Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Հայաստանի մասով բան չի փոխվել

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Հայաստանի մասով բան չի փոխվել
20.06.2013 | 18:13

Հայտնի է, որ Հայաստանի հայ-թուրքական և հայ-իրանական սահմանային հատվածների վերահսկողության և պաշտպանության գործառույթն իրականացնում է Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը, մինչդեռ Վրաստանի և Ադրբեջանի հետ մեր ունեցած սահմանների վերահսկումն ու պաշտպանությունն իրականացնում են Հայաստանի սահմանապահ զորքերը: Հայ և ռուս սահմանապահների միջև եղած աշխատանքի այսօրինակ բաժանումը գուցե տրամաբանական էր 90-ականներին, երբ ԱՊՀ շրջանակներում նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանների որոշ հատվածների վերահսկումը հանձնված էր ռուսներին այն պատճառով, որ նորանկախ ԱՊՀ պետություններից որոշները, այդ թվում նաև Հայաստանը, չէին կարող լիարժեք կազմակերպել այդ սահմանների վերահսկումն ու պաշտպանությունը: Տարիների ընթացքում շատ բան է փոխվել, և ռուսների կողմից նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանների վերահսկողությունը Վրաստանի մի շարք այլ պետությունների պարագայում վերացվել է, ինչը նաև այդ պետությունների անկախության և ինքնիշխանության մակարդակի բարձրացման վկայությունն է, մինչդեռ Հայաստանի մասով բան չի փոխվել: Կարծում եմ, որ սա լուրջ խորհելու տեղիք է տալիս, ու, թերևս, եկել է ժամանակը, գուցե ոչ միանգամից, սակայն աստիճանաբար ՀՀ սահմանապահ զորքերի բացառիկ տնօրինության տակ առնելու Հայաստանի պետական սահմանի իրանական հատվածն ամբողջությամբ, այնպես, ինչպես դա առկա է հայ-վրացական սահմանի պարագայում: Ընդ որում, ի տարբերություն մեր սահմանի վրացական հատվածի, որտեղ սահմանապահ ենթակառուցվածքներն ու ծառայությունն ընդհանրապես ստեղծվել են վերջին տարիներին զրոյից, հայ-իրանական սահմանային հատվածը դեռ խորհրդային տարիներից հիմնականում ապահովված է անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Այս քայլը տրամաբանական է նաև այն պատճառով, որ Արցախի` Իրանի հետ առկա սահմանի պահպանությունն իրականացնում են ոչ թե ռուս, այլ արցախցի սահմանապահները: Այս քայլը մի կողմից ցույց կտա, որ հայ-իրանական հարաբերություններում ավելացել է վստահության մակարդակը, մեր իրական ինքնիշխանության շրջանակն է ընդլայնվել, մյուս կողմից էլ հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ օգտագործել ռուս սահմանապահների մասնագիտական ներուժը` այն ամբողջովին կենտրոնացնելով թե´ մեզ, թե´ իրենց համար առավել վտանգավոր ու խնդրահարույց թուրքական ուղղության վրա:

Դիտվել է՝ 2827

Մեկնաբանություններ