ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ»

«ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ»
06.11.2009 | 00:00

Նոյեմբերի 5-ին «Իրավունք de facto» ակումբի հյուրն էր Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Լրագրողների հետ երկխոսության թեման հայ-թուրքական հարաբերություններն էին: Մեր ընթերցողներին ենք ներկայացնում ասուլիսի, այսպես կոչված, գրավոր տարբերակը։
-Դուք պիտի ներկայացնեիք Ձեր առաջարկը ԱԺ-ին։ Ներկայացրե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ի՞նչ արձագանքներ կան:
-Այս շաբաթվա սկզբին ես հայտարարությունը պաշտոնապես հանձնել եմ ԱԺ, փաստաթղթի հետ կծանոթանան համապատասխան հանձնաժողովները, քննարկման ժամանակ կներկայացնեն իրենց առաջարկները։ Սպասում եմ իրենց պատասխանին: Հուշագիր ձևավորելու առաջարկությունը հիմա ավելի է իմաստավորվում, որովհետև Թուրքիան որոշակիորեն սառեցրել է գործընթացը և պատրաստվում է վերապահումներով հանդես գալ, որովհետև շատ լուրջ խոստումներ է տվել Ադրբեջանին` սահմանները չբացել մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը, ուստի Հայաստանն ինքնին պարտավորված է վերապահումներ անելու:
-Թուրքիան հայտարարե՞լ է, որ արձանագրությունները վերապահումով են վավերացվելու:
-Թուրքիան չի հայտարարել, Թուրքիայի ձեռնարկած գործողություններից եմ այդպիսի եզրակացության հանգում. կան հրապարակումներ, որ շատ հնարավոր է` համաձայնագիրը վերապահումներով վավերացվի: Իսկ որ վերապահումներով վավերացումն անհրաժեշտ է Հայաստանին, կասկած չկա: Վերջերս փաստաթղթից դուրս եկավ «երկկողմանի» բառը, մեզ թվաց` խոսքը վերաբերում է «երկկողմ պարտավորություններին», պարզվեց` ոչ, «երկկողմանի հարաբերություններին»: Իսկ մենք պնդում ենք, որ փաստաթղթից պետք է դուրս բերվի «երկկողմանի պարտավորություններ» ձևակերպումը: Նաև` այն բառակապակցությունը, որ վերաբերում է երրորդ երկրների գործերին չխառնվելու սկզբունքին: Բոլորդ հասկանում եք` ինչ է դա նշանակում: Այսինքն` եթե Հայաստանն առայսօր չի ճանաչել ԼՂՀ-ն, վավերացումից հետո եթե փորձի որևէ աջակցություն ցուցաբերել ԼՂՀ-ին, դա կլինի միջամտություն երրորդ երկրի ներքին գործերին: Ես հարգում եմ մեր դիվանագետների պրոֆեսիոնալ մակարդակը, բայց ցավում եմ, որ այդ մակարդակը չի արտահայտվել այս փաստաթղթերը պատրաստելու ժամանակ:
-Հնարավո՞ր է` ցեղասպանության հարցը շահարկելով ԱՄՆ-ն ազդի Թուրքիայի վրա` արագացնելու վավերացման գործընթացը, և այդ ամենի արդյունքում, ի վերջո, ԱՄՆ-ի Սենատն ընդունի ցեղասպանությունը:
-Շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում։ Ինձ համար շատ զարմանալի և առայսօր անհասկանալի է այն լռությունը, որով Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունն «արձագանքում է» «թՏսՏր ԸՐՎպվՌՌ» թերթում ԱՄՆ-ի գործող դեսպանի վերաբերյալ տպագրված խայտառակ հոդվածին, որտեղ Մարի Յովանովիչին տասնյակ մեղադրանքներ են ներկայացվում, թվարկվում են որոշակի քայլեր, որ նա ձեռնարկել է Ղրղզստանում և ՈՒկրաինայում աշխատելու տարիներին` այդ երկրներն իսլամականացնելու նպատակով: Եթե հոդվածը համապատասխանում է իրականությանը, իսկ դեսպանն առայսօր չի հերքում, գուցե իսլամականացման վտանգը սպառնում է նաև Հայաստանի՞ն: Ինչո՞ւ է ԱՄՆ-ը նման քայլերի դիմում: Իմ կարծիքով` երկու մեծ պետություններ` ԱՄՆ-ը և Ռուսաստանը, փորձում են միմյանց այստեղից դուրս մղել ցանկացած գնով: ԱՄՆ-ը կարող է այդ պայքարում օգտագործել բոլոր միջոցները: Իսլամականացման գաղափարը թող ոչ մեկին ֆանտաստիկ չթվա, որովհետև այս փոքր տարածքում դժվար չէ ազգերի այնպիսի խառնաշփոթ ստեղծել, որ հետո պարզ չլինի` ո՞վ է տարածքի տերը: Բավական բարդ խնդիրներ են, որոնց լուծումներին Հայաստանը լավ նախապատրաստված չէ, օրենսդրական դաշտը չի համապատասխանում, հասարակությունը հոգեբանորեն պատրաստ չէ, մի շարք հարցերում չենք ձևավորել միասնություն սփյուռքի հետ` դիմակայելու մարտահրավերներին: Կարծում եմ` մեզ համար շատ ավելի կարևոր կլիներ երկաթգծի աշխատանքը, որը երկկողմանի հարաբերություններում և տարածաշրջանում փոփոխություններ կարող էր բերել: Վրաստանն ուղղակի ուշանում է այդ գործընթացներից և եթե վերանայի իր քաղաքականությունը, Վրաստանն ու Հայաստանը կարող են տնտեսական զարգացում ապահովող տանդեմ ձևավորել: Աբխազիայով անցնող երկաթգծի հարցում Վրաստանն առաջինը պիտի շահագրգռված լինի, որովհետև եթե Կարս-Գյումրի երկաթգիծը բացվի, Վրաստանը կորցնում է ունեցած առավելությունը: Մեզ համար շահեկան է և՛ Աբխազիայի, և՛ Կարս-Գյումրի երկաթգծի շահագործումը. մեկն ապահովում է հուսալի կապ Ռուսաստանի հետ, մյուսը` Եվրոպայի: Առավել ևս, որ ապագայում էլ կարող է դառնալ տարանցիկ ճանապարհ մինչև Պարսից ծոց: Ես ծայրահեղությունները չեմ ընդունում և սխալ եմ համարում «Ոչ մի հարաբերություն» կարգախոսը, որն այսօրվա քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունի, չեմ կարող ընդունել նաև միանգամից գրկախառնվելու միտումը, որովհետև բավականին լուրջ վտանգներ կան: Իսկ «կընդունի՞ ԱՄՆ-ի Սենատը ցեղասպանությունը, թե՞ ոչ» հարցին պատասխանելուց առաջ, կարծում եմ, որ մենք պիտի ընդհանրապես հրաժարվենք միամտությունից: Քաղաքականության մեջ միամտությունն ամենավտանգավոր և խոցելի վարքն է: Եթե ԱՄՆ-ը նման քայլ կատարի, նշանակում է` վաղուց ուներ մշակված հեռագնա քաղաքականություն, որի հաջողության համար օգտագործվում են բոլոր տարրերը, և հենց այդ քաղաքականությունից, այլ ոչ թե մեծ ու անվերապահ սիրուց դրդված է որոշել հենց այս պահին Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնել: Այդպես չի լինում: Դա ընդամենը նշանակում է, որ Հայաստանը մասն է ԱՄՆ-ի մեծ ծրագրի, և այդ տարրը կարևորագույն նշանակություն ունի, ուստի պարտադրելու են Թուրքիային արագացնել վավերացումը:
-Վերջին շրջանում Թուրքիայի բարձր պաշտոնատարների հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն այսուհետ ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ պետք է բանակցի Ղարաբաղի հարցով, քանզի Թուրքիան մտել է մեծ եղբոր դերի մեջ: Կա տեսակետ, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն բարելավվելու, սա ընդամենը Ղարաբաղի հարցի լուծման գործընթացն ադրբեջանաթուրքական շահերի կողմը տեղաշարժելու քայլ էր: Ձեր կարծիքով` դա որքանո՞վ հաջողվեց Թուրքիային:
-Թուրքիան ինքն է մտել շատ մեծ խաղի մեջ, և խաղի կանոնները թույլ չեն տա սկսելուց հետո հետ քաշվել ու գործընթացն ավարտված համարել: Թուրքիան լայնածավալ քաղաքականություն է վարում տարածաշրջանում: Հարց տվե՞լ եք ձեզ` ինչո՞ւ Իսրայելի հետ հարաբերությունները վատացան, իսկ Սիրիայի, Իրանի հետ լավացան` աննախադեպ այցերի ու աննախադեպ համաձայնությունների մակարդակով: Ինչո՞ւ Թուրքիան սկսեց Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել հենց այս պահին: Դա կարող էր անել 15 տարի առաջ, 10, 5... ՈՒրեմն, Թուրքիան փոխել է իր քաղաքական վեկտորը, Միջին Արևելքից Կովկաս է տեղափոխել իր շահերը և վերանայում է իր հարաբերությունները մեծ երկրների հետ, դրանք ավելի է սերտացնում: Մեծ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում: Իհարկե, Թուրքիան չէր կարող Ադրբեջանի հետ սերտաճումից հետո միանգամից ասել` ես այլևս քո շահերը չեմ պաշտպանում, դու ինքդ որոշիր` ինչ ես անում: Թուրքիան ինքն իրեն որոշակիորեն փակուղու մեջ է դրել հիմա, հատկապես քաղաքական վերնախավը, և մնում է միայն ալլահի անունով երդվել, որ Հայաստանի հետ սահմանը չեն բացի, քանի դեռ Ղարաբաղի հարցում առաջընթաց չկա:
-Հայաստանի Ազգային ժողովն ի՞նչ պիտի անի այս վիճակում:
-ՀՀ ԱԺ-ն պարտավոր է շարժվել թուրքական հորդորներով: Թուրքերն անընդհատ մեզ հորդորում են, որ ավելի հստակ ներկայացնենք մեր դիրքորոշումը Ղարաբաղի հիմնահարցի շուրջ: Ե՛վ ցեղասպանության հարցի շուրջ, և՛ հայ-թուրքական հարաբերությունների ողջ սպեկտրի: ԱԺ-ն ուղղակի պարտավոր է այդպիսի հայտարարությամբ հանդես գալ: Թուրքիայի նպատակն է գործընթացը ձգել մինչև ապրիլ` տեսնելու, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ի՞նչ փոփոխություններ են լինելու: Եթե այդ փոփոխությունները լինեն, ինչ-որ այլ պատրվակով հանդես կգան վերապահումների վերաբերյալ հայտարարությամբ։ Հավելենք` պարտադիր չէ, որ արձանագրությունների վավերացումից հետո բոլոր պարտավորությունները կատարվեն, օրինակ, կարող են ձգձգել դրանք` տեխնիկական ինչ-ինչ խնդիրներ հարուցելով:
Բազմիցս ասվել է, որ ՀՀ նախագահի ուղերձը պարունակում է արդեն այն վերապահումները, որոնք անհրաժեշտ են: Իրոք, նախագահի ուղերձը շատ կարևոր փաստաթուղթ է և արտահայտում է պաշտոնական դիրքորոշում, և արդյունքն էր բոլոր այն հանդիպումների, որոնք եղան Հայաստանում ու սփյուռքում: Բայց ԱԺ-ի վավերացումից հետո համաձայնագիրն իրավական ուժ է ստանում, իսկ ՀՀ նախագահի ուղերձը մնում է ընդամենը որպես ուղերձ: Այդ պատճառով էլ մենք պնդում ենք, որ ԱԺ-ն վավերացնի արձանագրությունները ՀՀ նախագահի ուղերձում նշված վերապահումներով:
-Հնարավո՞ր է` Թուրքիան այնքան ձգձգի գործընթացը, որ գերտերությունները բավարարեն նրա պահանջը` լուծեն Ղարաբաղի հարցը, որպեսզի սահմանը բացվի:
-Ինչպե՞ս պիտի գերտերություններն ապահովեն Ղարաբաղի հարցի լուծումը: Ես իսկապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես Հայաստանին կպարտադրեն Լեռնային Ղարաբաղը զիջել... ԼՂՀ հիմնահարցում կա ՀՀ հստակ դիրքորոշումը, առայսօր մենք պատճառ չունենք հակահայկական քաղաքականություն իրականացնելու մեղադրանք ներկայացնելու: Երբ ՀՀ նախագահը գնում է զորավարժություններ անցկացնելու այն տարածքում, որը համարվում է «օկուպացված», վկայությունն է լուրջ մտադրությունների առկայության: Ես բացառում եմ ԼՂ հարցի հետ կապված շուտափույթ որոշում, որ կարող է հանգեցնել տարածքային զիջումների: Թուրքական կողմը պիտի կողմնորոշվի` ընդունելո՞ւ է արձանագրություններն առանց ԼՂ հարցի կարգավորման գործընթացը հաշվի առնելու, թե՞ ոչ: ԼՂ հարցում որևէ զիջում չի լինելու:
-Դուք բացառո՞ւմ եք փուլային ծրագրի գոյությունը` և՛ հայ-թուրքական հարաբերություններն են կարգավորվում, և՛ Լեռնային Ղարաբաղի հարցն է լուծվում, և՛ ԱՄՆ-ն ու Թուրքիան ճանաչում են ցեղասպանությունը, գայլերը կուշտ են, ոչխարները` ողջ, կամ` դասական ամերիկյան «happy end»:
-Եթե կարծում եք, որ կարող է այդպես լինել, հիանալի է: Եթե ԱՄՆ-ը ճանաչի ցեղասպանությունը, պետք է ընթացք տրվի դրա հետևանքների բավարարմանը: Ղարաբաղի հարցը պետք է լուծվի տարածքները վերադարձնելու հաշվի՞ն: Ո՞վ է մեզ մի թիզ հող վերադարձրել, ինչո՞ւ մենք պետք է ինչ-որ մեկին վերադարձնենք: Եթե որևէ մեկը կասի` վերադարձնում ենք Կարսը, Արդահանը, Սարիղամիշը, մենք էլ կմտածենք` Աղդամը զիջե՞լ, թեպետ այնտեղ մեր պատմական Տիգրանակերտն է եղել:
-Դուք ծանո՞թ եք տիկին Քայդենաուի հայտարարությանը, որը, ճիշտ է, հերքվեց, բայց, այնուամենայնիվ, հնչել է, որ եթե Ադրբեջանն ագրեսիայի ենթարկի Լեռնային Ղարաբաղը, ԱՄՆ-ը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը:
-Եթե ԱՄՆ-ի ռազմավարական շահերից բխում է ճանաչել ԼՂՀ-ն, ԱՄՆ-ը դա կանի: Բայց բխո՞ւմ է, արդյոք: Ադրբեջանն անընդհատ հարցը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքներ է հնչեցնում, դա առանձնապես նորություն չէ: Բայց տեղեկություն տարածելն ու այն հերքելն ընդունված միջոց է` ասելիքը լսելի դարձնելու համար: ԱՄՆ-ը պատերազմական դառը փորձ ունի Իրաքում, Աֆղանստանում, և ոչ մի շահագրգռություն չկա տարածաշրջանում նոր պատերազմ սկսելու համար, որը չի կարող լոկալ պատերազմ լինել այլևս:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ