք է հաշվի առնել, որ ընտրություններից առաջ երկփեղկված ՈՒկրաինայում Դ. Մեդվեդևի դիրքը կարող էր պաշտպանություն գտնել գոնե Յանուկովիչի ընտրախավի շրջանում։ Իսկ Բելառուսում, ինչպես հայտնի է, այդպիսի երկփեղկվածություն չկա։ Որ Լուկաշենկոն առաջիկա ընտրություններում կհաղթի տպավորիչ արդյունքով, ոչ ոք կասկած չունի։ Ավելին, թվում է, Բելառուսի իշխանությունների քարոզչական հզոր մեքենան հեշտորեն իրավիճակը շուռ կտա Լուկաշենկոյի օգտին։ ՈՒ թեև ռուսները շտապ կարգով սկսել են բացահայտ շփումները Բելառուսի ընդդիմության հետ, ասել, թե դրանք «նոր դարագլուխ» են դարձել հարաբերություններում, թե՛ վաղաժամ է, թե՛ ոչ խելամիտ։ Խնդիրը միայն այն չէ, որ այդ ընդդիմությունը թույլ է, պառակտված։ Նա, մեղմ ասած, հակառուսական տրամադրություններով է համակված։ Այս տարի 17 թեկնածու է պայքարի մեջ մտել Բելառուսի նախագահական ընտրությունների նախնական փուլում։ Թերևս, նրանց մի մասը, փորձագետների կարծիքով, իրական հնարավորություն ունի հասնելու դեկտեմբերի 19-ին։ Սակայն, Լուկաշենկոյի բոլոր քիչ թե շատ իրական մրցակիցներն ունեն շատ լուրջ հակառուսական քաղաքական ծրագրեր։ Այսպես, Մոսկվայում հազիվ թե մոռացած լինեն, որ լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Անդրեյ Սաննիկովը ժամանակին Լավրովի հասցեին հայտարարել է. «Դուք եզակի սրիկա եք», իսկ հիմա պնդում է, թե ներողություն խնդրելու մասին ոչ մի խոսք չի կարող լինել։ Դժվար է պատկերացնել ռուսական պաշտոնական անձանց և Բելառուսի նախագահի մի շարք այլ թեկնածուների որևէ հրապարակային առնչություն։ Այսինքն, հիմարն էլ հասկանում է, որ Լուկաշենկոյի տապալման ցանկացած սցենարի իրականացում (անկախ այն բանից, թե որքանով է դա իրագործելի), ենթադրում է միայն մեկ հետևանք` Բելառուսի քաղաքականության անշրջելի արևմտականացման գործընթացի սկիզբ։
Քննադատության չեն դիմանում նաև կրեմլյան վարչակազմի հայտարարություններն այն մասին, թե ռուսական դիտորդներն իրենց գնահատականը կտան ընտրություններին, և այն կդառնա «առավել համարժեքը», իսկ Լուկաշենկոն կճանաչվի «ոչ լեգիտիմ»։ Այդ հարձակումներին արագորեն հետևեց Մինսկի պատասխանն այն մասին, թե «ոչ լեգիտիմ Բելառուսը» չի կարող մասնակցել ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի համակարգերին։ Այն դեպքում, որ արդեն ակնհայտ է դեռևս գոյություն ունեցող (գոնե թղթի վրա և պաշտոնյաների աշխատավարձերով) միութենական պետության անխուսափելի փլուզումը, ինտեգրման առանց այն էլ խնդրահարույց կառույցների հիմքում դրված նման ականը, անտարակույս, աղետ կդառնա Կրեմլի ծրագրերի ու հեղինակության համար։ Ավելին, Ռուսաստանի աշխարհաքաղաքականության տեսակետից այդ սպառնալիքների իրացումը Մոսկվայի ջախջախիչ պարտությունը կդառնար։ Պակաս բարդ իրավիճակ չի ստեղծվում Ռուսաստանի համար նաև այն առումով, որ նա «պետք է ազատվի Լուկաշենկոյից», միաժամանակ չկորցնելով բելառուս ժողովրդի եղբայրական վերաբերմունքը։ Եվ, ամենայն հավանականությամբ, կրեմլյան իշխանություններին չի հաջողվի շրջանցել եղած բոլոր խութերը։ Շատ հատկանշական է և, անշուշտ, ոչ պատահական, որ այս համատեքստում առայժմ ամեն տեսակի մեկնաբանություններից ձեռնպահ է մնում Պուտինը, որին գուցե և դուր չի գալիս Բելառուսի նախագահը, բայց որը, միանգամայն հնարավոր է, նոր գոտեմարտում լուծում է իր անձնական խնդիրները։
Ամեն դեպքում առայժմ պարզ է մեկ բան. թեև Յուշչենկոն հեռացել է, իսկ Վրաստանը` մասնատվել, այդուամենայնիվ, Բելառուսի կոշտ առաջնորդը, ամենայն հավանականությամբ, կմնա իր տեղում և դրանով իսկ կցուցադրի, որ Ռուսաստանը կարող է ամենաուժեղ խաղացողը չլինել տարածաշրջանային մակարդակում։ Ի դեպ, այս կապակցությամբ անհանգստացնում են նոր դիմակայության առնչությամբ ռուսական մամուլից վերցված որոշ մեջբերումներ` «ցավոք, մարդը մահկանացու է, իսկ ինչպես ասել է բուլգակովյան Վոլանդը` նա նաև հանկարծակի մահկանացու է»։ Հուսանք, որ սա սոսկ լրագրողական պերճախոսություն է և ոչ ավելին։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1188

Մեկնաբանություններ