ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մակրոնի անդրկովկասյան ճոճանակը

Մակրոնի անդրկովկասյան ճոճանակը
29.01.2021 | 13:04

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Պետք է կարծել, որ խոսել են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման հնարավորությունների մասին, սակայն կողմերը մանրամասներ չեն հաղորդել:

Ադրբեջանի ԱԳՆ-ն իրավիճակը նկարագրել է ընդհանուր. Բաքուն ու Փարիզը «տեսակետներ են փոխանակել տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ, այդ թվում 2020-ի նոյեմբերի 10-ի ու 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման հետ կապված», նաև քննարկել են «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»: Օրերս Բաքվում էր Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը: Նա բանակցել է Ջեյհուն Բայրամովի հետ, հանդիպել Իլհամ Ալիևին: Պաշտոնական մեկնաբանությունները նույնպես ժլատ էին: Բանակցությունների թեման նույն հարցերն էին, որ քննարկել է Վիսկոնտին, հավելած՝ «ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները»: Փարիզի նախաձեռնությամբ ևս մեկ հեռախոսազրույց է կայացել՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի և Ադրբեջանի ԱԳ նախագահ Ջեյհուն Բայրամովի՝՝ նույն օրակարգով: Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կոչ է արել «հաղթահարել լարումը ադրբեջանաֆրանսիական հարաբերություններում»:

Ֆրանսիան այսպիսի «կետային դիվանագիտություն» երկար տարիներ չէր դրսևորել Անդրկովկասի որևէ պետության նկատմամբ: Մի ժամանակ Փարիզը իր գլխավոր հենարանը և «ժողովրդավարական կետը» տարածաշրջանում համարում էր Վրաստանը, որտեղ Ֆրանսիայի ԱԳՆ նախկին աշխատակից Սալոմե Զուրաբիշվիլին նախագահ էր դարձել, իսկ «Վրացական երազանքի» ղեկավար Բիձինա Իվանիշվիլին սերտ կապված է Ֆրանսիայի հետ: Փարիզում գտնում էին, որ Թբիլիսին, կենտրոնական տեղ ունենալով տարածաշրջանում, եթե հաշվի առնենք նախևառաջ տարանցիկ հնարավորությունները, կարող է հատուկ դեր կատարել ամբողջ տարածաշրջանի ժողովրդավարացման նախագծի իրականացման մեջ: Ճիշտ է, վերջերս, շնորհիվ ընդդիմության, Վրաստանի «ժողովրդավարական իմիջը» նկատելիորեն փչացել է: Հայաստանում Փաշինյանի իշխանության գալուց հետո Փարիզը շատ հարցերում, շնորհիվ կեսմիլիոնանոց հայկական սփյուռքի ճնշման, տեղափոխեց «տարածաշրջանային ժողովրդավարության» կենտրոնը Երևան: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ֆրանսիան անցավ Հայաստանի կողմը, կտրուկ հայտարարություններով քննադատեց թուրք-ադրբեջանական ալյանսի գործողություններն ու նույնիսկ Ռուսաստանի քաղաքականությունը Ղարաբաղի հարցում:


Ֆրանսիայի ԶԼՄ-ները գրում էին, որ «3 ավտորիտար ղեկավարները՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, իրենց հայեցողությամբ բաժանում են իրենց ազդեցությունը Անդրկովկասում՝ ճնշելով ժողովրդավարական Հայաստանին»: Ֆրանսիացի փորձագետները գտնում են, որ եթե ղարաբաղյան պատերազմի ժամանակ Փարիզը Ադրբեջանին սպառնար, որ ռազմական գործողությունների շարունակման դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղը, պատերազմի ելքն այլ կլիներ: Բայց դա տեղի չունեցավ: Ճիշտ է, պատերազմից հետո Ֆրանսիայի Սենատը Ղարաբաղի ճանաչման աջակցության բանաձև ընդունեց, սակայն դա նման էր հանգուցյալին ջեռակ դնելուն: Թեպետ Ֆրանսիայի ԱԳՆ-ն չաջակցեց օրենսիր իշխանության ներկայացուցիչներին, Ադրբեջանում բացասական քաղաքական նստվածք մնաց Ֆրանսիայի նկատմամբ: Այնուհանդերձ, Փարիզը բացահայտ դիվանագիտական հարձակում սկսեց Բաքվի վրա: Ինտրիգը, որ դեռ դժվար է որոշարկել՝ ի՞նչն է Փարիզի համար առաջին պլանում՝ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացու՞մը Ադրբեջանի հետ՝ պատերազմից հետո հաղորդակցության միջանցքների ապաշրջափակման շնորհիվ, թե՞ ղարաբաղյան խնդրի քննարկումը: Առաջինը ռեալ քաղաքականություն դառնալու շանսեր ունի, երկրորդը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձախողման պատճառով, դեռ ընկալվում է իբրև սիմվոլիկ գործողություն: Փարիզում գիտակցել են, որ տարանցիկ միջանցքը Հայաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա՝ տարածաշրջանի տարանցիկ գլխավոր հանգույցը Վրաստանից տեղափոխում է Ադրբեջան, եթե նկատի ունենանք չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագիրը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ձևավորել կամ ձևավորում է իր շուրջ Բաքվի հետ սերտ համագործակցության կողմնակիցների միջուկ, որ, նրա կարծիքով, մեծ նշանակություն ունի տարածաշրջանային նախագծերում գործարար շրջանակների ակտիվացման համար: Նախ՝ դա կարող է արագացնել ինտեգրման գործընթացը: Երկրորդ՝ ուժեղացնել նրա քաղաքական ազդեցությունը, որ կընդլայնի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հնարավորությունները:


Ֆրանսիան, մի կողմ նետելով իր ժողովրդավարական դատողությունները, սկսել է ակտիվացնել համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ ներառելով հարաբերությունների լայն սպեկտր և ներդրումներ: Այս ուղղությամբ հնարավոր են շրջադարձային որոշումներ, նախկինում Եվրոպան Անդրկովկասը չէր համարում ասիական կամ մերձավորարևելյան գործընկերության մաս: Իրավիճակը փոխվում է, և Ֆրանսիան «անդրկովկասյան ամբիցիաներ» է դրսևորում: Բացի Ադրբեջանից, Ֆրանսիան ձգտում է հնարավորինս արագ նորմալացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Փարիզը համագործակցում է Ռուսաստանի հետ, որ ենթադրում է հաշվի առնել ռուսական շահերը Անդրկովկասում: Հայտնի իմաստով՝ տարածաշրջանում սկսվում է քաղաքական խաղ, ձևավորվում է «նոր ուժ», որի հիմքը կարող են լինել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանն ու նույնիսկ Իրանը: ԱՄՆ-ը և նրա գործընկերները՝ Ռումինիան ու Բուլղարիան, Ուկրաինայի ու Վրաստանի հնարավոր մասնակցությամբ, գտնվում են բարիկադների մյուս կողմում: Եթե խոսենք ղարաբաղյան կարգավորման հեռանկարների մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, վերադառնալ բանակցային նախկին օրակարգին բարդ կլինի փոխված ստատուս քվոյի պատճառով: Թեպետ Ֆրանսիան, որ մասնակցել է 2020-ի նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնության նախապատրաստման խորհրդակցություններին, պաշտոնապես նոր փաստարկներ չի բերում, բացի համանախագահների աշխատանքի վերականգնման անհրաժեշտությունից: Ֆրանսիան նաև չի ձգտելու խաղաղ համաձայնագրի զրոյացմանը և թեկուզ արտաքուստ այս փուլում ձևականորեն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բարձրացնելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որ նրան չի տանում Եվրախորհրդարանի որոշումների հետ հակասության դաշտ՝ հունվարի 20-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որի համաձայն «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հաստատուն կարգավորում դեռ չի գտնվել»: Փարիզը դեռ փորձելու է նստել երկու աթոռների: Մի կողմից՝ զգացվում է Ֆրանսիայում հայկական սփյուռքի բավականին ուժեղ ճնշումը, որի հետևանքն են դարձել ղարաբաղյան հարցում կառավարության որոշումները: Մյուս կողմից՝ Փարիզը չի ցանկանում կորցնել գրավչությունը, այդ թվում՝ ֆինանսական առումով, գործընկերոջ ի դեմս Ադրբեջանի: Կսպասենք, թե ինչ է լինելու հետո:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Չի լինելու, չի լինելու, որ տարածաշրջանում միայն Ռուսաստանն ու Թուրքիան թելադրեն իրենց պայմանները: Ֆրանսիան պատերազմի առաջին օրերից արել է իրավիճակին համարժեք հայտարարություններ, որ մինչև այսօր չի հերքել և հետ չի կանգնել իր հայտարարություններից: Փոխարենը՝ այսօր Ֆրանսիան վերականգնում է հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, որ գուցե քաղաքական առումով էին սրվել, բայց առևտրատնտեսական առումով միշտ եղել են բարձր մակարդակի ու փոխշահավետ՝ շարունակելու իր ներկայությունը տարածաշրջանում և մասնակցելու նոր զարգացումներին: Ռուսաստանը, իհարկե, մեծ ցանկություն ունի, որ Ֆրանսիա-Թուրքիա, Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունների միջնորդը ինքը լինի, բայց դա Մակրոնի ինչի՞ն է պետք: Բավական էր Ֆրանսիայի ԱԳՆ պետքատուղարը տարածաշրջանային այց աներ, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն հայտարարեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի մասին՝ չճշտելով ժամկետները: Ֆրանսիան և վերականգնում է հարաբերությունները, և շարունակում է լինել Արցախի հարցի լուծման նախանձախնդիր, որովհետև դա բխում է և իր շահերից: Այս փուլում համընկնում է մեր շահերին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 23615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ